Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում
Մեթոդական ուղեցույց ուսուցիչների, ծնողների, դպրոցի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության խմբի մասնագետների համար
Կարևոր ակնարկներ
Մենք ուզում ենք, որ մեր երկրում բոլոր երեխաների համար բաց լինեն բոլոր դպրոցների և այլ կառույցների դռները, և նրանք, իրենց ծնողների ջերմությամբ ու աջակցությամբ շրջապատված, վստահորեն փնտրեն, գտնեն ու ապահովեն իրենց տեղն ու դերը հասարակության մեջ:
Մարդիկ տարբեր են ու դա բնական է, և այդ տարբերությունն էլ ցանկացած հասարակություն դարձնում է ավելի հարուստ, և, հետևաբար, այն պետք է իր արտացոլումը գտնի նաև դպրոցում:
Դպրոցները պետք է ապահովեն բոլոր երեխաների մասնակցությունը՝ օգտագործելով տարբեր մոտեցումներ ու հնարներ: Երեխաների դժվարությունները կրթության մեջ կարող են շատ տարբեր լինել: Օրինակ՝ նրանք կարող ենք դժվարություններ ունենալ կարդալիս, գրելիս, թվերի հետ աշխատելիս կամ շրջապատող մարդկանց հետ հաղորդակցվելիս, որի համար նրանց պետք է օգնել՝ լրացուցիչ աջակցելով դպրոցում և համագործակցաբար աշխատելով ծնողների հետ: Երեխաների մի խմբի համար այդ դժվարությունները կարող են պայմանավորված լինել հաշմանդամությամբ, որը հանրակրթական ծրագրի յուրացումը դարձնում է ավելի բարդ: Որոշ երեխաների համար այդ խնդիրները ժամանակավոր դժվարություններ են հանդիսանում, մինչդեռ մյուսների համար դրանք կարող են լինել երկարատև և մշտական մասնագիտական աջակցություն պահանջող խնդիրներ:
Որակյալ կրթության ապահովման համար անհրաժեշտ է ուսումնական գործընթացում երեխային դիտել և գնահատել որպես անհատ՝ իր ընդունակություններով, կարողություններով, հետաքրքրություններով և դժվարություններով:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը երեխայի զարգացման տարբեր փուլերում նրա մասին բազմաբնույթ տեղեկությունների հավաքագրման ու տվյալների համակարգման գործընթաց է, որն իրականցվում է երեխայի բնական միջավայրում՝ ապահովելու երեխայի ուսումնական ծրագրերի ճիշտ պլանավորումը, անհրաժեշտ մասնագիտական ծառայությունների և միջավայրային հարմարեցումների տրամադրումը:
Այս ձեռնարկով մենք ձգտել ենք օգնել ուսուցիչներին, ծնողներին, դպրոցի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության խմբի մասնագետներին հնարավորինս շուտ բացահայտել և աջակցել երեխաներին, որոնք ունեն ուսումնական ծրագրերի ճիշտ պլանավորման, միջավայրային հարմարեցումների և անհրաժեշտ մասնագիտական ծառայությունների տրամադրման կարիք: