Ինչպե՞ս օգնել երեխային ճանաչել ու արտահայտել հույզերը

Ուղիղ եթերում զրուցել ենք հոգեբան Նարինե Ադամյանի հետ և զրույցից առանձնացրել ենք կարևոր կետերը:

Գոռ Պետրոսյան
Դեռահաս աղջիկները և տղաները միասին երգում են բակում։
UNICEF Armenia/2020/Anush Babajanyan
18 Նոյեմբեր 2026

«Մի՛ վախեցիր», «Ամոթ է»,«Տղաները չեն լացում», «Աղջկան սազական չէ այդպես ծիծաղելը». երբեմն այս արտահայտություններով մենք ոչ միայն կասեցնում ենք երեխաների հույզերը, այլև սովորեցնում նրանց ամաչել սեփական զգացմունքներից։

Ի՞նչ է կորցնում երեխան, երբ չի կարողանում ազատ արտահայտել իր ուրախությունը, վախը, տխրությունը, բարկությունը․․․ Եվ ինչպե՞ս օգնել նրան ճանաչել ու արտահայտել հույզերը՝ առանց ամենաթողության։ Այս մասին զրուցել ենք հոգեբան Նարինե Ադամյանի հետ։

Հարց 1: Ինչո՞ւ է երեխայի համար կարևոր ճանաչել հույզերը, կոչել դրանք իրենց անուններով ու ապրել դրանք։

Ն․ ԱԴԱՄՅԱՆ – Հույզերը մեզ համար ազդանշաններ են, որոնք տեղեկություն են տալիս մեր կարիքների, պահանջմունքների և շրջապատող աշխարհի մասին։ Օրինակ՝ զզվանքը կարող է հուշել, որ որևէ սնունդ վնասակար է մեզ համար, իսկ բարկությունը՝ որ ինչ-որ մեկը խախտում է մեր անձնական սահմանները։ Այսինքն՝ հույզերը պատահական չեն առաջանում․ դրանցից յուրաքանչյուրն իր մեջ որոշակի տեղեկություն է պարունակում։

Հույզերը ճանաչելն ու անվանելը հուզական ինտելեկտի հիմնարար բաղադրիչներից է։ Երբ մենք որևէ հույզ անվանում ենք, այն մեզ համար դառնում է ավելի որոշակի ու հասկանալի։ Իսկ եթե չենք կարողանում հասկանալ՝ ինչ ենք զգում, դժվարանում ենք նաև կառավարել մեր ապրումները։

Հետևաբար, երեխային հույզերը ճանաչել և անվանել սովորեցնելը կարևոր քայլ է դեպի ինքնաճանաչում և ինքնակարգավորում։ 

Հարց 2: Ինչպե՞ս են «հո վախկոտ չե՞ս», «բարձր մի՛ ծիծաղիր», «տղաները չեն լացում» և նմանատիպ արտահայտություններն ու կարծրատիպերն ազդում երեխայի հուզական զարգացման վրա։ Կարո՞ղ են դրանք ստիպել երեխային ամաչել իր զգացմունքներից կամ վախենալ դրանք արտահայտելուց։

Ն․ ԱԴԱՄՅԱՆ – Մենք կարևորում ենք երեխայի ճանաչողական զարգացումը, սովորեցնում ենք ճանաչել շրջապատող աշխարհը, բայց հաճախ մոռանում ենք, որ նույնքան կարևոր է նաև հուզական գրագիտությունը՝ սեփական զգացողություններն ու հույզերը ճանաչելու կարողությունը։

Խնդիրը ոչ միայն հույզերը չանվանելն է, այլև դրանց արձագանքելու ձևը։ Հաճախ ծնողը պարզապես ուզում է հնարավորինս արագ ազատել երեխային տհաճ ապրումներից։ Երբ ասում է՝ «Ի՞նչ կա վախենալու», «Դրա եղածն ի՞նչ է» կամ «Ընկերդ քեզ հետ չի՞ խոսում, ուրիշի հետ ընկերություն կանես»,- գուցե փորձում է պաշտպանել ու հանգստացնել երեխային։ Բայց արդյունքը կարող է հակառակը լինել․ մենք արժեզրկում ենք նրա ապրումները։ Երեխան կարող է մտածել՝ ուրեմն ես սխա՞լ եմ զգում, չպետք է վախենայի, բայց վախենում եմ, չպետք է տխրեի, բայց տխրում եմ։ Եվ հարց է առաջանում՝ հաջորդ անգամ նա կպատմի՞ իր անհանգստության մասին, եթե նախորդ անգամ իրեն լսելու փոխարեն փորձել են համոզել, որ անհանգստանալու պատճառ չունի։

Բացի այդ, մենք հաճախ երեխայի հույզերը գնահատում ենք ընտանիքում կամ հասարակության մեջ ընդունված կարծրատիպերով։ Թե ինչպիսին պետք է լինի տղան, ինչպիսին՝ աղջիկը, ինչն է նրանց թույլատրելի, ինչը՝ ոչ։ Եվ երբ հույզի դրսևորումը կապում ենք երեխայի սեռի հետ, արդեն ոչ միայն գնահատում, այլև պիտակավորում ենք նրան։

Այս ամենը հաճախ անում ենք լավագույն մտադրություններով, բայց կարող ենք ստանալ հակառակ արդյունքը։ Երեխան կարող է աստիճանաբար փակվել, իսկ ծնողի և երեխայի միջև վստահության այն տարածքը, որտեղ երեխան կարող էր ազատ արտահայտել իր ապրումները, կարող է փոքրանալ։ Արդյունքում կորցնում ենք հենց այն անկեղծ հաղորդակցությունը, որն ուզում էինք ունենալ մեր երեխայի հետ։

Հարց 3: Իսկ ինչպե՞ս կարող է մանկուց սեփական զգացմունքները զսպելու սովորությունն ազդել երեխայի հետագա զարգացման և անձի ձևավորման վրա։

Ն․ ԱԴԱՄՅԱՆ – Առաջինը մտքիս եկավ ազատությունը։ Ազատությունը՝ լինելու այնպիսին, ինչպիսին կաս։ Կարծում եմ՝ առաջին հերթին կորցնում ենք մեր ինքնության մի մասը, ինքնարտահայտվելու ազատությունը և, որ ամենավտանգավորն է, կապը սեփական անձի հետ։

Մենք հաճախ մեծ ուշադրություն ենք դարձնում երեխայի մտավոր զարգացմանը, գիտելիքներին ու հմտություններին՝ մոռանալով նրա հուզական աշխարհի մասին։ Արդյունքում կարող ենք ունենալ բարձր ինտելեկտով, բայց ոչ համաչափ զարգացած մարդ, որը դժվարանում է ճանաչել ինքն իրեն, հասկանալ սեփական զգացմունքներն ու ցանկությունները։

Ես բազմաթիվ օրինակներ գիտեմ։ Ահա մեկը՝ մարդը տարիներ շարունակ զարգացրել է իր նկարչական հմտությունները, հասել է մեծ հաջողությունների, բայց մի օր, արդեն կարմիր դիպլոմը ձեռքին, հասկացել է, որ երբեք էլ չի ցանկացել նկարել։ Նա ունի գիտելիք, տեխնիկա, կարողություններ, բայց չունի ցանկություն։ Որովհետև ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է եղել ընդունակությունները զարգացնելու վրա, իսկ թե որքանով են դրանք համապատասխանում իր իրական ցանկություններին, կարծես մոռացել են հարցնել։

Նույնը կարող է տեղի ունենալ հուզական աշխարհում։ Մարդը կարող է ունենալ փայլուն գիտելիքներ, բայց դժվարանալ շփվել մարդկանց հետ, ապրումակցել, կառուցել հարաբերություններ, հասկանալ սեփական արձագանքները։

Երբ տարիներ շարունակ ճնշում ենք մեր հույզերը, կարող ենք աստիճանաբար կորցնել կապը սեփական անձի հետ։ Եվ հետո ստիպված ենք լինում նորից գտնել ու վերականգնել այդ կապը, իսկ հասուն տարիքում դա անելը բարդ է, ցավոտ է, ժամանակատար է։

Հարց 4: Ինչպե՞ս կարող ենք երեխային թույլ տալ ազատորեն արտահայտել իր բոլոր հույզերը և միաժամանակ սովորեցնել դա անել՝ հարգելով ուրիշներին ու պահպանելով անհրաժեշտ սահմանները։

Ն․ ԱԴԱՄՅԱՆ – Ես հաճախ ծնողներին հարցնում եմ՝ ձեր ընտանիքում կա՞ հույզերով կիսվելու մշակույթ։ Օրինակ՝ երեկոյան, երբ բոլորդ հավաքվում եք սեղանի շուրջ, խոսո՞ւմ եք ոչ միայն օրվա իրադարձություններից, այլև այն մասին, թե ինչ եք զգացել, ինչն է ձեզ ուրախացրել կամ տխրեցրել։

Շատ կարևոր է, որ երեխան տեսնի՝ մայրիկն էլ կարող է խոսել իր ապրումներից, հայրիկն էլ։ Ծնողներն առաջին օրինակն են, որոնցից երեխան սովորում է, որ հույզերի մասին խոսելը բնական է, որ ընտանիքում կարելի է անկեղծ լինել, լսել ու հասկանալ միմյանց։

 

Դիտե՛ք ամբողջական զրույցը ստորև:

Embedded video follows
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան