Ինչ պետք է իմանանք Դելտա տարբերակի մասին

Ինչպես կարող եք ինքներդ ձեզ և ձեր ընտանիքին հեռու պահել ՔՈՎԻԴ-19-ի Դելտա տարբերակից

ՅՈՒՆԻՍԵՖ
Pediatrician Tigranuhi Hovhannisyan poses for a picture at Wigmore Hospital in Yerevan
UNICEF Armenia/2020/Bulghadaryan
20 Սեպտեմբեր 2021

Ողջ աշխարհում մարդիկ մտահոգված են ՔՈՎԻԴ-19-ի սուր վարակիչ Դելտա տարբերակի պատճառով: Մենք ժողովել ենք ամենաթարմ փորձագիտական տեղեկատվությունը՝ պատասխանելու համար այս նոր տարբերակի վերաբերյալ ամենատարածված հարցերին, և կշարունակենք թարմացնել այս հոդվածը՝ հավելյալ տեղեկատվության հասանելի դառնալուն պես:

Ատորև ներկայացնում ենք հիմնական հարցերը, իսկ Կորոնավիրուս կամ ՔՈՎԻԴ-19 էջում կգտնեք վստահելի և պարբերաբար թարմացվող տեղեկատվություն ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ։

Ինչ է իրենից ներկայացնում Դելտա տարբերակը

Բարձր փոխանցելիության պատճառով ՔՈՎԻԴ-19-ի Դելտա տարբերակը ԱՀԿ-ի կողմից համարվել է մտահոգիչ տարբերակ: Այն, հայտնվելուն պես, արագորեն է տարածվում մարդկանց շրջանում։ Օգոստոսի 10-ի դրությամբ Դելտա տարբերակի մասին հայտնել է 142 երկիր, և սպասվում է, որ այն կշարունակի տարածվել:

Ինչպե՞ս առաջացավ Դելտա տարբերակը

Երբ վիրուսը լայնորեն տարածվում է և առաջացնում բազմաթիվ վարակներ, մեծանում է վիրուսի մուտացիայի հավանականությունը: Որքան ավելի շատ է տարածվում վարակը, այնքան ավելի շատ է այն ենթարկվում փոփոխությունների:

Փորձագետները շարունակում են ուսումնասիրել կորոնավիրուսի նոր տարբերակները պարզելու համար, արդյոք դրանք ավելի հեշտ են տարածվում, ավելի ծանր են ընթանում, ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ հանրային առողջապահական միջոցառումների վրա, արդյոք պատվաստանյութերը նույնչափ արդյունավետ են այդ տարբերակներից պաշտպանվելու համար։

ՔՈՎԻԴ-19-ի տարածումը նվազեցնելու լավագույն միջոցը պատվաստվելը և վիրուսից պաշտպանվելու կանոններին (ֆիզիկական հեռավորություն պահպանել, դիմակներ դնել, ձեռքերը լվանալ) հետևելն է։

Դելտա տարբերակն ավելի վարակի՞չ է արդյոք

Այո՛: Դելտա տարբերակը չափազանց վարակիչ է, գրեթե կրկնակի ավելի, քան նախորդ տարբերակները: Այդուհանդերձ, նախազգուշական միևնույն միջոցները, ինչպիսիք են մարդաշատ վայրերից խուսափելը, ֆիզիկական հեռավորություն պահպանելը և դիմակներ դնելը, շարունակում են արդյունավետ պայքարել անգամ Դելտա տարբերակի դեմ:

ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերը արդյունավե՞տ են Դելտա տարբերակի դեպքում

Այո՛: ԱՀԿ-ի կողմից հավանության արժանացած ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերը շարունակում են մեծապես արդյունավետ լինել ծանր հիվանդությունն ու մահը կանխարգելելու գործում, այդ թվում՝ Դելտա տարբերակի դեպքում: Երբ պատվաստման ձեր հերթը հասնի, անպայման պատվաստվեք: Եթե ձեր պատվաստումը ենթադրում է երկու չափաբաժին, ապա կարևոր է ստանալ երկուսն էլ՝ առավելագույն պաշտպանություն ձևավորելու համար:

Պատվաստանյութերը օգնում են իմունային համարժեք պատասխան ձևավորել՝ նվազեցնելով հիվանդության և դրա ծանր հետևանքների զարգացման ռիսկը։ Աակայն, որևէ պատվաստանյութ 100 տոկոսանոց արդյունավետությամբ օժտված չէ: Պատվաստված մարդկանց մի փոքր մասը կարող է վարակվել ՔՈՎԻԴ-19-ով, բայց բարեբախտաբար, նման դեպքերում վարակվածներն ավելի թեթև են հաղթահարում վարակը: Այդ է պատճառը, որ եթե ապրում եք ՔՈՎԻԴ-19-ի բարձր վարակվածության տարածքում, ապա խորհուրդ է տրվում լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Եթե դուք լիարժեք պատվաստվել եք, սակայն ձեզ մոտ առկա են ՔՈՎԻԴ-19-ի նախանշաններ, ապա պետք է դիմեք ձեր բժշկին և ճշտեք՝ պե՞տք է արդյոք թեստ հանձնել:

Ընթերցեք ավելին ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի մասին և պարզեք, թե ինչ է պետք իմանալ պատվաստումից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո:

Արդյոք երեխաների մոտ ավելի բա՞րձր է Դելտա տարբերակով վարակվելու հավանականությունը

Դելտա տարբերակով վարակման թվի աճ նկատվում է բոլոր տարիքային խմբերի մոտ: Այդուհանդերձ, Դելտա տարբերակը առավել վարակիչ է, քան մյուս տեսակները, և սոցիալական շփումներ ունեցող և չպատվաստված մարդիկ ավելի են վտանգված։

Ահա, թե ինչպես կարող եք խոսել ձեր երեխայի հետ՝ ՔՈՎԻԴ-19-ի պատվաստումների մասին.

Ինչպե՞ս կարող եմ ինքս ինձ և ընտանիքիս պաշտպանել Դելտա տարբերակից

Մշտապես հետևեք ձեր բնակության վայրում ՔՈՎԻԴ-19-ի վարակվածության ցուցանիշներին և դրանից պաշտպանվելու ցուցումներին: Ընդհանուր առմամբ, որքան բարձր է փոխանցման դեպքերի թիվը, այնքան ավելի բարձր է հանրային վայրերում վարակվելու ռիսկը:

Ահա ինքներդ ձեզ և ձեր սիրելիներին պաշտպանելու մի քանի հիմնական միջոց.

  • խուսափեք մարդաշատ վայրերից և պահպանեք ֆիզիկական հեռավորություն,
  • հաճախ օդափոխեք փակ տարածքները,
  • եթե համայնքում առկա է փոխանցման վտանգ, իսկ ֆիզիկական հեռավորության պահպանումը հնարավոր չէ, ապա հանրային վայրերում դիմակ դրեք,
  • հաճախ լվացեք ձեռքերն օճառով և ջրով կամ ախտահանեք՝ ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչով,
  • պատվաստվեք, քանի որ ԱՀԿ-ի կողմից հավանության արժանացած ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Դելտա պլյուս տարբերակը

Դելտա պլյուս տարբերակը փշանման սպիտակուցի նոր մուտացիան է, որը վիրուսը գործի է դնում՝ մարդու բջիջներ ներթափանցելու համար: Քանի որ այն սերտ առնչվում է Դելտա տարբերակին, վիրուսը կոչվել է հենց Դելտա պլյուս։ Դեռ Դելտա պլյուս համեմատաբար քիչ է հայտնաբերվել։