Զարգացման հետընթաց. ինչ է դա, և ինչպես կարող եք աջակցել ձեր փոքրիկին
Երեխայի հոգեբանության հարցերով փորձագետը բացատրում է, որ թեև հետընթացը կարող է լինել հիասթափեցնող, այն տարածված է և սովորաբար կարճատև

- Հայերեն
- English
Եթե նկատել եք, որ ձեր երեխայի զարգացումը հսկայական ցատկ է արել առաջ (օրինակ` նա վերջապես սովորել է օգտվել զուգարանից) պարզապես նրա համար, որ հետո հետքայլ անի (հրաժարվի զուգարանից օգտվելուց), ապա դուք միայնակ չեք: Հետընթացը տարածված է երեխաների, հատկապես փոքրերի հասունացման շրջանում: Մենք խոսեցինք Յեյլի բժշկագիտական դպրոցի Մանկական հետազոտությունների կենտրոնի ավագ դասախոս և Յեյլի վաղ մանկության կրթության ծրագրի տնօրենի օգնական, գիտությունների թեկնածու Նենսի Քլոուզի հետ այն մասին, թե որոնք են ձեր երեխայի զարգացման հետընթացի պատճառները, և ինչպես կարող եք օգնել նրան հաղթահարելու դա:
Ի՞նչ է հետընթացը, և ո՞րն է դրա առաջացման պատճառը:
«Ինձ դուր է գալիս զուգակցել հետընթացը առաջընթացի գաղափարի հետ»,- ասում է Քլոուզը: «Երեխաների զգալի մասը շատ մեծ ձգտում ունի առաջ ընթանալու իրենց զարգացման մեջ: Երեխաներն աշխարհը ուսումնասիրելու, ղեկավարելու և տիրապետելու բնական էներգիա ունեն»:
Այնուամենայնիվ, նոր բաներ անելու ունակ լինելու հուզմունքին զուգահեռ առաջանում է սթրես: Օրինակ՝ քայլել սովորող երեխան կարող է ուրախանալ իր յուրացրած նոր հմտությամբ, բայց կարող է նաև գիտակցել, որ մայրիկն ու հայրիկն այժմ ավելի հեռու են, կամ որ ինքը կարող է վայր ընկնել:
«Այսպիսով, երբ զարգացման առաջընթացի հետ ի հայտ են գալիս այդպիսի խոչընդոտներ, դա կարող է բավականին ճնշող թվալ, և երեխաների մեջ առաջացնել որոշակի հետընթաց»,- բացատրում է Քլոուզը:
Ի՞նչ դրսևորումներ ունեն հետընթացային վարքագծերը:
Հետընթացը կարող է տարբեր կերպ արտահայտվել, բայց ընդհանուր առմամբ երեխան կդրսևորի ավելի վաղ տարիքի վարք կամ ձեզնից կախվածություն: Ավելի հաճախ կնկատեք զայրույթի պոռթկումներ, քնելու, ուտելու կամ խոսելու դժվարություններ: Եթե երեխան ձեռք էր բերել ինքնուրույն հագնվելու հմտություններ, ապա կարող եք նկատել դժվարություններ հագնվելիս կամ հանվելիս: «Հանկարծ ձեր երեխան չի կարողանում անել այն, ինչ նախկինում կարող էր»,- բացատրում է Քլոուզը:
Ե՞րբ է հետընթացը տեղի ունենում:
Որպես կանոն, հետընթաց նկատվում է մանուկների և նախադպրոցականների շրջանում, բայց դա կարող է պատահել ցանկացած տարիքում, նույնիսկ նորածինների և ավելի մեծ երեխաների վարքագծում: Նորածնի վարքագծում հետընթացը անպայման չէ, որ լինի ակնհայտ: Երեխան կարող է մի փոքր նվնվալ և սովորականից ավելի հաճախ լաց լինել:
Հետընթացը տարածվա՞ծ է:
Վստա՛հ եղեք` հետընթացը տարածված է: Իրականում այն սպասելի վարքագիծ է և շատ օգտակար՝ հետագա զարգացման համար: Պատկերացրե՛ք, որ դա ձեր երեխայի՝ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելուն պատրաստվելու միջոց է: «Ես տեսնում եմ որոշ երեխաների, որոնք կարող են հետընթաց ունենալ առաջընթաց ունենալուց անմիջապես առաջ կամ դրանից անմիջապես հետո,- ասում է Քլոուզը:- Իմ կարծիքով երեխաները տարբերվում են ըստ հետընթացի պատճառների և օրինաչափությունների: Սովորաբար ծնողները սովորում են իրենց երեխայի առաջընթաց, այնուհետև մի փոքր հետընթաց ունենալու դրսևորումներին»: Հետընթացը բնորոշ է նաև այն շրջանին, երբ երեխաները սկսում են հարմարվել նոր իրավիճակներին, օրինակ՝ ավագ եղբայր կամ քույր են դառնում կամ առաջին անգամ մանկապարտեզ են գնում:
Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխային հետընթացի շրջանում:
Հանգստացրե՛ք ձեր երեխային, որպեսզի նա իրեն ապահով զգա, և իմանա, որ դուք լիովին աջակցում եք նրան: Փորձե՛ք ցույց տալ, որ նկատում եք նրա հետընթացային վարքը՝ առանց նրա մեջ ամոթի զգացում առաջացնելու: Քլոուզը առաջարկում է փորձել հետևյալը. «Դու սովորում ես ավելի բարդ բաներ անել: Դա այնքան ծանր աշխատանք է: Երբեմն քեզ թվում է, թե իմ օգնության կարիքն ունես»:
Խաղը նույնպես կարող է միջոց դառնալ՝ օգնելու նրանց հաղթահարելու բարդ հույզերը: «Պատկերավոր ու խորհրդանշական խաղերը արտահայտման միջոց են, որոնք երեխաներն օգտագործում են իրենց լեզուն և աշխարհի շուրջ իրենց պատկերացումներն ու գաղափարները զարգացնելու համար: Դա նրանց հնարավորություն է տալիս սոցիալապես և հուզականորեն արտահայտելու այնպիսի բաներ, որոնց դեմ նրանք պայքարում են, և որոնց համար պարտադիր չէ, որ խոսքեր ունենան», - ասում է Քլոուզը: Զննելով ձեր երեխային խաղալիս և նրա հետ խաղալով՝ դուք կարող եք շատ բան իմանալ այն մասին, թե ինչ է կատարվում նրա հետ:
Երբեմն ձեր երեխան կարող է հետընթացի կարիք ունենալ: Շատ կարևոր է այդ ընթացքում լինել հուսադրող, բայց միաժամանակ ունենալ ակնկալիքներ ու դնել սահմանափակումներ: «Այդ ընթացքում երեխան բացահայտում է, որ նա չէ աշխարհի տերը: Դա զայրույթի պոռթկում է առաջացնում,- ասում է Քլոուզը:- Մի՛ վանեք նրան, այլ օգնե՛ք հարմարողական և տարիքին համապատասխան արտահայտելու իր բարդ հույզերը»: Նստե՛ք նրա հետ, մխիթարե՛ք և հանգստացրե՛ք, խորհե՛ք, թե ինչ է նա զգում: «Օրինակ` Դու զայրացած էիր քո ընկերոջ վրա, որ նա քեզ չէր տվել խաղալիքը, և հրեցիր նրան: Հաջորդ անգամ դու կարող ես առաջարկել հերթով խաղալ և դիմես ձեր ուսուցչի օգնությանը»:
Ե՞րբ պետք է ծնողներն անհանգստանան:
Հետընթացային որոշ վարքագծեր կարող են տևել շաբաթներ, բայց դա տարբեր երեխաների մոտ տարբեր կերպ կարող է դրսևորվել: Սովորաբար, եթե դուք կարող եք մատնանշել, թե ինչ է տեղի ունենում, և երեխաներին աջակցություն ցուցաբերել, նրանք ի վիճակի կլինեն դա հաղթահարելու: Եթե թվում է, որ այն ավելի երկար է տևում, քան ձեր կարծիքով պետք է տևեր, օրինակ` շուրջ երկու-երեք շաբաթ, Քլոուզը խորհուրդ է տալիս դիմել ձեր երեխայի մանկաբույժին: «Երեխաները չափազանց ոգևորված են առաջ շարժվելու զարգացման մեջ, այնպես որ, եթե այդ դրդապատճառը չլինի, ես կանհանգստանամ: Բայց հիմնականում, երբ խոսքը վերաբերում է զարգացման փուլին համապատասխան հետընթացին, ես կարծում եմ, որ այն կարճատև է»: