Էլեկտրոնային աջակցության քարտ՝ ընտանիքի առաջնային կարիքները լուծելու համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի գերատեսչության ֆինանսական աջակցությամբ մեկնարկել է ընտանիքների աջակցության ծրագիր e- քարտերի միջոցով։

Կուշանե Չոբանյան
Cash assistance helps Gayane and her family navigate the winter months in their new home
UNICEF Armenia/2025/Ghazaryan
06 Փետրվար 2025

40-ամյա բուժքույր Գայանե Ավետիսյանը 2023 թվականին իր հայրենի քաղաքից տեղահանվել է Հայաստան: 

«Երբ ամեն ինչ սկսվեց, աղջիկս դպրոցից արագ տուն հասավ, բայց տեսանք, որ տղաս իր հետ չէ: Նա աուտիզմ ունի, շատ ուշիմ երեխա է, սակայն այդ պահին ենթադրում էի, որ վախեցած կլինի, չկարողանա ճիշտ կողմնորոշվել: Հետո եկավ տուն՝ քրտինքի մեջ կորած, սարսափած ու պատմեց, որ ռմբակոծության ժամանակ մի մարդ իրեն և երեք ընկերներին արագ նկուղ է իջեցրել: Վերջերս ենք միայն պարզել, թե ով է եղել այդ մարդը, որին անվերջ շնորհակալ եմ», -

պատմում է Գայանեն:

2023 թվականի հուլիս ամսին ծնված նրա երրորդ երեխան՝ Ալեքսանդրը, երկու օր ճանապարհ է եկել բանանի արկղի մեջ, քանի որ գազել մեքենայում նրա սայլակի համար տեղ չի գտվնել, իսկ երեխային ձեռքին գրկած՝ երկու օր ճանապարհ անցնելը շատ վտանգավոր կարող էր լինել փոքրիկի համար: 

Գորիս հասնելուն պես, բժիշկները զննել են նրան, տեսել, որ ձեռքերի մաշկը խոնավությունից վնասվել է: Անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո է միայն երեխան ապաքինվել: 

Երեք երեխաների մայրը հիմա ապրում է Էջմիածին քաղաքում ամուսնու, սկեսուրի և սկեսրայրի հետ: Քանի որ երեխաներից մեկն աուտիզմ ունի, քաղաքային միջավայրը, որտեղ կան անհրաժեշտ պայմաններ երեխայի վերականգնողական կենտրոն տանելու համար, առաջնահերթություն են այս ընտանիքի պարագայում:

Cash assistance helps Gayane and her family navigate the winter months in their new home
UNICEF Armenia/2025/Ghazaryan

«Երբ եկանք Հայաստան, սկզբից մենք բնակվում էինք Հովտաշատ գյուղում, որտեղ անգամ ներառական դպրոց չկար: Երեխայիս տարիներ շարունակ մեր հայրենի քաղաքում վերականգնողական կենտրոն եմ տարել, բայց ինը ամիս գյուղում մնալուց հետո հասկացանք, որ տարիների աշխատանքը ջուրն ենք գցում: Տեղափոխվել ենք այստեղ ու թեև վարձ ենք տալիս, ձմեռվա ամիսներին էլ կոմունալ վճարումների համար բավական մեծ գումար մուծում, բայց կարևորը երեխայի կյանքի որակն է», -

ասում է Գայանեն, որ հիմա չի աշխատում և զբաղվում է երեխաների խնամքով:

Ընտանիքի կերակրողն այս շրջանում ամուսինն է, որը նոր է վիրահատվել տարել: Սկեսրայրը հավեր է պահում, փորձում են որևէ կերպ հոգալ մեծ ընտանիքի կարիքները:

2024 թվականի մարտ ամսին Գայանեն հնարավորություն է ստացել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից 25.000 դրամ արժողությամբ հագուստի վաուչերի օգնություն ստանալ: Եվս երեք փաթեթ էլ ստացել է 2025 թվականին՝ սննդի, հարմարավետ կենցաղի և առողջության համար հատկացվող քարտեր (ընդհանուր՝ 150.000 դրամ):

Հունվարից փետրվար ամիսներին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի գերատեսչության ֆինանսական աջակցությամբ և մի շարք գործընկերների հետ համատեղ մեկնարկել է ընտանիքների համալիր գնահատման հիման վրա սոցիալական աջակցության մեկանգամյա տրամադրման ծրագիր։

Աջակցությունն ուղղված է հիմնականում երեխա ունեցող ընտանիքներին, հղի կանանց, նորածին երեխա ունեցող ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին և այլ խոցելի խմբերին։ Առաջին անգամ այս տարի, որ աջակցության տրամադրումը կազմկերպվել էր էլեկտրոնային քարտերի միջոցով: 

«Սոցիալական աշխատողները գնահատել են  տվյալ ընտանիքի ամենահրատապ կարիքները, օգտագործելով տեղեկատվական համակարգեր, ապա որոշ բնութագրիչներից ելնելով ընտանիքներին տրամադրվել է մինչև երեք տիպի քարտ: Մեզ համար կարևոր էր, որ աջակցությունը հասնի ընտանիքներին հենց տոնական օրերին և ձմռանը: Նման մեխանիզմ ստեղծելու ու փորձարկելու անհրաժեշտությունը բխում է նաև նոր Սոցիալական աջակցության օրենքից; Հետագայում նախարարությունը կարող է այն գործարկել որպես ևս մեկ հրատապ աջակցության գործիք՝ խոցելի ընտանիքներին օգնելու համար:2,860 ընտանիք արդեն իսկ կարողացել է օգտվել քարտերից, հիմա ամփոփում ենք արդյունքներն ու քաղված դասերը:»,- 

մանրամասնեց Արմենուհի Հովակիմյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Սոցիալական քաղաքականության բաժնի ղեկավարը: 
Cash assistance helps Gayane and her family navigate the winter months in their new home
UNICEF Armenia/2025/Ghazaryan

Գայանեն ասում է, որ ուրախ է, որ Ամանորից հետո ստացավ e- քարտը, որի միջոցով կարողացել է բազային կարևոր իրեր ձեռքբերել: Ընտանիքը գնել է սնունդ և դեղորայք:

«Երբ ընտանիքը մեծ է, նման օգնությունները շատ կարևոր են: Մարդիկ կան, որոնք մտածում են, որ միանվագ օգնությունները որևէ լուրջ հարց չեն լուծում, բայց ես այնքան բան եմ ձեռք բերել այս ընթացքում: Սննդի առումով գոնե գիտեմ, որ ամենօրյա անհրաժեշտության ուտելիք դեռ կա: Մոտ 60.000 դրամի տնտեսական ապրանքներ եմ գնել՝ լվացքի փոշուց սկսած մինչև 1,5 տարեկան երեխայիս համար անհրաժեշտ տակդիրներ»,- նշում է Գայանեն: 

Գայանեն դեռ ամբողջությամբ չի ծախսել դեղորայքի համար նախատեսված գումարը: Մտնում ենք դեղատուն ջերմաչափ և փոքրիկ Ալեքսանդրի համար գրիպի դեմ դեղամիջոց գնելու համար:

«Ամուսինս և սկեսրայրս դեղորայքի կարիք ունեին, որը բավական թանկ էր: Դեղորայքի փաթեթից կարողացա հատկացնել նրանց, մի քանի առաջնային անհրաժեշտության դեղեր գնեցի: Եթե այս օգնությունը չլիներ, տան վարձի ու կոմունալների ծախսերի հետ միասին այդ ամենը կազմակերպելը անհնար կլիներ, իսկապես՝ անհնար»:

Cash assistance helps Gayane and her family navigate the winter months in their new home
UNICEF Armenia/2025/Ghazaryan

Էջմիածնում վարձակալած սեփական տան ներսում փոքրիկ Ալեքսանդրի զվարթ ծիծաղը տան անդամներին չի թողնում շատ մտածել կարիքի մասին: