Վերադարձ դպրոց. Ինչպե՞ս ապահովել երեխաների բարեկեցությունը. խորհուրդներ ծնողներին և ուսուցիչներին

Հոգեբանության ամերիկյան ասոցիացիան 6 հուշում է տալիս ծնողներին՝ դպրոցական կրթության անցնելու վերաբերյալ:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Բժշկական դիմակով տղան նստած է դասասենյակում իր գրասեղանի մոտ և  ամուր փակել է աչքերը։
UNICEF Armenia/2020/Galstyan
19 Մայիս 2021

Յուրաքանչյուր երեխայի համար դպրոց վերադարձը մարտահրավեր է, սակայն, դա հատկապես բարդ կարող է լինել այն 20 տոկոսի համար, որոնք հոգեկան առողջության կամ ուսումնառության հետ կապված խնդիրներ ունեն:

Այն ինչ անհրաժեշտ է անել դպրոցական միջավայրում, ամառային շրջանում պարտադիր չէ, օրինակ՝ հանգիստ նստելու կարողություն, կազմակերպվածություն, առաջադրանքի վրա կենտրոնացում, նոր, խիստ կազմակերպված առօրյային հարմարում: Դպրոցում երեխան նաև առանձնանում է ծնողներից, շփվում տարեկիցների հետ: Տագնապներ ունեցող երեխաների համար սա բարդ մարտահրավեր է:

Հոգեբանության ամերիկյան ասոցիացիան 6 հուշում է տալիս ծնողներին՝ խոցելի երեխաների հետ դպրոցական կրթության անցնելու վերաբերյալ:

1․ Հոգեկան առողջության խնդիրներն ի հայտ են գալիս դպրոց վերադառնալու ժամանակ

Հատուկ կարիքներ ունեցող երեխաներ նոր ժամանակացույցին վարժվելիս զգալի աջակցության կարիք ունեն: Որպես ծնող, Դուք կարող եք մեղմել երեխայի տագնապները՝ վստահության և հանդարտության Ձեր օրինակը, նաև՝ կազմակերպելով ընտանեկան առօրյան (ճաշի ժամ, տնային աշխատանք, քնելու ժամ):

Եթե երեխայի մոտ ծայրահեղ տագնապի նշաններ կամ, դպրոցում անսովոր բարդություններ եք նկատում, Ձեր մտահոգություններն անհապաղ քննարկեք երեխայի ուսուցչի, ինչպես նաև հոգեկան առողջության մասնագետի հետ, որը կբացատրի, թե որքանով են նորմալ կամ տարիքին բնորոշ երեխայի խնդիրները, կամ հավելյալ գնահատում կիրականացնի:

2. Երեխայի ուղեղը կտրուկ փոփոխությունների է ենթարկվում

Երեխայի ուղեղում տեղի են ունենում հիմնավոր փոփոխություններ, հատկապես դեռահասության տարիքում: Դեռահասի ուղեղը սկսում է «էտել» ինքն իրեն. ամրապնդում է որոշ ճյուղավորումներ կամ հեռացնում է մյուսները: Արդյունքում ձևավորվող ժամանակավոր անհավասարակշռությունը կապվում է դեռահասների մոտ անկառավարելի և ռիսկային վարքի հետ, ինչպես նաև կարող է սկիզբ դնել տագնապային խանգարումներին, դեպրեսիային և նյութերի չարաշահման հակումներին:

Այս խոցելի ժամանակահատվածում դեռահասը սկսում է նմանակել մեծահասակներին, մտածում, որ ինքն արդեն մեծ է, սակայն, կարող է չունենալ սթրեսի կառավարման անհրաժեշտ հմտություններ: Ուստի, շատ կարևոր է դեռահասի հետ անկեղծ զրույցը: Եթե դուք ամեն օր ժամանակ չեք հատկացնում երեխայի հետ նրա առջև ծառացած մարտահրավերներն ու դպրոցական կյանքը քննարկելու համար, ապա հիմա ճիշտ ժամանակն է դրա համար:

3. Անհանգիստ ծնողները դպրոց են ուղարկում անհանգիստ երեխաների

Տագնապային խանգարումները ներխուժում են ընտանիքներ: Տագնապներ ունեցող մարդը հակված է ամուսնանալ տագնապներ ունեցողի հետ: Երկու տագնապային ծնողի երեխան հատկապես մեծ ռիսկի է ենթարկվում: Սակայն, գենետիկան գործոններից, ընդամենը, մեկն է: Մեկ այլ գործոն է՝ միջավայրը: Երեխաները, իրոք, սպունգի նման են. նրանք կլանում են էներգիան և ընդօրինակում իրենց շրջապատող վարքագիծը:

Ամենաօգտակար բաներից մեկը, որ կարող եք անել՝ հանդարտ, վստահ վարք դրսևորելն է, հատկապես, երբ օգնում եք երեխային՝ դպրոցին պատրաստվելիս: Որպես կանոն, ծնղի անհանգստությունը փոխանցվում է երեխային:

4. Ուսուցչի դերը կարևո՛ր է. թերևս ավելի, քան կարծում եք

Ուսուցիչը երեխայի ընտանիքը ճանաչում է երեխայի աչքերով, և նա գիտի, թե երեխան ինչպես է պահում իրեն, երբ ծնողը կողքին չէ: Դա նշանակում է, որ ծնողը կարող է երեխայի մասին շատ տեղեկություն ստանալ ուսուցչից. լինի դա ուսումնառության հետ կապված դժվարությունների, հասակակիցների հետ խնդիրների, թե կրթական ձեռքբերումների և մտերիմ ընկերների մասին:

Ուսուցիչները դաշնակիցներ են, և Դուք պետք է կանոնավոր խոսեք նրանց հետ: Նրանց կարելի է ուղղել հետևյալ հարցերը. ինչպիսի՞ն է իմ երեխան, ի՞նչ մտահոգություն ունեք նրա սոցիալական կամ կրթական հմտությունների հետ կապված, Ձեր կարծիքով, նա ինչ-որ հարցում իմ օգնության կարիքն ունի՞:

5. Արդյոք կարևո՞ր է տնային աշխատանքին ժամանակ հատկացնելը

Կրթական դժվարություններ ունեցող փոքրահասակ երեխաների, ինչպես նաև որևէ խնդիր չունեցողների համար միշտ օգտակար է տնային աշխատանքներում ծնողի ներգրավվածությունը: Ծնողները պետք է ժամանակ հատկացնեն ամեն երեկո կանոնավոր «տնային աշխատանք» կատարելու համար:

Ահա լավ առօրյայի օրինակ. կարող եք դասավորել աշխատանքային տարածքը, օգնել դասավորել դպրոցական պայուսակը, միասին աչքի անցկացնել տնային առաջադրանքը, քննարկել տնային աշխատանքը, ինչպես նաև, դրա հետ կապված ցանկացած հարց: Այդպիսով, կարող եք ուսումնասիրել, թե որոնք են ձեր երեխայի ուժեղ և թույլ կողմերը ուսումնառության ընթացքում՝ միաժամանակ ամրապնդելով դրական սովորությունները: Եղեք դրական և խրախուսող:

6. Աջակցել երեխային որպես ծնող և որպես ուսուցիչ

Անցումային ցանկացած փուլում՝ լինի դա առաջին անգամ դպրոց գնալ կամ նոր ուսումնական տարվա մեկնարկ, շատ կարևոր է լավ հաղորդակցությունը, խնդրին առնչվող յուրաքանչյուրի կարիքների ըմբռնումը: Ուսուցիչը պետք է զրուցի ծնողի հետ՝ նոր դասարան փոխադրվելու մասին: Դա թույլ կտա, որ ծնողը դրական ուղերձ փոխանցի երեխային՝ նոր միջավայրի մասին:

Ծնողը պետք է լսի երեխային՝ նրան հնարավորություն տալով քննարկելու դպրոց վերադարձը՝ անդրադառնալով ինչպես նրա ակնկալիքներին, այնպես էլ՝ մտահոգություններին: Սա հատկապես կարևոր է այս տարի: Երեխան պետք է ուսուցչին և ծնողին վստահորեն ներկայացնի դպրոցի հետ կապված իր մտքերն ու զգացողությունները:

Սա պետք է շարունակական զրույց լինի՝ ուսումնական տարին սկսելուն պես, որպեսզի առաջին օրերին ու շաբաթներին ծագող ցանկացած խնդիր անկեղծ քննարկվի, իսկ մշտական բնույթի խնդիրները քննարկվեն դպրոցի անձնակազմի հետ: Դպրոցի անձնակազմը պետք է անցումային գործընթացում լսի ծնողներին և աշակերտներին:

Հոգեբանն աշխատում է երեխաների հետ։
UNICEF Armenia/2021/Grigoryan

Երեխան պետք է պատրաստված լինի դպրոց վերադառնալուն:

Ծնողը դա կարող է ապահովել գործնական միջոցներով, օրինակ՝ գնել դպրոցական համազգեստը և վրան փակցնել դպրոցի խորհրդանշանները, գնել կոշիկն ու գրենական պիտույքները, որպեսզի սկսելուց առաջ երեխաները ունենան անհրաժեշտ ամեն ինչ:

Ուսուցիչը պարտավոր է ապահովել, որ նոր միջավայրում երեխաները հարմարավետ զգան, կարողանան բովանդակալից հարաբերություններ ձևավորել և արդյունավետ շփվել: Դպրոց վերադառնալուն նախորդող ժամանակահատվածում աշակերտները կարող են որոշ ժամանակ կտրված լինել դպրոցական կրթությունից:

Օգտակար կլինի, եթե ուսուցիչը նոր աշակերտին հավելյալ ուղղորդում և աջակցություն ցուցաբերի՝ նոր վայրին ծանոթանալու, փոփոխված միջավայրում արագ հարմարվելու և դրա մի մասը դառնալու նպատակով:

Համավարակի հետևանքով, առանձնապես կարևոր է երեխային նոր միջավայրին ավելի լավ ծանոթանալու հնարավորություն տրամադրելը: Ուսուցիչը պետք է նաև ապահովի, որ երեխան ընկերներ ձեռք բերելու հնարավորություն ունենա, այդ կերպ նպաստելով՝ դասարանի ներսում հարաբերությունների զարգացմանն ու բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը: