Հրավիրում ենք բոլոր ընտանիքներին մասնակցել #LearningAtHome կամ #ՏանըՀավեսԷ արշավին
Այստեղ կգտնեք խաղեր, որոնք նպաստում են երեխայի ֆիզիկական, մտավոր և հուզական զարգացմանը։

Քանի որ բոլոր մանկապարտեզները փակ են, իսկ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ծնողները շատ ու շատ ծանրաբեռնված են թե՛ աշխատանքով, թե՛ տնային հոգսերով, թե՛ դպրոցահասակ երեխաների առցանց դասերով, ՅՈՒՆԻՍԵՖ-ը որոշել է աջակցել ծնողներին տանը ամենափոքր երեխաներին զբաղեցնելու հարցում։
Սկսում ենք #LearningAtHome կամ #ՏանըՀավեսԷ արշավը։ Յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆեյսբուքյան էջում և Ինստագրամյան էջում նոր մարտահրավեր ենք նետելու ընտանիքներին՝ խրախուսելով նրանց մասնակցել։
Երեխաների զարգացումը շարունակական է և կանգ չի առնում, իսկ առաջարկվող բոլոր խաղերը նպաստում են երեխայի ֆիզիկական, մտավոր և հուզական զարգացմանը։
Ինչպես մասնակցել․
- Ընտրեք որևէ խաղ/խաղեր։
- Նկարահանեք և տեսանյութը տարածեք սոցիալական մեդիայի ձեր էջերով՝ գրառման մեջ ներառելով #ՏանըՀավեսԷ և #LearningAtHome հեշթեգերը։ Կարող եք նաև ուղարկել մեզ տեսնայութը՝ գրելով մեր Ֆեյսբուքյան էջին։
- Տարածեք նյութը և արշավին մասնակցելու մարտահրավեր նետեք ձեր ընկերներին։
Այս կայքում ներկայացնելու ենք նաև ընտանիքներից ստացած տեսանյութերը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան տիկին Նունե Սարգսյանը երեխաների համար ընթերցում է իր հեքիաթներից մեկը՝ «Նռան հատիկը»։
Եկե՛ք խաղանք

1. Սարդոստայն․մարզվում ենք նաև տանը։
Ամուր ու երկար պարանով կարող եք տանը սարդոստայն ստեղծել։ Թելն անցակցրեք կահույքի տակ, սեղանի կամ աթոռների ոտքերով և փաթաթեք ամենուրեք, որտեղ հնարավոր է։ Պայմանը մեկն է, խաղացողները պետք է անցնեն այդ սարդոստայնով՝ առանց թելերին դիպչելու և իրեր գցելու։
Չեք մոռանում նկարել ձեր պատրաստած սարդոստայնը և այն ուղարկել մեզ կամ տարածել սոց մեդիաներով #FunAtHome և #ՏանըՀավես է հեշթեգերով

2. Պատրաստում ենք միասին և համեղ
Գիտե՞ք, թե ինչ դրական ազդեցություն է ունենում երեխայի վրա նրա հետ միասին ուտեստներ պատրաստելը։ Այն նպաստում է երեխայի սոցիալ-զգայական, խոսքի և մտավոր կարողությունների զարգացմանը։ Պարզ հանձնարարություններից են՝ բլիթների վրա կարագ քսելը, բանջարեղեն խառնելը, սեղան գցելը։ Երեխաները իսկապես սիրում են պատրաստել, կարող եք նաև նրանց պատրաստելու բազային կանոններ սովորեցնել և մթերքի օգտակարության մասին պատմել։ Չմոռանաք ուտեստ պատրաստելուց առաջ և հետո, ինչպես նաև՝ ուտելուց առաջ լվացվել։
Նկարահանեք «Համեղ պատրաստման հաղորդաշարի» ձեր տան թողարկումը և ուղարկեք մեզ կամ տարածեք տեսանյութը սոց ցանցերի ձեր էջերով՝ ներառելով #LearningAtHome և #ՏանըՀավեսէ հեշթեգերը։

3. Նոր հեքիաթ ենք գրում
Երեխայի հետ վերհիշեք մի զվարճալի պատմություն, որ ձեր ընտանիքում է պատահել։ Առաջարկում ենք երեխայի հետ միասին այդ պատմության մասին պատմող գիրք պատրաստել։ Իրար ամրացրեք/սոսնձեք մաքուր թղթեր։ Երեխաները կարող են անձամբ նկարազարդել գիրքը կամ այլ ամսագրերից նկարներ փակցնել։ Երեխան կարող է նկարազարդել գրքի կազմն այնպես, ինչպես ցանկանում է։ Եթե ձեր երեխաները գրել գիտեն, ապա թողեք ինքնուրույն գրեն հեքիաթը, իսկ եթե չգիտեն, նրանք կարող են պատմել, իսկ դուք՝ գրել։
Լուսանկարեք ձեր գիրքը և նկարը ուղարկեք մեզ կամ տարածեք սոց ցանցերի ձեր էջերով՝ չմոռանալով գրառման մեջ ներառել #LearningAtHome և #ՏանըՀավեսէ հեշթեգերը։

4. Տունը գանձերի կղզի է
Պետք է պատրաստվել։ Մի տուփի մեջ դնում ու պահում եք այն, ինչ ձեր երեխան սիրում է ուտել։ Կարող եք նաև նամակ թաքցնել, որ հատուկ երեխայի համար եք գրել։ Հարցեր մշակեք, որոնց պատասխանելով, երեխան կիմանա, թե որտեղ է գտնվում թաքնված իրը։
Իսկ ավելի փոքրերի համար կարող եք անգամ տարբեր տառեր գրել թերթիկների վրա ու դրանք պահել տան տարբեր անկյուններում։ Այնուհետև նա բոլոր տառերը գտնելուց հետո կարող է գտնել թաքնված բառը։
Նկարահանեք երեխայի՝ իրը փնտրելու և ամենակարևորը՝ այն գտնելու պահը և տեսանյութը տարածեք սոց ցանցերի ձեր էջերով #LearningAtHome և #ՏանըՀավեսէ հեշթեգերով։

5. Ստեղծագործում ենք. չպետքական իրերից համակարգիչ ենք հավաքում
Երեխաներին հաստատ դուր կգա անձնական համակարգիչ պատրաստելու գաղափարը։ Կարող եք վերցնել ստվարաթուղթ կամ օգտագործված մթերքի թղթե տուփը և այն հարմարացնել էկրանի համար։ Իսկ, օրինակ, ձվի տուփը կարող է ստեղնաշարի դեր տանել։ Կարելի է ներկել տառերը և նկարներ նկարել ու դնել էկրանի փոխարեն։
Այսպիսով՝ կարող եք երեխային խրախուսել նամակներ պատրաստել և ուղարկել իրենց ընկերներին, ովքեր հիմա հեռու են։
Տարածեք ձեր համակարգչի նկարները #LearningAtHome և #ՏանըՀավեսէ հեշթեգերով: Հետաքրքիր է՝ ձեր համակարգիչն ինչից է պատրաստված։

6. Երաժշտություն ենք նվագում
Այսօրվա մարտահրավերի համար պետք կգան թավաներ, պլաստիկ շշեր, գդալներ և այլն։
Երեխայի հետ միասին այսօր ռոք համերգ պետք է կազմակերպեք ու նվագեք ու երգեք ձեր ամենասիրելի երգերը։
Կարող եք միացնել որևէ երաժշտություն ու դրան համահունչ նվագել ձեռքի տակ եղած գործիքներով։
Կարող եք վերցնել որևէ հայտնի երգ։ Չմոռանաք տեսանկարահանել համերգն ու տարածել #LearningAtHome և #ՏանըՀավեսէ հեշթեգերով։

7. Մեր մանկության տանգոն, չէ՛, սխալվեցինք՝ խաղը
Մեկ այլ հետաքրքիր բան, որ կարող են անել ծնողները։ Ձեր երեխաների հետ խաղացեք ձեր մանկության խաղերից՝ «հոլ», «ռեզին», «կլաս»։ Գուցե այս խաղերը պարզ են թվում, բայց դրանք նպաստում են երեխայի ոչ միայն ֆիզիկական, այլ նաև՝ զգայական առողջության բարելավմանը։
Փնտրեք և գտեք հին հայկական խաղեր ու խաղացե՛ք ձեր երեխաների հետ։
Մեզ ևս հետարքրքիր է, թե ինչ ավանդական խաղեր կան։ Այդ պատճառով խնդրում ենք նկարահանել խաղը, ուղարկել մեզ կամ տարածել տեսանյութը սոց ցանցերի ձեր էջերով՝ գրառման մեջ ներառելով #LearningAtHome և #ՏանըՀավես է հեշթեգերը։

8. Գուշակի՛ր, թե ինչ է
Այս խաղը զարգացնում է երեխայի մաթեմատիկական և խոսքի կարողությունները։ Կարող եք սկսել այսպես․ «Ես այս սենյակում տեսնում եմ երեք կապույտ իր, որո՞նք են դրանք»։ Թողեք՝ երեխան շարունակի հարցեր տալ այդ առարկայի վերաբերյալ՝ մինչև կկարողանա գուշակել, թե ինչ իր եք նկարագրում։ Որոշ լրացուցիչ բնութագրիչներ կարող եք դուք նույնպես հաղորդել, օրինակ՝ «այն կլոր է և փոքրիկ» կամ «այն սպիտակ է և փափուկ»։ Ավելի փոքրերի համար կարող եք ասել․ «ես տեսնում եմ մի բան, որ շարժվում է», մինչդեռ մեծերին կարելի է ավելի բարդ տարբերակով նկարագրել, օրինակ՝ «Դա մի բան է, որ Կ տառով է սկսվում»։
Ի դեպ, առաջարկում ենք այս խաղում ներառել նաև տան բոլոր երեխաներին։ Ավագ քույրերը կամ եղբայրները հաստատ կկարողանան լավ տեսանյութ նկարահանել ու խաղի մեկ հաջողված մաս ուղարկել մեզ՝ #LearningAthome և #ՏանըՀավես է հեշթեգերով։

9. Մուլտֆիլմ ենք նկարում
ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջարկում է երեխաների հետ միասին մուլտֆիլմ նկարահանել։
Երեխաների հետ միասին մի պատմություն ընտրեք/հորինեք։
Բազմաթիվ սև ու սպիտակ կամ գունավոր պատկերներ նկարեք միասին։
Նրանց հետ միասին տեսանյութ հավաքեք/պատրաստեք։
Ուղարկեք մեզ կամ տարածեք այդ մուլտֆիլմը սոց ցաննցերի ձեր էջերով՝ ներառելով #LearningAtHome և #ՏանըՀավես է հեշթեգերով։

10. Կրկնօրինակում ենք հայտնի նկարներից մեկը
Առաջարկում ենք համացանցից ընտրել հայ կամ այլազգի հայտնի նկարիչների կտավներից մեկը, որ կարծում եք՝ կարող եք կրկնօրինակել: Փորձեք տան պայմաններում եղած իրերի, հագուստների, սննդի և այլ պարագաների շնորհիվ վերստեղծել այդ կտավը։
Լուսանկարում եք կտավի ձեր տարբերակը, այնուհետև, բնօրինակի և ձեր ստացած կտավի լուսանկարները կողք-կողքի դնելով, ուղարկում եք մեզ և տարածում համացանցում #LearningAtHome և # ՏանըՀավեսԷ հեշթեգերով։
Սնունդը, խաղը և սիրով լի ու անվտանգ միջավայրը զարգացնում են երեխայի ուղեղը՝ ամուր հիմք ստեղծելով ողջ կյանքի համար: Խաղը երեխայի իրավունքն է. այն էական նշանակություն ունի երեխայի մտավոր, ֆիզիկական, սոցիալական և հուզական զարգացման համար:

11. Զարգացնում ենք ստեղծագործ միտքը. ի՞նչ կարելի է ստեղծել թղթե արկղից
Եթե կարող եք, գտեք մի մեծ թղթե արկղ և սկսեք ստեղծագործել։
Կզարմանաք, թե որքան շատ են երեխաները սիրում խաղալ հասարակ իրերով։ Կարելի է ամրոց կամ նավակ կառուցել, կարելի է ուղղակի այն նկարազարդել կամ հին ամսագրերի նկարներով այն զարդարել։ Երևակայեք ինքներդ։
Եթե տուփը բավական մեծ է, կարող եք նույնիսկ տունիկ կառուցել՝ բարձերով, սավաններով և աթոռներով։ Կարևորը չշտապել և թողնել, որ երեխաները կառուցեն։
Կարևոր է նաև նկարահանել այդ գործընթացը և մեզ ուղարկել տեսանյութը կամ տարածել այն սոց ցանցերի ձեր էջերով՝ չմոռանալով ներառել #LearningAtHome և #ՏանըՀավեսԷ հեշթեգերը։

12. Մաքրության օր է․ լվանում ենք տիկնիկները, խաղալիքները, մեքենաները․․․
Երեխայի բոլոր խաղալիքները վերցրեք և միասին լցրեք լվացարանի կամ այլ տարայի մեջ։ Նախապես լվացարանի/տարայի մեջ օճառաջուր պատրաստեք։
Մեկ ուրիշ տարայի մեջ մաքուր ջուր լցրեք և օգտագործեք այդ տարան խաղալիքների պարզաջրման համար։ Պարզաջրելուց հետո չորացրեք խաղալիքները մաքուր սրբիչով։Իսկ նախադպրոցական տարիքի երեխաներին կարող եք նույնիսկ սովորեցնել լվանալ իրենց գուլպաները կամ թաշկինակները։
Տեսա կամ լուսանկարեք այս գործընթացը և ուղարկեք մեզ լուսանկարները/տեսանյութերը։ Տարածեք դրանք #LearningAtHome և #ՏանըՀավեսԷ հեշթեգերով։

13. Պատրաստում ենք պլաստիլին
Հավատացե՛ք՝ երեխաները շատ են սիրում խաղալ պլաստիլինով, առավել ևս, երբ անձամբ են պատրաստում նյութը։ Ի դեպ, պլաստիլինով խաղալը զարգացնում է երեխայի մոտորիկան։ Ահա մի պարզ բաղադրատոմս․ 1 բաժակ ալյուր, 1 բաժակ ջուր, ¼ բաժակ աղ, 2 թեյի գդալ ձեթ, 1 տուփ դոնդող(ժելատին), մի պտղունց վանիլին հաճելի հոտի համար
Կաթսան մարմանդ կրակի վրա դրեք: Կաթսայի մեջ լցրեք բոլոր բաղադրիչները՝ բացի ալյուրից: Երբ կաթսայի պարունակությունը տաքանա, ավելացրեք ալյուրը: Խառնեք կաթսայի պարունակությունը և այն պահեք կրակի վրա մինչև խտանալը: Դա կտևի մոտ 3-5 րոպե:

14. Ծիածանը ափսեում
Երեխայի հետ միասին ծիածանի գույներով նախուտեստ պատրաստեք։
Վերցրեք տարբեր գույների օգտակար միրգ և բանջարեղեն՝ բանան, ելակ, գազար, գունավոր պղպեղներ, բրոկոլի և այլն։ Թողե՛ք՝ երեխան անձամբ ընտրի իր ծիածանի գույները։ Համտեսելուց հետո հարցրեք նրան, թե որ գույնն էր ամենահամեղը։
Չմոռանաք նկարել նրա պատրաստած ծիածանը և ուղարկել մեզ կամ տարածել սոց ցանցերով #LearnigAtHome և #ՏանըՀավեսԷ հեշթեգերով։

15. Սովորում ենք նկարել
Այս մեկը ձանձրալի և անձրևոտ օրերի համար է։
Ավելի մեծ տարիքի երեխաներին կարող եք տրամադրել ձեր հեռախոսը/պլանշետը և YouTube-ում որոնել «Ի՞նչպես սովորել նկարել»։ Քայլ առ քայլ հետևելով տեսանյութին՝ նրանք կարող են սովորել շներ, կատուներ, մրգեր և կամ այլ պատկերներ նկարել։ Հետո կարող են նաև ներկել իրենց նկարները։

16. Հայկական պար ենք սովորում
Պարել գրեթե բոլորն են սիրում, իսկ երեխաները՝ առավել։
Առաջարկում ենք ամբողջ ընտանիքով դիտել YouTube-ով որևէ պար և սերտել այն։
Ի դեպ, չմոռանաք նկարահանել, թե ինչպես եք ընտանիքով պարում հայական որևէ պար, և ուղարկել մեզ տեսանյութը կամ տարածել սոց ցանցերի ձեր էջերով՝ ներառելով #LearningAtHome և #ՏանըՀավեսԷ հեշթեգերը։
Զարգանալու և ապագա մարտահրավերներին դիմակայելու համար երեխաները ավելի շատ խաղի կարիք ունեն այսօր: Բոնուս խաղեր քաջ մայրիկների և սուպեր հայրիկների համար։

17. Օրիգամի պատրաստել գիտե՞ք
Եթե ոչ, ապա ճիշտ ժամանակն է սովորել։ Ձեզ պետք կգան ընդամենը գունավոր թղթեր և հմուտ ձեռքեր ու մատիկներ։ Այսպիսի խաղերը զարգացնում են երեխայի մանր մոտորիկան և ստեղծագործական միտքը։
Ուղարկեք մեզ օրիգամիների պատրաստման ձեր տեսանյութը կամ տարածեք այն սոց ցանցերի ձեր էջերով #LearningAtHome և #ՏանըՀավեսԷ հեշթեգերով։

18. Երեխաները վաղ տարիքից պետք է ճանաչեն իրենց իրավունքները
Ծանոթացրեք ձեր երեխաներին իրենց իրավունքների հետ։ Ի դեպ, փոքրիկների համար սա յուրահատուկ օր պետք է լինի՝ առաջին ատամը հանելու օրվա կամ առաջին քայլն անելու օրվա նման։
Դրա համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծել է հատուկ գրքեր՝ ամենափոքրիկների համար և ավելի մեծիկների համար։ Ուղարկեք մեզ ձեր երեխայի ամենասիրած էջը այս գրքերից․ ո՞րն է նրա ամենասիրած իրավունքը։ Չմոռանաք տարածել սոց ցանցերի ձեր էջերով այս մարտահրավերը՝ #LearningAtHome և #ՏանըՀավեսԷ հեշթեգերով։

19. Շնչիր-արտաշնչիր
Դանդաղ շնչելը կարող է օգնել երեխային (նաև ձեզ), երբ նա (դուք) ջղային է, սթրեսված կամ հուսահատ։ Առաջարկում ենք փոքրիկին պառկել մեջքի վրա և փորիկի վրա դնել ինչ որ փափուկ խաղալիք։ Ասացե՛ք թող փոքրիկը խորը շնչի-արտաշնչի այնպես, որ փափուկ խաղալիքը բարձրանա վերև, իջնի ցած։
Այսպիսով երեխաները կսովորեն հանդարտ ու խորը շնչել, որը կօգնի նրանց «պայքարել, փախչել» տրամադրությունից սահուն անցնել դեպի «հանդարտվել և մարսել» վիճակի։ Խորը շնչելու արդյունքում ավելի շատ թթվածին է ուղղվում դեպի արյունատար համակարգ, որն իր հերթին լայնացնում է մազանոթներն ու օգնում նվազեցնել սթրեսը։

20. Ուրախ պղպջակներ
Պղպջակ պատրաստելը կատակ բան չէ, պետք է դանդաղ ու զգույշ փչել, որ ստացվի։
Ձեռքերով պղպջակներ պատրաստելը իսկապես հանգստացնող զբաղմունք է երեխաների համար։ Նրանք կարող են ձեռքերը մտցնել աճառաջրի մեջ, հետո ձեռքով կլոր խողովակ ստեղծելով՝ փորձելով պղպջակներ փչել։ Կարող են նույնիսկ ցուցամատը բութին մոտեցնել ու կրկին փորձել։ Հաստատ կստացվի։
Սիրելի՛ ծնողներ, մասնակցե՛ք, տարածե՛ք ձեր տեսանյութերը և ոգեշնչե՛ք մյուս ծնողներին։

21. Յոգան հանգստացնում է
Եթե յոգայի պարզ դիրքեր գիտեք, ձեր երեխային էլ ներառեք ու միասին զաղվեք յոգայով։ Երեխաներին հարմապատասխանող դիրքեր գտեք համացանցում ու միասին փորձեք։ Վստահ ենք, որ այսպես թե՛ դուք, թե՛ երեխան կհանգստանաք ու գուցե այն ամենօրյա օրակարգի մեջ էլ ներառե՞ք։
Օրինակ՝ ալարկոտ կատվի դիրքը բավականին հարմար է։ Համարենք մենք ալարկոտ կատու ենք, որը հենց նոր է արթնացել երկար քնից։ Լավ ձգվեք, ձգեք ձեր ձեռքերը, ոտքերը, մեջքը, բայց դանդաղ՝ ճիշտ կատվի նման։
Փորձեք յոգայի միջոցով հանգստացնել ձեր և ձեր երեխայի միտքն ու մարմինը։

22. Հիշողությունները վերապրելը կօգնի հաղթահարել սթրեսը
Ընտանիքի հետ միասին վերանայեք ձեր լուսանկարների ընտանեկան արխիվը։ Վերհիշեք, թե ինչ հաճելի ու զվարճալի պահեր եք միասին անցկացրել։ Նույնիսկ երկու տարեկանների համար սա կարող է հետաքրքրող զբաղմունք դառնալ։ Նրանք կարող են ցույց տալ նկարներում մարդկանց և ճանաչել ընտանիքի անդամներին։
Որոշ նկարներ կարող եք անգամ ուղարկել ընտանիքի մյուս անդամներին կամ ընկերներին, ովքեր այս պահին հեռու են և ում հետ միայն առցանց եք շփվում։ Նրանց հաստատ դրական էմոցիաներ կպարգեևեք։
Այլ վայրերից ու ժամանակներից հիշողությունները վերապրելը կօգնի դրական տրամադրվել ու հաղթահարել սթրեսը։ Այնպես որ վերցրեք ձեր ֆոտո ալբոմը կամ հեռախոսը և սկսեք։

23. Պարում ենք, «հոպ» հիմա սառչում ենք
Մի լավ աշխույժ երգ միացրեք ու երեխաների հետ միասին պարեք։ Մի քանի րոպե անց, անջատեք երաժշտությունն ու ասացե՝ «սառչում ենք»։ Երեխաները պետք է սառչեն այն դիրքում, որում երաժշտությունը կանգ է առել։ Հետո կրկին միացնում ենք երաժշտությունն ու կրկին պարում։ «Սառչում» ենք․․․
Ներկայացնում ենք ընտանիքներից ստացված տեսնայութերը
