Ինքնավնասում, ինքնասպանության փորձ. ինչ պետք է իմանա ծնողը

Դեռահասների ինքնավնասման թեման ուսումնասիրել ենք հոգեբան Տաթևիկ Աբրահամյանի հետ։

Գոռ Պետրոսյան
Դեռահաաս աղջիկը նայում է պատուհանից դուրս: Նրա դեմքը չի երևում
UNICEF Armenia/2024/Margaryan
21 Հուլիս 2026

Ինքնավնասումը միշտ չէ, որ ինքնասպանության փորձ է, սակայն այն երբեք չի կարելի մատնել անուշադրության։ Ինչպե՞ս հասկանալ, որ դեռահասը վտանգի մեջ է, ի՞նչ ազդակներ պետք է նկատեն ծնողները և ինչպե՞ս է պետք արձագանքել։ Դեռահասների ինքնավնասման թեման ուսումնասիրել ենք հոգեբան Տաթևիկ Աբրահամյանի հետ։

Դեռահասի հուզական վիճակը նման է կրակի վրա դրված կաթսայի։ Մի բան է, երբ ջուրը պարզապես տաք է, և բոլորովին այլ բան, երբ սկսում է եռալ ու թափվել։ Երբեմն ջուրը դնում ենք կրակին, մտածում ենք՝ դեռ ժամանակ կա, հեռանում ենք, իսկ վերադառնալիս տեսնում ենք, որ այն արդեն թափվել է։
 

Ծնող լինելը նշանակում է չհեռանալ այնքան, որ չնկատես առաջին «պղպջակները»։ Եթե դրանք ժամանակին տեսնում ենք, կարողանում ենք հասկանալ, թե ինչ է կատարվում երեխայի հետ և միջամտել, քանի դեռ իրավիճակը չի խորացել։ Կան տարիքային փուլեր, երբ երեխան հատկապես շատ ուշադրության կարիք ունի։ Այդ ժամանակ ծնողի ներկայությունն ու զգոնությունը չափազանց կարևոր են։
 

Բայց նույնքան կարևոր է չանցնել մյուս ծայրահեղությանը։ Ուշադրությունը չպետք է վերածվի վերահսկողության կամ հետապնդման։ Եթե դեռահասը սկսում է զգալ, որ իրեն չեն վստահում կամ մշտապես հսկում են, նա, ամենայն հավանականությամբ, ավելի կփակվի։ Ծնողի ամենաբարդ, բայց ամենակարևոր խնդիրը հենց այս հավասարակշռությունը պահպանելն է։


– Վերջին տարիներին հաճախ ենք լսում դեռահասների ինքնասպանության փորձերի մասին։ Դեպքերն իսկապե՞ս շատացել են, թե՞ պարզապես դրանց մասին ավելի շատ են խոսում։

Տաթևիկ Աբրահամյան. Երկուսն էլ ճիշտ են։ Մի կողմից՝ ավելի շատ տեղեկություն ենք ստանում ինքնավնասման և ինքնասպանության դեպքերի մասին, մյուս կողմից՝ հասարակությունն ավելի բաց է սկսել խոսել այս թեմաների շուրջ։ Ինքնասպանությունների մասին տեղեկատվությունն այսօր իսկապես ավելի տեսանելի է դարձել, մինչդեռ ինքնավնասման դեպքերի վերաբերյալ տվյալները դեռևս համեմատաբար քիչ են։

– Նախ փորձենք հստակ տարանջատել երկու հասկացությունները. ո՞րն է ինքնավնասման և ինքնասպանության տարբերությունը։

Տաթևիկ Աբրահամյան. Ինքնավնասման մասին խոսում ենք այն դեպքում, երբ մարդը գիտակցված վնասում է սեփական մարմինը։ Ինքնասպանության դեպքում արդեն գործ ունենք վարքի հետ, որի նպատակը կյանքն ավարտելն է։ Այսինքն՝ ինքնավնասումը պարտադիր չէ, որ պայմանավորված լինի ինքնասպանության մտադրությամբ կամ հանգեցնի դրան։
Հատկապես կարևոր է խոսել դեռահասների մասին, որովհետև թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում ինքնավնասման և ինքնասպանության դեպքերի ամենաբարձր ցուցանիշներից մեկը հենց այս տարիքային խմբում է։

– Շատերը կարծում են, որ դեռահասության շրջանում ինքնասպանության մասին մտքերը կամ նույնիսկ ինքնավնասումը որոշ չափով բնական են։ Արդյո՞ք դա կարելի է համարել տարիքային նորմա։

Տաթևիկ Աբրահամյան. Այստեղ ամենակարևոր տարբերակումը մտքերի և վարքի միջև է։ Դեռահասության շրջանում կյանքի, մահվան, սեփական գոյության իմաստի մասին հարցերը կարող են ավելի հաճախ առաջանալ։ «Ինչո՞ւ եմ ապրում», «Ո՞րն է կյանքի իմաստը», «Արժե՞ շարունակել»․ նման մտքերը որոշ դեպքերում կարող են լինել դեռահասության բնական հոգեբանական զարգացման մաս։
Բայց այն պահից, երբ այդ մտքերը սկսում են վերածվել վարքի, դրանք այլևս չեն կարող դիտարկվել որպես տարիքային առանձնահատկություն։

Շատ հաճախ ծնողներից լսում եմ. «Դեռահաս է, կանցնի»։ Սակայն հենց այս վերաբերմունքն է վտանգավոր։ Ինքնավնասող վարքը կամ ինքնասպանության տանող վարքը երբեք չեն մտնում տարիքային նորմայի սահմաններում։

Կարևոր է նաև տարբերել կյանքի իմաստի շուրջ մտածելը և վտանգի ազդանշան հանդիսացող մտքերը։ Եթե դեռահասը փորձում է հասկանալ՝ ինչու է ապրում, ինչ նպատակներ ունի, դրանք ինքնաճանաչման բնական գործընթացի մաս կարող են լինել։ Սակայն եթե նա ասում է. «Մեռնեմ, պրծնեմ այս ամենից», «Եթե ինձ հետ մի բան պատահի, բոլորի համար ավելի լավ կլինի», դրանք արդեն կարմիր դրոշակներ են։

Սա չի նշանակում, որ ծնողը պետք է խուճապահար անմիջապես դիմի մասնագետի։ Բայց նման արտահայտությունները երբեք չպետք է անտեսվեն։ Դրանք այն ազդակներն են, որոնք պահանջում են ծնողի զգոնությունն ու ուշադրությունը։

– Ի՞նչ է փորձում «լուծել» դեռահասը, երբ ինքնավնասում է իրեն։

Տաթևիկ Աբրահամյան. Շատ դեպքերում ինքնավնասումը մահանալու ցանկության դրսևորում չէ։ Այն դառնում է մի տեսակ «ելք» այն ծանր հուզական վիճակից, որում հայտնվել է դեռահասը։
Պատկերացնենք, որ նա ապրում է ուժեղ ներքին ցավ, բախվել է խնդիրների, որոնք իր փորձի և ռեսուրսների սահմաններում լուծում չեն գտնում։ Այդ պահին նա փորձում է ցանկացած ձևով շեղվել այդ ապրումներից։ Այդպիսի «լուծումներից» մեկը սեփական մարմնին ցավ պատճառելն է։
Ֆիզիկական ցավը ժամանակավորապես կլանում է ուշադրությունը։ Առաջնային է դառնում վերքը մշակելը, այն խնամելը, իսկ մինչ այդ անհանգստացնող մտքերը կարծես երկրորդ պլան են մղվում։ Դեռահասի մոտ ստեղծվում է պատրանք, թե ինքնավնասումից հետո իրեն ավելի լավ է զգում։ Սակայն իրականում դա ընդամենը կարճատև դադար է հուզական ցավից։ Խնդիրը չի լուծվում, այլ միայն ժամանակավորապես լռում է։
Հենց այստեղ էլ առաջանում է ամենավտանգավոր մեխանիզմը։ Եթե առաջին անգամից հետո թվում է, թե ինքնավնասումն օգնեց, հաջորդ անգամ դեռահասը կարող է կրկին ընտրել նույն ճանապարհը։ Աստիճանաբար այս վարքը կարող է վերածվել կրկնվող օրինաչափության, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ կախվածության։

– Կա նաև կարծիք, որ ժամանակի ընթացքում ցավի զգացողությունը նվազում է, և հենց դա է մեծացնում վտանգը։

Տաթևիկ Աբրահամյան. Վտանգն իրականում սկսվում է արդեն առաջին փորձից։
Դեռահասը չի կարողանում գնահատել, թե որտեղ է այն սահմանը, որից հետո պետք է կանգ առնել։ Ինքնավնասման պահին նրա հուզական վիճակն այնքան ծանր է, որ հնարավոր չէ խոսել իրավիճակի լիարժեք և սթափ գնահատման մասին։ Նա չի գիտակցում, թե որքան վտանգավոր գործողություն է կատարում սեփական մարմնի նկատմամբ։
Հենց այդ պատճառով էլ նույնիսկ այն գործողությունը, որն ի սկզբանե չի եղել ինքնասպանության փորձ, ցավոք, կարող է ավարտվել կյանքի հետ անհամատեղելի հետևանքով։

– Եթե խոսքային ազդակները կարող են հուշել, որ դեռահասի մտքերը վտանգավոր ուղղությամբ են զարգանում, ապա ի՞նչ ֆիզիկական դրսևորումների վրա պետք է ուշադրություն դարձնեն ծնողները։ 

Տաթևիկ Աբրահամյան. Ինքնավնասումն ունի բազմաթիվ դրսևորումներ, և դրանք միշտ չէ, որ ակնհայտ են։ Նույնիսկ մեծահասակները լարվածության պահին երբեմն այնքան ուժեղ են սեղմում ձեռքերը, որ եղունգներով վնասում են մաշկը։ Դեռահասների դեպքում նման վարքը կարող է արտահայտվել, օրինակ, դեմքի բշտիկները շարունակաբար ճզմելով մինչև արյունահոսություն կամ մարմնի որևէ հատված անընդհատ վնասելով։
Եթե նկատում եք, որ երեխան լարված վիճակում սկսում է կծել շրթունքները, ուժեղ սեղմել ձեռքերը, քաշքշել կամ վնասել մաշկը, դա դեռ ինքնավնասման ախտորոշում չէ։ Բայց այդպիսի վարքը կարևոր ազդակ է, որ երեխայի հետ ինչ-որ բան է կատարվում։

Սակայն շատ կարևոր է չընկնել մյուս ծայրահեղության մեջ։ Ցանկացած նման դրսևորում ինքնավնասում համարել նույնպես սխալ է։ Ծնողը պետք է գնահատի ամբողջ պատկերը, ոչ թե մեկ առանձին նշանը։ Եթե դեռահասը միաժամանակ մեկուսանում է, դժվարանում է կառավարել իր հույզերը, հաճախ բարկանում է կամ, հակառակը, դառնում է չափազանց զգայուն, և այդ ամենին զուգահեռ ի հայտ են գալիս նաև նման ֆիզիկական դրսևորումներ, այդ դեպքում արդեն պետք է ավելի ուշադիր լինել։

Հուզական լարվածությունը կարող է արտահայտվել տարբեր ձևերով։ Դեռահասը կարող է կտրուկ մեկուսանալ, հաճախ լաց լինել, ագրեսիվ արձագանքել կամ չափազանց սուր ընդունել նույնիսկ փոքր դժվարությունները։ Այո՛, դեռահասության շրջանում նման փոփոխություններ որոշ չափով բնական են։ Բայց այստեղ կարևոր է ոչ թե դրանց առկայությունը, այլ ուժգնությունն ու տևողությունը։

Եթե այսօր երեխան պարզապես ուզում է մենակ մնալ իր սենյակում, դա դեռ չի նշանակում՝ խնդիր ունենք։ Բայց եթե նրա վարքը, խոսքը, կեցվածքը և հուզական վիճակը աստիճանաբար փոխվում են, արդեն արժե ուշադրություն դարձնել։

Հատկապես զգոն պետք է լինել, եթե դեռահասը հաճախ կրկնում է. «Ինձ ոչ ոք չի սիրում», «Ես մենակ եմ», «Ես ոչ մեկին պետք չեմ», «Ինձ ոչ ոք չի հասկանում»։ Սակայն նույնիսկ այս դեպքում մեկ արտահայտության հիման վրա եզրակացություն անել չի կարելի։ Միշտ պետք է դիտարկել ամբողջ համատեքստը։

-Շատ ծնողներ ասում են. «Իմ երեխան միշտ ժպտում է, միշտ ուրախ է։ Ինչպե՞ս հասկանամ, որ իրականում իրեն վատ է զգում»։

Տաթևիկ Աբրահամյան. Ամենակարևորը երեխայի հետ բնական, պարբերական շփումն է։
Պարտադիր չէ ամեն օր հարցնել. «Լա՞վ ես», «Ամեն ինչ կարգի՞ն է»։ Ավելի կարևոր է հետաքրքրվել նրա առօրյայով՝ ինչպե՞ս անցավ օրը, ի՞նչն ուրախացրեց, ի՞նչը տխրեցրեց, ինչո՞վ էր զբաղված, ի՞նչն էր հաջողվել, իսկ ինչը՝ ոչ։
Շատ ծնողներ կարծում են, թե պետք է ուղիղ հարցնել՝ «Քեզ վնասե՞լ ես» կամ փորձել ստուգել երեխայի մարմինը։ Բայց նման խոսակցություններից առաջ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում նրա ներաշխարհում։

–Ինչպե՞ս խոսել երեխայի հետ՝ գնահատելու ներկա իրավիճակը:

Տաթևիկ Աբրահամյան. Երբ մենք՝ հոգեբաններս, առաջին անգամ հանդիպում ենք երեխային, չենք սկսում հարցերից, թեստերից կամ բարդ մեթոդներից։ Սկզբում պարզապես զրուցում ենք, փորձում հասկանալ՝ ինչով է նա ապրում, ինչ հետաքրքրություններ ունի, ովքեր են իր ընկերները, ինչն է նրան ուրախացնում կամ անհանգստացնում։

Ես միշտ ասում եմ դեռահասներին. «Եթե դուք էլ հարցեր ունեք, կարող եք ինձ տալ»։ Դա շատ կարևոր է, որովհետև երեխան չպետք է զգա, թե իրեն հարցաքննում են կամ փորձում են բռնել ինչ-որ բանի վրա։
Երբ նա տեսնում է անկեղծ հետաքրքրվածություն, սկսում է բացվել։ Իսկ եթե զգում է վերահսկողություն, վախ, պատժի կամ սահմանափակումների սպառնալիք, բնականաբար փակվում է։

Ի վերջո, նպատակը շատ պարզ է՝ հասկանալ, թե ինչ է կատարվում երեխայի կյանքում, ինչի համար կարելի է նրա հետ ուրախանալ և որ պահին նա աջակցության կարիք ունի։

– Եթե ծնողը կասկածում է, որ երեխան ինքնավնասում է իրեն, ո՞րը պետք է լինի առաջին քայլը։

Տաթևիկ Աբրահամյան. Այստեղ պետք է տարբերակել երկու իրավիճակ։ Եթե ծնողը միայն կասկածներ ունի, առաջին քայլը երեխայի հետ հանգիստ, վստահության վրա հիմնված զրույցն է։ Կարևոր է ոչ թե մեղադրել կամ հարցաքննել, այլ ասել, որ անհանգստացած եք և ուզում եք հասկանալ, թե ինչ է կատարվում։

Եթե, սակայն, ծնողը զգում է, որ սեփական հուզական վիճակը խանգարում է այդ զրույցին, ավելի ճիշտ կլինի նախ ինքը դիմի մասնագետի։ Հոգեբանը կօգնի հասկանալ իրավիճակը և խորհուրդ կտա՝ ինչպես ճիշտ խոսել երեխայի հետ։ Պետք չէ փորձել նման խնդիրը միայնակ լուծել։

Բայց եթե ինքնավնասման փաստն արդեն կա, իրավիճակն այլ է։ Այդ դեպքում առաջնայինը երեխայի անվտանգությունն է։ Երբեմն դա կարող է նշանակել նաև որոշակի սահմանափակումներ՝ հեռախոսի, սոցիալական ցանցերի կամ առանձին շփումների նկատմամբ։ Խոսքը պատժելու մասին չէ, այլ վտանգը նվազեցնելու։

Հիշո՞ւմ եք մեր «եռացող կաթսայի» համեմատությունը։ Եթե ջուրն արդեն եռում է, առաջին քայլը կաթսան կրակից վերցնելն է։ Նույն սկզբունքն է գործում նաև այստեղ. նախ պետք է ապահովել երեխայի անվտանգությունը, հետո՝ հասկանալ խնդրի պատճառներն ու սկսել աշխատել դրանց հետ։

– Իսկ ո՞ւմ պետք է դիմել, եթե ինքնավնասման փորձն արդեն արձանագրվել է։

Տաթևիկ Աբրահամյան. Հայաստանում նման դեպքերում հոգեբանները հաճախ խորհուրդ են տալիս նաև հոգեբույժի խորհրդատվություն։ Շատ ծնողների համար սա անհանգստացնող է, որովհետև նրանք հոգեբույժի այցը նույնացնում են դեղորայքային բուժման հետ։ Իրականում դա այդպես չէ։

Հոգեբույժի խորհրդատվության նպատակն առաջին հերթին երեխայի հոգեկան վիճակը գնահատելն է և ավելի խորքային խնդիրները բացառելը։ Միայն դրանից հետո ընտրվում է հետագա աջակցության ճիշտ ճանապարհը, որը շատ դեպքերում ներառում է թերապևտիկ աշխատանք հոգեբանի հետ։

Տարբեր երկրներում մոտեցումները տարբեր են։ Որոշ եվրոպական երկրներում երեխան կարող է անմիջապես սկսել աշխատանքը հոգեբանի հետ։ Հայաստանում, սակայն, նման իրավիճակներում ցանկալի է նախ ստանալ հոգեբույժի գնահատականը, ապա շարունակել աշխատանքը հոգեբանի հետ։

– Ի՞նչ անել, եթե դեռահասը հրաժարվում է գնալ հոգեբանի մոտ։

Տաթևիկ Աբրահամյան. Այդ դեպքում ծնողը կարող է հենվել իր հեղինակության վրա։
Կարելի է հանգիստ, բայց հաստատուն ասել. «Մենք հիմա միասին գնում ենք մասնագետի մոտ։ Սա չի քննարկվում։ Մնացած բոլոր հարցերին կվերադառնանք հետո, բայց առաջին այցը պարտադիր է»։
Այս մոտեցումն արդարացված է, որովհետև խոսքը ոչ թե հոգեբանի հերթական այցի, այլ երեխայի անվտանգության մասին է։ Երբ վտանգի մասին է խոսքը, ծնողն ունի նման որոշում կայացնելու ոչ միայն իրավունք, այլև պարտականություն։

– Եթե այս հոդվածը կարդացող ծնողներից մեկն այս պահին մտածում է՝ «Գուցե սա հենց իմ երեխայի մասին է», ի՞նչ խորհուրդ կտաք նրան։ Որտեղի՞ց սկսել։

Տաթևիկ Աբրահամյան. Սկսեք ամենակարևորից՝ եղեք ձեր երեխայի կողքին։ Ես միշտ ասում եմ. ներկա եղեք նրա կյանքում։ Թող նա զգա, որ դուք հասանելի եք, հետաքրքրված եք և պատրաստ եք լսել՝ առանց դատելու։

Եվ երկրորդը՝ մի՛ վախեցեք օգնություն խնդրել։ Նման իրավիճակները միայնակ հաղթահարելու փորձը հաճախ ավելի է ծանրացնում դրանք։ Երբ ծնողն ու մասնագետը դառնում են մեկ թիմ, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում հնարավոր է գտնել լուծում։

Չեմ կարող ասել, որ այդ ճանապարհը հեշտ է լինելու, բայց երբ հասկանում եք՝ որն է հաջորդ քայլը և ինչ հերթականությամբ պետք է գործեք՝ սկսում եք շարժվել դեպի խնդրի հաղթահարումը։

Embedded video follows
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան