Երբ սոցաշխատողն աջակցում է հակամարտությունից տուժած երեխաներին և ընտանիքներին նոր կյանք սկսել

ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկերների հետ սոցիալ-հոգեբանական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի 10 համայնքներ ժամանած ընտանիքներին և երեխաներին

Ժաննա Ուլիխանյան
Վալերան և տիկին Մառան նայում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից տրամադրած պայուսակի մեջի պարունակությունը։
UNICEF Armenia/2020/Sahakyan
10 Փետրվար 2021

«Մեր բոլոր իրերը Ստեփանակերտում է, մեզ հետ տաք հագուստ չենք վերցրել, հիմա արդեն տաք հագուստի կարիք կա, դե պետք է վերադառնանք Ստեփանակերտ կամ գոնե մարդ գտնենք՝ մեր հագուստը, որոշ իրերը բերեն, մինչ վերադառնանք։ Բայց դա դեռ կհասցնենք, իրականում ես անհանգստանում եմ մեր էրեխեքի համար։ Ճիշտ է՝ խաղում են, ուտում են, բայց պատերազմից հետո որևէ մի աղմուկից միանգամից անհանգստանում են, լարվում են ու վազում են մեզ մոտ։ Կան երեխաներ, որոնք պատերազմից հետո այլևս չեն խոսում, կան երեխաներ, որոնք արդեն վաղուց պետք է խոսեին, բայց դեռ չեն խոսում։ Երեխաները ավելի ագրեսիվ են դարձել։ Այսօր առաջին անգամ է, որ մեզ մոտ եկել են սոցիալ-հոգեբանական աշխատանք իրականացնելու։ Ես սրա կարիքը շատ եմ տեսնում»,- պատմեց տիկին Մառա Ոսկանյանը, որ սեպտեմբերի 28-ից տղայի՝ Վալերայի և մայրիկի ու հայրիկի հետ հաստատվել է Սիսիանի այս կացարանում։

Սոցաշխատող Մարիամը աշխատում է կացարանի նախասրահում սեղանի շուրջ նստած ծնողների հետ։
UNICEF Armenia/2020/Sahakyan

Տիկին Մառան և Վալերան պլանավորում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, բայց դեռ որոշ խնդիրներ ունեն, որ պետք է լուծեն։ Հենց այդ խնդիրների մասին էին զրուցում ծնողները հյուրանոցի նախասրահում «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի» սոցաշխատող Մարիամի և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ Հաթինգի գլխավորությամբ ՅՈՒՆՍԻԵՖ-ի թիմի հետ։ Այդ ընթացքում Վալերան մյուս սենյակում նկարում էր իր տունը, ավելի ճիշտ՝ իր երազած տունը։

Վալերան ցույց է տալիս իր նկարած տան նկարը։ Նա մեծ թուղթը պահել է իր դիմաց՝ գրեթե ծածկելով իրեն, միայն նրա աչքերն են երևում։
UNICEF Armenia/2020/Sahakyan

«Կարոտում եմ իմ տունը, իմ դպրոցը, իմ քաղաքը։ Ես ուզում եմ վերադառնալ իմ դպրոց։ Դպրոցում բոլոր առարկաներն էլ սիրում եմ, բայց ամենաշատը՝ մայրենին, ռուսերենն ու շախմատը։ Ուզում եմ նախագահ դառնալ, բայց դրա համար պետք է լավ ու շատ սովորեմ։ Էդպես էլ անում էի, գերազանցիկ եմ, բայց արդեն 47 օր է՝ դպրոց չեմ գնում»:

Վալերա

«Տեղահանման տրավմաները շատ խորն են, և տեղահանված ընտանիքների և երեխաների հետ համապատասխան աշխատանք չիրականացնելու դեպքում վտանգ կա, որ այս ընտանիքները չեն հաղթահարի հակամարտության հետ կապված հոգեբանական տրավմաները և կդժվարանան վերականգնվել և նոր կյանք սկսել»,- ասաց տիկին Մարիան Քլարկ Հաթինգը։ «Վերջին ամսիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ թիրախավորված համայնքներում ավելի քան 25,000 երեխայի և ծնողի հոգեբանական աջակցություն է ցուցաբերել թե՛ անհատական և թե՛ խմբակային հանդիպումների միջոցով»։

Հայաստանում ՅՈՒՆՍԻԵՖ-ի ներկայացուցիչը՝ տիկին Մարիանը կացարանի բոլոր երեխաների հետ ընդհանուր սրահի մի անկյունում։
UNICEF Armenia/2020/Sahakyan

Սիսիանի այս կացարանում առաջին հանդիպումից և կարիքները գնահատումից հետո Հայաստանում մնացող ընտանիքների համար սոցիալական աշխատողը մշակել է անհատական աշխատանքի պլաններ, որ պետք է օգնի ընտանիքներին գտնել իրենց տեղն այս համայնքում և ինտեգրվել այստեղ։

«Այդ անհատական պլանների մեջ ներառվելու է դրական ծնողավարման վերաբերյալ խորհրդատվություն, աշխատանքի և այլ ռեսուրսների որոնման աջակցություն, ինչպես նաև հոգեբանական աջակցություն: Հոգեբաններն օգնում են այս ընտանիքներին ցրել տանգնապն ու անորոշությունը, ձևակերպել, թե ինչ են ուզում անել և դուրս բերել իրական խնդիրներն ու իրական կարիքները»,- մանրամասնեց Մարիամը։

Կարևոր է նաև նշել, որ այս ծրագրի շրջանակում սոցիալական աշխատողները համատեղ աշխատում են նաև համայնքի սոցաշխատողների հետ և գործնական աշխատանքի ընթացքում զուգահեռ իրականացնում են նաև համայնքային սոցաշխատողի արտակարգ իրավիճակներին արձագանքելու մասնագիտական կարողությունների բարձրացում։

Սոց աշխատող Մարիամը, դեղին թելը ձեռքին, վարժություն է անում սեղանի շուրջ նստած ծնողների հետ։ Ում ընկնի թելը, նա ներկայանում է և պատմում իր մասին։
UNICEF Armenia/2020/Sahakyan

Մարիամի հետ զուգահեռ, բայց արդեն երեխաների և դեռահասների հետ, Սիսիանի այս կացարանում աշխատում է նաև «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի» մյուս սոցաշխատողը՝ Կարոն։ Այսօր Սիսիանում երեխաների հետ հատուկ դասընթաց է վարում, որի հիմնական նպատակը այն է, որ երեխաները հասկանան, թե ինչ է արտակարգ իրավիճակը, որ պատերազմը դրանցից մեկն է, և թե ինչպես կարելի է այն վերապրել։

Երեխաների համար խմբային աշխատանք է կազմակերպվել, որի ընթացքում երեխաները պետք է փորձեն դուրս բերել հիմնական խնդիրները, որ այսօր ունեն, այնուհետև ամեն մի խնդրի համար լուծման ճանապարհ գտնեն։

Սոց աշխատող Կարոն աշխատում է սեղանի շուրջ հավաքված երեխաների հետ, որոնք ուշադիր լսում են նրան և իրենց կողմից ստեղծված պաստառին, որ դրված է սեղանի վրա, նշումներ անում։
UNICEF Armenia/2020/Sahakyan

«Ակնկալում ենք, որ այս դասընթացից հետո երեխաների մոտ հուզվածությունը և անհանգստությունը կնվազի։ Մեր նպատակն է, որ երեխաները լինեն ակտիվ, լինեն խնդիրներ լուծողներ, որ իրենց ձայնը լսելի դարձնեն։ Խնդիրը կրողներ լինելուն զուգահեռ՝ դառնան այդ խնդիրը լուծողներ»,-ասաց Կարոն։

Դասընթացի ընթացքում Կարոն նաև առցանց զրույց էր կազմակերպել այլ երեխաների հետ, որոնցից մեկը ստիպված լքել էր Սիրիան և այժմ ապրում է Հայաստանում, մյուս երկուսը Հայաստանի մարզերից երեխայի իրավունքների ջատագովներ են։ Էկրանի մյուս կողմից երեխաները ներկայացրեցին տեղահանման և նոր կյանք սկսելու իրենց պատմությունն ու երեխաների իրավունքները։ Վերջում Կարոն ամփոփեց․«Ես հավատացած եմ, որ երեխա-երեխա շփումն ավելի արդյունավետ է, քանի որ նրանք կարող են պատմել միմյանց փորձը և ոգեշնչել միմյանց։ Ընդհարապես կարևոր չէ, թե աշխարհի որ անկյունից է երեխան, որտեղ է բնակվում կամ որտեղից է եկել։ Երեխան իր իրավունքները անտեսանելի մի պայուսակով միշտ վերցնում է իր հետ, և դա պետք է յուրաքանչյուր երեխա իմանա, և դա պետք է յուրաքանչյուր մեծ ապահովի»։

Հանդիպման ավարտից հետո զրուցեցինք 17-ամյա Ռեբեկայի հետ, որ Լեռնային Ղարաբաղից է և մայրիկի, քույրերի ու եղբայրների հետ ժամանակավորապես հաստատվել է այս կացարանում։

Ռեբեկան workshop-ի ընթացքում միայնակ նստած սեղանի շուրջ ավարտին է հասցնում իր խմբի կողմից ստեղված պաստառը։ Վերջին նշումներն է ավելացնում։
UNICEF Armenia/2020/Sahakyan

«Արդեն ավելի քան երկու ամիս է՝ ես այս կացարանում եմ։ Առաջին անգամ է, որ նման workshop-ի եմ մասնակցում և անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպումներին։ Պետք է ասեմ, որ սովորեցի կենտրոնանալ ոչ այնքան խնդիրների վրա, որքան դրանց լուծման ճանապարհները գտնելու վրա։ Պատերազմի հետևանքները վերացնելու համար մեր խումբն առաջարկեց ծառեր տնկել վնասված բնությունը վերակենդանացնելու համար, դպրոցները վերանորոգել, կիսատ թողած կրթությունը շարունակելու համար»:

Ռեբեկա

Ռեբեկան մի պահ շունչ քաշեց ու ավելացրեց․ «Այսօր ես մի տեսակ ավելի քիչ եմ լարված, քանի որ սկսեցի մտածել ապագայիս մասին, և կարծես թե այն ամբողջովին կորած չէ։ Ես կվերադառնամ, կշարունակեմ կրթությունս և վիրաբույժ կդառնամ, ինչպես միշտ եմ երազել։ Բայց ես նաև պատրաստ եմ անձամբ մասնակցել իմ գյուղի վերականգնման աշխատանքներին, եթե անգամ պետք լինի, պատ շարել և պատ ներկել էլ կսովորեմ»։