Մեկ քայլ էլ առաջ դեպի ներառական կրթություն
Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների շնորհիվ կապահովվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ամբողջական ինտեգրումը հանրակրթական դպրոցներում
- Հայերեն
- English
Աշխույժ, անմիջական ու կենսուրախ. վեց տարեկան Արփին իր հասակակիցներից շատերի նման սիրում է պարել, խաղալ ընկերների հետ, նկարում է և հետաքրքրասիրությամբ ուսումնասիրում ամեն բան: Արփին իր ընկերներից տարբերվում է միայն նրանով, որ լսողական սարք է կրում, ինչն իրեն օգնում է հաղորդակից դառնալ միջավայրին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի լուսանկարչի ձեռքին ֆոտոապարատը տեսնելուց հետո որոշեց փորձարկել, լուսանկարեց մայրիկին ու իր դպրոցը, որտեղ սովորում է առաջին դասարանում:
Արփիի մայրիկը՝ Կարինեն, պատմում է, որ աղջիկը սկզբում պետական մանկապարտեզ է հաճախել, սակայն մատչելի ֆիզիկական միջավայրի, ինչպես նաև աջակցող միջոցների բացակայության պատճառով դաստիարակներն իրենք են խորհուրդ տվել հատուկ մասնագիտացված հաստատություն տանել երեխային:
«Սկզբում շատ կտրուկ ընդունեցի այդ առաջարկը, բայց հետո հասկացա, որ լսողության խնդիր ունեցող երեխայի պարագայում մասնագետները պիտի իրենք լավ պատրաստված լինեն, որ կարողանան երեխայի կրթությունը հավուր պատշաճի կազմակերպել: Չէի ուզում ընդունել, որ աղջիկս պիտի ժեստերի լեզվով խոսի, կարծրատիպեր ունեի այդ ամենի հետ կապված: Բայց երբ Արփիի հետ լինելու համար ընդունվեցի աշխատանքի ԼԽՈՒԵ (լսողության խանգարումներ ունեցող երեխաների) հատուկ կրթահամալիր, սիրահարվեցի այս լեզվին»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը համատեղ իրականացնում են պիլոտային նախագիծ, որում ընդգրկվել է նաև Արփին:
«Պիլոտային նախագծի նպատակն է լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը վերափոխել ռեսուրս կենտրոնի, մշակել լսողական ընկալման գնահատման գործիքակազմ և կազմակերպել դասընթացներ ՏՄԱԿ-ների, ինչպես նաև ծնողների ու ուսուցիչների համար: Այս պիլոտային նախագիծը համահունչ է պետության կողմից նախաձեռնած հատուկ դպրոցները ռեսուրս կենտրոնների վերակազմավորելու գործընթացին: Երկարաժամկետ առումով, մեր նպատակն է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հասանելի լինի գրագետ ու համապարփակ մասնագիտական աջակցությունը և նրանք արդյունավետորեն ներգրավվեն հանրակրթության մեջ բոլոր երեխաների հետ միասին»:
«Այսօր Հանրակրթության ամենակարևոր խնդիրներից է՝ բոլոր սովորողների համար ապահովել մատչելի կրթական պայմաններ, յուրաքանչյուրին իր առանձնահատկություններին համապատասխան անհատական մոտեցում, դասերին ներգրավվածություն, վստահության վրա հիմնված հարաբերություններ, ինչպես նաև՝ կյանքի համար կիրառելի գիտելիքների ու հմտությունների փոխանցում », -
Արփիի մայրը պատմում է, որ ծրագրի փորձագետ Լուսինե Բաբայանն իրենց ուղղորդել է Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ թե՛ ծնողի, թե՛ երեխայի հետ աշխատել են դպրոցին նախապատրաստելու ուղղությամբ: Բազմամասնագիտական թիմն իրականացրել է երեխայի կարիքների գնահատում, որին համապատասխան էլ տրամադրվել է աջակցություն ծնողին, դայակին, դասվարին, որպեսզի նրանք երեխայի հետ ավելի համախմբված աշխատեն:
«Երեխային վիրահատելուց հետո գալիս է վերականգնողական փուլ, որի միջով ծնողները դժվար են անցնում: Թիմ է պետք, որ, օրինակ, ծնողին հոգեբանական աջակցություն ցուցաբերի, հասկանա երեխայի բազմապիսի կարիքները: Երբ հայտնվում է թիմ, որ քո երեխայի ուժերին հավատում է ու ասում՝ կարո՛ղ է գնալ հանրակրթական դպրոց, ձեռքդ բռնում է, դու այլ ելք չունես, սկսում ես վստահել ինքդ քեզ ու թիմի հետ առաջ շարժվել», -
Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում 2022 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների համաձայն՝ վերանայվել է «հատուկ դպրոց» հասկացությունը՝ վերափոխելով այն հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հասկացության, որը բացի կրթական ծրագրերից իրականացնելու է աշխատանքներ մանկավարժահոգեբանական ուղղությամբ` վերապատրաստումներ, խորհրդատվություններ, ժեստերի լեզվի ուսուցում, ինչպես նաև խելամիտ հարմարեցումների, հասանելի տեղեկատվական հարթակների և նյութատեխնիկական բազայի ստեղծումը և տրամադրումը ուսումնական հաստատություններին:
«Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում իրավական համարյա բոլոր հիմքերը ստեղծվել են, որպեսզի հատուկ դպրոցներն արդեն բովանդակային մասով վերակազմավորվեն, կանոնադրական փոփոխություններ իրականացնեն և որպես ռեսուրս կենտրոններ՝ սկսեն իրենց գործունեությունը։ Արդեն 2025 թվականին լսողության խնդիրներ ունեցող սովորողների հատուկ դպրոցը կվերակազմակերպվի հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի։ Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնիգործունեության նպատակը կենտրոնում ընդգրկված յուրաքանչյուր սովորողի կրթության ապահովումն է՝ հաշվի առնելով հանրակրթական առարկայական չափորոշիչները և ծրագրերը, սովորողի տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկությունները, հետաքրքրությունները, ընդունակությունները, ինչպես նաև հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ընդգրկված սովորողների կրթությանն աջակցությունը», - մանրամասն ներկայացրեց Լիլիթ Մնացականյանը՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենը:
Արփիի դասվար Գոհար Մկրտչյանն ասում է, որ դեռ ուսումնական տարին նոր է սկսվել ու դժվար է խոսել շոշափելի արդյունքներից, բայց այն, որ երեխաները սիրով են ընդունել Արփիին, նա էլ իր հերթին արագ ընկերացել է երեխաների հետ, փաստ է:
«Արփին ժեստերի լեզվին տիրապետում է ու ես անդադար մտածում եմ՝ գուցե շփումն առավել հեշտացնելու համար ես էլ սկսեմ սովորել, իրար օգնելով՝ հասնենք արդյունքի: Մոտ 20 տարի առաջ իմ դասարանում լսողության խնդիր ունեցող երեխա ունեի, որը հետո տեղափոխվեց հատուկ դպրոց: Չեմ ուզում Արփիի պարագայում այդպես լինի, շատ ջանք ենք գործադրում, որ կարողանանք երեխայի համար լավ միջավայր ստեղծել, ցույց տալ, որ բոլորին հավասար է: Այ, օրինակ, Արփին գիտի, որ ինչքան էլ ցանկանա դասի ժամին սնվել, բոլորի պես պետք է սպասի դասամիջոցին. ոչ մի խտրականություն»:
Լուսինե Բաբայանը նշում է, որ երբեմն ուսուցիչներին մեղադրում են համապատասխան հմտություններ չունենալու մեջ, սակայն ուսուցիչը չի կարող միայնակ, առանց օգնության աշխատանք տանել կրթական բազմազան կարիքներ ունեցող երեխաների հետ: Նրան հարկավոր է ձեռք մեկնել, անհրաժեշտ գործիկազմով ապահովել, տրամադրել աջակցող միջոցներ, որ մանկավարժը հենման կետ ունենա:
Նշում է, որ բարեբախտաբար հատուկ դպրոցը ռեսուրս կենտրոնի վերակառուցման և այդ գաղափարախոսության մեջ ներդրված այս մոտեցումը բազմաթիվ կողմեր է ընդգրկում՝ ուսուցչին մենթորական աջակցության տրամադրում, ծնողների հետ աշխատանք, երեխայի հետ հետևողական աշխատանք, աջակցող միջոցների կիրառում:
«Բավարար չէ մեկ լավ ուսուցիչ ունենալը, բավարար չէ միայն ծնողի աշխատանքը: Երբ բոլոր կողմերը կուռ բռունցք են դառնում, այդ ժամանակ է, որ աշխատանքը դառնում է արդյունավետ ու դուրս է գալիս դպրոցի պատերից, տարածվում է ողջ հասարակության վրա»:
ՅՈՒՆԻՍԵՖ Շվեյցարիայի ազգային կոմիտեի ֆինանանսավորման շնորհիվ ներկայումս լսողության խանգարումներ ունեցող 15 երեխայի տրամադրվում է մասնագիտացված աջակցություն Ռեսուրս կենտրոնի կողմից՝ կանխելու նրանց մուտքը հատուկ դպրոցներ և աջակցելու նրանց ամբողջական ինտեգրմանը հանրակրթական դպրոցներում: Արփին այդ երեխաներից մեկն է:
«Այսօր արդեն Արփին ներառվել է դպրոցում և իր առաջին փորձերն է անում ինչպես սովորելու ճանապարհին, այլ նաև հասակակիցների հետ հաղորդակցման նոր միջավայրում ընտելանալու գործընթացում։ Մենք լիահույս ենք, որ այս ծրագրի բարեհաջող զարգացման դեպքում ականատես ենք լինելու Արփիի և մյուս լսողության խանգարումներ ունեցող երեխաների էական առաջընթացին ուսումնառության գործընթացում. երբ ճիշտ խոսքային միջավայրը, բազմակողմանի աջակցության առկայությունը հնարավորություն կընձեռի երեխաներին դրսևորելու իրենց ողջ կարողությունները և մասնակից դառնալու կրթական գործընթացներին և հասակակիցների հետ համատեղ գործունեության բոլոր ձևերին», - ամփոփեց Լուսինե Բաբայանը: ։
Դպրոցում Արփիի ընկերները չեն հարցնում, թե ինչու՞ է ականջին սարք կրում, փոխարենը ընդամենը երկու շաբաթում սովորել են ուշադիր լինել նրա նկատմամբ, մի քիչ բարձր են խոսում, երբեմն կրկնում են հարցը, բայց նրանց շփման մեջ չկան խոչընդոտներ, որովհետև այս երեխաները սովորում են հենց սեփական փորձից, որ աշխարհում բոլոր մարդիկ տարբեր են ու յուրահատուկ են հենց այդ տարբերությունների շնորհիվ:
Ռեսուրս կենտրոնների շնորհիվ հնարավոր կլինի գնահատել այդ տարբերությունները և դրանց վրա հիմնվելով՝ մշակել երեխայի հետ աշխատելու արդյունավետ ճանապարհ, որպեսզի անկախ այդ տարբերությունների՝ երեխան ստանա իրեն անհրաժեշտ կրթությունը և կարողանա իրացնել իր ողջ ներուժըը այն հասարակության մեջ, որտեղ բնակվում է:




