ՀՀ-ն բարելավում է կարիքահեն դրամական աջակցության համակարգը փախստական և տեղի խոցելի ընտանիքների համար
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դրամական աջակցություն են տրամադրել ավելի քան 5,183 մարդու, այդ թվում՝ 2,084 երեխայի
- Հայերեն
- English
38-ամյա Լիլիթի փոքրիկ տունը գտնվում է Երևանի–Սևան մայրուղի տանող խորդուբորդ ճանապարհի վերջնամասում։ Նրա ավագ դուստրը սովորում է ռազմական ակադեմիայում, իսկ 13-ամյա Եփրեմը, 7-ամյա Արիանան և 5-ամյա Արենը դպրոց են հաճախում։ Նրանց տունը հիմնական ճանապարհից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է, և այդ ճանապարհը նրանք ստիպված են հաղթահարել ամեն օր։ Ամենամոտ դպրոցը գտնվում է Արզնի գյուղում, և այնտեղ հասնելու համար ընտանիքը ստիպված է օգտվել տաքսի ծառայությունից, որի համար Լիլիթը օրական վճարում է 4,000 ՀՀ դրամ։
«Մենք շատ հեռու ենք հասարակական տրանսպորտից, և սա միակ տարբերակն է, որը կարող ենք մեզ թույլ տալ։ Առաջին անգամ այստեղ եկած վարորդներից շատերը այլևս չեն ցանկանում վերադառնալ՝ ճանապարհի վատ վիճակի պատճառով։ Վերջերս միայն վերջապես գտա մի վարորդի, որը համաձայնվեց երեխաներիս ամեն օր դպրոց տանել»,- պատմում է Լիլիթը։
Նրանց տունը փոքր է՝ ընդամենը 26 քառակուսի մետր։ Սակայն այդ փոքր տարածքում կա մի բան, որը հնարավոր չէ չնկատել՝ արժանապատվությունը, հոգատարությունն ու փոխադարձ հարգանքը, որոնք շատ ավելի մեծ են, քան տան չորս պատերը։
Տան մի անկյունում դրված վառարանի վառելանյութն ամառանոցային տարածքում դրված են անպիտան իրերն: Մեծ ընտանիքի միակ մահճակալը, որի վրա ամեն օր քնում են երեք երեխաներն ու մայրը, այնքան փոքր է, որ հնարավոր չէ անգամ պատկերացնել, թե ինչպես են քնում այդտեղ:
«Ես ամուսնալուծված եմ, որևէ օգնություն չեմ ստանում նախկին ամուսնուցս, չեմ էլ ակնկալում: Միայն մի փոքր գումար նպաստ եմ ստանում, բայց չեմ նեղվում: Շաբաթական մի քանի անգամ փոքր աշխատանքներ եմ անում. ունեմ մշտական հաճախորդներ: Երբ երեխաներս Երևանում էին դպրոց հաճախում, չգիտեի՝ ինչ անել, շատ դժվար էր: Այստեղ, թեև տաքսիների գումար շատ եմ տալիս, բայց չեմ տրտնջում. համարում եմ, որ իրենց կրթության մեջ ներդրում եմ անում, իսկ դա ամենակարևորն է»:
Տարածքն այնքան ամայի է ու կտրված ճանապարհից, որ հուշանվեր դարձած հեռուստացույցն աշխատեցնելու համար հատուկ ալեհավաք է պետք: Կոմունալ հարմարությունների մասին խոսելն ավելորդ է. ջուրը բերում են ճամփեզրից, ճաշը եփում գազի բալոնի վրա, լողանում՝ մեծ տաշտակի մեջ:
Հիմա Լիլիթն ամեն բան անում է, որ երեխաները թերսնման խնդիր չունենան: Սպիտակուցների անհրաժեշտ պաշարը լրացնում է հատիկեղենով, հավի մսով: Երբեմն, երբ կարողանում է իրեն ճոխություն թույլ տալ, տավարի միս են գնում, բայց դա հատուկ օրերին: Ամռանը տնակում շոգ է, բացի այդ, տարածքում օձեր կան:
2024 թվականի դեկտեմբերին տարածքի սոցիալական աշխատողը եկել է տնայցի, գնահատել կեցության պայմանները ու կարիքները ու գնացել: «Հետո սոցաշխատողը զանգեց ու նշեց, որ նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը մի ծրագիր են անում, որով օգնում են տեղացի ու տեղահանված ընտանիքներին: Վստահեցրեց, որ կփորձի հասկանալ՝ արդյո՞ք մենք կարող ենք օգտվել այդ ծրագրից: Մտածեցի՝ ի՜նչ լավ կլինի, բայց առանձնապես հույս չունեի», -պատմում է Լիլիթը ու այնպիսի մանրակրկիտ դրվագներով նկարագրում այն օրը, երբ հաշվին տեսել է փոխանցված գումարը:
Հիշում է, որ զարմուհու հետ նստած էին, երբ որոշեց «Իդրամ»-ի հավելվածը ներբեռնել հեռախոսում: Դեռ իրեն չէին զանգել, տեղեկացրել, որ ներառված է շահառուների ցանկում, բայց շատ էր ուզում Ամանորի նախաշեմին ուրախացնել երեխաներին և որոշել էր ամեն դեպքում փորձել: Զարմուհին, որ իր հայրենիքից տեղահանվել է Հայաստան, ևս ներառված էր այդ ծրագրում: Միասին ներբեռնեցին հավելվածն ու տեսան, որ երկուսն էլ գումար ունեն:
«Երբ տեսա 190.000 դրամ հաշվիս, աչքերիս չէի հավատում: Ես բոլորովին չեմ ուզում չափազանցնել այդ պահը, բայց այն ուրախությունը, որ զգացի, աննկարագրելի է: Մեզ տրամադրել էին երեք փաթեթ՝ 100.000 դրամ հագուստ-կոշիկ գնելու, 50.000 Ամանորյա ու 40.000 դրամ դեղորայքի ձեռքբերման համար: Մեծ աղջկաս երեք զույց կոշիկ եմ գնել, մյուսներին՝ ամեն մեկին երկու զույգ ձմեռային կոշիկ, տաք բաճկոններ, անթև ձմեռային ժիլետներ»:
Լիլիթը բերում է դեղորայքի տուփն ու ասում, որ ճնշման ապարատ է գնել, որ չկար տանը, առաջին անհրաժեշտության դեղորայք, որ վիրուսային շրջանում շատ է պետք գալիս: Սննդի գումարը պահել է նեղ օրվա համար:
«Հիմա, երբ ես եմ տան հոգսերը հոգում, սկսել ենք ավելի գրագետ ապրել: Ես ամեն ինչ անում եմ, որ երեխաները սննդի կարիք չունենան, իրենք էլ շատ զուսպ են, երբեք որևէ բան չեն ուզի: Երբ գումարը հաշվիս նստեց, Արենին ասացի՝ գիտե՞ս, հիմա ինչ ուզես, մաման կառնի քո համար: Ասաց մամ՝ թխվածքաբլիթ եմ ուզում»:
Լիլիթը երազում է գյուղում տուն ունենալ, այն տներից, որ անուշ թխվածքի բույր է գալիս, որի առջևում փոքրիկ պարտեզ կա, որտեղ կենդանիներ կարելի է պահել: Կանխավճարի հնարավորություն չունի, այդ է պատճառը, որ չի կարողանում տուն ձեռք բերել: Հարազատներից ամեն մեկն իր հոգսերով է, ինչքան կարողանում են՝ օգնում են, սակայն տուն ունենալու խնդիրը այս ընտանիքի համար առաջնային է և լրջագույն մարտահրավեր:
«Երեխաներս շատ լավ են սովորում, ես էլ փորձում եմ որքան կարող եմ օգնել նրանց, որ կրթվեն, լավ մարդ մեծանան, չնախանձեն ուրիշներին, ձգտեն լավին: Անուշիկիս՝ աղջկաս, միշտ ասում եմ մի բան, որ ինձ երբեք չի ասվել՝ ես քո կողքին եմ, ինչ էլ լինի, իմացիր, որ ցանկացած որոշման պարագայում կանգնած եմ թիկունքիդ»:
Մթնշաղն արագ է մտնում փոքրիկ տնակ: Մայրը իր մանկության տարիների ֆիլմերից մեկն է միացնում տան հեռուստացույց դարձած սմարթֆոնով: Արիանան վերցնում է մեկ խնձոր ու բաժանում մի քանի մասի: Նեղլիկ տունը շուտով լցվում է երեխաների ուրախ զրույցներով, քննարկումներով, Արենի՝ անվերջ ուշադրություն գրավող զիլ ծիծաղով, Եփրեմի խոհարար դառնալու երազանքով ու Արիանայի անբնական գեղեցիկ, պսպղուն աչքերով: Ողջ զրույցի ընթաքում Լիլիթը ժպտում է, համբերատար պատասխանում երեխաների հարցերին:
2025 թվականին Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միանվագ, կարիքահեն դրամական աջակցություն են տրամադրել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 1,238 ընտանիքի՝ ընդհանուր 5,183 մարդու, որոնցից 2,084-ը երեխաներ են՝ փախստական ընտանիքներից և ընդունող համայնքներից։ Սոցիալական աշխատողները՝ իրենց կողմից իրականացվող սոցիալական դեպքի վարման շրջանակում գնահատել են բարձր խոցելիություն ունեցող ընտանիքների ամենահրատապ կարիքները, օգտագործելով տեղեկատվական համակարգեր, և սահմանված բնութագրիչների հիման վրա շահառու ընտանիքներին տրամադրվել է մինչև երեք տեսակի աջակցության քարտ:
Ապագայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հնարավորություն կունենա ընդլայնելու այս առաջին անգամ փորձարկված աջակցության այս պիլոտային ծրագիրը՝ ապահովելով ավելի արագ և հասցեական արձագանք խոցելի ընտանիքների կարիքներին ճգնաժամային իրավիճակներում։