Մարտունիում երեխաների համար նոր կենտրոն է բացվել
Նոր կենտրոնը Մարտունիում և հարակից համայնքներում բնակվող տեղահանված երեխաներին անվճար մասնագիտացված ծառայություններից օգտվելու հնարավորություն է տալիս:
- Հայերեն
- English
Գտնվելով Հայաստանի կապուտակ Սևանա լճի հարավային ափին` Մարտունին բավականին փոքր քաղաք է: Այժմ այնտեղ բնակվում են նաև էթնիկ հայ փախստական ընտանիքներ, որոնք ստիպված են եղել փախչել իրենց հայրենիքից 2023 թվականին: Շատ ընտանիքների համար այս ճանապարհը այդքան էլ հարթ չի եղել, հատկապես, որ երեխաների համար նախատեսված մասնագիտացված շատ ծառայություններ հասանելի չեն:
2026 թվականի հունիսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը միացավ Մարտունու Կանանց համայնքային կենտրոնին՝ ստեղծելու «Գունապնակ» կենտրոնը: Եվ ինչպես գունապնակը միավորում է մի շարք գույների, այս կենտրոնը միավորել է համայնքը՝ երեխաներին մի շարք ծառայություններ մատուցելու համար՝ սկսած խոսքի թերապիայից, խորհրդատվությունից և հոգեսոցիալական աջակցությունից մինչև դեպքերի կառավարում և դրական ծնողական ուղղորդում:
Այսօր ավելի քան 40 երեխա բազմամասնագիտական թիմի կողմից ստանում է անվճար ծառայությունների փաթեթ: Կենտրոնում շուրջ 16 տեղահանված երեխաներ կան, մոտ 15 զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, որոնք Մարտունի են գալիս ոչ միայն հենց քաղաքից, այլ նաև քաղաքին մոտ գտնվող Արծվանիստ, Վարդենիկ, Աստղաձոր, Լիճք, Վաղաշեն, Ներքին Գետաշեն և Գեղահովիտ գյուղերից:
«Փախստական երեխաների համար աջակցության կարիքը չի ավարտվում արտակարգ իրավիճակի ավարտով։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ճկուն հումանիտար աջակցությունը հնարավորություն է տվել ստեղծել և շարունակել անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը և ապահովել, որ այդ ծառայությունները հասանելի լինեն նաև երկարաժամկետ կտրվածքով։ Մարտունիում Գունապնակ զարգացման կենտրոնի միջոցով մենք այդ մասնաագիտական ծառայությունները հասցնում ենք երեխաներին և ընտանիքներին՝ հենց նրանց համայնքում և անվճար», -
Կենտրոնի հոգեբան Մարիամ Զիրոյանն ասում է, որ Գունապնակի հիմնադրման հիմքում տարբեր երեխաների կարիքներն են: Որպես հոգեբան՝ վերջին տարիներին ծնողները հաճախ իրեն էին դիմում լոգոպեդի, հատուկ մանկավարժի, սոցաշխատողի մասնագիտական աջակցության ակնկալիքով: Մարտունիում գործող վճարովի զարգացման կենտրոններին զուգահեռ, ծնողները փնտրում էին որակյալ ու անվճար զարգացման կենտրոն:
Յոթամյա Վիկտորյան ցույց է տալիս պատին փակցված գունավոր թղթերով պատրաստված նկարն ու նշում, որ ընկեր Մարիամի հետ են պատրաստել:
Մոնթեն, որին քայլ առ քայլ պատրաստում են դպրոցին, ասում է, որ միայն խաղալ է սիրում ու այստեղ երբեք չի ձանձրանում:
Վիկտորյայի ու Մոնթեի մայրիկը՝ Անին, ասում է, որ կենտրոնը դեռ մեկ ամիս էլ չկա, ինչ բացվել է, բայց իր երեխաների տրամադրության, վարքի փոփոխություններն ակնհայտ տեսնում է: Ծնողն իր մեջ էլ է փոփոխություններ նկատում:
Տեղահանությունը առանց այն էլ ծանր ազդեցություն է թողել ողջ ընտանիքի վրա: Անիի ամուսինը արտագնա աշխատանքի է մեկնել, նա էլ հոգ է տանում երեք անչափահաս երեխաների մասին: Անին նշում է, որ հաճախ չէր էլ հասկանում, թե ինչու որոշ դեպքերում շատ կտրուկ է արձագանքում երեխաների վարքին, ինչու երբեմն դժվար է դիմակայում սթրեսին:
«Հոգեբանը մի շարք տեխնիկաներ է սովորեցրել, որոնք օգնում են իրեն երեխաների հետ ավելի հանգիստ շփվելու համար»:
«Մեր փորձը ցույց է տվել, որ ծնողների ներգարվածությունը չափազանց մեծ դեր է կատարում մեր՝ երեխայի հետ աշխատանքում: Եռակողմ համագործակցության շնորհիվ է, որ կարող ենք հասնել առարկայական արդյունքների ու դա է պատճառը, որ ծնողների ներկայությունը դասերին շատ կարևորում ենք»,-
Դասընթացներն իրականացվում են մոդուլային ձևաչափերով։ Առաջին մոդուլի ավարտից հետո ծնողը հրավիրվում է կենտրոն, հոգեբանի և սոցիալական աշխատողի հետ իրականացվում է ինտերակտիվ դասընթաց, արտթերապևտիկ աշխատանքներ՝ հասկանալու երեխայի հուզական կապը, շփումը, հաղորդակցումը, վարքային խնդիրները և ծնողների արձագանքը այդ ամենին, այնուհետև ծնողներին տրամադրվում է մասնագիտական աջակցություն, քննարկումներ և հանդիպումներ երեխայի աջակցությունը առավել արդյունավետ դարձնելու համար:
Վեց տարեկան Ահարոնի մայրիկը՝ Կարինե Ավագյանը հունիսի սկզբից է երեխային կենտրոն բերում: Երեխայի խոսքի զարգացումը մայրիկի համար առաջնահերություն է: Քանի որ հոգեբան Մարիամի հետ աշխատել են ու տեսել, թե ինչ լավ արդյուքների է հասել, Կարինեն, որ հրուշակագործությամբ է զբաղվում, առանց երկմտելու բերել է տղային այս կենտրոն:
«Հաշմանդամություն ունեցող երեխա ունենալ նշանակում է տարբեր դժվարությունների բախվել, այդ թվում՝ ֆինանսական: Հաճախ եմ տղայիս Գավառ տարել, որովհետև համապատասխան ծառայությունը մեր քաղաքում բացակայում է: Կամ ստիպված եմ եղել երկար ժամանակ վճարել ծառությունների դիմաց, ինչը ևս բնական է, որովհետև սա հսկայական աշխատանք է: Բայց իհարկե անվճար նմանատիպ աջակցությունը շատ կարևոր է, որպեսզի մի քիչ ծնողի հոգսը թեթևանա»:
Ահարոնը, կենտրոն մտնելուն պես, առաջինը վազում է իր սիրելի ինտելեկտուալ խաղի հետևից, համադրում տաբեր երկրների դրոշներ, լոգոպեդ Հասմիկ Դավթյանի ուղղորդմամբ պարզ ու հստակ փորձում արտաբերել բառերը: Հասմիկն անգամ դաս անելն է վերածում հաճելի խաղի, որում երեխաները սիրով են ներգրավում:
Երեխաներ կան, որ կենտրոն են հաճախում Մարտունիից մոտ 40-45 րոպե հեռավորության վրա գտնվող գյուղից, հետևաբար ուշադրությունը կենտրոնացնելն ու ինտերակտիվություն ապահովելը մարտահրավերային, բայց հաճելի գործ է:
«Նման զարգացման կենտրոնի առկայությունը քաղաքում հնարավորություն է ստանալ մասնագիտական աջակցություն՝ առանց այլ քաղաք հասնելու, ժամանակ և գումար ծախսելու: Հաճախ ծնողները ստիպված են երեխաներին տանել Գավառ կամ Երևան, իսկ հիմա մեր կենտրոնում կարող են ստանալ բազմամասնագիտական թիմի աջակցություն»:
Մարիամ Զիրոյանը շեշտում է, որ վաղ մասնագիտական միջամտությունը կարող է երկարաժամկետ հեռանկարում դրական ազդեցություն ունենալ երեխայի կյանքի որակի բարձրացման վրա: «Այստեղ մատուցում ենք և՛ խմբային, և՛ անհատական աջակցություն, ինչն ապահովում է ծառայությունների արդյունավետությունը»:
Կենտրոնը ստեղծվում է երկարաժամկետ տեսլականով:
«Այժմ կենտրոնի մասնագետներին տրվում է տեխնիկական և մասնագիտական աջակցություն, որպեսզի մինչ 2026թ-ի ավարտը կենտրոնը լիցենզավորվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից և գործի՝ որպես պետական ցերեկային խնամքի կենտրոն», -հավելեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխայի պաշտպանության ծրագրի ղեկավարի ժ.պ. Վիկտորիա Օհանյանը:
Գունապնակ երեխաների զարգացման կենտրոնի երկու մեծ աշխատասենյակներում անդադար եռուզեռ է: Մեկում ծնողներ են, որոնք առօրյա հոգսերից կտրվում են և շփվում մյուս ծնողների հետ, մյուսում՝ երեխաներ, որոնք այստեղ գտնում են ընկերներ և խաղալով ստանում իրենց անհրաժեշտ մասնագիտական աջակցությունը: