Բժշկական սարքավորումներ՝ Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի պոլիկլինիկաներին

Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը հզորացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը հյուրընկալող Հայաստանի մարզերի առողջապահական ծառայությունները։

Գոռ Պետրոսյան
Mrs Kalipse is doing a sonography at the medical centre of Armavir.
UNICEF Armenia/2021/Lilian Galstyan
04 Հունվար 2022

Արմավիրի բժշկական կենտրոնը բավականին զբաղված էր և բազմամարդ, երբ մենք այցելեցինք կենտրոն մատակարարելու Ճապոնիայի կառավարության ֆինանսավորման շնորհիվ գնված նոր սարքավորումները։ Անցած տարվանից սկսած՝ Արմավիրում են հաստատվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բազմաթիվ ընտանիքներ, ինչը սոցիալական ծառայությունների աշխատանքը կրկնապատկել է, իսկ համավարակի պատճառով հատկապես առողջապահական համակարգի աշխատանքը՝ եռապատկել։

Հանդիպեցինք տիկին Կալիփսեին, որ հերթագրված էր վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտության համար: Հերթում մարդկանց սակավությունը նրան զարմացրեց: Մասնագետի կաբինետում իմացավ, որ ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը պոլիկլինիկային սոնոգրաֆիկ շարժական սարք է տրամադրել, որը բուժաշխատողները կարող են օգտագործել նաև կենտրոնից դուրս։

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի առողջության առաջնային պահպանման կենտրոններին բացի շարժական սոնոգրաֆիկ 10 սարքից, հատկացրել է նաև առաջին անհրաժեշտության այլ բժշկական սարքավորումներ՝ 200 էլեկտրոնային կշեռք՝ հասակաչափով, 200 շարժական հեմոգլոբինոմետր և 1000 հատ պուլսոքսիմետր։

Hovhannes Harutyunyan, Head of the Health and Social Security Department of Armavir Regional Administration.
UNICEF Armenia/2021/Galstyan

Արմավիրի մարզպետարանի Առողջապահական, սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ բուժհաստատությունը սպասարկում է 92.000 բնակչություն ունեցող համայնք և հազարավոր բնակիչների հարակից գյուղերից: Վերջին մեկ տարում պացիենտների թիվն աճել է, քանի որ պատերազմի պատճառով տեղահանված հազարավոր քաղաքացիներ ապաստան են գտել նաև Արմավիրի մարզում:

«Շարժական սոնոգրաֆիկ սարքեր, հեմոգլոբինոմետր, պուլսոքսիմետր, էլեկտրոնային կշեռք... Այս և այլ սարքավորումների կարիք բուժհաստատությունները միշտ ունեն և որպես կանոն չունեն համապատասխան ֆինանսավորում՝ պարբերաբար թարմացնելու դրանք: Լեռնային Ղարաբաղից տեղահանված ու Արմավիրի մարզում հաստատված քաղաքացիների հոսքը շոշափելիորեն ավելացրեց ծանրաբեռնվածությունը, դրան գումարած Քովիդը: Արմավիրի մարզը միակն է, որ չունի մասնագիտացված հիվանդանոց. աշխատում ենք հիմնականում Երևանի բուժհաստատությունների հետ: Հիվանդների ախտորոշման և տեղափոխության գործում ժամանակ կորցնելն անթույլատրելի է: Նույնիսկ թվում է պարզ մի գործողություն, ինչպիսին արյան մեջ թթվածնի քանակի չափումն է, պետք է արագ արվի»,-

ասում է պարոն Հարությունյանը:
The Acting Director of Armavir Medical Center, Doctor Harutyun Zurnachyan.
UNICEF Armenia/2021/Galstyan

«Թթվածնաքաղցը կարող է պայմանավորված լինել ոչ միայն Քովիդով: Պատճառներից մեկը կարող է լինել արյան մեջ հեմոգլոբինի ցածր պարունակությունը: Հատկապես ծանր հիվանդների պարագայում կարևոր է շտապ հասկանալ, թե ինչի հետևանք է թթվածնաքաղցը, որպեսզի հաջորդեն համապատասխան գործողություններ: Շարժական հեմոգլոբինոմետրերն այդ իմաստով փրկություն են, քանի որ շտապօգնության աշխատակիցներին հնարավորություն են տալիս հենց պացիենտի տանը հասկանալ խնդրի պատճառներն ու արագ կողմնորոշվել հետագա քայլերի հարցում»,-

բացատրում է Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Հարություն Զուռնաչյանը։

Ժամանակակից բժշկության մեջ ճշգրիտ ախտորոշման դերն անհնար է գերագնահատել: Օրինակ՝ պոլիտրավմաների, ռեանիմացիոն իրավիճակների, ծննդաբերության և մի շարք այլ դեպքերում սոնոգրաֆիկ հետազոտության հասանելիությունը կենսական անհրաժեշտություն է: Բացի կանանց և երեխաների համար անհրաժեշտությունից, այս սարքերը բազմոլորտ կիրառություն ունեն, որոնց շնորհիվ կարելի է կյանքեր փրկել, օրինակ, վահանաձև գեղձի հետազոտում, Էխոկարդիոգրաֆիա, որովայնի տարաբնույթ հետազոտություններ և այլն։

Karine Anakhatunyan, Sonographer at Armavir Medical Center
UNICEF Armenia/2021/Galstyan

«Մեր ունեցած շարժական սոնոգրաֆիկ երեք սարքերն այս պահին խափանված են, նոր սարքավորումը թիվ մեկ անհրաժեշտություն էր: Հաճախ ստիպված էինք ստացիոնար սարքը տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, ինչի պատճառով այն ավելի արագ էր մաշվում, լարերն էին պոկվում: Բացի այդ, համայնքում միշտ էլ կան ծանր հիվանդներ, որոնց անհնար է բերել բուժհաստատություն՝ հետազոտությունը պետք է արվի տնային պայմաններում, մինչդեռ անհրաժեշտ սարքավորում չկար: Շարժական սոնոգրաֆիկ նոր սարքը բավական թեթև է, անհրաժեշտության դեպքում նույնիսկ բժիշկը կարող է տեղափոխել այն միայնակ»,-

հավաստեց Արմավիրի ԲԿ-ի բժիշկ-սոնոգրաֆիստ Կարինե Անախաթունյանը։

Կենտրոնում հանդիպեցիքն նաև Մանկաբուժության բաժնի վարիչ Գայանե Ազատյանին, ով կշռում էր 15-ամյա Գոհարին:

Gayane Azatyan, Head of Pediatric Department at the medical center, who just used the new electronic scale a moment ago to measure Gohar’s, 15, weight.
UNICEF Armenia/2021/Galstyan

«Նոր պացիենտների հոսքը, սարքավորումների պակասը, հին սարքավորումների հաճախակի խափանումները, տնային պայմաններում հետազոտություններ անելու հնարավորության բացակայությունը չնվազող հերթերի պատճառ էին դառնում: Համավարակի պայմաններում մարդկանց կուտակումները հիվանդանոցի և պոլիկլինիկայի սպասասրահներում անցանկալի են: Նոր սարքավորումների գործարկման արդյունքում կկրճատվեն հաճախորդների սպասարկման ժամանակը և փաստորեն նաև՝ հերթերը: Սա, թերևս, ամենաշատն է ուրախացնում մեզ՝ բժշկական կենտրոնի աշխատակիցներիս»,-

ասում է տիկին Ազատյանը:

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը շարունակում է հզորացնել մարզային առողջապահական հաստատությունների կարողությունները, որպեսզի ոչ միայն Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց, այլև հյուրընկալող մարզերում ապրող բոլոր բնակիչներին հնարավորինս որակյալ առողջապահական ծառայություններ մատուցվեն։ Հենց այդ նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը նաև բժիշկների տասը մոբիլ թիմեր է ստեղծել, որոնք կացարաններում բնակվող երեխաների բուժզննումն են իրականացնում։ Նաև ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի շնորհիվ 1400 առաջնագծում աշխատող մասնագետ է վերապատրաստվել`բնակչությանն ավելի որակյալ առաջնային և երկրորդային առողջապահական ծառայություններ մատուցելու համար։