Վիշտը հաղթահարելու ռազմավարությունները

17 խորհուրդ, թե ինչպես հաղթահարել սուգն ու հուզմունքը

ՅՈՒՆԻՍԵՖ
A young girl looking outside from the balcony
UNICEF Armenia/2021/Galstyan
03 Հունիս 2021

1. Հասկացեք, որ ոչ բոլորը գիտեն՝ ինչպես օգնել ձեզ

Ցավոք, քանի որ կորուստը վերապրելու վերաբերյալ շատ ապատեղեկատվություն կա, շատ մարդիկ պարզապես չեն իմանա, թե ինչպես օգնել ձեզ: Սա չի նշանակում, որ չպետք է փորձեք նրանց աջակցությունը ստանալ, պարզապես մի վիրավորվեք կամ մի հիասթափվեք, եթե նրանք ի վիճակի չեն տալ ձեզ այն, ինչ հարկավոր է:

Ձեր շրջապատի մարդիկ կարող են չիմանալ՝ ինչ ասել, անհարմար զգալ, ընդհանրապես, զգացմունքները քննարկելիս, ուր մնաց վիշտը, թեմա փոխելու անհրաժեշտություն զգալ, մտածել, որ զբաղված լինելը ձեր հարցը լուծելու լավագույն միջոցն է, կարծել, որ կարող են ձեզ ազատել ցավից՝ չկարողանալով նույնիսկ «մահ» բառը օգտագործել, կամ հուշելով, որ դուք պետք է պարզապես պահեք ձեր հավատն առ Աստված:

2. Պատասխանատվություն ստանձնեք ձեր վերականգնման համար

Մեր հասարակությունում համոզմունք կա, որ մեր զգացմունքների համար պատասխանատու են այլոք, կամ մեր վերահսկողությունից դուրս իրադարձությունները։ Մենք հաճախ այնպիսի հայտարարություններ ենք անում, ինչպիսիք են «նա ինձ այնքան զայրացրեց» կամ «Չեմ հավատում, որ նա ինձ հետ այդպես վարվեց, նա փչացրեց իմ օրը»:

Պատասխանատվության բացակայությունը, նույն կերպ, կարող է վերաբերվել նաև սգալու գործընթացին: Այնուամենայնիվ, մեր զգացմունքների համար ուրիշներին պատասխանատու դարձնելով՝ մենք նրանց նաև պատասխանատու ենք դարնձում դրանց վերջ տալու համար՝ գործընթացը մեր վերահսկողությունից դուրս թողնելով:

Հետևաբար, եթե կորուստն է պատասխանատու մեր ցավի համար, մենք նաև զգում ենք վերահսկողության պակաս՝ դրանից վերականգնվելու գործընթացի նկատմամբ, քանի որ կորուստը փոխարինելու ոչ մի եղանակ չունենք: Փոխարենը, կարևոր է, որ մենք պատասխանատվություն ստանձնենք մեր զգացմունքների համար, ներառյալ կորստի ցավը:

Հետևաբար, այն, ինչ մենք անում ենք վերականգնվելու համար, կարող է էական փոփոխություն բերել:

3. Ընդունեք, որ ձեր կյանքը, հավանաբար, կփոխվի

Կարևոր է հիշել, որ մենք հավերժ փոխվում ենք՝ մտերիմ մարդու մահից հետո: Դա միշտ ազդելու է մեր կյանքի վրա, բայց լավն այն է, որ վիշտը կարող է նաև նշանակալից հոգեբանական և հոգևոր աճ ապահովել՝ կախված նրանից, թե ինչպես ենք այն վերապրում: Մենք կարող ենք բուժվել կորստից, և ուժեղ ցավը կմարի, բայց դա կթողնի հավերժական հուզական սպի:

Շատերը վիշտը ցմահ գործընթաց են համարում: Այն ազդում է մարդու կյանքի ուղղության և, նույնիսկ, ինքնության վրա, եթե կորուստը զգալի է:

Բացի այդ, մահվան միջոցով դուք ձեր սիրելիի հետ հարաբերությունների նոր տեսակ եք ստեղծում, հիմնված ոչ թե նրա ֆիզիկական էության, այլ առավելապես նրա մասին հիշողության և նրա հոգու վրա:

4. Խոսեք ձեր զգացողությունների մասին

Սգալու ընթացքում կարևոր է կարողանալ բաց արտահայտել զգացմունքները, խոսել նրա հետ, ում վստահում և գնահատում եք (կամ ավելի շատ մարդկանց, եթե կարող եք): Ապաքինում չի լինի և չի կարող լինել, եթե ձեր բոլոր զգացմունքները ներսում պահեք: Սա կարող է շատ արտասովոր թվալ մի մարդու համար, ով սովոր չէ խոսել հույզերի մասին, բայց նույնքան օգտակար է նրա համար:

Պարզապես այդ արտահայտումը պետք է անկեղծ լինի: Խոսեք այն մասին, թե ինչն եք կարոտում, ինչը չեք կարոտում, ինչպիսի անձնավորություն էին նրանք, ապագայի համար ընդհանուր հույսերի ու երազանքների կորստի, ձեր մենակության, զայրույթի և տխրության մասին:

5. Գրի առեք ձեր կյանքում տեղի ունեցած զգալի կորուստների հետևանքով ձեռք բերված փորձի ցուցակը

Ձեր կյանքի ընթացքում դուք հավանաբար ունեցել եք մի շարք իրադարձություններ, որոնք կորուստ եք համարում: Որոշ ժամանակ տրամադրեք դրանք գրի առնելու այն տարվա տողում, երբ ձեր կյանքում տեղի ունեցավ այդ իրադարձությունը:

Օրինակ՝

(1990) Շունը սատկեց

(1994) Տեղափոխվեցի Էդմոնթոն

(1998) Ընկերս մահացավ

(2003) Տատիկս մահացավ

(2008) Բաժանում ընկերուհու հետ

(2010) Մորս մահը

Ցուցակն ավարտելուց հետո ժամանակ տրամադրեք մտածելու այն մասին, թե ինչ եք սովորել կորստի մասին`ցուցակում գրված յուրաքանչյուր իրադարձությունից: Այս մտորումներով ընկերոջ, ընտանիքի անդամի կամ հոգեբանի հետ կիսվելը կարող է նաև շատ օգտակար լինել: Սա կօգնի ձեզ հասկանալ վերջին կորստի նկատմամբ ձեր արձագանքը և մարտահրավեր նետել ձեր ունեցած անօգուտ համոզմունքներին կամ ապատեղեկատվությանը:

6. Նամակ գրեք ձեր սիրելիին

Վիշտը հաղթահարելու անկարողության պատճառներից մեկը կարող է լինել այն, որ մեր սիրելիի հետ ունեցած հարաբերությունները, ինչ-որ առումով, մնացել են հուզականորեն անավարտ: Հարաբերությունները ավարտելու փորձ կատարելու համար կարող է շատ օգտակար լինել հարաբերությունների ոչ բացահայտ կողմերը նամակի միջոցով հաղորդելը:

Դա կարող է ներառել բաներ, որոնք արել կամ ասել եք, կամ չեք արել կամ ասել, որոնց համար ափսոսում եք, այն բաները, որոնց համար պետք է ներեք ուրիշներին, և հուզական արտահայտություններ, ինչպիսիք են «Ես հպարտ էի քեզանով» կամ «Ես քեզ սիրում եմ»:

Նման արտահայտություններով մենք վերջապես կարող ենք որոշակի հարաբերությունները բերել հուզական ավարտի: Սա կարող է անհրաժեշտություն առաջացնել փոխհարաբերությունները՝ հուզականորեն անավարտ զգացումների տեսակետից, լրջորեն վերլուծելու և հնարավորություն ստեղծել, որ նամակը գրելը դառնա հուզական, այլ ոչ թե զուտ մտավոր վարժություն:

Նամակը պետք է լինի լիովին ազնիվ և գրված լինի այնպես, կարծես ձեր սիրելին դեռ կենդանի է և իր հետ խոսելու հնարավորություն ունեք:

A schoolboy sitting on the ground, thinking.
UNICEF Armenia/2020/Galstyan

7. Մասնակցեք սգո ծեսերին

Գոյություն ունեն մի շարք ծեսեր, որոնք կարող են օգնել ձեզ սգալու գործընթացում. հուղարկավորությունը կամ հոգեհանգստի արարողությունն ու աղոթքները: Կան այլ, ավելի յուրօրինակ ծեսեր, որոնք դուք կարող եք որոշել ստեղծել ձեզ համար, ինչպիսիք են` գերեզմանոց այցելելը կամ հատուկ օրերին մոմ վառելը: Սրանք բոլորը կարող են դառնալ ձեր սգալու առողջ կողմերը:

Այնուամենայնիվ, որոշ ծեսեր կարող են լինել չափազանց ծանր և, ըստ էության, կորստի անառողջ արտահայտություններ լինել, օրինակ` մահացածի սենյակը պահել այնպես, ինչպես մահվան պահին էր: Այս կարգի ծեսերը կարող են ձեզ պահել անցյալում և թույլ չտալ ապրել ձեր ներկա կյանքով:

8. Մխիթարություն գտեք ձեր կրոնական աշխարհում

Կրոնական հավատք ունենալու մեծ առավելություններից մեկն այն է, որ դա կարող է մեծ մխիթարանք ապահովել ցանկացած դժվարությունների դեմ պայքարում, հատկապես երբ խոսքը վերաբերում է այնպիսի հարցերի, ինչպիսին է մահը: Կախված ձեր հավատքից՝ դուք կարող եք համոզված լինել, որ ձեր սիրելին ավելի լավ տեղ է գնում կամ կգերազանցի երկրի վրա իր ֆիզիկական ներկայության իրողությունները:

Սա իր հերթին կարող է նշանակել, որ կա հնարավորություն մի օր վերամիավորվելու ձեր սիրելիի հետ: Բացի այդ, պարզապես եկեղեցի գնալու, աղոթելու, հոգևորականի հետ խոսելու կամ խորհուրդ հարցնելու գործողությունները կարող են զգալի մխիթարություն ապահովել ձեր վիշտը հաղթահարելու գործում:

9. Ձեր էներգիան կենտրոնացրեք ձեր մասին հոգ տանելու վրա

Շատ հուզական իրադարձությունները, մասնավորապես` վիշտը, հաղթահարելու համար, կարևոր է, որ կարողանաք կենտրոնանալ ձեզ խնամելու հիմնական գործողությունների վրա: Դրանք ներառում են բավարար քանակությամբ քնելը, սննդակարգի առողջ և հավասարակշռված լինելը, պարբերաբար մարզվելը և առօրյայում հանգստացնող կամ զվարճալի գործողություններ ներառելը:

Հաճախ, երբ մարդիկ սգում են, մոռանում են հոգ տանել իրենց մասին, քանի որ ընկճված են և իրենցով զբաղվելու ոչ էներգիա, ոչ էլ ցանկություն ունեն: Ցավոք, դա ձեր տառապանքն էլ ավելի կծանրացնի, քանի որ այն, ինչ մենք ֆիզիկապես ենք զգում, մեծապես ազդում է նաև հոգեկան զգացմունքների վրա:

10. Նվազեցրեք սպասելիքները ինքներդ ձեզնից

Կորստից հետո շատ օգտակար է վերանայել այն սպասելիքները, որոնք դուք ունեք ինքներդ ձեր նկատմամբ՝ կյանքի տարբեր ոլորտներում: Եթե աշխատում եք, մտածեք որոշ ժամանակով կրճատել ձեր աշխատանքային ժամերը: Եթե միաժամանակ հինգ դասընթացի եք մասնակցում, տեղին կլինի դրանք դարձնել առնվազն չորսը:

Եթե սովոր եք շատ կամավորություն անել, միգուցե այս ժամանակահատվածում ավելի շատ ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ: Ձեր ծանրաբեռնվածության կրճատումը կախված է նրանից, թե որքանով եք ձեզ հուզականորեն հյուծված զգում: Եթե ձեր կապը այն մարդու հետ, ում կորստից դուք վիշտ եք ապրում, շատ ամուր չէր, ապա այսկերպ հարմարվելու կարիք կարող է և չունենաք:

11. Ձեռնպահ մնացեք լուրջ որոշումներ կայացնելուց կամ փոփոխություններ անելուց

Սգալու և հուզական ցավ ապրելու ժամանակահատվածն ամենևին չի նպաստում կարևոր որոշումներ ընդունելուն կամ լուրջ փոփոխություններ կատարելուն: Խնդիրները կամ իրավիճակները հստակ տեսնելու մեր ունակությունը հաճախ թուլացած է լինում՝ կախված այն բոլոր հնարավոր զգացողություններից, ախտանշաններից կամ արձագանքներից, որոնք մենք կարող ենք ունենալ:

Հետագայում, ափսոսանք առաջացնող որոշումներից խուսափելու համար, անհրաժեշտ է առաջին հերթին թողնել, որ ամեն ինչ հանդարտվի, եթե դա, իհարկե, հնարավոր է։

A young girl posing for the camera
UNICEF Armenia/2020/Grigoryan

12. Թույլ տվեք ձեզ ցանկացած հնարավորության դեպքում երջանկություն զգալ

Չնայած վշտի ընթացքում գերակշռող զգացողությունը, սովորաբար, տխրությունն է, օրեր, շաբաթներ, ամիսներ անց կարող եք նորից ունենալ երջանկության պահեր կամ ժամանակաշրջաններ: Ձեզ մեղավոր մի զգացեք, որ երջանիկ եք։ Հանգուցյալին հարգելու համար պարտադիր չէ անընդհատ սգալ: Փաստացի, բավականին մեծ հավանականություն կա, որ նա կցանկանար, որ դուք նորից սկսեք վայելել կյանքը:

Երջանկության զգացմունքները վերադարձնելը ձեր բնական պահանջմունքն է և ցույց է տալիս, որ կորստին սկսում եք հարմարվել առողջ եղանակով:

13. Հասկացեք տարեդարձների, ծնունդների, տոների և նշանակալի իրադարձությունների հավանական ազդեցությունը

Հոբելյանների, ծնունդների կամ տոների նման խոշոր իրադարձությունները կարող են ուժեղացնել մեր զգացմունքներն ու հիշողությունները մեր հանգուցյալ սիրելիների մասին: Անցյալ տոնակատարությունների մասին հիշողությունները, բնականաբար, կորցրածի մասին ավելի վառ հիշողություններ արթնացնելու միջոց են: Քանի որ դրանք սովորաբար օրեր են, երբ մենք անցյալում ժամանակ ենք անցկացրել մեր սիրելիների հետ, մենք էլ ավելի ենք գիտակցում այն, ինչը մեզ պակասում է հիմա և կարոտ է առաջացնում:

Մի զարմացեք, եթե ձեր զգացմունքները սաստկանան և դրանք որպես առիթ օգտագործեք՝ հիշելու ձեր անցյալ հարաբերությունները: Գուցե ձեզ պետք է ինչ որ ծես անցկացնել, կամ նրանց գերեզմանին այցելել: Արեք այն, ինչ որ զգում եք, որ պետք է անեք այդ օրը:

14. Պատվեք ձեր սիրելիին որևէ ստեղծագործական կամ իմաստալից ձևով

Ստեղծագործական ինքնաարտահայտումը կարող է դառնալ ձեր ապաքինման ճանապարհի կարևոր մասը: Կիրառվող արտահայտչամիջոցները կարող են շատ տարբեր լինել՝ ելնելով այն բանից, թե ինչն է ավելի իմաստալից անձամբ ձեզ համար: Դա կարող է ներառել ինչ-որ արվեստի գործերի ստեղծում՝ նկար կամ քանդակ: Կարող եք նաև ընկերներով, կամ ընտանիքով հավաքվել և խոսել հանգուցյալի մասին ձեր ունեցած բոլոր դրական հիշողությունների մասին:

15. Եթե հարկավոր է, մի որոշ ժամանակ մենակ անցկացրեք

Մենակ մնալը ևս կարող է դառնալ ձեր ապաքինման ճանապարհի մի կարևոր մաս: Մահը ստիպում է մեզ վերլուծել այն ամենը, ինչը մենք գիտենք և գնահատում ենք: Դա ձեզ ստիպում է խորհել սեփական մահկանացության մասին, ինչպես նաև կյանքի իմաստի և կյանքի նպատակների մասին: Այս գործընթացը կարող է պահանջել ձեր կողմից որոշակի լուրջ վերուծություն, որը երբեմն կարող է կատարվել միայն մենակ մնալով:

16. Համբերատար եղեք ձեր վշտի հանդեպ

Գիտակցեք, որ կորուստ ապրելը ոչ հեշտ է, ոչ էլ ամբողջությամբ կանխատեսելի, և դժվար է գնահատել սգալու տևողությունը: Այս նյութում նախորդիվ նշված բազմաթիվ գործոններից կախված, ձեր ապրած վշտի տևողությունը կարող է լինել շաբաթներ, ամիսներ կամ տարիներ: Այս գործընթացը արագացնելու փորձը դժվար թե օգտակար լինի, և, ի վերջո, կարող է հանգեցնել չլուծված վշտի:

Իմացեք, որ եթե ձեզ թույլ տաք իսկապես զգալ ցավը, այն հազվադեպ է երկար տևում, և սովորաբար, ժամանակի ընթացքում թուլանում է: Ցավից խուսափելու փորձերը, սակայն, օգտակար ռազմավարություն չեն:

17. Դիմեք մասնագետների օգնությանը

Եթե կարծում եք, որ ձեր վիշտը ձեզ համար չափազանց ծանր է, մի վախեցեք դիմել մասնագիտական օգնության կամ աջակցության: Դրանում ձեզ կամ ձեր երեխային կարող են օգնել դպրոցի հոգեբանը կամ այլ հոգեբան: Օգնություն խնդրելը ուժի, ոչ թե թուլության նշան է, և յուրաքանչյուր ոք կարող է պայքարել վշտի ճնշող զգացողութան հետ:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը քարտեզագրել է սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հայաստանյան ծառայությունները: Ծանոթացեք Ձեր բնակության վայրին մոտիկ գտնվող ծառայություններին հետևյալ ցուցակում:


 

Այս հոդվածը Քիմ Մաերցի (Dr. Kim Maertz) կողմից ՝ Ալբերտայի համալսարանի Խորհրդատվության և կլինիկական ծառայությունների համար գրված հոդվածի թարգմանությունն է:

www.mentalhealth.ualberta.ca