Ճիճվակրություն․ ինչ պետք է իմանան ծնողները
Հաճախ բավական է պարզապես լինել տեղեկացված, կիրառել կանխարգելման գրագետ միջոցներ, չանտեսել վտանգի նշաններն ու երեխայի առողջությունը վստահել բացառապես մասնագետներին։
Երեխայի փորացավը, վատ ինքնազգացողությունը, հոգնածությունը կամ անհանգիստ վարքը շատ հաճախ ծնողները շտապում են կապել ճիճվակրության հետ։ Մյուս կողմից՝ երբեմն խնդիրը թերագնահատվում է և համարվում «սովորական երևույթ», որ ինքն իրեն կանցնի։ Իրականում երկու մոտեցումներն էլ կարող են սխալ լինել։
«Ծնողական ժողովի» այս թողարկման ընթացքում ծնողների ու մասնագետների հետ քննարկում ենք ինչ անել և ինչ չանել ճիճվակրության դեպքում:
Ճիճվակրությունը ուշադրության կարիք ունի, բայց դրա շուրջ տարածված միֆերը հաճախ խանգարում են ճիշտ արձագանքելուն։
Միֆ և իրականություն
Միֆ․ Բոլոր երեխաներն էլ ունենում են ճիճվակրություն։
Իրականություն․ Ոչ բոլոր երեխաներն են ունենում ճիճվակրություն։ Մակաբուծային վարակները տարածված են, սակայն դա չի նշանակում, որ յուրաքանչյուր երեխա անպայման բախվում է դրանց։
Միֆ․ Ճիճվակրության միակ պատճառը կեղտոտ ձեռքերն ու կեղտոտ սնունդն են։
Իրականություն․ Կեղտոտ ձեռքերը և սնունդը կարող են լինել պատճառներից մեկը, բայց ոչ միակը։ Վարակման աղբյուր կարող են լինել նաև ջուրը, հողը, բանջարեղենը, ոչ բավարար ջերմային մշակված մսամթերքը և այլն:
Միֆ․ Եթե տանը մեկն ունի ճիճվակրություն, ապա մեծ է հավանականությունը, որ ընտանիքի մյուս անդամներն էլ կվարակվեն։
Իրականություն․ Որոշ տեսակների դեպքում փոխանցման հավանականություն կա, սակայն դա կախված է մակաբույծի տեսակից և փոխանցման ճանապարհից։ Ամեն դեպք չի նշանակում, որ ամբողջ ընտանիքը վարակված է։
Ստուգաթերթիկ. ինչ ախտանշանների դեպքում դիմել բժշկի
Որովայնային ցավերը, մարսողական խնդիրները, երկարաժամկետ թեթև սրտխառնոցները կարող են ուշադրության արժանի նշաններ լինել։ Սակայն դրանք կարող են կապված լինել նաև այլ առողջական խնդիրների հետ։ Այդ պատճառով կարևոր է ինքնուրույն եզրակացություններ չանել, այլ դիմել բժշկի, անել բոլոր հետազոտությունները և հասկանալ իրական պատճառը։
Ինչ չպետք է անել: Շատ ընտանիքներում դեռ պահպանվել է սովորությունը տարին մեկ կամ երկու անգամ երեխաներին հակաճիճվային դեղեր տալ՝ առանց հետազոտության կամ բժշկի նշանակման։ Մասնագետները շեշտում են, որ տնային պայմաններում ինքնուրույն դեղորայք ընտրելն անթույլատրելի է։ Բուժումը պետք է հիմնված լինի ախտորոշման վրա։
Ճիճվակրության կանխարգելման հիմքում հիգիենան է․ ձեռքերի լավ, օճառով լվացում, սննդի ճիշտ մշակում, մրգերի և բանջարեղենի լավ լվացում, անվտանգ ջրի օգտագործում և մսամթերքի բավարար ջերմային մշակում։ Այս պարզ քայլերը կարող են զգալիորեն նվազեցնել վարակման հավանականությունը։
Էխինոկոկային վարակ․ ինչու է կարևոր ուշադրություն դարձնել
Մակաբուծային հիվանդությունների շարքում է նաև էխինոկոկային վարակը, որը պահանջում է առանձնահատուկ զգոնություն։ Այն ևս կարող է փոխանցվել շրջակա միջավայրի միջոցով, երբ մակաբույծի ձվիկները մարդու օրգանիզմ են անցնում աղտոտված ձեռքերի, սննդի, ջրի կամ կենդանիների հետ շփման արդյունքում։ Քանի որ վարակը կարող է երկար ժամանակ արտահայտված նշաններ չունենալ, մարդիկ հաճախ դրա մասին իմանում են միայն հետազոտությունների ընթացքում։
Էխինոկոկային վարակի դեպքում բուժման մոտեցումը կախված է վարակի տեղակայումից, չափերից և ընդհանուր վիճակից։ Կախված դեպքից՝ կարող է կիրառվել դեղորայքային բուժում կամ վիրահատական միջամտություն։ Ցանկացած պարագայում լավագույն բուժումը կանխարգելումն է: Նախ և առաջ պետք է կանխել վարակի տարածումը:
Տնային կենդանիները, հատկապես շները, պետք է գտնվեն կանոնավոր անասնաբուժական հսկողության ներքո և ժամանակին անցնեն մակաբույծների դեմ մշակման փուլերը։ Կարևոր է նաև կենդանիների հետ շփումից հետո պահպանել ձեռքերի հիգիենան, ինչպես նաև հետևել, որպեսզի նրանց խնամքը իրականացվի անվտանգ պայմաններում։ Այս պարզ, բայց հետևողական քայլերը օգնում են նվազեցնել վարակի տարածման հավանականությունը ընտանիքում։
Ծնողավարությունը հավանական բոլոր վտանգները կանխելու մասին չէ։ Հաճախ բավական է պարզապես լինել տեղեկացված, կիրառել կանխարգելման գրագետ միջոցներ, չանտեսել վտանգի նշաններն ու երեխայի առողջությունը վստահել բացառապես մասնագետներին։
Դիտե՛ք ամբողջական թողարկումը ստորև.