Սննդային անտանելիություն
Զրուցել ենք Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի մանակաբույժ, մանկական գաստրոէնտերոլոգ Լուսինե Մարգարյանի հետ։
Արդեն մի քանի տարի է, ինչ առցանց տարածվում են «առողջ ապրելակերպին» միտված տարատեսակ դիետաների առաջարկներ։ Դրանցից շատերը բացառում են կաթնամթերքի և հացահատիկ պարունակող մթերքների գործածումը։ Երբեմն սննդակարգում որոշակի մոտեցումներով առաջնորդվող շատ մեծահասակներ նույն սկզբունքներն ակամա փոխանցում են իրենց երեխաներին։
Զրուցել ենք Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի մանակաբույժ, մանկական գաստրոէնտերոլոգ Լուսինե Մարգարյանի հետ՝ հասկանալու, թե առողջական որ խնդիրների դեպքում է ցուցված առանց լակտոզ կամ առանց գլյուտեն սննդակարգը և ինչ կարող է լինել, եթե առանց մասնագիտական ցուցման երեխայի սննդակարգից հեռացվեն վերը թվարկած սննդատեսակները։
Հարց 1. Ի՞նչ ասել է սննդային անտանելիություն: Ինչո՞վ է այն տարբերվում սննդային ալերգիաներից:
Լ․Մ․ - Սննդային անտանելիությունը որոշակի սննդամթերքի մարսողության խանգարումն է աղիների կողմից, ինչի հետևանքով առաջանում են աղեստամոքսային տհաճ ախտանիշներ՝ որովայնի փքվածություն, գազեր, որովայնացավ, փսխում և ջրիկ կղանք։ Այն կապված է որոշ ֆերմենտների պակասի (օրինակ՝ լակտազա ֆերմենտի), աղեստամոքսային համակարգի գերզգայունության կամ սննդամթերքի որոշ բաղադրիչների հանդեպ օրգանիզմի անհատական արձագանքի հետ։ Անտանելիության դեպքում հիմնականում գործ ենք ունենում ֆերմենտների անբավարարության հետ, այսինքն՝ տվյալ նյութի մարսողության օղակում գոյություն ունեցող խնդրի հետ։ Մինչդեռ սննդային ալերգիաների դեպքում կոնկրետ սննդատեսակի սպիտակուցն առաջացնում է իմուն միջնորդավորված ալերգիկ ռեակցիա։ Ալեգիայի դեպքում ախտանիշներն ընդգրկում են ոչ միայն ստամոքսաղիքային համակարգը, այլ նաև մաշկը (ցաների տեսքով), շնչառական համակարգը (սուլող շնչառություն): Երբեմն էլ մեծ ռիսկ կա բախվելու կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակների հետ՝ անգիոայտուց, անաֆիլաքսիա, որոնք պահանջում են անհապաղ բժշկական միջամտություն։ Ի տարբերություն սննդային ալերգիայի, սննդային անտանելիության դրսևորման հիմքում իմուն միջնորդավորված ռեակցիաները չեն, և ախտանիշները դրսևորվում են միայն ստամոքսաղիքային համակարգի ընդգրկմամբ։
Հարց 2. Ի՞նչ է լակտոզայի անտանելիությունը:
Լ․Մ․ - Լակտոզը կաթում առկա ածխաջուրն է։ Ամենից հաճախ գործ ենք ունենում հենց լակտոզայի անտանելիության հետ։ Այն պայմանավորված է աղիներում լակտոզան մարսող ֆերմենտի՝ լակտազայի անբավարարությամբ։ Լակտոզայի անտանելիության դեպքում հիմնականում դիտվում են ստամոքսաղիքային դրսևորումներ՝ որովայնի փքվածություն, որովայնացավեր, գազերի կուտակում, փսխումներ և անկայուն, ջրիկ կղանք։
Կաթնամթերք օգտագործելուց հետո որքա՞ն ժամանակ անց են ի հայտ գալիս ախտանշանները։
Լ․Մ․- Լակտոզայի անտանելիությունը դրսևորվում է կաթնամթերք օգտագործելուց հետո, բայց ոչ թե անմիջապես, այլ գործածումից սովորաբար 2-4 ժամ, երբեմն նույնիսկ օրեր անց, և կախված է, թե ինչ մթերքի կազմում և ինչ քանակությամբ է օգտագործվել։ Դա այն ժամանակն է, երբ կաթի ածխաջուրը հասնում է աղիներ, որտեղ ֆերմենտի կողմից պետք է սկսվի մարսման պրոցեսը։ Ուստի, եթե օրգանիզմի ռեակցիան կաթին կամ կաթնամթերքին դիտվում է սննդընդունումից պայմանական րոպեներ անց, ապա դա լակտոզայի անտանելիության հետ կապել դժվար է։ Նման արագ ռեակցիների դեպքում ավելի հավանական է կովի կաթի սպիտակուցի հանդեպ ալերգիկ ռեակցիան։
Լակտոզայի անտանելիության դեպքում խիստ կարևոր է ընդունած սննդի քանակը։ Եթե երեխան ունի լակտազա ֆերմենտի անբավարարություն, ապա կխմի մեկ բաժակ կաթ, թե կուտի մի կտոր պանիր՝ ախտանշանները տարբեր ինտենսիվությամբ կդրսևորվեն։
Ինչպե՞ս է ախտորոշվում լակտոզայի անտանելիությունը։
Լ․Մ․ - Լակտոզայի անտանելիության ախտորոշման ոսկե ստանդարտը շնչական թեստն է, որով հայտնաբերվում են արտաշնչած օդում H+ իոնների բարձ կոնցենտրացիա։ Կան նաև այլ թեստեր, բայց դրանք հավաստի չեն ախտորոշման համար։
Ի՞նչ է լինում ախտորոշումից հետո։
Լ․Մ․ - Շատ բան կախված է խնդրի դրսևորման աստիճանից։ Եթե առկա են մեղմ ախտանիշներ, ապա կարող ենք պարզապես սահմանափակել լակտոզան, ամբողջական կաթը և դրա փոխարեն առաջարկել օգտագործել ավելի ֆերմենտացված տարբերակներով կաթնամթերք կամ այն մթերքները, որոնցում լակտոզայի քանակն ավելի քիչ է։ Բայց երբ ախտանշաններն ավելի խիստ են՝ դիմում ենք ֆերմենտների օգնությանը, որոնք հասանելի են դեղորայքային տարբերակով․ երեխան կաթնամթերք օգտագործելու ընթացքում ընդունում է ֆերմենտը և խուսափում տհաճ ախտանշաններից։ Ինչպես նաև առկա են առանց լակտոզայի կաթնամթերքներ, որոնք ապահով են լակտոզայի անտանելիություն ունեցեղ երեխաների համար։
Հարց 3. Սննդային անտանելիության հաճախ արծածվող տեսակներից մեկն էլ գլյուտենի անտանելիությունն է։ Ի՞նչ մեխանիզմներ են այս դեպքում գործում։
Լ․Մ․ - Գլուտենը սպիտակուց է, որն առկա է առավելապես հացահատիկներում։ Այո, երբեմն լինում է այդպիսի ախտորոշում, երբ առկա է սպիտակուցի հանդեպ անտանելիություն, բայց ագլյուտենային դիետա նշանակվում է գերազանցապես ցելիակիա հիվանդության ժամանակ, երբ լինում է ոչ թե սպիտակուցի անտանելիություն, այլ աղիներում սկսվում է սպիտակուցով պայմանավորված բորբոքում։ Դա համակարգային, աուտոիմուն բնույթի բորբոքում է, որն ընդգրկում է բոլոր օրգանները, բայց առավելապես տուժում են աղիները։ Ցելիակիայի ախտանշանները ներառում են ստամոքսաղիքային խնդիրներ, ինչպիսին են քրոնիկական փորլուծությունը կամ փորկապությունը, փորափքանքը, ներծծման խանգարումները, ախորժակի կորուստը, երեխաների շրջանում նորմալ աճի խանգարումը։
Արդյոք ցելիակիան և գլուտենի անտանելիությունը տարբեր ախտորոշումներ են։
Լ․Մ․ -Միանշանակ։ Ցելիակիայի ախտորոշումը չի դրվում մեկ հետազոտությամբ։ Դրա համար անհրաժեշտ է բազմաէտապային ախտորոշման պրոցես, որից հետո մասնագետը դնում է վերջնական ախտորոշումը։ Դրան հաջորդում է ագլյուտենային դիետայի նշանակումը, որը բացառում է գլուտեն պարունակող որևէ սննդամթերքի ընդունումն ամբողջ կյանքում։
Գլյուտենի անտանելիությունը ախտոոշվում է բացառման սկզբունքով։ Մասնագետը նախ բացառում է ցելիակիան, ու եթե առկա է հստակ կապ գլյուտեն պաունակող սնունդ ընդունելու և ստամոքսաղիքային դրսևորումների միջև, ապա ախտորոշվում է գլյուտենի անտանելիություն։
Հարց 4. Ցելակիա ախտորոշում ունեցող երեխաներին արգելվում է հացահատիկ պարունակող սննդամթերքի գործածումը։ Իսկ ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ երեխայի (իսկ հետագայում նաև հասուն մարդու) առողջության վրա։
Լ․Մ․ - Այո, գլխավոր խնդիրն այն է, որ այդպիսի սննդակարգը հանգեցնում է օրգանիզմում տարբեր դեֆիցիտների։ Հենց դրա համար պարտադիր է պարբերաբար անցնել հետազոտություններ, և նորմայից ցածր ցուցանիշների դեպքում որոշակի միկրոէլեմենտներ ու վիտամիններ ստանալ դեղորայքի կամ հավելումների տեսքով։
Հարց 5. Գլյուտենից զերծ սննդակարգը արդյո՞ք իրականում ավելի առողջ է:
Լ․Մ․ - Դա մոլորություն է։ Եթե ախտորոշված չէ ցելիակիա, լակտոզ անտանելիություն կամ կովի կաթի սպիտակուցի ալերգիա, ապա չօգտագործել ու այդպիսով նաև երեխային չտալ կաթնամթերք կամ հացահատիկ պարունակող սննդամթերք՝ նշանակում է ինքնակամ հրաժարվել օրգանիզմի լիարժեք աճին ու ֆունկցիոնալությանն անհրաժեշտ մի խումբ նյութերից, իսկ դա չի կարող որևէ կերպ համարվել առողջ սննդակարգ։