Ինչպես խոսել ձեր երեխաների հետ Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերի մասին

Օգնե՛ք ձեր երեխային հասկանալու, թե ինչպես են գործում պատվաստանյութերը

ՅՈՒՆԻՍԵՖ
Մայրը խաղում է աղջկա հետ՝ նտսած մանկապարտեզի գորգին։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari
08 Հունիս 2021

Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերի մասին նորությունները ողողում են մեր առօրյա կյանքը, և բնական է, որ հետաքրքրասեր երեխաների մոտ բազմաթիվ հարցեր կառաջանան: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն պարզ և համոզիչ բացատրելու ցանկացած բարդ թեմա:

 

1. Համոզվե՛ք, որ տիրապետում եք ամենաթարմ տեղեկություններին:

Նախքան ձեր երեխաների հետ Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերի մասին խոսելը կարևոր է, որ ինքներդ դրանք ճիշտ հասկանաք: Բժիշկ Մայք Վարշավսկիի հետ մեր զրույցը դրա հիանալի սկիզբը կարող է լինել:

>>Ինչ է ձեզ հարկավոր իմանալ Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերի մասին

 

2. Հարցրե՛ք և լսե՛ք

Առաջարկե՛ք ձեր երեխային պատմել ձեզ այն ամենը, ինչ լսել է Քովիդ-19-ի դեմ պաստվաստանյութերի մասին, և լսե՛ք նրա արձագանքը: Կարևոր են ձեր լիովին հետաքրքրվածությունն ու նրա վախերին լրջորեն վերաբերվելը: Եղե՛ք համբերատար, համաճարակն ու ապատեղեկատվությունը բոլորի մեջ լուրջ անհանգստություն և անորոշություն են առաջացրել: Ասե՛ք նրանց, որ իրենց մտահոգությունների մասին միշտ կարող են խոսել ձեզ կամ այլ վստահելի մեծահասակի (օրինակ` ուսուցչի) հետ:

 

3. Անկե՛ղծ եղեք նրանց հետ

Երեխաներն իրավունք ունեն իմանալու, թե ինչ է կատարվում, բայց դա պետք է նրանց ներկայացվի իրենց տարիքին համապատասխան: Նկատի՛ ունեցեք, որ հուզական ազդակները փոխանցվում են երեխաներին մեծահասակներից, հետևաբար, եթե դուք անհանգստացած եք փոքրիկի համար, որ նա կարող է տհաճ վիճակում հայտնվել, փորձե՛ք ցույց չտալ ձեր վախերը նրան: Խաղը կարող է լավ միջոց դառնալ օգնելու երեխաներին՝ հաղթահարելու բարդ հույզերը: Եթե ձեր փոքրիկը անհանգիստ է թվում, փորձե՛ք միասին նկարել կամ բացահայտել նրա զգացողությունները խաղի միջոցով:

 

4. Պատասխանե՛ք նրանց հարցերին

Ահա մի քանի օրինակ, թե ինչպես կարող եք պատասխանել երեխաների՝ Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ հարցերին նրանց համար ընկալելի ձևով:

 

Ի՞նչ է պատվաստանյութը:

Պատվաստանյութը նման է վահանի, որը պաշտպանում է քեզ հիվանդությունից:

Ինչպե՞ս են պատվաստանյութերը գործում:

Պատվաստանյութերը սովորեցնում են քո մարմնին պայքարել հիվանդությունների դեմ: Նրանք դա անում են` քո մարմնի ներսում դնելով մանրէի փոքր մասնիկ, որն առաջացնում է հիվանդությունը, որից պաշտպանվելու կարիք ունես, որպեսզի քո մարմինն իմանա, թե ինչ է պետք անել դրա դեմ պայքարելու համար: Այս կերպ, եթե դու երբևէ առնչվես այդ հիվանդության հետ, ապա քո մարմինը հստակ կիմանա՝ ինչ անել, ինչն էլ թույլ չի տա քեզ հիվանդանալ:

Պատվաստանյութերն ապահո՞վ են:

Այո՛, պատվաստանյութերը շա՛տ ապահով են: Միլիոնավոր երեխաներ (և մեծահասակներ) պատվաստվում են ամեն տարի, ինչը և օգնում է նրանց պաշտպանվելու բազմաթիվ հիվանդություններից: Պատվաստվելիս մենք կարող ենք ջերմել կամ ունենալ ցավեր, բայց դա երկարատև չէ և շատ ավելի լավ է, քան հիվանդանալը: Այս ախտանշանները նաև ցույց են տալիս, որ պատվաստանյութը գործում է, և որ քո մարմինը ուժեղացնում է պաշտպանությունը` պայքարելու հիվանդության դեմ:

Ե՞րբ կարող եմ ստանալ Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութը:

Տարեցները (բերե՛ք ձեր ընտանիքի անդամի կամ ընկերոջ օրինակ) վարակման ավելի բարձր ռիսկային խմբում են, քան երեխաները: Ահա թե ինչու են պատվաստանյութերն առաջին հերթին տրվում մեծահասակներին: Այժմ բժիշկները փորձարկում են պատվաստանյութերը, որպեսզի համոզվեն, որ դրանք լավ են գործում նաև երեխաների համար: Մեր առողջապահության նախարարությունը մեզ կտեղեկացնի, երբ այն պատրաստ լինի երեխաների համար: Այդ ընթացքում շատ կարևոր է, որ մեր և ուրիշների ապահովության համար շարունակենք կրել դիմակներ, լվանալ մեր ձեռքերը և պահպանել ֆիզիկական հեռավորություն:

Նշում ծնողների համար: Երեխաները չեն դասվում Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութեր ստանալու առաջնահերթ խմբերի շարքին, և դա ուժի մեջ կմնա աշխարհի բազմաթիվ երկրների համար: Սա պայմանավորված է նրանով, որ ուշադրության կենտրոնում Քովիդ-19-ի պատճառով ծանր հիվանդության և մահացության բարձր ռիսկային խմբում գտնվող տարեցների, այլ հիվանդություններով անձանց և առաջնագծում աշխատողների պաշտպանությունն է: Բնակչության այս խմբերը պետք է պատվաստվեն նախքան երեխաների պատվաստվելը:

Ես վախենում եմ ներարկումներից: Դրանք պարտադի՞ր են:

Հասկանում եմ՝ ինչ ես զգում, բայց ահա թե ինչ. դա մեկ ակնթարթի հարց է: Դու մեղմ ճմկթոց կզգաս, այնուհետև այն կավարտվի ճիշտ այնպես, ինչպես այլ պատվաստումների ժամանակ է եղել: Երբ կամ եթե երեխաների պատվաստման ժամանակը գա, նախքան քո պատվաստման օրը տանը դերախաղի միջոցով կփորձարկենք, թե ինչպես է դա տեղի ունենում: Այդ կերպ դու հստակ կիմանաս ինչ սպասել, և մենք կարող ենք դա նշելու համար մի գեղեցիկ բան ծրագրել:

 

Հիշե՛ք, եթե դուք չգիտեք պատասխանը, մի՛ փորձեք գուշակել այն: Օգտագործե՛ք դա որպես պատասխանները միասին փնտրելու հնարավորություն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջության համաշխարհային կազմակերպության կայքերը տեղեկատվության լուրջ աղբյուրներ են: