ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը դպրոցահասակ 1.500 երեխայի են ներգրավել առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված համապետական արշավում

03 Հունիս 2026
Դեռահաս աղջիկներն ու տղաները պարան են քաշում ամեն կողմից
UNICEF Armenia/2026/Galstyan

ԵՐԵՎԱՆ, հունիսի 4, 2026 թ. –  ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) ամփոփել են առողջ ապրելակերպի խթանմանն ու դեռահասների՝ առողջության վերաբերյալ գիտելիքի ու հմտությունների բարելավմանն ուղղված համապետական դպրոցական արշավի արդյունքները, որն իրականացվել է Հայաստանի բոլոր մարզերում։

Արշավը, որ մեկնարկել էր մայիսի 6-ին ՀՀ Արարատի մարզում և ավարտվել մայիսի 27-ին Սյունիքում, իրականացվել է մարզային դպրոցական միջոցառումների շարքի ձևաչափով։ Այն ընդգրկել է շուրջ 1.500 աշակերտ Հայաստանի բոլոր մարզերից։ Արշավի երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել արդեն 2026 թվականի աշնանը։

Մինչ այժմ այն ընդգրկել է դպրոցականների երեք տարիքային խումբ՝ 5–6-րդ, 7–9-րդ և 10–11-րդ դասարանների աշակերտներին։ Մասնակիցները հերթափոխով այցելել են երեք թեմատիկ կայաններ, որտեղ քննարկվել են առողջ սնուցման, ֆիզիկական ակտիվության, հոգեկան առողջության և առողջ հարաբերությունների թեմաները։ Աշակերտները նաև մասնակցել են պաստառների մրցույթ-ցուցադրության՝ նվիրված առողջ քնին նպաստող սովորույթների կարևորությանը։

«Մեր հիմնական նպատակն է՝ հետաքրքիր և մասնակցային ձևաչափերի՝ քննարկումների, խաղերի, վիկտորինաների և ֆիզիկական ակտիվության օգնությամբ, երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպի գործնական հմտությունների ձևավորումը և տեղեկացված որոշումներ կայացնելու կարողությունը։ Արշավում կարևոր դեր ունեն նաև ուսուցիչները, որոնք 5–11-րդ դասարաններում «Առողջ ապրելակերպ» առարկայի շրջանակում ուսուցանում են այդ հիմնական ուղերձները», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի առողջապահության և սնուցման բաժնի ղեկավար Լիանա Հովակիմյանը։ «Վերջին հինգ տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և ՄԱԿ-ի այլ գործակալություններ աջակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ մշակելու «Առողջ ապրելակերպ» առարկայի դասագրքերն ու ուսուցչի ուղեցույցը, վերապատրաստելու ուսուցիչներին և մենթորներին, ինչպես նաև ապահովելու ծրագրի փորձարկումն ու ներդրումը հանրապետության ողջ տարածքում։

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող այս արշավը լրացուցիչ հնարավորություն է՝ ամրապնդելու առողջ ապրելակերպին միտված դրական վարքագիծը»։  Արշավը համահունչ է Առողջապահության նախարարության հանրային առողջապահության առաջնահերթություններին, մասնավորապես՝ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և առողջության խթանման ոլորտներում։

«Դեռահասությունը մարդու կյանքի այն փուլն է, երբ նա ձեռք է բերում սեփական առողջության պահպանման և խթանման վերաբերյալ հիմնարար գիտելիքներ ու սովորություններ։ Հենց այս տարիքում է նաև ձևավորվում որոշումներ կայացնելու հմտությունը, և մեր նպատակն է օգնել ու սովորեցնել երեխաներին կայացնել ճիշտ որոշումներ, որոնք ազդեցություն կունենան նրանց առողջության և ապագայի վրա։ «Առողջ ապրելակերպի մարզային դպրոցական արշավ» ծրագիրը նպատակ ունի նպաստել առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը երեխաների շրջանում՝ սովորեցնելով նրանց ապրել առողջ։ Հենց այս գաղափարն է ընկած արշավի կարգախոսի և խորագրի հիմքում։» -նշում է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և առողջության խթանման բաժնի պետ Տաթևիկ Մարգարյանը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ն, իր հերթին, նպաստում է ծրագրի իրականացմանը՝ հիմնվելով դեռահասների առողջության, վարքագծային փոփոխությունների խթանման և երեխայակենտրոն կրթական մոտեցումների ոլորտներում իր փորձի վրա։ Երեք թեմատիկ կայաններում աշակերտները միասին անդրադարձել են բալանսավորված սննդակարգի և առողջ առօրյայի, ֆիզիկական ակտիվության, թիմային աշխատանքի, հոգեկան դիմակայունության և հուզական բարեկեցության, էկրաններից կախվածության նվազեցման, հասակակիցների ճնշման հաղթահարման և առողջ ընտրություն անելու կարողության ձևավորման թեմաներին։

Արշավի դասընթացներն իրականացրել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկեր կազմակերպությունների փորձառու մասնագետները, այդ թվում՝ Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի համահիմնադիր, մանկական հոգեբան Տաթևիկ Աբրահամյանը, «Վիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի մանկաբույժներ Անի Մարգարյանն ու Արմինե Վարդանյանը։ Ֆիզիկական ակտիվության դասընթացները վարել են Հայաստանի բռնցքամարտի հնգակի չեմպիոն Տաթևիկ Խաչատրյանը և GoFit մարզասրահի հիմնադիր ու ֆիթնես մարզիչ Հովհաննես Ավագյանը։

Արշավի նպատակն է ոչ միայն երեխաներին փոխանցել գիտելիքներ առողջ ապրելակերպի մասին, այլև օգնել նրանց այդ գիտելիքները վերածել առօրյա սովորությունների։ Մասնակցային և գործնական մոտեցումների շնորհիվ երեխաները ձեռք են բերում հմտություններ, որոնք հնարավորություն են տալիս կատարել առողջությանն ուղղված գիտակցված ընտրություններ և ձևավորել առողջ ապրելակերպի հիմքերը վաղ տարիքից։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: [email protected]

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

Արդեն 33 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, կրթված և խնամված: Հիմնվելով 80-ամյա միջազգային փորձի և Հայաստանում ավելի քան երեք տասնամյակի ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է բարելավելու ամենախոցելի երեխաների կյանքը:


Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am  կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookInstagram և X-ում: