Առողջամարտիկը՝ Տավուշի մարզում է

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի 35 համայքներում բնակվող ավելի քան 4,200 միջին և բարձր դասարանցիներին ներկայացնում է առողջ ապրելու և առողջ սնվելու գաղտնիքները:

Ժաննա Ուլիխանյան
Երեխաները մասնակցում են Առողջամարտիկի դասին ու սովորում առողջ սնուցման մասին։
UNICEF Armenia/2021/Margaryan
03 Օգոստոս 2021

Շոգ ամառ է։ Կիրակի ժամը 11-ն է, բայց Տավուշի մարզի Աչաջուր գյուղի դպրոցում լսվում են երեխաների ուրախ ձայներ։ Հավանաբար մտածեցիք, թե քնություններ են, բայց ոչ, այսօր ավելի քան 120 երեխա եկել է դպրոց՝ մասնակցելու «Առողջամարտիկի» դասին։ Դաս, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարության և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի հետ համատեղ՝ երեխաների հետ միասին քննարկելու առողջ սնուցման գաղտնիքներն ու կարևորությունը՝ նպատակով, որ դասի ավարտից հետո բոլոր երեխաները կդառնան Առողջամարտիկներ։ Առողջամարտիկն այն երեխան է, ով քիչ քաղցրավենիք, և փոխարենը՝ շատ միրգ ու բանջարեղեն է ուտում, սպորտով է զբաղվում կամ էլ դրսում շատ է ակտիվ խաղեր խաղում։

Առողջամարտիկ Վահեն, տնից ուղիղ 40 րոպե քայլելով, եկել-հասել է դպրոց՝ մասնակցելու այս դասին։ Մանկան մաքրությամբ անկեղծանում է․

Տղան նստած է Առողջամարտիկի դասին՝ դպրոցի դահլիճում։
UNICEF Armenia/2021/Margaryan

«Շատ էի լսել «ածխաջրեր», «սպիտակուց» բառերը, բայց չգիտեի, որ սպիտակուցից են կազմված մարդու իմունային բջիջները, իսկ ածխաջրերը մարդու վառելիքն են․ էներգիա են տալիս, որ կարողանանք շարժվել։ Նաև չգիտեի, որ շաքարը, նույնպես ածխաջուր է, բայց վատ վառելիք է»։

Վահեի տան այգում մրգի ծառեր շատ ունեն՝ մի մեծ թթենի, նռան ծառ, խնձորենիներ․ խոստացավ, որ օրվա ընթացքում ծառերից միրգ կքաղի, կլվանա և կուտի։ Այս արտասովոր խելացի, չափազանց ակտիվ ու բավականին հասուն 7-ամյա տղան, որ շատ հոգատար է ընտանիքի անդամների հանդեպ և հիանում է իր եղբորով, երազում է իր միջավայրը մաքրել չարից։ «Ուզում եմ իրավաբան դառնալ, որ օրենքի մարդ լինեմ, որպեսզի պատժեմ հանցագործներին։ Հաստատ դրանից հետո բոլորս էլ ավելի լավ կապրենք»։

Վահեն տան սառնարանին է փակցնում առողջ ափսեի պատկերը։
UNICEF Armenia/2021/Margaryan

Նա դեռ չգիտի, որ ապագայում իր առողջության ու հաջողության գաղտնիքներից մեկն այսօր ու այսուհետ առողջ ու ճիշտ սնվելն է։

Մինչդեռ աշխարհում և նաև Հայաստանում երեխաների սնուցման իրավիճակը բնութագրվում է թերսնման եռակի բեռով։ Առաջինը՝ սննդի ոչ բավարար քանակը, սպառնում է միլիոնավոր երեխաների գոյատևմանը, աճին և զարգացմանը։ Երկրորդ բեռը միկրոէլեմենտների անբավարարությունն է՝ թերսնման թաքնված ձև, որի դեպքում երեխաները չեն ստանում բավարար վիտամիններ և միկրոտարեր, որոնք անհրաժեշտ են նորմալ իմունային արձագանքի, ոսկորների նորմալ աճի և ուղեղի զարգացման համար։ Երրորդ բեռը ավելորդ կալորիաների և նստակյաց կյանքի պատճառով առաջացող ավելորդ քաշի կամ գերքաշության ու ճարպակալման խնդիրն է։

«Մենք ուզում ենք այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ բոլոր երեխաները և երիտասարդները գիտակցում են առողջ սնվելու իրենց իրավունքը։ Որտեղ երեխաները և նրանց ծնողները հստակ գիտեն, թե ինչ է անհրաժեշտ առողջ զարգացման և դպրոցում ու ապագայում հաջողության հասնելու համար»,- ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի առողջապահության և սնուցման ծրագրի ղեկավար Լիանա Հովակիմյանը՝ հավելելով․

Լիանա Հովակիմյան՝ ՅՈՒՆԻՍԵՖի առողջապահության և սնուցման ծրագրերի ղեկավար
UNICEF Armenia/2021/Galstyan

«Առողջ պետք է սնվել ոչ միայն առողջ մարմին, այլև՝ առողջ միտք ունենալու համար։ Երեխայի առաջին երկու տարիներին ամեն մի գդալի 75%-ը ծախսվում է նրա ուղեղի կառուցման վրա։ Մեծանալով՝ մեծանում են նաև երեխայի սննդային կարիքները։ Սնուցման եռակի բեռը սպառնում է նաև Հայաստանի երեխաներին և մենք բոլորս պետք է հրատապ գործենք, որպեսզի ավելի առողջ սերունդ ու հասարակություն ունենանք»։

Այս նպատակով էլ «Առողջամարտիկը», համայնքից համայնք ճանապարհորդելով, աշխատում է երեխաների ու նրանց ծնողների հետ։ Այս տարի Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի և Երևանի 35 համայնքում հանդիպելու ենք ավելի քան 4,200 երեխաների ու պատանի տղաների ու աղջիկների հետ։

Երեք ընկերուհի նստել են դասասենյակի առաջին շարքի գրասեղանին։
UNICEF Armenia/2021/Margaryan

Աչաջուրում, մինչ «Առողջամարտիկի» դասի սկսվելը, երեք ընկերուհի՝ երեքն էլ գերազանցիկ՝ երեքն էլ երազանքներով լի, նստել են առաջին շարքում և անհամբեր սպասում են դասին։ Ուշադիր լսեցին ամբողջ դասը, «ա՜խ» ու «վա՜խ» արեցին, երբ բժիշկ-սննդաբան Լիդիա Այվազյանը թվարկում էր գազավորված ըմպելիքների, չիպսերի, քաղցրաբլիթների ու պաղպաղակի բաղադրիչ տարերը՝ միաժամանակ ներկայացնելով, թե ինչ կարող է պատահել, եթե երեխաները այսպիսի սնունդ շատ օգտագործեն։

Առողջամարտիկի դասին աղջնակը պատասխանում է սննդաբան Լիդիա Այվազյանի հարցերին։
UNICEF Armenia/2021/Margaryan

«Փաստորեն, մինչ այս խառն էի սնվում, բայց, վե՛րջ, հաստատ որոշեցի, որ պետք է ավելի լավ սնվեմ։ Պետք է փորձեմ ամեն անգամ իմ առողջ ափսեն կառուցել, կշատացնեմ օգտակար սնունդը՝ բանջարեղենը, միրգը, և հակառակը կքչացնեմ վնասակար ուտելիքները։ Այս առողջ ափսեի նկարն էլ կփակցնեմ մեր սառնարանից ու այն ինձ միշտ կհիշեցնի՝ որն է ճիշտ սնվելու գաղտնիքը»,-

դասի ավարտից հետո անկեղծացավ ընկերուհիներից ամենաակտիվը՝ 10-ամյա Անահիտը։

Մյուս ընկերուհին էլ՝ Նարինեն, հավելեց, որ «Ես և շրջակա միջավայրը» դասին արդեն սովորել էին սպիտակուցների, ածխաջրերի ու ճարպերի մասին, բայց․ «Բայց ես չգիտեի, որ առողջ սնվելը շատ կարևոր է դասերը լավ սովորելու և երազանքներին հասնելու համար։ Ես դպրոցը շատ եմ սիրում, պետք է լավ սովորեմ, ուրեմն պետք է նաև լավ սնվեմ»։

Տղան և աղջիկը շախմատ են խաղում։
UNICEF Armenia/2021/Margaryan

Շախմատն ու պարը հավասարապես սիրող Նարինեն երազում է գրող դառնալ։ Նա արդեն հեղինակել է իր առաջին չորս հեքիաթը։ Իրենց տան բակում նստած էինք, երբ որոշեց մեզ համար կարդալ Շախմատի թագուհու մասին վերջերս գրած իր հեքիաթը, որտեղ փոքրիկ տղան շախմատ է խաղում մեծն թագուհու հետ և մեկ քայլից «մատ» է նրան անում։ Չէի՞ք սպասում։

Իսկ մենք համոզված էինք, որ կհաղթի, քանի որ գիտենք, որ բոլոր երեխաների մեջ մեծ ներուժ է թաքնված ու նրանք կարող են «շախ» ու «մատ» անել բոլոր խանգարող հանգամանքներին՝ վատ սննդին, վատ սովորույթներին և հասնել իրենց երազանքներին։ Բայց նախ՝ նրանք պետք է ստանան բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու անհրաժեշտ հնարավորությունները։

Աչաջուրից հետո Առողջամարտիկի թիմը կրկին ճանապարհին է․ հաջորդ կայարանը Տավուշի մարզի մյուս գյուղն է՝ Գանձաքարը։