Պարունակ[ում]. Տեղահանությունը հաղթահարելու 12 պատմություն

Հոգեբանական աջակցություն փախստական և հյուրընկալող համայնքի 131 երեխաներին և նրանց ընտանիքներին խմբային աշխատանքների և արվեստի միջոցով:

Tegh NGO
Խումբը հինգ ամիսների ընթացքում փորձարկել է նկարչության և կոլաժի տարբեր տեխնիկաներ:
Tegh Foundation
31 Դեկտեմբեր 2024

2023թ-ի սեպտեմբեր. ամիս, երբ 36.000 երեխա ստիպված լքեց իր հայրենի համայնքը և հաստատվեց Հայաստանում:

Կյանքի կտրուկ ու ցավոտ փոփոխություններին պատահելիս կա անհրաժեշտություն դրանք ներառել աշխարհի պատկերի մեջ, այլապես անհնար կլինի լիարժեք ապրել նոր իրականության հետ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկեր ՏԵՂ հիմնադրամի հետ համատեղ մեկնարկեց Պարունակ[ում] նախագիծը՝ օգնելու երեխաներին, նրանց ընտանիքներին և ողջ համայնքին հաղթահարել կորուստը, անորոշության զգացումը, հարմարվել նոր միջավայրին, փոփոխված պայմաններին:

Պարունակ բառը նշանակում է շրջան, ծիր, շրջածիր: Պարունակել նշանակում է ընդգրկել, ներառել, բովանդակել, ամփոփել, պահել-տանել: Տեղահանված և նրանց հյուրընկալող համայնքի երեխաներից կազմված խումբը կարծես դառնում է այն ծիրը, շրջածիրը, որի մեջ տեղավորվում են բոլոր մասնակիցները իրենց պատմություններով ու փորձառությամբ:

Հոգեբանների և տարբեր արվեստագետների հետ խումբ կազմելով՝ երեխաները հինգ ամիսներին աշխատել են տարբեր նախագծերի վրա: Խմբով ավելի հնարավոր է դառնում ցավալի փոփոխությունները պահել-տանելը: Իսկ նախագծի հիմքում դրված ստեղծագործական աշխատանքի ընթացքը նմանվում է կյանքի նոր ընթացքին մասնակից-համահեղինակ լինելուն:

Ներկայացնում ենք նախագծի ընթացքում երեխաների 12 խմբի ստեղծագործական աշխատանքները:

Յուրաքանչյուր աշխատանքի հիմքում երեխաների մտահոգություններն ու հույզերն են, դրանք հաղթահարելու ճանապարհն ու լուծումները: Պատմում ենք, թե ինչպես են երեխաները սովորել միասին դիմակայել դժվարություններին և թե ինչպես են նրանք վերագտնում ապագայի հանդեպ հույսը:  

Tegh Foundation

Աչաջուր. «Դբյա լյավը»

Խումբը սովորել ու փորձարկել է կավով աշխատանքն ու դրա միջոցով հույզերի, զգացմունքների արտահայտումը: Որպես ամփոփում՝ որոշեցին իրենց ձեռքերը ծեփել իրար միախառնված, կարծես ձեռք ձեռքի տված: Ամեն մեկն իր ձեռքի վրա գրել էր հրաժեշտի, ճանապարհելու, բաց թողնելու իր անհատական ձևակերպումները («ինչ լավ է, որ դու կայիր», «քեզ փոխարինող չի լինի», «ես փնտրում եմ քեզ փոխարինող», «կկարոտեմ քեզ», «դու կարևոր էիր ինձ համար», «ես քեզ չեմ մոռանա» և այլն): Այնուհետև, փշրելով իրենց տեքստերով կավե ձեռքերը, խառնեցին իրար, փշրանքներով գրեցին նոր տեքստ՝ «դբյա լյավը» (դեպի լավը) ու փչեցին փոշին, որ գնա: Այս աշխատանքը պերֆորմատիվ ակցիայի է նման: Երեխաները այս ձևով արտահայտել են կորուստի, այնուհետև կարծես լավի հույսով առաջ անցնելու իրենց փորձը:

Դիլիջան. «Էսօր ուրբաթ է»

Հինգ ամիսների ընթացքում երեխաները փորձարկումներ են արել խմբային երգեցողության ու տարբեր երգերի հետ: Որպես աշխատանքը ամփոփող երգ ընտրել են «Էսօր ուրբաթ է» երգը, քանի որ իրենց հանդիպումների օրը ուրբաթն էր: Երգի իրենց մեկնաբանությունը այն մասին է, որ չնայած միասին լավ պահեր են կիսել ու ուրախ է անցել աշխատանքը, խմբային բովանդակության մեջ եղել է մի մաս, որը բացակայի, կորուստի, չկայի մասին է: Ուրախ ու դրական մթնոլորտի հետ մեկտեղ փորձել են արտահայտել նաև տխուր ու բացասական ապրումները, կարծես ցույց տալով, որ կյանքի հետ զուգահեռ կա կորուստը: Երգով փորձել են համատեղել այս երկուսը:

   ‘Today is Friday’ group from Dilijan
Tegh Foundation
Click play for audio experience

Today is Friday
by Tegh Foundation

Դիլիջան. «Ծառ»

Խումբը հինգ ամիսների ընթացքում հոգեբանական աշխատանքին զուգահեռ փորձարկել է նկարելու տարբեր տեխնիկաներ ու նյութեր: Որպես ամփոփիչ աշխատանք ընտրել են ողջ ընթացքում արված սեփական նկարներով ու իրենց անհանգստացնող հարցը ամփոփող արտահայտություններով կոլաժ-ինստալյացիան: Արդյունքում ստացվել է ծառ, որը հենց իրենց խումբն, է և որի միջոցով երեխաները պատմում են խմբում համերաշխության մթնոլորտի մասին: Ծառից կախված գրությամբ կարծես կոչ են անում լինել համերաշխ միմյանց հետ: Այս աշխատանքի միջոցով երեխաները նաև արտահայտում են իրենց դժգոհությունը այլոց հետ հարաբերություններում հաճախ հանդիպող բացասականի և անհարգալից վերաբերմունքի մասին: 

Zorakan-based ‘We need to love each other till we’re alive’ group
Tegh Foundation
Click play for audio experience

‘We need to love each other till we’re alive’
by Tegh Foundation

Զորական. «Ուրուր սիրինք, քանի ջնրնիս սաղ ա»

Այս խումբը աշխատանքի ընթացում փորձարկել է երգի տարբեր տեխնիկաներ ու վարժություններ, սովորել են տարբեր երգեր ու որպես ամփոփիչ երգ ընտրել են հայրենի համայնքին նվիրված երգը: 

Երգելու իրենց ձևի մեջ ցույց են տալիս նախնական դժվարությունը իրար հետ համատեղ երգելու, իրար լսելու ու վստահելու: Ատամները սեղմած, ճռճռոցով փոխանցում են փակ լինելը ու բացվելու դժվարությունը: 

Հետո երգի ընթացքում ինչ-որ բան է կատարվում, երեխաների ասելով՝ պատ է քանդվում, ու սկսում են բացվել: Կարծես դժվարությանը դիմանալով ինչ-որ պահից գալիս է թեթևություն: Երգում ասվում է. «արի սիրենք իրար, քանի ապրում ենք»:

Զորական. «Ընդարձակում»

Խումբը հինգ ամիսների ընթացքում փորձարկել է նկարչության և կոլաժի տարբեր տեխնիկաներ: Ամփոփիչ աշխատանքը խմբային նկար է, որը ներկապնակից ու ձեռքի մեջ գնդից (ի նշան հոգեբանական աշխատաքի առանցքային մի վարժության) բաղկացած աթոռ է, որից բացվում-բխում է գույնզգույն, ծաղկող պատկեր:

 Տպավորություն է որ աթոռին նստես մի կախարդական բան տեղի կունենա: Նկարը իր շերտերով կարծես մի շատ հստակ ու ստանդարտ պատկերից անցումն է գունեղ, բազմազան, տարատեսակ դետալներով պատկերի: 

 ‘Expansion’ group from Zorakan
Tegh Foundation
 ‘Expansion’ group from Zorakan
Tegh Foundation
 ‘Expansion’ group from Zorakan
Tegh Foundation
 ‘Expansion’ group from Zorakan
Tegh Foundation

Այս աշխատանքով երեխաները ցույց են տալիս ազատության, թռիչքի իրենց մղումն ու երևակայությունը որպես հարցերը լուծելու մի կարևոր ձև:

MHPSS_ Tegh Foundation _ Healing Together _2024

Արտաշատ. «Իմ խաղը՝ իմ կանոնները»

Խումբը հինգ ամիսների ընթացքում աշխատել է գորգի վրա տարբեր տեխնիկաներով՝ կարով, ապլիկացիաներով, թելերով, ներկերով: Գորգին փոխանցել են իրենց ապրումները, մտքերը, երազանքները, մտահոգությունները, միասին և մենակ լինելը, արտաքին աշխարհին իրենց արձագանքները: 

Գորգը նմանվում է ներքին անձնական տարածքի, որը կիսում են իրար հետ: Վերջին հանդիպումներին երեխաները հորինում էին տարբեր կանոններով խաղեր ու խաղում միասին այդ կանոններով: Գորգը նմանվում էր քարտեզի, ճանապարհի կամ տարածքի, որտեղ իրենք կարող էին խաղալ իրենց կանոններով: 

Այս աշխատանքով երեխաները կարծես գտնում են մի տարածք ու ազատություն սեփական կանոնները ստեղծելու ու սեփական խաղը խաղալու, միաժամանակ ճանաչում ու փորձառում են արտաքին ու ներքին աշխարհների տարբերութունները ու սահմանը դրանց միջև:

Ազատամուտ. «Փրկեք մեր հոգիները/օգնություն»

Երեխաները հոգեբանական աշխատանքին զուգահեռ սովորել են կավի հետ աշխատել: Իրենց ամփոփիչ աշխատանքը որոշել էին արև լինի , որի ճառագայթները իրենցից յուրաքանչյուրն է՝ իր յուրահատկությամբ ու առաջին հայացքից անհամատեղելիությամբ մյուսների հետ: Ամեն ճառագայթի մոտ գրել են իրենց կամ խումբը նկարագրող արտահայտություններ տեղի բարբառով («ծըվըմ ա», «շաշ-մաշ» «րևըմ չի» «խելառ» «մինակ» «հանգիստ» «մի ձևի» ): 

Azatamut group, entitled ‘Save our souls/help’
Tegh Foundation
Azatamut group, entitled ‘Save our souls/help’
Tegh Foundation
Azatamut group, entitled ‘Save our souls/help’
Tegh Foundation
Azatamut group, entitled ‘Save our souls/help’
Tegh Foundation

Այս աշխատանքով երեխաները կարծես ցույց են տալիս, որ չնայած անհատական տարբերություններին, կարելի է միանալ ու դառնալ մեկ ամբողջություն ու լինել մի յուրօրինակ արև:

 ‘The cat and the dragon’ group from Martuni
Tegh Foundation

Մարտունի. «Կատուն ու վիշապը»

Խմբի անդամները աշխատանքի ընթացքում դերասանական և թատերական արվեստի միջոցով զարգացրել են իրենց ընտրած կենդանիների կերպարներ: Այդ կենդանիների խնդիրներն են ձևակերպել, և ամփոփիչ աշխատանքը իմպրովիզացիա-պերֆորմանս էր, որի ընթացքում նույն տարածքում էին հայտնվել երկու անհամատեղելի կերպարներ անհամատեղելի մղումներով: Պերֆորմանսի ընթացքում այս կենդանիները փորձեցին գտնել հարաբերվելու ընդհանուր եզրեր, և արդյունքում միմյանց օգնելով, նրանք  խնդրին կարողացան լուծում տալ: Վիշապը,  որը շատ մեծ էր, ու տպավորություն էր՝ հայտնվել էր կատվին ավելի համապատասխան տարածքում, օգտակար լինելով կատվին՝ կարծես ազատություն ստացավ ու կարողացավ թեթևացած թողնել տարածքը:

Մարտունի. «Լիճը, վարդագույն ծիտիկն ու չեղավ»

Մարտունու այս խումբը աշխատանքի կեսից հրաժարվեց շարունակել մասնակցությունը: Տարբեր կողմերից հարցի վերլուծությունը և իրավիճակի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ի թիվս այլ գործոնների, առանցքային է եղել հոգեբանական աշխատանքի խարանը համայնքում և՛ դեռահասների, և՛ մեծահասակների շրջանում: Որպես ամփոփիչ աշխատանք` մասնագիտական թիմի պատասխանատուն ու խմբի հոգեբանը կիսվում են այս բանաստեղծությամբ: Բանաստեղծության տեքստի մեջ խոսվում է կասկածի, տատանման, ափսոսանքի, ցավի ու համակերպման մասին:

Մարտունու երկրորդ խումբն է:
Tegh Foundation

Ներքնայնացված վախ իմ մեջ:

Ի՞նչ անեմ, ո՞նց եղավ:

Անվերջ ձգվող մարմին:

Ո՞նց եղավ, ո՞նց եղավ:

Խարանը խարսխված է հիմա:

Անեմ, մի բան անեմ:

Ուժեղ եմ ափսոսում, ավաղ:

Անե՞մ, թե՞ թողնեմ: Անեմ:

Վարդագույն ծիտիկը թռավ ու գնաց:

Անեմ, հետո բաց թողնեմ:

Տարա լիճը ու ծարավ հետ բերեցի:

Թույլ եմ, ուժեղ եմ, անում եմ, թողնում եմ: 

Մասիս. «Կապ»

Այս խումբը աշխատել է երկու գորգերի և մեկ պարանի վրա: Առաջինը քաոտիկ, հակասական գորգ է, վրան հետքեր ու ուրվագծային պատկերներ: Երկրորդը հարմոնիկ, հանգիստ պատկերներով ու անցումներով գորգ է: Այս երկու գորգերը նման են երկու տարբեր իրականությունների, որոնց միջև կապը կարծես խզված է, ու կա հյուսված պարանը, որը նշանն է այս երկու իրականությունները իրար կապելու ցանկության: 

 Masis group ‘Connection’
Tegh Foundation
 Masis group ‘Connection’
Tegh Foundation
 Masis group ‘Connection’
Tegh Foundation
 Masis group ‘Connection’
Tegh Foundation

Ամփոփիչ հանդիպմանը խումբը փորձեց կապել պարանով երկու գորգերը, սակայն կապելը չստացվեց: Այնուհետև որոշեցին պարանով խաղալ երկու գորգերի արանքում, կարծես մի կողմից ընդունելով խզումը, մյուս կողմից՝ կապի ցանկությունը: Ստացվեց, որ կա դատարկ տարածք երկու իրականությունների միջև և այդ տարածքը դարձավ խաղի տարածք:

Agarak ‘One person, two lives’
Tegh Foundation

Ագարակ. «Մեկ մարդ, երկու կյանք»

Խումբը փորձարկել է լուսանկարչական արվեստը, լուսանկարչության միջոցով տարբեր գաղափարներ արտահայտելը: Արպես ամփոփիչ աշխատանք որոշել են ընտրել կոլաժը իրենց արված և տարբեր տեղերից վերցված լուսանկարներից: Կոլաժի միջոցով երեխաները ցույց են տալիս այն հակասականությունը, որին հանդիպում են իրենց առօրյա կյանքում, իրենց ներսում և հասարակության մեջ: Կարծես կոլաժի միջոցով խումբը կիսվում է սեփական հակասական կողմերը ճանաչելու ու բարձրաձայնելու իր փորձով:

Ագարակ. «Շրջապտույտ»

Խումբը հինգ ամիսների ընթացքում, հոգեբանական աշխատանքին զուգահեռ փորձարկել է դերասանական և թատերական արվեստի տեխնիկաներ: Որպես ամփոփիչ աշխատանք ընտրեցին մասնակի իմպրովիզացիոն պերֆորմանսը: Պերֆորմանսը մի հանցագործության կամ սարսափելի դիպվածի, դրա մեղավորներին փնտրելու-թաքցնելու մասին էր: Խումբը այս աշխատանքով կարծես քննարկում է ագրեսիայի ու անհանդուրժողականության հարցը՝ սկսած անհատներից մինչև համակարգեր: Պերֆորմանսի ընթացքում պտտվում է ուրիշ ու տարբեր լինելու համար մերժվելու, ապա ինքն իրեն մերժելու, ապա ուրիշին մերժելու շղթան, որը հանգեցնում է փակուղու կամ անընդհատ ինքն իրեն շարունակող ու վերարտադրող սցենարի:

MHPSS_ Tegh Foundation _ Healing Together _2024