Հայաստանում ապաստանած երեխաները շարունակական հոգեբանական աջակցության կարիք ունեն
Երեխաների հոգեկան առողջության վրա սթրեսի և տրավմայի ազդեցությանը անդրադառնում է Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցացիայի համահիմնադիր, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկեր Իրինա Խանամիրյանը:
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
«12 տ տղան պապիկի և մայրիկի հետ եկել էր Կապան. այստեղ բարեկամ ունեն, ում տանը կարող են տեղավորվել: Երբ մայրը գրանցում էր փաստաթղթերը, զրուցեցինք երեխայի հետ: Նա պատմեց ընկերների մասին, հուզված ասած, որ դեռ չգիտի,թե նրանք ուր են, մի պահ շատ տխրեց. նկատեցինք, որ տեսավ հեծանիվ քշող տղային ու ասաց. «իմս Արցախում մնաց»: Հարցրի,թե ինչ կարևոր բան է հասցրել վերցնել իր հետ. մի քիչ լուռ մնալուց հետո ասաց, որ ամենակարևոր բանը,որ կուզեր բերել իր հետ, իր հոր գերեզմանն է: Պարզեցինք, որ հայրը օրեր առաջ էր զոհվել, սեպտեմբերի 19-ին»:
Այս դրվագը գործընկերս պատմեց վերջերս: Ինչպես բոլորը, մենք ևս աշխատում ենք աջակցելու երեխաներին, որոնք այդքան մեծ կորուստ են ունեցել վերջին շրջանում:
Տեղահանման ճանապարհը գուցե մեկն էր և նույնը բոլորի համար, բայց ամեն մի ընտանիք, ամեն մի երեխա յուրովի է անցնելու տեղահանումը հոգեբանորեն հաղթահարելու ճանապարհը:
Տեղահանման առաջին իսկ օրերից ասոցիացիայի անդամները ներգրավվել են տարբեր մարզերում իրականացվող աշխատանքների մեջ, հաջորդիվ՝ նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։ Առաջնային ու ամենակարևոր աշխատանքներից է կարիքների գնահատումը և առաջնային հոգեբանական օգնության ցուցաբերումը։ Հոգեբանական տեսակետից, առաջնային հոգեբանական աջակցությունը կարող է նպաստել երեխաների վերականգնմանը և դիմակայման ակտիվացմանը, սակայն անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել տեղահանված դեռահասներին և երեխաներին, քանի որ, այսօրվա ապրվող խնդիրները դեռ իրենց դրսևորումները կարող են ունենալ մի քանի ամիս հետո՝ որպես տագնապային խանգարումներ, դեպրեսիվ հակազդումներ, վարքային և հուզական խանգարումներ։
Եթե ոչինչ չանենք, հոգեկան առողջության խնդիրները կարող են ազդել երեխաների սովորելու և հարաբերություններ կառուցելու կարողության վրա՝ բացասական հետևանքներ ունենալով մանկության շրջանի և նրանց ապագայի վրա:
Երեխաների և դեռահասների մոտ տարհանման դրսևորումները համապատասխան են իրենց տարիքային առանձնահատկություններին. ամենահաճախ հանդիպողներից են մերժումը, գերզգոնությունը և վերապրումները։
Մերժման օրինակներից է հրաժարումը շփումից, որ հատկապես արտահայտվում է դեռահասների և պատանիների մոտ, որոնք չեն ուզում որևէ հարաբերություն ստեղծել կամ շփվել անծանոթ մարդկանց հետ։ Նրանք դրսևորում են անտարբերություն։ Կարող են նաև մոտ առկա է կյանքի և ապագայի հանդեպ նպատակների և իմաստի կորուստ։
Կրտսեր դպրոցականների շրջանում մերժումը հիմնականում արտահայտվում է դպրոց գնալու հրաժարումով, ծնողներից կտրվելու վախով։ Դա է՛լ առավել նկատելի է նախադպրոցական տարիքի երեխաների մոտ, ովքեր նույնիսկ խորհրդատվության ընթացքում չէին համաձայնվում ծնողից կտրվել։
Երեխաները և դեռահասները ունենում են որոշակի վերապրումներ՝ մղձավանջների, տհաճ ու վախեցնող հիշողությունների տեսքով, որոշակի գործոնների ազդեցության ներքո վերապրվող վախերով (օրինակ, ամպրոպից կամ այլ բարձր ձայներից ուժեղ վախով): Երեխաներն ավելի շատ խոսել են տարհանման ճանապարհի վախերից, անցակետն անցնելու վախերից: Կան երեխաներ ու դեռահասներ, որոնք ականատես են եղել պայթյունին, տեսել են վառվող մարմիններ, մարդկանց, լսել են ճչոցներ.
Երեխաների մոտ հաճախ նկատվող մյուս դրսևորումն էլ գերգրգռված վիճակն է, որը սովորաբար արտահայտվում է գերզգայունությամբ՝ դրևորվելով լացով, նվնվոցով, ագրեսիայի ու բարկության պոռթկումներով, անհանգիստ վարքով, փոքր գրգռիչների հանդեպ ուժեղ հակազդումներով։
Նման հակազդումները բնորոշ են երեխաներին և դեռահասներին, հատկապես ուժեղ ճգնաժամային իրավիճակներից հետո մինչև 3 ամիս: Սակայն, երբ ճգնաժամը քրոնիկ բնույթ է կրում, երբ երեխայի առաջնային հիմնական պահանջմունքները բավարարված չեն լինում երկար ժամանակ, երեխաները կորցնում են անապահովության զգացումը, ինչը հիմք կարող է հանդիսանալ հետագա հուզական և վարքային խանգարումների համար։
Մասնագիտական աջակցությունը գրեթե բոլոր երեխաների համար չափազանց կարևոր է, այնուամենայնիվ հատուկ ուշադրության կարիք ունեն հատկապես կորուստ ապրած երեխաները, քանի որ նրանքկարող են ավելի խորը հույզեր ունենալ:
Հատուկ կրթական կարիքներով երեխաները, սթրեսի և հոգեկան առողջության խնդիրների առաջացման ավելի մեծ վտանգի տակ են, ուստի նրանք ավելի թիրախային մասնագիտական աջակցության կարիք ունեն:
Որքան երկար են տևել այս երեխաների զրկանքները, որքան երկար են նրանք բաց թողել դասերը, ժամանակ անցկացրել նկուղներում, այնքան համբերատար պիտի լինենք նրանց հետ աշխատանքում և քայլ առ քայլ գնանք դեպի վերականգնում և հաղթահարում: Անգամ ամենահզոր աշխատանքով չես կարող այս խնդիրները լուծել մեկ օրում, մեկ շաբաթում, մեկ ամսում: Հարկավոր է իրականացնել շարունակական աշխատանք:
Նախ և առաջ, պետք է իրականացնել հոգեբանական կարիքների գնահատում, որի շնորհիվ հասկանալի կդառնա երեխայի առկա վիճակի և դժվարությունների մակարդակը։ Մյուս կարևոր կետը՝ շարունակական հոգեբանական աշխատանքն է այն երեխաների ու դեռահասների հետ, ովքեր ունեն վարքային և հուզական դժվարություններ և որոշակի տրավմատիկ փորձ:: Պետք է դիտարկել թե՛ անհատական, թե՛ խմբային աշխատանքները, որոնք կօգնեն թոթափելու առաջնային դժվարությունները։
Մյուս կարևոր աջակցության օղակն են ծնողներն ու կրթության ոլորտի մասնագետները։ Անպայման անհրաժեշտ է հոգեկրթություն թե ծնողավարման առանձնահատկությունների վերաբերյալ, թե տրավմատիզացված և խոցված երեխաների հետ կրթական գործընթացի ճիշտ կազմակերպման, ինչպես նաև հոգեսոցիալական հարմարմանն ուղղված գործողությունների վերաբերյալ։
Երեխաների վերականգնման համար չափազանց կարևոր է մտերիմ մեծահասակի կայուն ու ապահով վերաբերմունքը, ինչպես նաև միջավայրի կայունությունը։ Այս պարագայում հնարավոր է հասնել ցանկալի ու տեսանելի արդյունքների։ Ուստի, աջակցություն պետք է տրամադրվի նաև ծնողներին և խնամակալներին՝ օգնելու նրանց զարգացնել սթրեսի հաղթահարման հմտություններ՝ կառավարելու իրենց սեփական անհանգստությունը՝ կապված հակամարտությունների և տեղահանության հետ, և օգնելու նրանց գրագետ արձագանքել երեխաների կարիքներին և նպաստել երեխաների հոգեկան առողջացմանը:
Իմիջիայլոց, այս սկզբնական փուլում չափազանց կարևոր է հոգալ երեխաների և դեռահասների առաջնային կարիքները՝ սնունդ, քուն, կրթություն, ապահով միջավայր, հարազատների և մտերիմների ներկայություն։
Մենք գործ ունենք երեխաների հետ, ովքեր չափազանց հաճախ են կորուստներ կրել, երեխաներ, ովքեր ստիպված են եղել արդեն որևորդ անգամ լքել իրենց գյուղերը, տները, իրենց ընկերներին, երեխաներ, ում մանկությունը անցել է նկուղներում՝ ռմբակոծությունների ձայների ներքո, հացի հերթերում՝ դաս պատասխանելու հերթերի փոխարեն: Պարտավոր ենք օգնել այս երեխաներին հաղթահարել կորուստը, հարմարվել նոր միջավայրում, գնալ դպրոց ու նորից սովորել, պարտավոր ենք այս երեխաներին վերդարձնել իրենց մանկությունը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքի մասին
Ավելի քան 100,000 էթնիկ հայեր, այդ թվում՝ 30,000 երեխա լքել են իրենց տները՝ ապաստան փնտրելով Հայաստանում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն արձագանքում է նրանց հրատապ կարիքներին՝ սերտորեն համագործակցելով Հայաստանի կառավարության և գործընկերների հետ:
Տեղահանման առաջին իսկ օրերից ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սոցիալական աշխատողների հայկական ասոցացիայի և հոգեբան գործընկերների հետ աշխատել է՝ վերապատրաստելով Գորիսի առաջնագծի մասնագետներին, աջակցելով դեպքերի վարմանը և առաջին հոգեբանական օգնության ցուցաբերմանը:
Ավելի երկարաժամկետ և մնայուն արդյուքների գրանցման համար, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպատակ ունի ավելի համակարգային ու ամբողջական լուծում տալ առկա խնդրին՝ հաշվի առնելով արդեն 2020թ-ին իրականացրած աշխատանքները, արդեն իսկ ստեղծված համակարգերը և քաղած դասերը:
Գործընկերների հետ համատեղ նախատեսվում է առաջարկել հոգեբանական աջակցություն երեխաներին, դեռահասներին, խնամողներին, ընտանիքներին և ավելի լայն՝ համայնքներին: Մասնավորապես, նախատեսվում է շարունակել առաջնագծի աշխատողների վերապատրաստումները և դրանք իրականացնել նաև մյուս համայնքերում: Ի լրումն, կվերագործարկվեն և կհոզարացվեն այն թեժ գծերը, որոնք ստեղծվել էին դեռ 2020թ-ին և կոչված էին աջակցելու և ուղորդելու արտակարգ իրավիճակներում արձագանքող առաջնագծի աշխատողներին:
Նախատեսվում է վերսկսել ծնողների համար ստեղծված դասընթացները, որոնք կօգնեն ծնողներին համապատասխան արձագանքել ոչ միայն երեխաների, այլև իրենց իսկ կարիքներին:
Համայնքներում ստեղծված ապահով անկյուններում հնարավոր կլինի տրամադրել երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն. ինչպես խմբային այնպես էլ անհատակած ծառայությունները նրանց համար հասանելի կլինեն: