Մանկական հիվանդությունների վարում․ Սյունիքից Գեղարքունիք ընտանեկան բժիշկները վերապատրաստվում են

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է աջակցել համայնքային բուժաշխատողների կարողությունների զարգացմանը՝ մանկական հիվանդությունների ճշգրիտ գնահատման, բուժման, ուղղորդման համար։

Գոռ Պետրոսյան
Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարում վերապատրաստում
UNICEF Armenia/2025/Galstyan
23 Հուլիս 2026

Բժիշկն ամեն օր պետք է սովորի,- այսպես սկսեց զրույցը Եղվարդի «Նաիրի» բ/կ-ի պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Կարինե Զոհրաբյանը։ Նա, իր գործընկերների հետ, արդեն չորրորդ օրն է, ինչ մասնակցում է Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարում վերապատրաստման հնգօրյա ծրագրին, որն իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ Կորեայի Հանրապետության ֆինանսական աջակցության շնորհիվ:

Վերապատրաստման բովանդակությունը թիրախավորում է երկու ամսականից մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում առավել հաճախ հանդիպող վտանգի նշանները՝ հազ և դժվարացած շնչառություն, փորլուծություն, ջերմություն, կոկորդի, ականջի, սնուցման, քաշի հետ կապված խնդիրներ, անեմիայի առկայություն։

Դասընթացավար Մարինե Բաբայանը պարզաբանում է.

Մարինե Բաբայան, բժիշկ, դասընթացավար
UNICEF Armenia/2025/Galstyan
Ուղեցույց
UNICEF Armenia/2025/Galstyan

«Վերապատրաստման ծրագրի շրջանակում մշակվել է հատուկ ուղեցույց, որն, այլ կերպ ասած, ընտանեկան բժշկի սեղանի գիրք է։ Այն ուղղորդում է բժշկին՝ ինչ հարցեր տալ ծնողներին, ինչ զննում կատարել կոնկրետ ախտանշանների դեպքում, ինչպես գնահատել երեխայի վիճակը և ինչ մոտեցումներ ցույց տալ գնահատումից հետո։ Ուղեցույցն աշխատում է լուսակրի գույների սկզբունքով։ Եթե գնահատման արդյունքում երեխան կարմիր գոտում է՝ նշանակում է՝ առկա է վտանգ, երեխային պետք է տեղափոխել հիվանդանոց։ Դեղին գոտին բժշկին հուշում է պահաջնվող բուժման, իսկ կանաչ գոտին՝ անհրաժեշտխորհրդատվության մասին»։

Վերապատրաստման ծրագիրը մեկնարկել է 2024 թ. նոյեմբերից, իրականացվել է Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի գրեթե բոլոր համայնքներում։ Մարինե Բաբայանի խոսքով, խիստ կարևոր է, որ վերապատրաստմանը մասնակցում են նաև բուժքույրեր։ 

«Հատկապես հեռավոր համայնքներում, ուր մասնագետների պակաս կա, անչափ կարևոր է, որ բուժքույրերը հրատապ իրավիճակներում կարողանան զննել երեխաներին, ճանաչել վտանգի նշանները, կապվել բժշկի հետ կամ անմիջապես ուղղորդել ծնողներին»։ 

«Արդեն մի քանի վերապատրաստման եմ մասնակցել, քանի որ ամեն անգամ գործս ավելի է հեշտանում, նոր ավելի հստակ ուղեցույցներ ու ավելի լավ մոտեցումներ եմ յուրացնում»,- ասում է տիկին Զոհրաբյանը։ Նա հիշում է՝ երբ վերապատրաստվում էին այս ծրագրով առաջին անգամ, դեռ ակտուալ էին սովետական դպրոցի մոտեցումները, որոնք ոչ թե վատն էին, այլ ուրիշ էին, և բժիշկների համար երբեմնբարդ էր լինում շփվել ծնողների հետ, դիտարկումներ անել և ուղղորդել ըստ այդսխեմաների, որոնք, մեղմ ասած, արդեն հնացել էին։

Կարինե Զոհրաբյան, ընտանեկան բժիշկ, վերապատրաստման մասնակից
UNICEF Armenia/2025/Galstyan

«Իսկ վերապատրաստումներին ներկայացրած սխեմաները  հեշտացնում են աշխատանքս, որովհետև տարակուսանքի տեղ չեն թողնում՝ բժիշկը կատարում է ուղեցույցում հստակ ձևակերպած քայլերը, գնահատում է, որից հետո կա՛մ ուղղորդում է, կա՛մ նշանակում է բուժում»,- 

ասում է բժիշկ Զոհրաբյանը։

Վերապատրաստման մասնակիցները հաճախ նշում էին, որ ցավոք, մեր երկրում դեռ արդիական են ինքնաբուժությունը, դեղատանաշխատակիցների «նշանակումներով» առաջնորդվելը, բժշկին սեփական կարծիքն ու մոտեցումներըպարտադրելը։

«Իհարկե մասնագիտական վերապատրաստումները չափազանց կարևոր են հատկապես բժշկական ոլորտում, որպեսզի գիտությանը համընթաց քայլենք: Բայց մի բան է իմանալը և կիրառելը, այլ բան է ծնողի հետ ճիշտ հաղորդակցվելը, բուժման կոնկրետ մոտեցման անհրաժեշտությունը ծնողին ճիշտ հասցնելու հմտություն ունենալը: Կարևորելով սա՝ վերապատրաստման ծրագրում նաև ներառել ենք մասնագետ-ծնող կապն ամրապնդող, բացատրական աշխատանքները արդյունավետ դարձնող գործիքներ», -
 

մանրամասնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի առողջապահության և սնուցման ծրագրիղեկավար Լիանա Հովակիմյանը:

«Հաճախ ծնողին ճի՛շտ խնդիրը ներկայացնելուց, ծնողի բազում հարցերին մանրամասն պատասխանելու և ծնողի հետ գրագետ աշխատելու շնորհիվ է լավագույն բուժման ուղին ընտրվում երեխայի համար»,- հավելեց նա:

Ի մի բերելով ընթացիկ և նախորդած վերապատրաստումները, Կարինե Զոհրաբյանը եզրակացնում է․- «Տեղի մասնագետների կարողությունների և հմտությունների հզորացումը թույլ է տալիս միայն հատուկ դեպքերում ուղղորդել բուժառուին Երևանի բուժհաստատություններ, երբ հայտնի է, որ չունենք կոնկրետ տեսակի զննման կամ բուժման համար անհրաժեշտ սարքավորումը կամ բուժմիավորման անձնակազմում չկա այդ նեղ մասնագետը»։

Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարում վերապատրաստում
UNICEF Armenia/2025/Galstyan

Վարդուհին երկու՝ մեկ և վեց տարեկան երեխաների մայր է: Համեմատելով երկու երեխաների ժամանակ մանկաբույժների հետ ունեցած փորձը փաստում է, որ. «իսկապես շատ բան է փոխվել» և ավելացնում. 

«Այն ժամանակ հաճախ էինք մայրաքաղաք ուղորդվում, հիմա կարծես տեղում մեր հիմնական խնդիրները կարող ենք լուծել: Ընդամենը 5-6 տարի առաջ մասնագետներին ավելի քիչ «առիթ» էր հարկավոր, օրինակ, հակաբիոտիկներով բուժման անցնելու համար։ Այսօր պատկերը լրիվ ուրիշ է՝ ծնողներին տալիս են մանրակրկիտ հարցեր, երեխային զննում են համակ ուշադրությամբ, նշանակում են անալիզներ, որոնք թույլ են տալիս բժշկին գնահատել երեխայի վիճակը և ցուցում են, թե կոնկրետ իրավիճակում բուժման ինչպիսի մոտեցում պետք է ցուցաբերել: Արդյունքում ծնողն ավելի հանգիստ է ու վստահ, որ իր երեխան վստահելի ու բանիմաց մասնագեի ձեռքում է»,- 

պատմում է Վարդուհին։

Սույն հոդվածը ստեղծվել է Կորեայի Հանրապետության աջակցության շնորհիվ: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն Կորեայի կառավարության տեսակետները: