Նպատակն է՝ առողջ ապրելակերպը «մոդայիկ» դարձնել

Առողջամարտիկի դասը, համայնքից համայնք ուղևորվելով, երեխաներին ոգեշնչում է ավելի առողջ սնվել ու հետևել ՔՈՎԻԴ-19-ի կանոններին

Ժաննա Ուլիխանյան
Առողջամարտիկի դասը Տավուշում։
UNICEF Armenia/2021/Margaryan
17 Օգոստոս 2021

Ասեք՝ ինչ են նախաճաշել ձեր տան երեխաները, ասենք, թե որքանով էր առողջ նրանց նախաճաշն ու որքանով դա կօգնի նրանց ուղեղի նորմալ աշխատանքին։ Շտապենք տեղեկացնել, որ եթե ձեր երեխայի ափսեի կեսը միրգ/բանջարեղեն է, ¼-ը սպիտակուց, իսկ մյուս ¼-ը ածխաջուր, ուրեմն շնորհավորում ենք, երեխան առողջ է սնվել և բավարար էներգիա կունենա դպրոցում դասերին ակտիվ մասնակցելու համար։

Ցավոք, առկա տվյալները փաստում են, որ 7-18 տարեկան երեխաների սննդակարգի հետ կապված հսկայական խնդիրներ ունենք և որ ավելորդ քաշի ու գերքաշության խնդիրը բավական տարածված են։ Դպրոցական տարիքի երեխաների սննդակարգի ուսումնասիրությունները փաստում են՝ տարածաշրջանի բոլոր երկրներում թերսնվածությունն իր բոլոր ձևերով, սննդակարգի հետ կապված ոչ վարակիչ հիվանդությունների հետ մեկտեղ, ազդում են մարդու առողջության, արտադրողականության և զարգացման ներուժի վրա։

Liana Hovakimyan-UNICEF Health and Nutrition Specialist
UNICEF Armenia/2020/Margaryan

«Դեռահասությունը ուղեղի զարգացման և կտրուկ աճի ժամանակաշրջան է, ուստի այս շրջանը երեխայի ընդհանուր զարգացման վրա ներգործելու մեկ այլ «պատուհանիկ է», որ չպետք է բաց թողնենք։ Դեռահասները հատկապես խոցելի են թերսնման նկատմամբ, քանի որ այդ շրջանում կտրուկ աճով պայմանավորված՝ մեծանում են նրանց սննդային կարիքները։ Իրականում, մեր դեռահասներին այսօր սպառնում է ավելորդ քաշի խնդիրը, քանի որ ոչ օգտակար ուտելիքները լայնորեն հասանելի են, քանի որ նստակյաց ապրելակերպ են վարում և քանի որ առողջ սնվելը դեռ այդքան էլ «մոդայիկ» չէ, նաև՝ քանի որ պակաս գիտելիքներ ունեն ու չեն պատկերացնում, թե դա որքանով կարող է վնասել նրանց մարմնին ու մտքին»,-

զգուշացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Առողջապահության և սնուցման ծրագրի ղեկավար Լիանա Հովակիմյանը։
Healthy Buddy session in Tavush region.
UNICEF Armenia/2021/Margaryan
Առողջամարտիկի դասը Տավուշում։
UNICEF Armenia/2021/Margaryan

Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Կենտրոնական Եվրոպայում և Ասիայում դպրոցահասակ երեխաների սննդակարգի» հետազոտության՝ Հայաստանում 10-24 տարեկան յուրաքանչյուր 4-րդ դեռահաս ավելորդ քաշ կամ գերքաշություն ունի։ Տղաների և աղջիկների միայն կեսն է ամեն օր միրգ ու բանջարեղեն ուտում։

Ավելին, Հայաստանում դեռահաս աղջիկների 56%-ն, իսկ տղաների 50%-ն ամեն օր քաղցր է ուտում, ինչը Կենտրոնական Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանի մյուս երկրների համեմատ՝ ամենաբարձր ցուցանիշն է։ Եվ սրան զուգահեռ՝ մեր դեռահասների միայն 23%-ն է օրական 60 րոպե ֆիզիկապես ակտիվ լինում։

Խնդրի մասին թերևս այսքանը․ հարկավոր է մտածել լուծումների մասին։ Լուծումներից մեկը, որն առաջարկում և իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ, երեխաներին ու ծնողներին կրթելն է։ Առողջամարտիկը ծնվել է հենց այդ նպատակով՝ դպրոցահասակ երեխաներին առողջ սնվելու մասին կրթելու և առողջ ապրելակերպ վարելը «մոդայիկ» դարձնելու համար։

Այս տարի Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի և Երևանի 35 համայնքում հանդիպելու ենք ավելի քան 4,200 6-15 տարեկան երեխաների հետ։

Առողջամարտիկի դասը Տավուշում։ Լիդիա Այվազյանն աշխատում է երեխաների հետ։
UNICEF Armenia/2021/Margaryan
Առողջամարտիկի դասը Տավուշում։
UNICEF Armenia/2021/Margaryan

Առողջամարտիկի դասին Լիդիան պատկերավոր ներկայացնում է երեխաներին, թե օրական մոտավորապես քանի գդալ շաքարավազ են նրանք ուտում՝ իրենց առօրյա սննդի հետ․ պաղպաղակ՝ մոտ 4 գդալ շաքարավազ, մեկ բաժակ քաղցր գազավորված ըմպելիք` 6 գդալ շաքարավազ, մրգային «բնական» հյութեր՝ 5 գդալ, մեկ շոկոլադե սալիկ` 5 գդալ, պատրաստի սառը սուրճեր՝ 4 գդալ, մեկ ճաշի գդալ կետչուպը՝ 2 գդալ։  Մինչդեռ դեռահասների սննդակարգում առավելագույնը 25 գրամ՝ 5 գդալ շաքարավազ կարող է լինել։

Տավուշի մարզի Գանձաքար գյուղում երեխաներին հանդիպելուց հետո սննդաբան Լիդիա Այվազանը արտահայտեց իր մտահոգությունը․

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ արդեն 27 համայնք ենք այցելել։ Երբ համայնքից համայնք ենք գնում, դպրոցից-դպրոց, փաստացի, ականատես ենք լինում նույն պատկերին․ շատ երեխաներ նախաճաշին միայն թեյ են խմում, այն էլ 3-5 գդալ շաքարավազով, մեծամասնությունն օրական միրգ ու բանջարեղեն չի էլ ուտում, փոխարենը բոլորն ամեն օր քաղցր են ուտում։ Արագ սնունդը, գազավորված ըմպելիքները, քաղցրավենիքը այս տարիքի երեխաների մոտ սովորական սնունդի են վերածվել։ Բավարար քանակով էներգիա չստանալով նախաճաշին՝ երեխաները փորձում են լրացնել իրենց էներգիայի պակասը ձեռքի տակ եղած կամ հասանելի արագ ածխաջրերով՝ հաճախ հենց շաքար պարունակող սննդով», -

նշում է սննդաբան Լիդիա Այվազյանը ու փորձում Առողջամարտիկի դասի ընթացքում երեխաների հետ ընկերանալ։
Healthy Buddy session in Tavush region.
UNICEF Armenia/2021/Margaryan

«Շատ եմ սիրում քաղցրավենիք։ Բայց այսօր երբ պատկերավոր տեսա, որ օրվա մեջ քանի գդալ կարող եմ ուտել, մի քիչ «վատացա»։ Հիմա պետք է վերանայեմ սննդակարգս, մի քիչ գոնե քչացնեմ քաղցրավենիքը, մի քիչ էլ սպորտով զբաղվեմ,-

ասաց 11 -ամյա Լիան ու գնաց տղաների հետ ֆուտբոլ խաղալու։

«Ափսոս՝ այդքան էլ առողջ չեմ սնվում, անկեղծ ասած չեմ էլ պատկերացրել, որ դա այդքան կարևոր է։ Պետք է փորձեմ ավելի շատ միրգ ու բանջարեղեն ուտել։ Նաև շատ սիրեցի մոտիվացիայի մասը, որը Գոռը ներկայացնում էր։ Մի տեսակ «թևեր առա», հիմա հավանական եմ համարում, որ երազանքներիս կարող եմ հասնել։ Կցանկանայի մեկ օր չլիներ այս դասընթացը, այլ ավելի ծավալուն լիներ, մի քանի օր տևեր»,-

դասի ավարտից հետո ասաց 13-ամյա Մելինեն։
Healthy Buddy session in Tavush region.
UNICEF Armenia/2021/Margaryan
Healthy Buddy session in Tavush region.
UNICEF Armenia/2021/Margaryan

«Մենք մեր դպրոցում բուֆետ չունենք։ Դուրս ենք գալիս դուրս մի հատ կրպակ կա, էնտեղից բուլկի ենք գնում, համբուրգեր, քաղցրավենիք։ Իհարկե Լիդիան նշեց, որ դրանք չպետք է ամեն օր ուտել, բայց դե ինչ արած, հո սոված չենք մնալու։ Լավ կլիներ՝ բուֆետ ունենայինք, որտեղ նորմալ ուտելիքներ կլինեին․ կաթնամթերք, բանան, խնձոր, դե այնպես, ինչպես ասացին Առողջամարտիկի դասին»։

ավելացրեց Կամոն, որ միանգամից սկսել էր մտածել լուծումների մասին։

Եվ իհարկե, Կամոն իրավացի է։ Ամեն ինչ սկսվում է բավարար ու անհրաժեշտ գիտելիքներից, բայց աջակցող միջավայրը, ասել է թե, հնարավորություններն ու այն սնունդը, որ մեզ շրջապատում է և հասանելի է, նույնպես շատ կարևոր են։

«Երեք կարևոր ուղությամբ պետք է աշխատենք․ պետք է խրախուսենք առողջ սնունդն ու ֆիզիկական ակտիվությունը, պետք է զուգահեռ աշխատենք և կանխարգելենք միկրոտարրերի անբավարարության խնդիրը, այդ թվում նաև՝ կանխարգելելով երկաթի անբավարվածությունը և պետք է կարողանանք տվյալների շարունակական և ամբողջական հավաքագրման մեխանիզմ ստեղծել։ Այնպիսի կարևոր անցումային շրջանում, ինչպիսին է դեռահասությունը, պետք է թե՛ ծնողները, թե՛ ուսուցիչները, թե՛ պետությունը և թե՛ խնդրով մտահոգվող կազմակերպությունները պետք է կարողանան առողջ ապրելակերպը «մոդայիկ» դարձնել, որպեսզի ներկայում և ապագայում ավելի առողջ սերունդ ու հասարակություն ունենանք»,- ամփոփեց Լիանա Հովակիմյանը։