Ինչ է անհրաժեշտ իմանալ Հայաստանում երեխաների ծայրահեղ աղքատության մասին

Հայաստանում երեխաների ծայրահեղ աղքատության վերաբերյալ 5 կարևորագույն հարցերի և դրա լուծման ուղղությամբ իրականացվող ռազմավարությունների մասին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական քաղաքականության մասնագետ Արմենուհի Հովակիմյանի հետ։

ՅՈՒՆԻՍԵՖ
Երեխաները մանկապարտեզի դռնից դուրս են նայում:
UNICEF Armenia/2023/Martirosyan
26 Նոյեմբեր 2024

Ի՞նչ է ծայրահեղ աղքատությունը, և ինչպե՞ս է այն ազդում երեխաների վրա

Աղքատությունը, որպես կանոն, սահմանվում է որպես հիմնական կարիքները (սնունդ, կացարան, հագուստ և այլն) հոգալու համար բավականաչափ ֆինանսական միջոցների բացակայություն, ինչպես նաև առաջնային ծառայություններին, օրինակ՝ առողջապահությանը, կրթությանը և մաքուր ջրին սահմանափակ հասանելիություն։

Ծայրահեղ աղքատությունը չքավորության վատթարագույն դրսևորումն է, երբ ընտանիքները օրական 1,000 ՀՀ դրամից (մոտ 2.50 ԱՄՆ դոլար) պակաս գումարով գոյատևման պայքար են մղում՝ ոչ միայն չունենալով ֆինանսական միջոցներ, այլև գրեթե ամբողջությամբ զրկված լինելով անվտանգ և առողջ լինելու համար անհրաժեշտ հիմնական ծառայություններից։ Նշենք, որ Հայաստանում ամսական նվազագույն պարենային զամբյուղը գնահատվում է շուրջ 33,000 ՀՀ դրամ, հետևաբար այս ընտանիքները գրեթե մշտապես կարիքի մեջ են։

Ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող երեխան ոչ միայն զրկված է գումարից, այլև այն ամենից, ինչը մանկության անբաժանելի մաս է. քաղցած պառկել քնելու կամ գնալ դպրոց, հագնել անհարմար կոշիկ կամ հագուստ, որը բավականաչափ տաք չէ ձմռան ցրտից պաշտպանելու համար, կամ էլ քնել հատակին մահճակալ չլինելու պատճառով։ Այս երեխաները հաճախ դուրս են մնում սոցիալական միջոցառումներից, չունեն հնարավորություններ նոր իրեր ձեռք բերելու կամ նոր հետաքրքրություններ բացահայտելու։ Երեխայի աչքին ծայրահեղ աղքատությունն այս ձևով է պատկերանում՝ զրկանք ամենատարբեր մակարդակներում, ինչն անդրադառնում է նրանց հիմնական պահանջմունքների և իրավունքների վրա։

Ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող տնային տնտեսություններում մեծանում են երեխաների թերսնուցման, թերաճության վտանգները, որոնք կարող են ազդել նրանց ֆիզիկական աճի, մտավոր զարգացման և, հետևաբար, չափահաս տարիքում ապրուստ վաստակելու հնարավորության վրա։ Նրանք չեն օգտվում անհրաժեշտ առողջապահական ծառայություններից, ինչի հետևանքով հիվանդանալու, և, վատագույն դեպքում, երիտասարդ տարիքում մահանալու հավանականությունն ավելի մեծ է։

Որակյալ կրթություն ստանալը վերածվում է անհասանելի երազանքի. շատ երեխաներ զրկված են նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից կամ չեն ավարտում տարրական, առավել ևս միջնակարգ դպրոցը, որն արժանապատիվ աշխատանք գտնելու նախապայման է։ Ընտանիքները հաճախ բավականաչափ գումար չունեն դպրոցական պարագաների, օրինակ՝ դասագրքերի, գրենական պիտույքների կամ սոցիալ-մշակութային միջոցառումների մասնակցելու համար, որի հետևանքով աճում է դպրոցից դուրս մնալու ցուցանիշը։

Դեռահասները երբեմն ստիպված են թողնել դպրոցը՝ իրենց աշխատանքով ընտանիքներին օգնելու համար, այդպիսով կորցնելով ավելի լավ ապագա ունենալու հնարավորությունը։ Հաշմանդամությունը, կլիմայի փոփոխությունը և աղետները, տեղահանությունը ևս իրենց հերթին նպաստում են երեխաների ծայրահեղ աղքատությանը՝ գրեթե լիովին զրկելով նրանց բարեկեցիկ ապրելու հնարավորությունից։

Ի վերջո, ծայրահեղ աղքատության մասին կարևոր է երկու փաստ գիտակցել. այն ազդում է երեխաների կյանքի բոլոր ոլորտների վրա և ունի երկարաժամկետ հետևանքներ, որոնք ուղեկցում են նրանց հասուն տարիքում: Այս ամենի հետևանքով նրանք հայտնվում են ծայրահեղ աղքատության փակ շրջափուլում, որ փոխանցվում է սերնդից սերունդ՝ գրեթե անհնարին դարձնելով դա հաղթահարելը։

Արմենուհի Հովակիմյան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Սոցիալական քաղաքականության բաժնի ղեկավար:
UNICEF Armenia/2021/Galstyan

Ծայրահեղ աղքատությունը, ինչպես արդեն նշեցի, սերնդեսերունդ կրկնվում է։ Եթե երեխան ծայրահեղ աղքատության պայմաններում է ծնվում, ապա ընտանիքը՝ մեծից փոքր, արդեն իսկ առերեսվում է կրթության և աշխատանքի սակավ հնարավորությունների, ինչպես նաև առողջության մի շարք  խնդիրների, ինչի հետևանքով նրանց համար առաջնային է գոյատևման հարցը, ոչ թե կյանքի այլ ոլորտները։ Ծայրահեղ աղքատության պայմաններում ապրողներից շատերը հաճախ մեղադրվում են իրենց վիճակի համար, կամ նրանք բացասական սոցիալական նորմերի են առերեսվում, ուստի խիստ կարևոր է հասկանալ ծայրահեղ աղքատության բնույթը և գիտակցել, որ մարդն այդ վիճակի համար մեղավոր չէ։

Յուրաքանչյուր ծնող լավագույնն է ցանկանում իր երեխայի համար, բայց երբեմն կյանքի հանգամանքները, ստացած դաստիարակությունը և աջակցության ծառայություններին անհասանելիությունը կաշկանդում են նրանց ծայրահեղ աղքատության ծուղակում, որից միայնակ, սեփական ջանքերով դժվար կլինի դուրս գալ: Այս ընտանիքները հաճախ մեկուսացվում են հասարակությունից, ինչը հանգեցնում է սթրեսի/ճնշման, հոգեկան առողջության խնդիրների և հուսալքության: Որոշ դեպքերում ծնողները պայքարում են այդ վիճակը հաղթահարելու համար, և երեխաներն այդ ընթացքում անտեսվում են, ենթարկվում շահագործման կամ բռնության, որը հանգեցնում է երկարատև տրավմաների։

Ծայրահեղ աղքատությունից դուրս գալու համար պետք է հաղթահարել.
-    Կառուցվածքային խոչընդոտներ. տնտեսական անհավասարություն և որակյալ, մատչելի կրթությանը, առողջապահությանը և սոցիալական ծառայություններին հասանելիության բացակայություն:
-    Հասարակական խոչընդոտներ. շատ աղքատ ընտանիքներ սոցիալապես մեկուսացված են, չեն օգտվում համայնքային աջակցության այն համակարգերից/ծրագրերից, որոնք հասանելի են ավելի ապահով ընտանիքներին:
-    Վարքագծային խոչընդոտներ. ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքների առջև ծառացած են նաև ֆինանսական գրագիտության, ծնողավարման հմտությունների կամ սահմանափակ աջակցության աղբյուրներից կախվածության խնդիրներ:

Այս խոչընդոտների հաղթահարումը պահանջում է համալիր մոտեցում և բազմաթիվ դերակատարների ջանքեր՝ ծայրահեղ աղքատությանն առնչվող ֆինանսական, հուզական, սոցիալական և հոգեբանական խնդիրների լուծման համար:

Ծայրահեղ աղքատությունը վերացնելը ոչ միայն պետությունների գիտակցված ընտրությունն է, այլև պարտականությունը: Ինչպես մյուս երկրները, Հայաստանը նույնպես հավատարիմ է Կայուն զարգացման նպատակներին, որոնցից առաջինը մինչև 2030 թվականը ծայրահեղ աղքատության վերացումն է ամենուր: 2022 թվականին Հայաստանում ծայրահեղ աղքատության պայմաններում ապրում էր 11,885 երեխա, և մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք զրկվեն իրենց ներուժի լիարժեք իրացման հնարավորությունից:

Ահա մի քանի անմիջական քայլեր, որոնք պետք է ձեռնարկել ծայրահեղ աղքատության նվազեցման համար.
1.    Ծայրահեղ աղքատության վերացումը պետք է լինի պետական քաղաքականության, օրենքների և բյուջեի առաջնահերթությունների շարքում: Սա նշանակում է, որ համապատասխան պետական ծրագրերը պետք է պատշաճ ֆինանսավորվեն և հիմնված լինեն մանկական աղքատության համապատասխան գնահատման վրա:
2.    Բարելավել երեխաների համար նախատեսված սոցիալական ծառայությունների մատչելիությունը և որակը, այդ թվում նախադպրոցական կրթությունը, առողջապահությունը, սնուցումը, ցերեկային խնամքը, հոգեկան առողջությունը, ծայրահեղ դեպքերում, օրինակ՝ բռնության զոհ դարձած երեխաների համար, աջակցության կամ վերականգնողական ծառայությունների տրամադրումը: Այս ծառայությունները, ընդհանուր առմամբ, կանխարգելիչ ազդեցություն ունեն և կարող են նպաստել, որ ընտանիքները չհայտնվեն ծայրահեղ աղքատության մեջ։ 
3.    Զարգացնել սոցիալական պաշտպանության համակարգը՝ լինելու երեխայի կարիքները հաշվի առնող, փոխակերպիչ և արձագանքող, բարելավել աղքատության հաղթահարմանն ուղղված օգնության նպատակային տրամադրման ու համապատասխանության մակարդակը և (կամ) ստեղծել համընդհանուր մանկական նպաստի մեխանիզմներ՝ որպես երեխաների աղքատության դեմ պայքարի ամենարդյունավետ միջոց՝ ծառայությունների և եկամտի ստեղծման հնարավորություններով, որոնք կօգնեն ընտանիքներին՝ հաղթահարելու աղքատությունը:
4.    Խրախուսել վարքագծի դրական փոփոխությունները՝ ներառյալ այնպիսի հմտությունները, ինչպիսիք են ֆինանսական գրագիտությունը, դրական ծնողավարումը, ինչպես նաև աղքատության վերաբերյալլ վնասակար կարծրատիպերի վերացումն ու խարանումը։

Այս անմիջական քայլերին նպաստող հավելյալ լուծումները ներառում են ընտանիքներին աջակցող քաղաքականությունները, ինչպիսիք են վճարովի ծնողական արձակուրդը, երեխայի խնամքի մատչելի ծառայությունները, ինչպես նաև աշխատաշուկայում մայրերի և հայրերի հավասար մասնակցությանը սատարող քաղաքականությունները, ինչպես նաև մատչելի բնակարաններով ապահովումն ու կենսական հմտությունների ուսուցումը:

Ավելին, հաշվի առնելով, որ ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող անձինք հաճախ տուժում են կլիմայի փոփոխության պատճառով առաջացող վնասներից, անհրաժեշտ է համապատասխան ռիսկերի կառավարման գործելակերպերի և քաղաքականությունների միջոցով նվազեցնել նրանց խոցելիությունը, բարձրացնել ցնցումների նկատմամբ նրանց դիմակայունությունը, կայուն գործելակերպերին իրազեկվածությունը և ապահովել կանաչ և անվտանգ կենսապայմանների այլընտրանքներ։ 

Ինչպես տեսնում եք, ծայրահեղ աղքատության շրջափուլը հաղթահարելու համար հարկավոր են մեկից ավելի լուծումներ կամ դերակատարներ։ Այն պահանջում է բազմաթիվ գործընկերների, այդ թվում՝ Կառավարության, քաղաքացիական հասարակության, համայնքների և մասնավոր հատվածի համակարգված աշխատանք:

Թեև Հայաստանին հաջողվել է նվազեցնել աղքատության ընդհանուր ցուցանիշը 2018 թվականի 26.5 տոկոսից 23.7 տոկոսի 2023 թվականին, այսուհանդերձ, ծայրահեղ աղքատության ցուցանիշի կրճատման մեջ առաջընթացը պակաս շոշափելի է. 1.4 տոկոս՝ 2018-ին, և 1.1 տոկոս՝ 2023-ին։ Դրան, անշուշտ, մեծապես նպաստել են Քովիդ-19 համավարակը, կրկնվող հակամարտությունների և փախստականների ճգնաժամի բազմակի սրացումները։

Մեծ հույս են ներշնչում Հայաստանի՝ ճիշտ ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ բարձրացնելով մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը և բարեփոխելով խոցելիության գնահատման համակարգը, որոնք ուղղված են ծայրահեղ աղքատության վերացմանը։ Սակայն միայն դրամական օգնության տրամադրումը դեռևս բավարար չԷ: Ընտանիքների աղքատությունն իրապես վերացնելու համար հարկավոր է  կենտրոնանալ հմտությունների զարգացման և աշխատատեղերի ստեղծման վրա: Կայուն աշխատանքը ընտանիքին աղքատությունից հանելու ամենաարագ ուղիներից է, ուստի մեծապես կարևորվում են զբաղվածության և մասնագիտական վերապատրաստման ծրագրերը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի Կառավարությանն աջակցում մի շարք նպատակային միջամտություններով, այդ թվում.
1.    Աջակցում է՝ հավաքելու երեխաների աղքատությանն առնչվող կարևոր տվյալներ, ինչպես ֆինասնական, այնպես էլ բազմաչափ: Սա օգնում է հայտնաբերելու առավել խոցելի երեխաներին և ընտանիքներին: Մենք նաև մեծ ջանքեր ենք գործադրում երեխաների աղքատության կրճատման ծրագրերը պետական քաղաքականությունների և ծրագրերի հիմքում դնելու ուղղությամբ:
2.    Համաշխարհային բանկի համագործակցությամբ օգնում է մշակելու և ներդնելու խոցելիության գնահատման նոր համակարգ Հայաստանում, որի  նպատակն է ծայրահեղ աղքատության վերացումը և ընդհանուր աղքատության կրճատումը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը ներառում է իրավական շրջանակի կատարելագործում, ծրագրերի մշակում, բյուջետային կանխատեսումներ և այս նոր մոտեցման վերաբերյալ հաղորդակցության և իրազեկության բարձրացում: Նպատակը ընտանիքներին դրամական աղքատությունից դուրս բերելն է՝ միևնույն ժամանակ դրամական աջակցության միջամտությունների միջոցով խթանելով զբաղվածությունը և հիմնական ծառայություններին հասանելիությունը:
3.    Աջակցում է նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքի վերանայմանը՝ սոցիալական աշխատանքի մասնագիտացման, ծառայությունների որակի և ներառականության բարելավման, սոցիալական ծառայության մասնագետների կարողությունների ամրապնդման նպատակներով: Այս աշխատանքը ներառում է սոցիալական պաշտպանության տեղեկատվական կառավարման համակարգերի ընդլայնում և սոցիալական ծրագրերի և այլ ոլորտների (կրթություն, առողջապահություն, սնուցում և երեխայի պաշտպանություն) միջև կապերի առավելագույն ամրապնդում։
4.    Աշխատում է նաև սոցիալական պաշտպանության համակարգին աջակցելու ուղղությամբ՝ ճգնաժամերին ավելի լավ արձագանքման, արտակարգ իրավիճակներին նախապատրաստման և մարդասիրական նպատակներով դրամական օժանդակության համակարգման մեխանիզմների ամրապնդման նպատակներով: Մենք նաև համագործակցում ենք համայնքների ու դեռահասների հետ՝ նպաստելու կլիմայի փոփոխության վերաբերյալ նրանց գիտելիքների հարստացմանն ու դիմակայունության ձևավորմանը։
5.    Իր նպաստն է բերում հաշմանդամության գնահատման համակարգի վերանայման և իրականացման ջանքերին, այդ թվում հաշմանդամության խնդիրներին ուղղված հավելյալ ծախսերի գնահատման և կարիքների վրա հիմնված ծառայությունների փաթեթների մշակման՝ ընդլայնելով ամբողջ կյանքի ընթացքում համապարփակ և ներառական սոցիալական պաշտպանության ծառայությունների հասանելիությունը, ինչպիսիք են խնամքը, կրթությունը, աջակցությունը և նպաստները:
6.    Զուգահեռաբար օժանդակում է նախադպրոցական ներառական կրթական ծառայությունների փորձարկման, ծախսագնահատման և ընդլայնման աշխատանքներին, հատկապես Հայաստանի ամենահեռավոր ու գյուղական բնակավայրերում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է բազմաթիվ գործընկերների, այդ թվում Եվրոպական միության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ, և այս համագործակցությունը կենսական նշանակություն ունի, քանի որ, ի վերջո համախմբվելով, մենք կարող ենք ձևավորել աջակցության այնպիսի էկոհամակարգ, որը ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող երեխաներին աղքատության շրջափուլից ազատվելու և ավելի լավ ապագա ունենալու հնարավորություն կընձեռի:

Ծայրահեղ աղքատությունն ազդում է ոչ միայն այդ պայմաններում ապրող ընտանիքների, այլև ամբողջ տնտեսության և հասարակության վրա: Մենք երբեք չպետք է մոռանանք ոչ մեկին չանտեսելու հավաքական պատասխանատվության մասին, և սա ոչ միայն համընդհանուր կայուն զարգացման նպատակ է, այլև բարոյական պարտավորություն: Դրան զուգահեռ, երբ մարդիկ հայտնվում են ծայրահեղ աղքատության մեջ, նրանք չեն կարողանում արժանապատիվ եկամուտ վաստակել, ինչը սահմանափակում է ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու նրանց կարողությունը։ Գնողունակության բացակայությունը նշանակում է, որ բիզնեսներն ավելի քիչ հաճախորդներ ունեն, ինչը կդանդաղեցնի տնտեսական աճը ամբողջ երկրում։

Բայց խնդիրն ավելի խորքային է, քան պարզապես ֆինանսական: Երբ բնակչության զգալի հատված դուրս է մնում, այն արտացոլում է բոլորին անհրաժեշտ աջակցությամբ և հնարավորություններով ապահովելու՝ պետության և հասարակության ձախողումը: Նույնիսկ եթե երկիրը տնտեսական աճ է գրանցում, ծայրահեղ աղքատությունը ցույց է տալիս, որ ոչ բոլորն են շահում այդ առաջընթացից:

Աղքատությունը ևս խիստ թանկ է: Կառավարությունը ստիպված է ավելի շատ միջոցներ հատկացնել սոցիալական աջակցության և նպաստների համար, որպեսզի օգնի այն ընտանիքներին, որոնք չեն կարող հոգալ գոյատևման համար անհրաժեշտ ծախսերը: Ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդիկ հաճախ ավելի շատ առողջության խնդիրներ ունեն, ինչը առողջապահական ավելի բարձր ծախսերի և ցածր արտադրողականության է հանգեցնում: Սա ոչ միայն սպառում է պետական ռեսուրսները, այլև նվազեցնում է երկրի տնտեսապես աճելու կարողությունը, քանի որ հմուտ, առողջ աշխատողների պակաս է առաջանում:

Երբ երեխաները զրկված են որակյալ կրթության հնարավորությունից, նրանք չեն կարող զարգացնել այնպիսի հմտություններ, որոնք անհրաժեշտ են ապագայում լավ վարձատրվող աշխատանք ունենալու համար: Սա սահմանափակում է եկամուտ վաստակելու նրանց ներուժը՝ առաջացնելով շղթայական ազդեցություն, որը կասեցնում է տնտեսական առաջընթացը: Ավելին՝ ծայրահեղ աղքատությունը հաճախ զուգակցվում է այլ խոցելի գործոնների հետ, որոնք խաթարում են սոցիալական համախմբվածությունը և չլուծվելու դեպքում կարող են հանգեցնել հանցավորության և հանրային լարվածության աճի։

Ի վերջո ծայրահեղ աղքատությունը ազդում է բոլորիս վրա: Երբ հասարակության մի մասը դժվարության մեջ է, դա խարխլում է երկրի հիմքերը տնտեսապես, սոցիալապես և էկոլոգիապես: Սա է պատճառը, որ ծայրահեղ աղքատության հաղթահարումը ոչ միայն բարոյական պատասխանատվություն, այլև ավելի առողջ և ներառական ապագա ունենալու տնտեսական ու սոցիալական անհրաժեշտություն է: