Երեխաների հոգնածության պատճառները և ահազանգող նշանները
Թեման քննարկել ենք «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի Մանկական նյարդաբանության ծառայության պատասխանատու, մանկական նյարդաբան Նունե Կույումջյանի հետ։
Հոգնում են բոլորը՝ թե՛ մեծ․ թե՛ փոքր, սակայն երեխաների կրկնվող գանգատները հոգնածությունից երբեմն ոչ թե զուգադիպությունների շղթա են, այլ ահազանգ։ Նյարդաբանի հետ քննարկել ենք որոշ առանձնահատկություններ, որպեսզի ծնողներին ուղորդենք, թե ուր դիմել և ինչպիսի շտկումներ անել երեխայի օրակարգում:
Որքա՞ն հաճախ են ծնողները դիմում նյարդաբանին երեխայի հոգնածության գանգատով։
Ն․Կ․ - Բավականին հաճախ, և այդ պահին մեր՝ բժիշկների առջև դրվում է հարցադրում՝ հոգնածությունը ֆիզիոլոգիական է, թե՞ խորքում օրգանական պաթոլոգիկ խնդիր է թաքնված։ Իսկ ինչպե՞ս ենք մենք տարբերակում ֆիզիոլոգիական հոգնածությունը հիվանդագին հոգնածությունից․ սովորաբար, ֆիզիոլոգիական հոգնածության ժամանակ երեխաները գերբեռնված են լինում օրվա ընթացքում։ Պարապմունքներ կրկնուսույցների հետ, տարբեր խմբակներ ու ակտիվություններ․ օրվա ծանրաբեռնված ռեժիմը առաջացնում է հոգնածություն, բայց բավական է՝ երեխան քնի ու արթնանա, և հոգնածության զգացողությունն ամբողջովին նահանջում է, երեխան վերադառնում է իր բնականոն վիճակին։ Այդ ընթացքում ծնողը չի արձանագրում տրամադրության անկում կամ ախորժակի կորուստ։ Կարճ՝ կյանքի որակը չի տուժում։ Այլ խնդիր է, երբ գործ ունենք ախտաբանական հոգնածության հետ․ դրա պատճառները բավականին շատ են։
Առաջնահերթ ինչի՞ն ուշադրություն դարձնեն ծնողները։
Ն․Կ․ - Կարմիր դրոշակ է, եթե հոգնածությունը տևում է 3 շաբաթ և ավելի։ Երեխան քնում և արթնանում է, բայց չի վերադառնում իր ելակետային վիճակին, դրա հետ մեկտեղ ունենում է ախորժակի բացակայություն, գունատություն, սուբֆեբիլ ջերմություն (ջերմության ցածր աստիճան` 37․3, 37․4), ունենում է վարքային դրսևորումներ` չի ցանկանում գնալ դպրոց, նկատում ենք առաջադիմության նահանջ։ Կարող են գումարվել նյարդաբանական դրսևորումները՝ քայլքի խանգարումը, կոպերի իջեցումը, մկանային թուլությունը․ այդ նշանները հուշում են մեզ, որ խնդիրը ֆիզիոլոգիական չէ, այսինքն՝ բարորակ վիճակ չէ, պահանջում է հետազոտություն։
Ինչի՞ց է սկսվում նյարդաբանի հետ աշխատանքը։
Ն․Կ․- Նյարդաբանը նախ զննում է բուժառուի նյարդաբանական ստատուսը (նյարդաբանական ստատուս = ուղեղի, նյարդերի և շարժողական,զգայական գործառույթների ստուգում)։ Եթե տեսնում ենք, որ ունենք շեղումներ նյարդաբանական ստատուսից՝ որոշում ենք, թե հոգնածության պատճառը նյարդաբանական համակարգի որ աստիճանում է՝ գլխուղե՞ղն է պրոցեսի մեջ ընկղմված, ողնուղե՞ղը, թե՞ պերիֆերիկ նյարդերը, նյարդամկանային համակցությունը կամ բուն մկանային հիվանդությունը։ Երբ դիտարկում ենք նյարդաբանական ստատուսը՝ վերլուծում ենք ամբողջ ճանապարհը, քանի որ շատ հիվանդություններ չեն առաջանում միանգամից, այլ զարգանում են դանդաղ, աստիճանաբար։
Արդյո՞ք հոգնածության կրկնվող դեպքերը միանգամից նյարդաբանի կաբինետ այցելելու ցուցում են։
Ն․Կ․- Բնավ, ոչ։ Նախ անհրաժեշտ է այցելել մանկաբույժի կաբինետ, քանի որ հոգնածության պատճառները միայն նյարդաբանական չեն։ Վառ օրինակ են սակավարյունությունը և արյան հետ կապված մի շարք հիվանդություններ, էնդոկրին խանգարումները, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները, շաքարային դիաբետը․ սրանք բոլորն էլ կարող են արտահայտվել հոգնածությամբ կամ բերել այդպիսի վիճակի։ Իհարկե, մեծ դեր ունի նաև սիրտ-անոթային համակարգը․ երբ առկա է սրտի հետ կապված խնդիր, կարծես առաջանում է պաշտպանական ռեակցիա, և երեխան ակամա ավելի քիչ է շարժվում, որպեսզի մնացած էներգիան ծախսի սիրտը։ Այդ պարագայում տպավորություն է ստեղծում, որ երեխան հոգնած է, որ դժվարանում է բարձրանալ աստիճանները, դժվար է քայլում, շուտ է հոգնում: Ըստ կլինիկական դրսևորման, հոգնածության պատճառի փնտրտուքները պետք է, իհարկե, կատարի առաջնային օղակը և ըստ անհրաժեշտության ուղղորդի նեղ մասնագետի մոտ։
Քնի պակասը կամ ոչ լիարժեք քունը կարո՞ղ են օրվա ցերեկային ժամերին երեխայի հոգնածության պատճառ դառնալ։
Ն․Կ․- Իհարկե, կարող են։ Քունը կորցրած էներգիան վերականգնելու միջոց է։ Հայտնի է, որ նորածինները շատ են քնում։ Տարիքի հետ՝ քնի տևողությունը պակասում է, բայց նվազագույնը պետք է լինի 8 ժամ։ Իհակե, միայն տևողությամբ ամեն ինչ չի բացատրվում, պետք է ապահովել նաև քնի որակը։ Եթե երեխան ունի քնի ապնոէ, շատ գեր է, ունի ադենոիդային վեգետացիաներ (քթի միս)՝ բնականաբար, քնի որակը խանգարվելու է, որովհետև նման դեպքերում քունն ընթանում է ընդհատումնեով, ոչ լիարժեք, ոչ սահուն և բնականաբար, այդ երեխաները օրվա ընթացքում ունենալու են հոգնածության զգացողություն։ Այդպիսի դեպքերում երեխային նախ պետք է ուղղորդել քնի կենտրոն՝ հասկանալու, թե քնի հետ կապված ինչ խանգարում ունենք։ Եթե երեխան ունի ճարպակալում, ապա անհաժեշտ է ուղղորդել էնդոկրինոլոգի կաբինետ, եթե առկա են ադենոիդային վեգետացիաներ, ապա անհաժեշտ է քիթ-կոկորդ-ականջաբանի խոհդատվություն։
Քնելուց առաջ պետք է ստեղծվեն բոլոր նախապայմանները՝ սենյակը պետք է լինի մութ, աղմուկ պետք է չլինի, շատ կարևոր է, որ քնելուց առաջ երեխան չդիտի հեռուստացույց, չզբաղվի սմարթֆոնով կամ պլանշետով, քանի որ էկրանների օգտագործման ժամանակ ուղեղը արթնանում է։ Մենք գիտենք մելատոնին կոչվող հորմոնի մասին, որն օրգանիզմին հուշում է՝ լույս է, ուրեմն պետք է արթնանալ, մութ է՝ պետք է քնել։ Էկրանների լույսը խաթարում է այդ բնականոն պրոցեսը։ Քնելուց առնվազն 1-2 ժամ առաջ բացառեք էկրանների կիրառումը։
Այսօր երեխաները հաճախ են խաղում գաջեթներով, կա՛մ յութուբյան հոլովակներ են դիտում։ Երկու դեպքում էլ ընտրում են, հաճախ,այնպիսի նյութեր, որոնք բերում են էմոցիոնալ լարվածության, ինչն էլ իր հերթին ստեղծում է սթրեսային իրավիճակներ, բարձրանում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը, որն էլ առաջացնում է հոգնածության զգացողություն։
Հատկապես, եթե երեխայի կյանքում առկա սթրեսածին գորրծոնները կրկնվող են,՝ եթե երեխան մշտապես ենթակա է անհանգստության, վախի, լարվածության թե՛ տանը, թե՛ դպրոցում ուրեմն զրկվում է թուլանալու և հոգեբանորեն, հոգեպես հանգստանալու հնարավորությունից: Արդյունքում,հոգնածությունն անխուսափելի է։ Դա կոչվում է հոգեծին հոգնածություն։
Ամփոփելով
Ն․Կ․- Հոգնած մարդը, այդ թվում նաև երեխան դժվարանում է երազել, նախաձեռնել, պատկերացնել իր նպատակների իրականացումը, գնալ դրանց հետևից, հատկապես, երբ խոսում ենք դեռահասության մասին, երբ առջևում են ավարտական և ընդունելության քննությունները, ուսանողական կյանքը․․․ Եթե հոգնածության մշտառկա զգացողության պատճառը հիվանդություն է, ապա այն պետք է ախտորոշել ու բուժել, իսկ եթե պատճառը հոգեծին է կամ ռեժիմի խանգարումն է, սխալ սննդակարգը, անառողջ սովորույթները, ապա պետք է շտկել դրանք ու թույլ չտալ, որ խաթարեն երեխայի առողջ աճը, խլեն նրանից ակտիվությունը, կենսախնդությունը, երազելու և գործելու ուժը։