Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների բուժզննումը մոբիլ թիմերի և պոլիկլինիկաների միջոցով
Վերջին տարում Լեռնային Ղարաբաղից տեղահանված 10,000 երեխա ստացել է անհրաժեշտ բուզննում և վերահսկողություն Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության նախարարության համագործակցության շնորհիվ:
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
11 ամյա Արման Ոսկանյանը ծնվել-մեծացել է Լեռնային Ղարաբաղում: 25 տարի այնտեղ ապրելուց հետո, հակամարտության արդյունքում Արմանի ընտանիքը ստիպված էր տեղափոխվել Արտաշատ՝ ազգականների մոտ: Կուտակած վերջին խնայողություններով և բարերարների աջակցությամբ Ոսկանյաններն այժմ տուն են կառուցում Արտաշատում: Արմանը, թեկուզ և դժվարությամբ, բայց հարազատների աջակցությամբ հարմարվում է նոր միջավայրին: Սկզբում գլխավոր խոչընդոտներից մեկը լեզուն էր՝ Արտաշատում տղայի հասակակիցները չեն հասկանում ղարաբաղյան բարբառը: Առկա բոլոր դժվարություններին Արտաշատում գումարվեց ևս մեկը. Արմանը մեկ տարուց ավել է, ինչ բուժզննում չէր անցել:
Արտաշատի համայնքային պոլիկլինիկա Արմանն այցելել էր դեռ մեկ ամիս առաջ հոր հետ միասին: Զննումից հետո մանկաբուժական բաժանմունքի վարիչ Վարդուհի Սարգսյանը հայտնաբերել էր խնդիր և ուղեգիր տվել, որպեսզի Արմանը լիարժեք ախտորոշում և բուժում ստանա Երևանի բուժհաստատություններից մեկում: Մեկ ամիս անց Արմանը դարձյալ տիկին Սարգսյանի կաբինետում է. մանկաբույժը վերահսկում է երեխայի առողջական խնդրի հաղթահարման դինամիկան:

«Երբ հակամարտության արդյունքում Հայաստան սկսեցին ժամանել հազարավոր երեխաներ, սկզբում փորձեցինք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ պարենային փաթեթներ, հիգիենայի, առաջին անհրաժեշտության և Քովիդը կանխարգելող պարագաներ և այլն: Շուտով արդեն պարզ էր, որ Լեռնային Ղարաբաղում տասնամյակներ տևած հումանիտար իրավիճակի շնորհիվ երեխաներից շատերը բուժզննման, հսկման ու արձագանքման կարիք ունեին, թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության տեսանկյունից: ՀՀ առողջապահության նախարարության հետ միասին հետամուտ եղանք այդ աշխատանքին՝ համագործակցելով համայնքային պոլիկլինիկաների և ամբուլատոր ծառայությունների հետ, ինչպես նաև ստեղծեցինք մոբիլ թիմեր», -
Վերջին տարում Արմանի պես մոտ 10,000 երեխա արդեն ստացել է համախատասխան բուժզննում և վերահսկողություն, ինչպես նաև, ըստ խնդրի, ուղղորդում համապատասխան մասնագետի մոտ: Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ Արարատում, Կոտայքում, Արմավիրում, Վայոց Ձորում և Կապանում նաև ստեղծվել են բժիշկների մոբիլ թիմեր, որոնք պարբերաբար այցելել են հեռավոր համայնքներ: Մասնագիտական խմբերի խնդիրն էր այցելել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին, հայտնաբերել առողջական խնդրահարույց դեպքերը, ուղղորդել համապատասխան հետազոտությունների և բուժման, իրականացնել սնուցման և առողջ ապրելակերպի թեմաներով կոնսուլտացիաներ:
«Արարատի մարզում այդպիսի մոբիլ թիմեր գործում են Արտաշատում, Արարատում, Վեդիում և Մասիսում: Ստանալով մեր մարզում հաստատված ընտանիքների կոնտակտային տվյալները, մենք սկսեցինք զանգահարել բոլորին: Եթե ընտանիքն ապրում է վերոհիշյալ քաղաքներից որևէ մեկին մոտ ու կարող է այցելել ԲԿ, ապա օր ու ժամ ենք պայմանավորվում, եթե ոչ՝ մասնագիտական թիմն է մոտենում նրանց»,-
Արարատի մարզում գործող 4 մոբիլ թիմերը սպասարկում են ամբողջ մարզը, ամեն թիմն աշխատում է միջինում 150 ընտանիքի հետ:
ՅՈւՆԻՍԵՖ-ի Առողջապահության և սնուցման ծրագրի ղեկավար Լիանա Հովակիմյանը փաստում է՝ «Մենք հետևողական կապի մեջ ենք մոբիլ թիմերի պատասխանատուների հետ և արդեն ունենք որոշակի պատկերացում Լեռնային Ղարաբաղից Հայաստանի տարբեր համայնքներում հաստատված երեխաների առողջական խնդիրների, տարածված և բացառիկ դեպքերի վերաբերյալ: Օրինակ, մենք արդեն գիտենք, որ հետազոտվածների շարքերում զգալի տոկոս են կազմում տեսողության, նյութափոխանակության, հենաշարժողական համակարգի հետ կապված խնդիր ունեցող երեխաները: Մասնավորաբար Արարատի մարզի մեր գործընկերների դիտարկումների համաձայն բավական մեծ է ավելորդ քաշով երեխաների քանակը»:
Մարիաննա Մարգարյանը 5 տարեկան Հովիկի, 3 տարեկան Հայկի և 8 ամսական Եվայի մայրիկն է: Ասում է, որ տեղահանությունից հետո սկզբնական շրջանում երեխաները սկսեցին հաճախակի հիվանդանալ, իսկ պոլիկլինիկայի բուժզննումներն օգնել են մայրիկին վաղ հայտնաբերելու ու պատշաճ կերպով արձագանքելու դրանց:
«Թեև շատ լուրջ դեպքեր չենք ունեցել, բայց օրինակ Հայկը հասցրեց թոքաբորբ տանել: Մեզ անմիջապես ուղեգրեցին Երևան, որտեղ տղաս անցավ համապատասխան հետազոտություններ, նշանակվեց բուժում և կարճ ժամանակ անց խնդրի մասին մոռացանք»,- ասում է Մարիաննան:
Ընտանեկան բժիշկ, մանկաբույժ Դիանա Սահակյանը մոբիլ թիմերի ստեղծումը կարևորում է հատկապես համավարակի պատճառով բուժհաստատությունների առանց այն էլ գերծանրաբեռնված աշխատանքի ֆոնին:
«Աճել է պացիենտների թիվը, մարդիկ ավելի հեշտ ու արագ են խուճապի մատնվում, իրապես աննշան բաների համար կարող են գալ պոլիկլինիկա, կանչ գրանցել և դա միանգամայն հասկանալի է: Եթե չլիներ այս ընդգծված վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղից մեր մարզի տարբեր համայնքներում հաստատված ընտանիքների նկատմամաբ, վստահաբար, շատ խնդիրներ կմնային չախտորոշված ու եթե ոչ վաղը, ապա մոտ ապագայում կունենայինք բարդացած դեպքերի մեծ հոսք»,- ասում է տիկին Սահակյանը:
«Շատ են նաև դեպքերը, երբ ծնողները երբեևէ չեն իմացել, որ իրենց երեխան ունի այս կամ այն խնդիրը, քանի որ տարիներ շարունակ ստիպված են եղել ապրել հակամարտության բարդ իրավիճակում և պլանային բուժզննումները առաջնահերթություն չեն համարել: Խնդրի կամ դրա առկայության կասկածի մասին շատերն առաջին անգամ լսում են մեզանից, թեև ակնհայտ է, որ այդ դեպքերից շատերը մեկ ամսվա վաղեմություն չունեն»,-
Նա հավաստում է, որ բացի իրենց առաջնային պարտականություններից, մասնագետները, ծնողների հետ, վարում են նաև կոնսուլտատիվ բնույթի աշխատանք՝ բարելավելու նրանց ծնողավարման հմտությունները՝ «Լուրջ սխրանք է հումանիտար իրավիճակում երեխայի խնամքի և առողջության հարցերում խիստ հետևողական, կարդացած ու տեղեկացված ծնող լինելը, այն էլ, երբ մեծ դժվարությամբ է տրվում երեխաների կենցաղային տարրական պահանջմունքների բավարարումը: Այդ է պատճառը, որ երիտասարդ ու անգամ փորձառու շատ մայրիկներ պատշաճ կարևորություն չեն տալիս որոշ հարցերի. հիգիենա, ռեժիմ, սննդակարգ և այլն: Նկատելով այդ բացերը մենք տրամադրում ենք առկա տպագիր նյութեր, զրուցում ենք ու քաջալերում ենք ծնողներին լինել էլ ավելի հետևողական»,-ասում է բժիշկ Սահակյանը:
Ի լրումն այս աշխատանքի, Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՅՈՒՆԻՍԵՖը վերջին տարում հինգ մարզերի առողջապահական հիմնարկներին նաև տրամադրել է անհրաժեշտ բուժտեխնիկա, որոնք հեշտացրել են մոբիլ թիմերի աշխատանքը, ինչպես նաև վերապատրաստվել է 1,500 առաջնային բուժաշխատող երեխաների սնուցմանը, աճին ու զարգացմանը արտակարգ իրավիճակներում հետևելու և սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու ուղղությամբ: