Աշխարհ առանց մեղուների. ովքե՞ր են առաջինը տուժելու
Երևանում կայանալիք COP17 գագաթաժողովին ընդառաջ երիտասարդները և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն անդրադառնում են կենսաբազմազանության հարցին:
- Հայերեն
- English
Պատկերացնենք գարնան կեսին մի դպրոցական այգի։ Հողը բերրի է, բույսերը աճում են, սակայն օդը լիովին լուռ է։ Առանց մեղուների ծանոթ շարժման, որով ծաղկափոշին տեղափոխում են մի ծաղկից մյուսը, ծաղիկները չորանում և ընկնում են՝ երբեք չվերածվելով այն մրգերի կամ բանջարեղենի, որոնք ակնկալում են երեխաները։ Այսպիսի «լուռ» այգին մեր շրջակա միջավայրի և պարենային համակարգերի վատթարացող վիճակի մասին նախազգուշական ազդանշան է։
Երբ փորձագետները քննարկում են մեղուների պոպուլյացիաների ընթացիկ համաշխարհային նվազումը, զրույցը սովորաբար կենտրոնանում է գյուղատնտեսական շուկաներին հասցված հսկայական ֆինանսական վնասների կամ վայրի բնակավայրերի լայնածավալ ապակայունացման վրա [1]։ Այնուամենայնիվ, այս ճգնաժամի իրողությունը դուրս է գալիս տնտեսական մոդելների և բնապահպանական գծապատկերների շրջանակներից։ Շատ ավելի վաղ, նախքան համաշխարհային մատակարարման շղթաների փլուզումը, փոշոտողների բացակայությունն անմիջականորեն կզգացվի սեղանի շուրջ՝ հատկապես թիրախավորելով երեխաներին և հասարակության այլ խոցելի անդամներին։
Մեղուները և միջատ փոշոտողների այլ տեսակներ մասնակցում են սննդանյութերով հարուստ մթերքների արտադրությանը, ինչպիսիք են օրինակ խնձորը, նուշը, լոլիկը և տերևավոր կանաչեղենը։ Սննդարար մթերքները կենսական նշանակություն ունեն կյանքի վաղ փուլերում ֆիզիկական և ճանաչողական զարգացման համար [2]։ Թեև հիմնական մշակաբույսերը, ինչպիսիք են ցորենը և եգիպտացորենը, կարող են գոյատևել առանց մեղուների փոշոտման, քանի որ հիմնականում քամու միջոցով են փոշոտվում, դրանք չեն կարող ապահովել ֆիզիկական և մտավոր պատշաճ զարգացման համար անհրաժեշտ սննդարար մթերքներով։ Առանց այս էական մթերքների՝ հաջորդ սերնդի կյանքը վտանգված է։ Հետևաբար առանց փոշոտողների աշխարհի առաջին զոհերը կլինեն երեխաները, այլ ոչ թե գյուղատնտեսական շուկաները կամ հեռավոր էկոհամակարգերը [3]։
Մեղուների փոշոտման բացակայությունը կհանգեցնի հանրային առողջության անհապաղ խնդրի։ Սննդարար մթերքները մարդու օրգանիզմի պատշաճ գործունեության համար անհրաժեշտ էական վիտամինների և հանքանյութերի հիմնական աղբյուրն են։ Փոշոտողների պակասն անխուսափելիորեն կհանգեցնի այդ վիտամինների և հանքանյութերի դեֆիցիտի [4]։ Վիտամինների և հանքանյութերի պակասը կթուլացնի իմունային համակարգը, կնվազեցնի ոսկրերի խտությունը և կխաթարի նյարդաբանական առողջությունը։ Այսպիսով, առանց մեղուների աշխարհը կսրի «թաքնված սով» կոչվող սննդային խնդիրը [5]։
Ի տարբերություն սովորական սովի, որը պայմանավորված է կալորիականության պակասով, «թաքնված սովը» վերաբերում է թերսնմանը, որն առաջանում է էական սննդանյութերի պակասից՝ նույնիսկ կալորիականության պահանջները բավարարելու դեպքում [6]։ Քանի որ «թաքնված սովը» վաղ փուլերում դժվար է ախտորոշել, կարող է թվալ, թե երեխան լավ է սնվում։ Այնուամենայնիվ, երկարաժամկետ թերսնումը, որը բաղկացած է միայն կալորիաներից, կհանգեցնի վատ ֆիզիկական և ճանաչողական զարգացման [7]։
Բացի փոշոտողների նվազման ֆիզիոլոգիական հետևանքներից, կտուժի նաև ֆերմերների ֆինանսատնտեսական կայունությունը։ Զարգացող երկրներում միլիոնավոր փոքր ֆերմերներ որպես եկամտի հիմնական աղբյուր ապավինում են բարձրարժեք մշակաբույսերի արտադրությանը, ինչպիսիք են սուրճը, կակաոն և նուշը [8]։ Այս մշակաբույսերը կախված են փոշոտողներից, և մեղուների պակասը կհանգեցնի դրանց արտադրության նվազմանը և, հետևաբար՝ ֆերմերների և նրանց ընտանիքների եկամուտների կրճատմանը [9]։
Ֆինանսական կայունության նման հանկարծակի կորուստն անխուսափելիորեն կխաթարի տնային տնտեսությունների դինամիկան՝ բացասակաբար ազդելով վաղ կրթության վրա: Առկա են ապացույցներ, որոնք ցույց են տալիս զգալի կապ գյուղատնտեսական եկամուտների նվազման և գյուղական վայրերում դպրոց հաճախելու ցուցանիշների կրճատման միջև [10]։ Եթե ընտանիքները չեն կարողանում բավարար եկամուտ ստանալ բերքատվության նվազման պատճառով, երեխաները, հավանաբար, կթողնեն դպրոցը [11]։ Սա տեղի է ունենում երկու պատճառով. նախ՝ ծնողները պետք է կրճատեն դպրոցական ծախսերը, և երկրորդ՝ ծնողները կարող են լրացուցիչ օգնության կարիք ունենալ դաշտում՝ իրենց հողի ցածր արտադրողականությունը փոխհատուցելու համար։ Հետևաբար, ակնկալվում է, որ երեխաները կաշխատեն դաշտում [12]։
Կհարցնեք՝ իսկ որո՞նք են մեղուների մահացությանը նպաստող հիմնական գործոնները։ Համաշխարհային գյուղատնտեսության արդյունաբերացումը ենթադրում է ավելի շատ սինթետիկ ագրոքիմիկատների օգտագործում, որոնք ամենամեծ վտանգն են ներկայացնում փոշոտողների պոպուլյացիաների համար [13]։ Թունաքիմիկատները, այդ թվում՝ համակարգային նեոնիկոտինոիդները, և մշակաբույսերի ինտենսիվ ֆումիգացիան ուղղված են վնասատուների ոչնչացմանը, սակայն դրանք թունավոր են բոլոր միջատների համար [14]։ Ֆումիգանտների և թունաքիմիկատների մնացորդների ազդեցությունը հանգեցնում է մահացության, մինչդեռ թունաքիմիկատների ենթամահացու չափաբաժինները խաթարում են կողմնորոշումը, սննդի որոնման ունակությունը և վերարտադրությունը [15]։ Ավելին, մոնոկուլտուրային հողագործության ընդլայնումը, երբ միայն մեկ տեսակի մշակաբույս է աճեցվում, ոչնչացնում է բնակավայրերը և կենսաբազմազան էկոհամակարգերը փոխարինում գյուղատնտեսական հողերով, որոնք մեղուների համար սննդի պակաս ունեն [16]։
Իր հերթին, կլիմայի փոփոխությունն արագացնում է գործընթացները՝ հանգեցնելով մյուս սերունդների համար հիմնարար խնդիրների [17]։ Ծայրահեղ շոգը, եղանակային անկանխատեսելի փոփոխությունները և ֆենոլոգիական տեղաշարժերը սթրես են ավելացնում միջատների պոպուլյացիայի համար: Գլոբալ տաքացման առավել կործանարար հետևանքներից մեկը ֆենոլոգիական անհամապատասխանությունն է, երբ ծաղիկների ծաղկում են մեղուների` ձմեռային քնից հետո հայտնվելուց շաբաթներ առաջ [18]։ Հետևաբար, մեղուները զրկվում են վաղ գարնանային նեկտարից, իսկ ծաղիկները մնում են չփոշոտված։
Փոշոտողների պաշտպանությունը միայն էկոլոգիական պահպանության խնդիր չէ. այն երեխաների իրավունքների հիմնարար հարց է։ Մեղուների ապագան ապահովելը կենսաբանական նախապայման է երեխայի՝ համարժեք սննդի, հիմնարար առողջության և կայուն, կենսունակ աշխարհ ժառանգելու իրավունքը պաշտպանելու համար։
Ոգևորող հանգամանքն այն է, որ փոշոտողների նվազման գործընթացը դեռևս հնարավոր է շրջել [19]։
Ահա թե ինչպես կարող ես օգնել.
- Ժամանակակից բնապահպանական գիտությունն առաջարկում է մեղուների պոպուլյացիաները փրկելուն ուղղված արդյունավետ միջոցներ, ինչպիսին են երիտասարդների կողմից ղեկավարվող համայնքային այգիների ստեղծումը: Կարծում ես՝ կարո՞ղ ես մոբիլիզացնել քո հասակակիցներին և դպրոցին՝ նմանօրինակ այգի ձևավորելու համար։
- Քաղաքային միջավայրում մեղուների համար առավել բարենպաստ է սովորական սիզամարգերը փոխարինել վայրի ծաղիկների մարգագետիններով կամ տեղական բույսեր ունեցող այգիներով։ Նույնիսկ բնակելի շենքերում փոքր տարածքները՝ պատուհանագոգերը, պատշգամբների ծաղկամանները կամ բակում ստեղծված փոքրիկ բանջարանոցները, կարող են մեղուների համար անվտանգ ապաստարան դառնալ։
- Տնկեք մեղուների համար բարենպաստ ծաղիկներ և ծառեր․ կարող եք նույնիսկ ընկերական խաղի վերածել տեղական բույսերի որոնումը, որոնք մեղուներին սնունդ կապահովեն թե՛ գարնանը, թե՛ աշնանը։
- Համոզվեք նաև, որ ստեղծել եք խմելու անվտանգ տարածք. դրսում տեղադրեք ջրով լի մակերեսային աման՝ մի քանի խճաքարերով և քարերով, որպեսզի մեղուները կարողանան անվտանգ վայրէջք կատարել։
- Ոչ պակաս կարևոր է գյուղատնտեսության անցումը վերականգնողական գյուղատնտեսության։ Ամբողջ աշխարհում երիտասարդներն ավելի ու ավելի են բարձրաձայնում այս փոփոխության անհրաժեշտության մասին։ Պետք է նվազեցնել կամ ամբողջությամբ հրաժարվել սինթետիկ թունաքիմիկատների, հերբիցիդների և այլ ագրոքիմիական նյութերի օգտագործումից՝ նախապատվությունը տալով բնությանը չվնասող լուծումներին։
Եվ վերջում՝ փոքր, բայց կարևոր խորհուրդ․ եթե մեղուն պատահաբար թռչի ձեր տուն, խուճապի մի մատնվեք և մի փորձեք հետապնդել նրան։ Մեղուները սովորաբար չեն խայթում, եթե վտանգ կամ վախ չեն զգում։ Բացեք պատուհանը, անջատեք սենյակի լույսերը և սրբիչի կամ կտորի օգնությամբ մեղմորեն ուղղորդեք նրան դեպի դուրս։ Կարող եք նաև կիրառել «բաժակ և թուղթ» մեթոդը. մեղվի վրա զգուշորեն դրեք բաժակ, բաժակի տակ սահեցրեք թուղթը և այնուհետև մեղվին ազատ արձակեք դրսում։
Օգտագործված գրականություն
[1] Feuerbacher, A. (2025). Pollinator declines, international trade and global food security: Reassessing the global economic and nutritional impacts. Ecological Economics, 232, 108565. https://doi.org/10.1016/j.ecolecon.2025.108565
[2] Mulungu, K., et al. (2023). Pollinator-dependent crops significantly contribute to diets and reduce household nutrient deficiencies in sub-Saharan Africa. Scientific Reports, 13, 15452. https://doi.org/10.1038/s41598-023-41217-y
[3] Smith, M. R., et al. (2022). Pollinator deficits, food consumption, and consequences for human health. Environmental Health Perspectives, 130(12), 127001. doi: 10.1289/EHP10947
[4] Sharma, A., et al. (2024). Addressing Hidden Hunger via Improving Soil Health and Crop Nutrients Through Nanofortification. In V. Rajput (Ed.), Nanotechnology Applications and Innovations for Improved Soil Health (pp. 90-108). IGI Global Scientific Publishing. https://doi.org/10.4018/979-8-3693-1471-5.ch006
[5] Garibaldi, L. A., et al. (2022). Exploring connections between pollinator health and human health. Philosophical Transactions of the Royal Society B: Biological Sciences, 377(1853), 20210158. https://doi.org/10.1098/rstb.2021.0158
[6] Chaplin-Kramer, R., et al. (2023). Global malnutrition overlaps with pollinator-dependent micronutrient production. Proceedings of the Royal Society B, 290(2000), 20231799. https://doi.org/10.1098/rspb.2014.1799
[7] Timberlake, T., et al. (2022). A network approach for managing ecosystem services and improving food and nutrition security on smallholder farms. People and Nature, 4(1), 150-162. https://doi.org/10.1002/pan3.10295
[8] Timberlake, T., et al. (2024). Agricultural specialisation increases the vulnerability of pollination services for smallholder farmers. Journal of Applied Ecology, 61(2), 245-256. https://doi.org/10.1111/1365-2664.14732
[9] Aizen, M. A., et al. (2019). Global agricultural productivity is threatened by increasing pollinator dependence. Global Change Biology, 28(1), 10-15. https://doi.org/10.1111/gcb.14736
[10] Chowdhury, S., et al. (2024). Income Shock and Child Labour: Revisiting the Poverty Link. The Indian Economic Journal, 73(3), 400-415. https://doi.org/10.1177/00194662241241870
[11] Chiodi, V., & Escudero, V. (2025). More is more. Combined livelihood-education interventions and their effect on child labour in the agricultural sector. Journal of Development Effectiveness, 17(1), 118–142. https://doi.org/10.1080/19439342.2024.2376559
[12] Bandara, A., Dehejia, R., & Lavie-Rouse, S. (2015). The Impact of Income and Non-Income Shocks on Child Labor: Evidence from a Panel Survey of Tanzania. World Development, 67, 218–237. https://doi.org/10.1016/j.worlddev.2014.10.019
[13] Christen, V., Mittner, F., & Fent, K., et al. (2016). Molecular and sublethal effects of neonicotinoids in honey bees. Environmental Science & Technology, 57(12), 4071–4081. doi: 10.1021/acs.est.6b00678
[14] Mamy, L., Pesce, S., Sanchez, W. et al. Impacts of neonicotinoids on biodiversity: a critical review. Environ Sci Pollut Res 32, 2794–2829 (2025). https://doi.org/10.1007/s11356-023-31032-3
[15] Knauer, A., Adhikari, S., Andersson, G.K.S. et al. Pesticides and habitat loss additively reduce wild bees in crop fields. Nat Ecol Evol 10, 95–104 (2026). https://doi.org/10.1038/s41559-025-02924-z
[16] Christmann, S. (2020). Climate change enforces to look beyond the plant – the example of pollinators. Current Opinion in Plant Biology, 56, 162-167. https://doi.org/10.1016/j.pbi.2019.11.001
[17] Wyver, C., et al. (2023). Climate driven shifts in the synchrony of apple flowering and pollinating bee flight phenology. Agricultural and Forest Meteorology, 330, 109281. https://doi.org/10.1016/j.agrformet.2022.109281
[18] Peng, S., Ellison, A., & Davis, C. (2025). Climate change intensifies plant–pollinator mismatch and increases secondary extinction risk for plants. PNAS, 122(1), e2506265122. https://doi.org/10.1073/pnas.2506265122
[19] Moreaux, C., et al. (2023). Distance and Regional Effects on the Value of Wild Bee Conservation. Environmental & Resource Economics, 84(1), 37-63. https://doi.org/10.1007/s10640-022-00692-z