Արվեստն օգնում է երիտասարդներին հաղթահարել կյանքի դժվարությունները. մի պատանու պատմություն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով Երևան եկած Ռոբերտ Կարապետյանը բացում է կյանքը վերստին սիրելու իր գաղտնիքը:

Գոռ Պետրոսյան
Տղան նայում է բարձրահարկ շենքի պատշգամբից։
UNICEF Armenia/2020/Biayna Mahari
17 Հունիս 2021

-Երաժշտություն, թատրոն, հավատք․ իմ աշխահն այս երեք կետին է հենվում,- ասում է Ռոբերտը, որը սեպտեմբերի 29-ին մոր, ավագ քրոջ ու եղբոր հետ դուրս եկավ Լեռնային Ղարաբաղից՝ համոզված, որ մեկ-երկու շաբաթից հետ է դառնալու։

Ապաստարանում էր, երբ իմացավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Նեքսուս»-ի համատեղ նախաձեռնության մասին. արվեստի կենտրոնում ընդունում են Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված պատանիների ու երիտասարդների՝ երաժշտական տարբեր գործիքների և վոկալի դասարաններ ունեն։ Առաջին դասին մասնակցելուց մեկ ժամ անց արդեն վստահ էր՝ դա հենց այն տեղն է, ուր ուզում է լինել։ Հաջորդ օրը նաև ընկերներին տարավ:

Հազարավոր երիտասարդների ու պատանիների պես Ռոբերտի կյանքն էլ սեպտեմբերի 27-ին մեկ ակնթարթում փոխվեց։ Պայթյուններ, օդային տագնապ… Տուն, հարազատներ, ընկերներ, սովորական առօրյա… Ամեն ինչ մնաց իր քաղաքում:

Ռոբերտը խաղում է տան փոքր երեխաների հետ։
UNICEF Armenia/2020/Biayna Mahari

«Իմ հայրենի քաղաքում երաժշտական քոլեջի սան էի, Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի սկսնակ դերասան, բայց ստիպված էի փախչել դեպի անհայտություն։ Նոր տեղում, նոր միջավայրում մորեղբորս երեխաները՝ Ալվինան, Աշոտն են օգնում չմեկուսանալ, չօտարանալ, և Աստվածաշունչս՝ տնից բերած»։

Աշոտն ու Ալվինան էներգիայի կծիկներ են․ անդադար ինչ-որ բան են անում՝ խաղում են, երգում, թռչկոտում, վազում ու պոկ չեն գալիս Ռոբերտից։ Մե՛կ Ռոբերտի շալակն են բարձրանում, մե՛կ խաղալիք նետ ու աղեղով կրակում են նրա վրա, մե՛կ ստիպում են բռնոցի խաղալ․․․ Ռոբերտը «վախենալով» զարմիկների ակտիվությունից, իր ամենանվիրականը՝ Աստվածաշունչը, պահում է ոչ թե պահարանում, այլ պահարանի վրա։

Երիտասարդը գիրք է կարդում՝ պառկած բազմոցին։
UNICEF Armenia/2020/Biayna Mahari

«Ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանում եմ Աստվածաշնչից։ Իսկ երբ ուզում եմ մենակ մնալ, բարձրանում եմ մեր շենքի 11-րդ հարկ՝ տեսարանը հիասքանչ է, ոնց որ ափիդ մեջ լինի Երևանը,- ասում է Ռոբերտը՝ չթաքցնելով կարոտի ու հիացմունքի շաղախ հայացքը»։

«Առավոտյան արթնանում եմ, նախաճաշում, զարմիկներիս հետ եմ խաղում ու շտապում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու Նեքսուսի դասերին։ Երաժշտության պարապմունքներն ինձ ու ընկերներիս օգնում են թեկուզ մի քանի ժամով մոռանալ մեր բոլոր դժվարությունները՝ ավիրված տները, ուր մենք չենք կարող վերադառնալ, մեղմել հարազատների կորստի ցավ»։

Երիտասարդը նախաճաշում է առավոտյան։
UNICEF Armenia/2020/Biayna Mahari

Տատիկն ասում է, Ռոբին որ թողնես՝ տուն չի գա, իսկ երբ տանն է, խոսում է միայն երաժշտության պարապմունքների մասին, թե ինչ հետաքրքիր են, ինչ լավն են այնտեղ աշխատող ու սովորող մարդիկ։ Հիմա էլ, հյուրեր ունի, բայց ուշքն ու միտքը րոպե առաջ դասի գնալն է,- կատակով «դժգոհում» է տիկին Ալվինան։

Ռոբերտը բացատրում է․ «Այսօր կարևոր օր է՝ Գոռ Սուջյանն է հյուր գալու, վարպետության դաս ունենք։ Էլ ե՞րբ ու որտեղ կարող ենք այդքան հայտնի ու սիրված երաժշտի հետ հանդիպել ու մասնակցել նրա դասին։ Չեմ կարող բաց թողնել։ Բայց մինչև այդ, հանդիպելու եմ ընկերներիս՝ Միլենային և Դարինեին։ Իմացանք, որ Երևանի հին կենտրոնում՝ Կոնդում, կան տներ, որոնց պատերը պատկերազարդել են հայ ու արտասահմանցի հայտնի նկարիչներ։ Ուզում ենք տեսնենք»:

Ռոոոոբ… հեռվից կանչում են աղջիկները։ Շտապում են: Սուջյանի հետ հանդիպմանը քիչ է մնացել։

Ընկերները քայլում են Երևանի փողոցներով։
UNICEF Armenia/2020/Biayna Mahari

«Շատերիս Ռոբը բերեց Նեքսուս։ Ի՞նչ էինք մենք անելու, ինչով էինք լցնելու մեր օրը, եթե չլինեին երաժշտության դասերը, չեմ պատկերացնում»։

Միլենան

- Շաբաթը մի քանի անգամ ուսուցիչների հետ այցելում ենք Երևանի և մարզերի ապաստարաններում ապրող մեզ նման երեխաների ու մեծահասակների,- ասում է Դարինեն: Նվագում ու երգում ենք նրանց համար, երաժշտական ինտերակտիվ խաղեր կազմակերպում։ Սկզբում շատերը դժվարությամբ են մեզ ընդունում, բայց հետո չեն ուզում բաց թողնել, խնդրում են, որ էլի գնանք։ Այս ծրագրով ՅՈՒՆԻՍԵՖ-ը ոչ միայն մեզ օգնեց, այլ թույլ տվեց, որ մենք օգնենք մեր հայրենակիցներին։

Դեռահասները քայլում են միասին։
UNICEF Armenia/2020/Biayna Mahari

Հասնում են Կոնդ։

- Նման բան միայն ֆիլմերում էի տեսել՝ մի ամբողջ թաղամաս ոնց որ բաց թանգարան լինի,- ասում է Ռոբերտը։

Երեքից հինգ պակաս արդեն արվեստների կենտրոնում են։ Ռոբերտը տարերքի մեջ է՝ արդեն հարազատ դարձած մարդիկ, սիրված երաժիշտ, որը պատրաստ է սովորեցնել երաժշտական իր հնարքները ու ապրեցնող երաժշտություն։

Երեխաները ելույթ են ունենում Գոռ Սուջյանի հետ։
UNICEF Armenia/2020/Biayna Mahari

«Արվեստն ու մշակույթը միավորում են մարդկանց: Լավ երաժշտություն լսելիս չես կարող չհուզվել ու չոգևորվել: Այս դասերը նույն կերպ են ներգործում, օգնելով նվազեցնել ցավի, սթրեսի ու անհանգստության զգացմունքները միևնույն ժամանակ պարգևելով ինքնավստահության և ինքնակառավարման զգացում: Սա այն բազային ծառայություններից էր, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսեց մատուցել գործընկերների միջոցով դեռևս հակամարտության օրերին ու դրանից հետո, ի լրումն հոգեբանական ծառայությունների: Այս ծրագրերի միջոցով աջակցել ենք հարյուրավոր դեսահասների ու երիտասարդների»,-

նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեռահասների զարգացման ծրագրի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը

Ռոբերտն արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղ և շարունակում է զբաղվել երաժշտությամբ ու արվեստով։ 

Վերջին ութ ամիսներին ընթացքում Ռոբերտի պես ավելի քան 30,000 դեռահասներ և երիտասարդներ Երևանում և Հայաստանի այլ մարզերում ստացել են տարբեր տիպի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ կրթական պարագաներ, ձմեռային հագուստ, ՔՈՎԻԴ-19-ի կանխարգելման պարագաներ, ինչպես նաև արվեստի կամ կյանքի հիմնարար հմտությունների գծով վերապատրաստումներ և հոգեբանական աջակցություն: