Աշխարհում յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը ամենօրյա կարիքները հոգալու համար բավարար քանակությամբ ջուր չունի

Ջրի ճգնաժամը միայն մտահոգություն չէ, այն արդեն իսկ գոյություն ունի. ՅՈՒՆԻՍԵՖ

30 Մարտ 2021
A five-year old boy with a stick in a hand playing with collected rain water
UNICEF Armenia/2020/Margaryan

Նյու Յորք, 31-ը մարտի, 2021թ.: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր վերլուծության, աշխարհում ավելի քան 1.42 մլրդ մարդ, այդ թվում՝ 450 մլն երեխա, ապրում է բարձր կամ առավել բարձր ջրային ռեսուրսների խոցելիություն ունեցող երկրներում: Սա նշանակում է, որ աշխարհում 5 երեխայից 1-ն ամենօրյա կարիքների համար բավարար քանակությամբ ջուր չունի:

Ջուր՝ բոլորի համար նախաձեռնության այս վերլուծությունը վերհանում է այն ոլորտները, որտեղ ջրի սակավության հետ կապված ռիսկերը համընկնում են ջրամատակարարման վատ պայմանների հետ: Այս վայրերում ապրող համայնքները օգտվում են ջրի մակերեսային կամ չբարելավված աղբյուրներից (ոչ արագահոս և ոչ անվտանգ աղբյուրներից):

«Ջրի ճգնաժամը միայն մտահոգություն չէ, այն արդեն իսկ գոյություն ունի և կլիմայի փոփոխություններն էլ ավելի են խորացնելու այն», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: Հիմնական տուժողը երեխաներն են: Երբ ջրամբարները չորանում են, երեխանե՛րն են բացակայում դպրոցից, որպեսզի ջրի գնան: Երբ երաշտների հետևանքով սննդի պաշարը կրճատվում է, երեխանե՛րն են տառապում թերսնուցման պատճառով: Երբ ջրհեղեղ է լինում, երեխանե՛րն են հիվանդանում ջրի միջոցով փոխանցվող հիվանդություններով: Եվ երբ բավարար ջուր չի լինում, երեխանե՛րն են, որ չեն կարողանում լվանալ ձեռքերը՝ հիվանդություններից խուսափելու համար:

Տվյալները փաստում են, որ ավելի քան 80 երկրներում երեխաներն ապրում են բարձր կամ ծայրահեղ բարձր ջրային խոցելիություն ունեցող պայմաններում: Նման կերպ ապրող երեխաների ամենամեծ թիվը բաժին է ընկնում Արևելյան և Հարավային Աֆրիկայի երկրներին, որտեղ երեխաների կեսից ավելին՝ 58 տոկոսը, զրկված է ջրի օրական չափաբաժնի բավարար քանակից: 31 տոկոսով երկրորդ տեղում են Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկան, ապա՝ Հարավային Ասիան՝ 25 տոկոսով և Միջին Արևելքը՝ 23 տոկոսով: Հարավային Ասիայի ամենաբարձր խոցելիություն ունեցող տարածքներում ապրում է ավելի քան 155 միլիոն երեխա:

Ամենածանր տվյալներն արձանագրվել են 37 «թեժ կետերում», որտեղ երեխաներն առավել ծանր պայմաններում են ապրում և ամենաշատն են տուժում: Հենց այստեղ է, որ պետք է ուղղվեն գլոբալ ռեսուրսներն ու աջակցությունը և հրատապ քայլեր ձեռնարկվեն: Երկրների այս ցանկում են Աֆղանստանը, Բուրկինա Ֆասոն, Եթովպիան, Հաիթին, Քենյան, Նիգերը, Նիգերիան, Պակիստանը, Պապուա Նոր Գվինեան, Սուդանը, Տանզանիան և Եմենը:

Ռեսուրսների պակասին զուգահեռ, ջրի պահանջարկը շարունակում է կտրուկ աճել: Ի լրումն բնակչության թվի աճի, ուրբանիզացիայի, ջրի չարաշահմանն ու սխալ կառավարմանը, կլիմայական փոփոխություններն ու ծայրահեղ եղանակային պայմանները նվացեցնում են անվտանգ ջրի հասանելի քանակն ու խորացնում են ջրի պակասի հետևանքով առաջացած ճգնաժամը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2017 թվականի զեկույցի կանխատեսմամբ, 2040 թվականին աշխարհում ամեն չորրորդ երեխան ապրելու է ջրային ծայրահեղ սակավություն ունեցող վայրերում:

Թեև ջրի պակասը ազդելու է բոլորի վրա, սակայն, ամենախոցելին շարունակում են մնալ երեխաները: Սակավաջուր համայնքներում ապրող երեխաներն ու ընտանիքները առերեսվում են «երկսայր սրի» հետ. ջրի սղությանն ու ցածրորակ ջրային ծառայություններին զուգահեռ, իրավիճակն էլ ավելի է վատթարանում կլիմայական ցնցումների և ֆորս-մաժորային իրադարձությունների հետևանքով:

Ի պատասխան, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի կյանքի կոչվեն՝

1. Անվտանգ և մատչելի խմելու ջրի ծառայություններ, որոնք մշտական են, հասանելի են և ղեկավարվում են արհեստավարժ մասնագետների կողմից:

2. Կլիմայական հարվածներին դիմակայուն ջուր և սանիտացիա: Ջուրը, սանիտացիան պետք է լինեն այնպիսին, որպեսզի դիմակայեն կլիմայական հարվածներին, գործեն՝ օգտագործելով քիչ ածխածին պարունակող աղբյուրներ: Համայնքները պետք է հզորանան՝ դառնալով դիմակայուն և հարմարվողական կարողություններով:

3. Ջրի սակավությունը կանխարգելող վաղ գործողություններ: Պաշարների գնահատում, ջրի հեռացում, արդյունավետ օգտագործում և վաղ նախազգուշական գործողություններ, կանխարգելիչ միջոցառումներ:

4. Ջրին վերաբերող հարցերում համագործակցություն՝ հանուն խաղաղության և կայունության: Աջակցություն համայնքներին և հիմնական շահագրգիռ կողմերին, որպեսզի ջրի օգտագործման համահավասարությունը, սանիտացիան նպաստեն սոցիալական համախմբվածությանը, քաղաքական կայունությանը և խաղաղությանը, հակամարտության գոտիներում կանխարգելեն հարձակումները ջրային և սանիտացիան ապահովող կառույցների և անձնակազմի վրա:

«Պետք է գործենք հիմա, որպեսզի կանխենք իրավիճակի վատթարացումն ու կարողանանք արձագանքել ջրի ճգնաժամին», նշել է Ֆորը: «Յուրաքանչյուր երեխայի համար ջրային ապահովության կարող ենք հասնել միայն նորարարության, ներդրումների և համագործակցության միջոցով՝ հավաստիանալով, որ ծառայությունները կայուն են և պատրաստ կլիմայական ցնցումներին: Մենք պետք է գործենք՝ հանուն մեր երեխաների, հանուն մեր երկրագնդի»:

 

Իրավիճակը Հայաստանում՝

Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի հերթական զեկույցի համաձայն, ՀՀ-ում դիտարկված 121 դպրոցում և 80 նախակրթարանում, ջրի և սանիտացիայի հասանելիությունը շատ վատն է: Դիտարկված դպրոցների գրեթե 77 տոկոսը չունեն բավարար սանիտարահիգիենիկ պայմաններ. գյուղական դպրոցների 52 տոկոսում չկան տարրական սանիտարահիգիենիկ պայմաններ, իսկ 35 տոկոսի սանհանգույցները գտնվում են դպրոցի շենքից դուրս:

Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց Ձորի յուրաքանչյուր 4-րդ դպրոց և Արարատի յուրաքանչյուր 4 դպրոցից 3-ում չկա հոսող ջուր: Արագածոտնի մարզի 11, Արարատի 5.6, Արմավիրի 28, Շիրակի 22.2, Սյունիքի 19, Վայոց Ձորի 22.2 և Տավուշի 65.2 դպրոցների սանհանգույցները դպրոցների շենքերից դուրս են, ինչը լուրջ հասանելիության և տարրական հիգիենայի խնդիրների պատճառ է հանդիսանում թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար, և հատկապես՝ հաշմանդամություն ունեցող երեխաների:

Այս խնդիրները անհապաղ լուծման կարիք ունեն՝ հաշվի առնելով, հատկապես, երեխաների դպրոց վերադառնալու հանգամանքը՝ կորոնավիրուսային համավարակի օրերին և դրանից հետո:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար ավելի քան 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: 

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հետևե՛ք մեզ  FacebookTwitterInstagram և YouTube սոցիալական հարթակներում: