Հայաստանի երիտասարդների կոչը որոշում կայացնող պաշտոնյաներին Շրջակա միջավայրի օրվա կապակցությամբ
Ինչպիսի նորամուծություններ են նախատեսում հայ երիտասարդները, դոնորներն ու որոշում կայացնող պաշտոնյաները կլիմայի փոփոխության ուղղությամբ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում

- Հայերեն
- English
Կորոնավիրուսի (ՔՈՎԻԴ-19) համաճարակը շատ բաներ է փոխել, այդ թվում այն, թե ինչպես կարող են երեխաները պահանջել իրենց իրավունքների իրացումը, երբ դպրոցները փակ են, իսկ սոցիալական շփումները հասնում են նվազագույնի: Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջանքերով և Ավստրիայի զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ կազմակերպվեց Պեչա-Կուչա լիցենզավորված առցանց ձևաչափով միջոցառում, որն առաջինն էր իր տեսակի մեջ: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի տարբեր շրջանների շուրջ 100 դպրոցականներ, երիտասարդներ, բնապահպաններ, ինչպես նաև՝ ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների որոշում կայացնող պաշտոնյաներ: Ահա թե, ինչ ունեին նրանք ասելու:

«Այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկում է Հայաստանի երիտասարդությանը ներգրավելու, հզորացնելու, շրջակա միջավայրի պահպանության խնդիրների շուրջ նրանց իրազեկությունը բարձրացնելու կարևոր մի գործ, որի նպատակն է՝ ունենալ ավելի կանաչ և առողջ Հայաստան, ավելի կանաչ և առողջ մոլորակ: Այն, ինչ այս տարի տեսնում ենք, կարևոր դաս է բոլորիս համար: Բնության ամենաչնչին արարածը` վիրուսը, կանգնեցրել է աշխարհը, կանգնեցրել է աշխարհի տնտեսությունը: Բայցևայնպես, մենք տեսնում ենք նաև, որ օդը մաքրվել է, իսկ բնությունը` կանաչել: Հուսով եմ, որ սրանից էլ դասեր կքաղենք: Մեզանից յուրաքանչյուրը, լինի քաղաքականություն մշակող, ուսուցիչ, համայնքի անդամ, թե` երիտասարդ, իր դերն ունի կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացման գործում»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
«Կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանությունը և շրջակա միջավայրի պահպանությունը կարևորագույն թեմաներ են և առաջնահերթ տեղ են զբաղեցնում մեր օրակարգում: Ուրախ ենք, որ այդ թեմաները կարևոր են նաև Հայաստանի համար: Երիտասարդները ապագայի առաջնորդներն են և կարող են ազդեցություն ունենալ ու փոփոխություն մտցնել իրենց համայնքներում` շրջակա միջավայրի պահպանության և ջերմոցային գազերի արտանետումների կրճատման տեսանկյունից»,- նշել է Ավստրիայի զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը:

Գյումրի քաղաքի թիվ 4 արհեստագործական ուսումնարանից Լիդա Մինասյանը միջոցառմանը խոսեց պոլիէթիլենի վնասների մասին և խորհուրդներ տվեց էկոլոգիապես մաքուր տոպրակների պատրաստման կապակցությամբ: Լիդան նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը և դրական վարքագիծ է ցուցադրում` հաշվի առնելով, որ Հայաստանը պատրաստվում է 2022թ.-ի հունվարից ընդհանրապես արգելել պոլիէթիլենային տոպրակների գործածությունը:
Երևանի «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրից Դավիթ Նավասարդյանը խոսեց սննդի թափոնների կառավարման մասին: Նա ներկայացրեց նշված բնագավառում լավագույն փորձի իր ուսումնասիրությունը և առաջարկեց Հայաստանում այն կիրառելու հնարավոր ձևերը:
Լանջաղբյուր գյուղի թիվ 8 դպրոցից Վոլոդյա Բազեյանը բարձրացրեց իր համայնքի մանկապարտեզի խնդիրը, որը ջեռուցման համակարգի բացակայության պատճառով հնարավոր չէ շահագործել տարվա բոլոր եղանակներին: Վոլոդյան իր հասակակիցների հետ միասին փորձում է էկոլոգիապես մաքուր լուծումներ գտնել խնդրի կարգավորման համար, որպեսզի երեխաները կարողանան շարունակել վաղ ուսումնառությունը:
Պոլիտեխնիկի ավագ դպրոցից Լիլիթ Գրիգորյանը ներկայացրեց «Էկո Աղբ» ՀԿ-ում իր կողմից իրականացվող կամավորական աշխատանքը: Համախոհ երիտասարդների հետ միասին, Լիլիթը փորձում է բարձրացնել թափոնների կառավարման վերաբերյալ հանրության իրազեկության աստիճանը և խթանել թափոնների վերամշակումը: Լիլիթն իր խոսքը եզրափակեց` ասելով. «Մենք չունենք երկրորդ մոլորակ, և մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է մեր մոլորակի փրկության համար»:

Մասնակիցները նաև լսեցին շրջակա միջավայրի կառավարման փորձագետ Հասմիկ Բարսեղյանին, որը խոսեց այն մասին, թե ինչպես են կլիմայական փոփոխությունները ազդում աղջիկների ու կանանց վրա, և ինչ պետք է անել այդ ռիսկերը մեղմելու համար: Իր խոսքով հանդես եկավ նաև Գրիգոր Զոհրաբի անվան թիվ 97 դպրոցի տնօրեն Արմինե Արշակյանը: Նա պատմեց, թե ինչպես է հիմնադրվել և գործում դպրոցի էկո-ակումբը: Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն իր հերթին ներկայացրեց, թե ինչպես են համայնքում էներգիայի խելացի օգտագործման շնորհիվ հասել արդյունավետության բարձրացման և բյուջեի խնայողությունների:

«ՔՈՎԻԴ-19-ի համավարակային իրավիճակն այսօր սրվել է կենսաբազմազանության կորստի և կենսամիջավայրի խաթարման հետևանքով, քանի որ առաջացող հիվանդությունների առնվազն 75%-ի սկզբնաղբյուրը վայրի բնությունն է: Մենք պետք է կանգ առնենք և հասկանանք, թե ինչ ազդակներ է տիեզերքը մեզ ուղարկում, և համապատասխանաբար վերաձևակերպենք մեր գործողությունները»,- ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը: «Կառավարությունը վերջերս ներկայացրել էր «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկ, որը երեկ առաջին ընթերցմամբ քննարկվեց խորհրդարանում: Այն տեղական կառավարման մարմիններին հնարավորություն է տալիս դիմել և բյուջետային միջոցներ ստանալ շրջակա միջավայրի պահպանության շուրջ իրազեկության բարձրացման և ուսուցման համար: Կանայք առանցքային դեր են կատարում էկոլոգիական օրակարգն առաջ մղելու գործում` ինչպես տեղական, այնպես էլ` ազգային և միջազգային մակարդակներում»:
«Բնապահպանական գիտելիքների և կարողությունների ձևավորումը կարևորվում է ներկայումս մշակման փուլում գտնվող հանրակարթական ուսումնական ծրագրերում: Միևնույն ժամանակ, ես համոզված եմ, որ կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պահպանության խնդիրները չեն կարող լուծվել միայն հանրային կրթության միջոցով: Մենք բոլորս մեծ աշխատանք ունենք անելու` որպես անհատ և որպես քաղաքականություն մշակող», - նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
«Նշված տարբեր բնագավառներում կառավարությունն այսօր ունի բավականին հավակնոտ ծրագրեր, օրինակ` Սպիտակի և Վայքի էներգախնայողության ծրագրերը, ինչպես նաև՝ ավելի քան 10 համայնքներում ՄԱԶԾ-ի հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերը: ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ համայնքներում ստեղծվում են ֆոտովոլտայիկ կայաններ, որոնցից երկուսի կառուցման աշխատանքները ընթացքի մեջ են, իսկ եվս երեքը սպասում են իրենց հերթին: Գյուղական համայնքներում նույնպես ունենք կեղտաջրերի կառավարման լայնածավալ ծրագրեր: Այս բոլոր խնդիրները հեշտ չէ լուծել, բայց դրանք առաջնահերթ տեղ են զբաղեցնում մեր օրակարգում»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:Պրն. Տերտերյանը նաև առաջարկեց առաջիկայում վիրտուալ միջոցառում կազմակերպել պատանիների մասնակցությամբ, որի ընթացքում նախարարությունները կարող են երիտասարդներին ներկայացնել բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով պետության կողմից իրականացվող էկոլոգիական ծրագրերը և լսել նրանց կարծիքները:
Առաջարկում ենք նաև դիտել քննարկման տեսագրությունը։