Երբ ստեղծվում է աջակցության շրջան․ ամրապնդում համայնքներում
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամրապնդում է առաջնագծում աշխատող մասնագետների հմտությունները, որպեսզի երեխաներն ու ընտանիքները, այդ թվում՝ փախստականները, հոգեսոցիալական աջակցություն ստանան արդեն իսկ ճանաչած և վստահելի մարդկանցից։
- Հայերեն
- English
Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի դպրոցներից մեկում երեխաները շրջան կազմած՝ ձեռքերը պահել են գլխավերևում։ «Պատկերացրեք, որ ծառից նարինջներ եք քաղում»,- ասում է դպրոցի հոգեբան Սոնյա Հակոբյանը։ Երեխաները ձգվում են, ձեռքի մեջ սեղմում, այնուհետև քամում, բայց ֆիզիկապես նարինջ գոյություն չունի։
Այս պարզ վարժությունը, որն օգնում է կենտրոնանալ ներկա պահի վրա, Սոնյան կիրառում է, երբ նկատում է, որ իր աշակերտներից որևէ մեկը անհանգիստ է կամ հոգնած։ Այն օգնում է երեխաներին կենտրոնանալ ներկա պահի վրա և թուլացնել լարվածությունը՝ առանց որևէ մեկին առանց որևէ մեկին առանձնացնելու կամ անմիջապես խնդրելու բացատրել, թե ինչ է պատահել։
Շատ նորաթուխ, ինչպես նաև փորձառու մայրերի նման, նա էլ է իրեն անդադար հարցեր է տալիս՝ արդյոք ամեն բան լա՞վ է անում, արդյոք հանգստանալը, ինքնախնամքով զբաղվելը վատ մայրիկ լինելու նշան չէ՞, ի՞նչ կարող է անել որպես հոգեբան մյուս երեխաներին ու ծնողներին օգնելու տեսանկյունից:
Այս հարցերը Սոնյայի համար նոր իմաստ ստացան, երբ նա միացավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությանը, որի նպատակն էր՝ ամրապնդել առաջնագծում աշխատող մասնագետների և համայնքային կամավորների հմտությունները հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ոլորտում։
«Ես սկսել եմ ժամանակ տրամադրել ինձ, իմ հանգստին ու ամենակարևորը, որ սովորել եմ դրանում ինձ չմեղադրել, այլ հասկանալ, որ այդ ամենն ինձ օգնում է ավելի երջանիկ լինել, հանգիստ ու խաղաղ»:
Դասընթացներից շատ չանցած՝ Սոնյան սկսեց սովորած մեթոդները կիրառել ընտանիքի անդամների և աշակերտների հետ։ Շնչառական վարժությունները դարձան նրա առօրյայի մի մասը։ Իսկ դպրոցում երևակայական մրգեր քաղելը երեխաներին հանգստացնելու միջոցներից մեկը դարձավ, երբ նրանք լարված կամ ծանրաբեռնված էին թվում։
Շուտով Սոնյան սկսեց խմբային հանդիպումներ անցկացնել այն ծնողների համար, ովքեր ցանկանում էին նոր մոտեցումներ սովորել։ Նա նաև այցելում էր ընտանիքներին՝ նրանց տրամադրելով օգտակար նյութեր և գործնական խորհուրդներ։
Սոնյայի խմբում ընդգրկված էր երեք երեխաների մայր, պատմություն առարկայի ուսուցչուհի Աստղիկը: Աստղիկն ասում է, որ առաջին երկու երեխաների դաստիարակությունը խիստ սովորութային էր. այն, ինչ տեսել էր մեծերից, մեխանիկորեն կիրառում էր: Մի դեպք հատկապես լավ է հիշում։ Երբ առաջնեկը դեռ փոքր էր, և իրենց տուն հյուրեր պիտի գային, նրան նկատողություն էին արել տան մեջ թափված խաղալիքների համար։ Զայրացած ու հուսահատված՝ Աստղիկը հավաքել էր խաղալիքներն ու դեն նետել։
Տարիներ անց նա այժմ հասկանում է, թե ինչպես կարող է նորից կառուցել իր սահմաններն ու հարաբերությունները։ Հիմա, երբ նրա հնգամյա դուստրը խաղալիքները թողնում է տան տարբեր անկյուններում, Աստղիկը խնդրում է, որ հավաքի դրանք։ Եթե դա չի օգնում, նա իրավիճակը խաղի է վերածում կամ մի փոքր սպասում ու նորից փորձում։ Փոփոխությունը գուցե փոքր է թվում, բայց երեխայի համար տարբերությունը մեծ է․ նույն իրավիճակում նա կարող է ոչ թե զայրույթ տեսնել, այլ համբերություն ու հետևողականություն։
Խմբային աշխատանքի ժամանակ ծնողներին մտահոգում էր հատկապես մի հարց՝ արդյոք հնարավո՞ր է անվերջ անդրադառնալ երեխայի հույզերին, հասկանալ, թե ինչ է նրա հետ կատարվում ու ամենակարևորը՝ անել այդ ամենը հանգիստ: «Շատերի մեջ կար համոզմունք, որ առանց ֆիզիկական պատժի հնարավոր չէ, ու իմ խնդիրն էր, որպես մասնագետ, դանդաղ, համբերատար բացատրել, թե որտեղից է գալիս այդ հիմքը, կամ ինչպես կարող ենք այնպես անել, որ ձևավորենք պատրաստակամություն ջանք ներդրել երեխայի հույզերին անդրադառնալու համար»:
Աստղիկի սովորածը, սակայն, չմնաց միայն տան պատերի ներսում․ այն իր հետ տեղափոխվեց նաև դպրոց՝ դասարան։ «Որպես մանկավարժ, զայրույթը կառավարելը կարևոր գործոն է, որովհետև տանը դու շփվում ես քո երեխաների հետ, իսկ դպրոցում քանակն ավելանում է. տարբեր երեխաներ, տարբեր հույզեր ու ապրումներ, պիտի գիտակցել, որ ամեն երեխայի համար կարևոր է լսված լինելը: Ես դեռահասների հետ եմ աշխատում, որոնց համար պիտի օրինակ ծառայել: Ենթադրենք, հեռախոսները չպետք է օգտագործել դասի ժամանակ. առաջինը ես եմ դնում պահարանում, որովհետև նրանք մեծ են, եթե ես օրինակ չդառնամ, կհարցնեն՝ դուք ինչու՞ չեք անում»:
Աստղիկն ասում է, որ Սոնյան իրենց տուն է գալիս, եթե անհասկանալի հարցեր են լինում, քննարկում են իրար հետ: Նա միշտ գիտի, որ հոգեբանը թեկուզ զանգի միջոցով կարող է իրեն օգնել, իսկ իրավիճակները տարբեր են թե՛ տանը, թե՛ դպրոցում, հետևաբար իմանալ, որ կա մարդ, որ հոժարակամ է լսել քեզ և աջակցել, վստահություն է ներշնչում:
Խոսքը հենց այդ կապի մասին է, երբ ծնողը գիտի՝ ում զանգահարել, երբ ուսուցիչը երեխային սկսում է այլ կերպ արձագանքել, երբ դպրոցի հոգեբանը նկատում է, թե երբ ուսուցիչն աջակցության կարիք ունի, որ դասընթացներն ու սովորած հմտությունները վերածում է մի բանի, որը երեխաներն իրականում կարող են զգալ իրենց առօրյա կյանքում։
2024-2026 թվականներին, էթնիկ հայ փախստականներին աջակցելու նպատակով, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Ծնողավարման դպրոց» ՀԿ-ն՝ «Աֆեյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, ավելի քան 1,000 մասնագետների և ծնողների համար կազմակերպեցին դասընթացներ հոգեբանական առաջին օգնության, համայնքահեն հոգեսոցիալական աջակցության, համայնքի մոբիլիզացման, կյանքի հմտությունների և այլ գործնական մոտեցումների վերաբերյալ։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի նպատակն է՝ հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցությունը հասանելի դարձնել երեխաներին ու ընտանիքներին դեռևս այն ժամանակ, երբ դժվարությունները ճգնաժամի չեն վերածվել»,- ամփոփում է Վիկտորյա Օհանյանը։ «Դա նշանակում է հզորացնել այն մասնագետներին և համայնքի անդամ կամավորներին, որոնք ֆիզիկապես մոտ են երեխաներին՝ միաժամանակ կապ ապահովելով մասնագիտացված ծառայությունների հետ, երբ դրանց կարիքն առաջանում է։ Երբ այդ հմտություններն ու աջակցությունը համայնքի սեփականությունն են դառնում, գիտելիքն ու իրազեկվածությունը տարածվում են, արված ներդրումը բազմապատկվում է»։