«Իրերի համացանց». դասընթաց՝ սարքավորումների կիրառման և նախագծման մասին

ՅՈՒՆԻՍԵՖ- ի նախաձեռնությամբ Երևանում, Հրազդանում, Վանաձորում,Գյումրիում և Գորիսում գրեթե 60 դեռահաս ձեռք է բերել թվային հմտություններ։

Լուսինե Ղարիբյան
Հեռախոս և համակարգիչ
UNICEF Armenia/2023/Gevorgyan
19 Մարտ 2024

17-ամյա Լուիզա Պառավյանն ապագա մասնագիտությունն ընտրել էր, մերսող էր ուզում դառնալ։ Բայց երբ իմացավ, որ Գյումրիում «Իրերի համացանց» սարքավորումների կիրառման և նախագծման դասընթաց է սկսվում, որոշեց մասնակցել. ինչո՞ւ բաց թողնել նոր բան սովորելու հնարավորությունը։

«Ծրագիրն ինձ շատ հետաքրքրեց, այնքան, որ որոշեցի ծրագրավորող դառնալ։ Դասերի ժամանակ «Խելացի տան» համակարգին եմ ծանոթացել։ Կուզենամ արհեստական բանականություն կիրառելով՝ հայկական «Անահիտ»-ը զարգացնել, որ իմ ցանկությունները կատարի, օրինակ՝ իմ հարցերին պատասխանի, սենյակի  լույսը վառի-հանգցնի և այդպիսի այլ գործողություններ կատարի»,-ասում է Լուիզան, որը հաշմանդամություն ունի։

17ամյա աղջիկը աշխատում է համակարգչով
UNICEF Armenia/2023/Gevorgyan

«Կուզենամ արհեստական բանականություն կիրառելով՝ հայկական «Անահիտ»-ը զարգացնել, որ իմ ցանկությունները կատարի, օրինակ՝ իմ հարցերին պատասխանի, սենյակի  լույսը վառի-հանգցնի և այդպիսի այլ գործողություններ կատարի»:

14-18 տարեկան դեռահասների համար նախատեսված «Իրերի համացանց» դասընթացը կազմակերպել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ Երևանում, Հրազդանում, Վանաձորում,Գյումրիում և Գորիսում ՝ «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» և «Smart City» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։

«Սա ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Տեխնոլոգիան հանուն զարգացման»  նախաձեռնություններից մեկն է, որը նպատակ ունի դեռահասներին, ներառյալ հաշմանդամություն ունեցող դեռահասներին, զինել 21-րդ դարի հմտություններով և «խելացի» (Smart) ինֆորմացիոն տեխնոլոգիական լուծումների մասին գիտելիքներով: «Իրերի համացանց»-ի ծրագրային հիմունքներին տիրապետելը դեռահասների համար թե՛ մասնագիտական կողմնորոշման և թե՛ հետագայում աշխատաշուկայում տեղ գտնելու և մրցունակ դառնալու խթան կհանդիսանա: Նրանք կկարողանան նախագծել և ստեղծել խելացի սարքեր, որոնք կապահովեն նրանց մասնակցությանը տեղեկատվությունը հասանելի դարձնելու գործընթացում՝ նպաստելով թվային անջրպետի հաղթահարմանը»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի համակարգող Հասմիկ Առաքելյանը:

«Ծրագրի շեշտը դրված էր արհեստական բանականության, իրերի համացանցի, սերվերների հետ աշխատանքի, Arduino սալիկի միջոցով տարբեր սարքավորումների կիրառման վրա։ Դրանց օգնությամբ կարող ենք մեր առօրյա, սովորական գործողություններն ավելի հեշտացնել, ավտոմատացնել, ավելի խելացի տարբերակներով փոխարինել։ Երեխաներն ուսումնասիրել են, թե ինչպես են աշխատում «Խելացի տուն» և նմանատիպ համակարգերը, փորձել են իրենց ձեռքով փոքր նախագծեր ստանալ»,- նշում է ծրագրի Գյումրիի համակարգող Սուսաննա Խոցանյանը։

«Շատ կարևոր էր, որ այս ծրագրում ներգրավված էին տարբեր դեռահասներ, նաև՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներ։ Նրանք սովորեցին համակարգչով աշխատել, մշակել նախագծեր, ստեղծել սարքեր ու գործարկել դրանք։ Դեռահասներն իսկապես շատ ոգևորված էին դասերի ընթացքում»,- ասում է Սուսաննա Խոցանյանը։

18-ամյա տղան կարդում է բրայլյան գրերով
UNICEF Armenia/2023/Margaryan

«Իրերի համացանց»-ն առաջին դասընթացն է, որին Ալիկ Սարգսյանը մասնակցել ու վկայական է ստացել։ 18-ամյա տղան չի տեսնում, կարդում ու գրում է բրայլյան համակարգով։ Հետաքրքրվում է սպորտով, հետևում է բոլոր մարզաձևերին, հատկապես՝ ֆուտբոլի առաջնություններին։ Ինքն էլ սիրով կզբաղվեր սպորտով, բայց առայժմ միայն սեղանի թենիսի պարապմունքների է հաճախում։

Վանաձորում չտեսնող մարդկանց համար հնարավորությունները շատ չեն, ու այդ պատճառով, երբ ինֆորմատիկայի ուսուցչուհուց իմացավ անվճար դասընթացի մասին, Ալիկը միանգամից որոշեց մասնակցել։

«Մեր ծրագրի անկյունաքարային կետերից մեկն էլ հուշելն է դեռահասներին, որ ցանկացած «խելացի» ծրագիր մշակելիս՝ հաշվի առնեն նաև հաշմանդամություն ունեցող  մարդկանց կարիքները: Այդ առումով արդեն իսկ ունենք դրական արդյունքներ՝ արձանագրված դեռահասների նախագծային աշխատանքում։ Դրանցից մեկը «Անահիտ» ձայնային օգնականի ստեղծումն է, որը կարող է օգտակար լինել տեսողության և շարժունակության խնդիրներ ունեցող դեռահասների համար։ Այն հեշտորեն հասկանում և կատարում է հայերեն տրվող տարբեր հրահանգներ, օրինակ՝ միացնում ու անջատում է լույսը, ինչպես նաև էլեկտրական տարբեր սարքեր»,-ասում է Հասմիկ Առաքելյանը:

Դեռահաս աղջիկը հեռախոսով տեքստ է ուղարկում
UNICEF Armenia/2023/Margaryan

«Ամեն ինչ ուսումնասիրել ենք զրոյից։ Տաբեր սալիկներով էինք աշխատում, տարբեր սենսորներ աշխատեցնում, խնդիրներ լուծում, կոդեր գրում։ Որպես ապագա ծրագրավորող՝ այս գիտելիքներն ինձ շատ կօգնեն իմ մասնագիտական ճանապարհին»։

Դասընթացի մասնակից Լիլիթ Ալիխանյանն էլ լավ գիտի, թե տեխնոլոգիաների ճիշտ կիրառումը որքան օգտակար կարող է լինել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ 13-ամյա աղջիկը վաղուց է որոշել, որ ծրագրավորող է դառնալու, 3 տարի է՝ ռոբոտաշինության խմբակ է հաճախում։ Լիլիթն ու ընկերները հավելված են պատրաստել՝ Speech Helper, որը նախատեսված է խոսքային խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Հավելվածը «Տեխնովացիա աղջիկներ» մրցույթում գլխավոր մրցանակ է ստացել։

Լիլիթը բաց չի թողնում նոր բան սովորելու որևէ հնարավորություն։ Ասում է՝ այն, ինչ սովորեց «Իրերի համացանց» դասընթացի շնորհիվ, հետագայում իրեն շատ է օգնելու։ «Ամեն ինչ ուսումնասիրել ենք զրոյից։ Տաբեր սալիկներով էինք աշխատում, տարբեր սենսորներ աշխատեցնում, խնդիրներ լուծում, կոդեր գրում։ Որպես ապագա ծրագրավորող՝ այս գիտելիքներն ինձ շատ կօգնեն իմ մասնագիտական ճանապարհին։ Թեև այս գիտելիքները ցանկացած մեկին կարող են օգտակար լինել, բայց մասնակիցների մեծ մասն ուզում էր ծրագրավորող դառնալ, ու բոլորս էլ շատ լուրջ էինք վերաբերվում դասընթացին»,-ասում է Լիլիթը։

13-ամյա աղջիկը երազում է իր մասնագիտությամբ օգտակար լինել մարդկանց։ Հիմա մի ռոբոտ է պատրաստում, որն օգնելու է հաշմանդամություն ու հատկապես տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց։ Խելացի ռոբոտը նրանց է փոխանցելու անհրաժեշտ իրերը։