Մասնագիտացված աջակցություն գրեթե հարյուր հաշմանդամություն ունեցող փախստական երեխաներին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Նորվեգիայի կառավարության աջակցությամբ տրամադրում է վերականգնողական ծառայություններ հաշմանդամություն ունեցող փախստական երեխաներին:

Հասմիկ Առաքելյան
Rehabilitation classes for refugee children with disabilities.
UNICEF Armenia/2023/Beryozkin
05 Հուլիս 2024

«Երբ 2020թ.-ին առաջին անգամ տեղահանվեցինք, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՍՈՐՍ հիմնադրամը մեր կողքին էին: Այս անգամ էլ, երբ կրկին տեղահանվեցինք Հայաստան, իմ երեխան նորից սկսեց հաճախել ՍՈՐՍ զարգացման կենտրոն, որտեղ ոչ միայն թերապևտիկ ծառայություններ, այլ նաև սեր ու ջերմություն է ստանում»,- 

ասում է 11-ամյա Դանիելի մայրիկը՝ Նարինեն:

2023թ. սեպտեմբերին հայրենի համայնքում ռազմական գործողությունների հետևանքով, Դանիելի ընտանիքը ստիպված լքել է տուն-տեղն ու հաստատվել Հայաստանում: Նարինեն մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է, սակայն չի աշխատում՝ Դանիելի կարիքներից ելնելով, և հաշմանդամության ախտորոշումից հետո էլ որոշեց իր կյանքն ու մասնագիտական ողջ ներուժն օգտագործել նրա զարգացման համար: 

Հայաստան տեղափոխվելուց հետո Դանիելի հայրը տան միակ աշխատողն է և հազիվ է հասցնում մեծ ընտանիքի հոգսը հոգալ, հաշվի առնելով՝ որ ապրում են վարձով:

Դեռ հայրենի համայնքում Դանիելը հաճախում էր «Քերոլայն Քոքս»-ի անվան վերականգնողական կենտրոնը, սակայն շրջափակման ընթացքում նա երեք ամիս շարունակ ոչ մի տիպի ծառայություն չի ստացել և մշտապես տանն էր, նույն միջավայրում:

Դանիելը զարգացման հապաղում ունի՝ ՄՈՒԿ համախտանիշով, որը բացահայտվել է 3 ամսականում նյարդաբանի կողմից, երբ հերթական հետազոտության ժամանակ պարզվեց, որ երեխան գլուխը չի կարողանում պահել: 2021թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի շնորհիվ Դանիելին փափուկ գույքի պարագաներից գլանակ և բարձ նվիրեցին, ինչը զգալիորեն նպաստեց Դանիելի ֆիզիկական ակտիվությանը իր առօրյա միջավայրում:

2023թ-ին Երևանում հաստատվելուց հետո Դանիելը գրանցվել է դպրոցներից մեկում, որտեղ շաբաթական 2 օր ստանում է անհատական պարապմունքներ, նրա հետ աշխատում են սոց մանկավարժը, լոգոպեդը, հոգեբանը և այլ մասնագետներ: 

Դանիելը ծնողների և ընտանիքի մյուս անդամների հետ հաղորդակցվում է հիմնականում ձայներով կամ ձեռքերի շարժումով հասկացնում է իր ցանկությունների մասին: Տանը Դանիելը սիրում է պահմտոցի խաղալ 12 տարեկան եղբոր հետ, մուլտֆիլմեր նայել, մեքենաներով խաղալ, սիրում է երաժշտություն լսել, ինչպես նաև վաղ առավոտյան զբոսնել մայրիկի հետ: 

«Փախստական ընտանիքների, ներառյալ երեխաների, կարիքները բազմաշերտ են։ Քանի որ հումանիտար առաջնային արձագանքման ջանքերը սովորաբար ուղվում են համընդհանուր կարիքների բավարարմանը, շատ անգամ անտեսվում են երեխաների նեղ կարիքները, պայմանավորված տարիքով, սեռով, հաշմանդամության կամ այլ գործոններով։ Մինչդեռ այն բոլոր խնդիրները, որոնց առընչվում են հաշմանդամություն ունեցող երեխաները և երիտասարդները սովորական պայմաններում, էլ ավելի են սրվում արտակարգ իրավիճակներում: Սեպտեմբերին արդեն պարզ էր, որ քանի որ Դանիելը և նրա նման բազմաթիվ այլ հայ երեխաներ ամիսներ շարունակ սրացող հումանիտար իրավիճակով պայմանավորված մասնագիտացված աջակցություն չեն ստացել, բավականին գործ կա անելու»,-

նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության ծրագրերի համակարգող Հասմիկ Առաքելյանը։
Rehabilitation classes for children with disabilities
UNICEF Armenia/2023/Beryozkin

Հոկտեմբերին Նորվեգիայի կառավարության աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորեց ջանքերը «ՍՈՐՍ» հիմնադրամի հետ, հետամուտ եղավ վերականգնողական ծառայությունները հաշմանդամություն ունեցող փախստական երեխաներին հասանելի դարձնելու և բաց թողածը լրացնելու հարցին: Համագործակցության արդյունքում Սյունիքի մարզի՝ Կապան և Գորիս համայնքների և Գեղարքունիքի մարզի՝ Սևան համայնքում գործող երեխաների աջակցության կենտրոնները հագեցվել են ֆիզիկական, զգայական թերապիաների, զարգացնող վարժությունների և պալիատիվ խնամքի համար փափուկ և փայտե գույքով և պարագաներով: 

Ավելին, շուրջ 50 մասնագետ, ներառյալ հոգեբաններ, հատուկ մանկավարժներ, լոգոպեդներ, ֆիզիկական և օկուպացիոն թերապևտներ վերապատրաստվել է հաշմանդամություն ունեցող երեխաներին ու ընտանիքներին մատուցվող մասնագիտական աջակցության արդյունավետ գործիքների և մոտեցումների շուրջ, ներառյալ՝ կարիքի գնահատումը, ուղղորդումը և մասնագիտացված ծառայությունների և աջակցության տրամադրումը:

Դանիելը շաբաթական 3 օր 3 ժամ տևողությամբ մասնակցում է լոգոպեդի, հոգեբանի և արտթերապևտի դասերին: 

«Շատ հարմար է, որ երեխան մեկ այցով այստեղ ստանում է ծառայությունների համապարփակ փաթեթ՝ մասնակցելով թե՛ անհատական և թե՛ խմբային դասերին: Հատկապես հարմար է, որ կենտրոնն օգնում է տրանսպորտի հարցում, գիտեք, այդքան էլ հեշտ չէ դա կազմակերպելը», - 

հավելեց Նարինեն:
Rehabilitation classes for children with disabilities
UNICEF Armenia/2023/Beryozkin

Ինտենսիվ ու շարունակական պարապմունքների շնորհիվ Դանիելի մոտ բավականին աշխուժություն է նկատվում և, հատկապես, խմբային պարապմունքների ժամանակ նա ակտիվ ներգրավվում է մյուս երեխաների հետ: 

Ավելին, մասնագիտական աջակցության շնորհիվ բարելավվել են Դանիելի ինքնասպասարկման հմտությունները, որի արդյունքում նա հիմա կարողանում է դպրոցի աստիճաններից բռնվելով ինքնուրույն իջնել: 

«Հրաշալի կլիներ, որ այս նախաձեռնությունը շարունակական լիներ, որ ոչ միայն տղաս կարողանար շարունակական հաճախել, բայց նաև Դանիելիս նման մյուս երեխաներն էլ հնարավորություն ունենան օգտվել մասնագիտական աջակցության այս փաթեթից: Վստահ եմ բոլորի մոտ էլ առաջընթաց կգրանցվի, իսկ դա ցանկացած ծնողի համար մե՜ծ նշանակություն ունի, հատկապես նման բարդ իրավիճակներում»,-
 

ամփոփոց Նարինեն: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է աշխատել գործընկերների հետ՝ արձագանքելու առավել խոցելի երեխաների և ընտանիքների, այդ թվում՝ հաշմադնամություն ունեցող փախստական երեխաների կարիքներին։ 

2023թ-ի սեպտեմբերից ի վեր հաշմանդամություն ունեցող երեխաների ավելի քան 115 ծնողի տրամադրվել է խորհրդատվություն երեխայի զարգացման վերաբերյալ: 85 հաշմանդամություն ունեցող երեխա ստացել է իր կարիքներից բխող մասնագիտական, ինչպես նաև կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայություններ: Բացի դրանից, 30 հաշմանդամություն ունեցող փախստական երեխայի տրամադրվել է փափուկ և փայտե գույք շարունակական թերապևտիկ աջակցության և տնային հարմարեցման համար: 

Հարկ է նաև նշել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այլ նախաձեռնությունների շրջանակում հաշմանդամություն ունեցող փախստական բոլոր երեխաներին տրամադրվել են հագուստի վաուչերներ և դեղատան քարտեր, ինչի շնորհիվ նրանք կարող են ձեռք բերել ոչ միայն իրենց անհրաժեշտ հագուստը, այլ նաև անհրաժեշտ դեղամիջոցներն ու առողջապահական պարագաները: