Հատուկ գույքադարան՝ Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող երեխաների համար
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Սորս» հիմնադրամի համագործակցության արդյունքում հաշմանդամություն ունեցող երեխաները գրադարանի սկզբունքով կարող են օգտվել փայտե և փափուկ գույքից, պարագաներից և տնային հարմարեցումներից։
- Հայերեն
- English
Ամեն առավոտ, նույնիսկ երբ ընտանիքի անդամները դեռ քնած են, Սեդան արթնանում, մարզահագուստը հագնում, երաժշտությունը միացնում ու անցնում է իր պարապմունքներին։ 15-ամյա աղջիկը մանկական ուղեղային կաթված ունի։
Մայրը՝ Արմինե Ռստակյանն ասում է, որ խնդրի մասին 2 տարեկանում են իմացել: «Սեդան անհաս էր ծնվել, մանկաբույժն ասում էր՝ հետ է իր տարիքից, մեծանա, լավ կլինի։ Հետո տարանք նյարդաբանի մոտ, ախտորոշումը դրեց, որ ունենք խնդիր»,- ասում է աղջկա մայրը՝ Արմինե Ռստակյանը։
Քանի որ իրենց բնակավայր Վանաձորում չկան վերականգնողական անհրաժեշտ բոլոր ծառայությունները, Սեդային մեկ Օշական, մեկ Երևան էին տանում:Հիմա փորձում են Վանաձորում մի քանի ծառայություն համատեղելով՝ ամբողջական վերականգնողական ծառայություններ ստանալ։
Արդեն մի քանի ամիս է՝ Սեդան պարապելու հնարավորություն ունի նաև տանը։ Անհրաժեշտ գույքը՝ փափուկ աստիճանները, խորանարդաձև բարձերն ու հավասարակշռության տախտակը Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում բացված գույքադարանից են վերցրել։
«Սկզբում վախենում էի վարժությունները մենակ անել, բալանսի տախտակը շարժվում էր, դրա համար եղբայրս օգնում էր։ Հիմա սովորել եմ, ինքնուրույն եմ անում՝ մահճակալից բռնվում, կանգնում եմ տախտակին»,- ասում է Սեդան։
Հատուկ գույքադարանի ծրագիրը նախաձեռնել են ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Սորս» հիմնադրամը։ Հայաստանում իր տեսակի մեջ առաջին այս գույքադարանը հագեցած է մոտ 60 տեսակի գույքով՝ նախատեսված հենաշարժական համակարգի խնդիրներ, մտավոր զարգացման հապաղում կամ աուտիստիկ սպեկտորի խանգարում և վարքային խնդիրներ ունեցող Վանաձորում, Ալավերդում և Ստեփանավանում բնակվող 1-18 տարեկան երեխաների ու պատանիների համար։
Հատուկ գույքադարանի ծրագիրն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ:
Քանի որ փայտե և փափուկ գույքն ու պարագաները, շարունակական թերապևտիկ աջակցության և ճիշտ դիրքավորման համար անհրաժեշտ տնային հարմարեցումները թանկ են, նաև տարիքով պայմանավորված՝ դրանք պարբերաբար փոխելու անհրաժեշտություն է առաջանում, հիմնվել է այս գույքադարանը և այն գործում է գրադարանի սկզբունքով։
«Պետությունը չի կարող յուրքանչյուր երեխայի նվիրել նրան անհրաժեշտ ամեն տեսակի գույք, դա թանկ է: Բայց եթե երեխան այսօր ունի դրա կարիքը, կարող է օգտվել այդ գույքից՝ ըստ իրենց կարիքների: Ծնողն էլ ավելի շահագրգռված կլինի, որովհետև հաճախ պատահում է՝ ինչ-որ բան ենք նվիրում, հետո գնում, տեսնում ենք, որ տարել, տան մի անկյունում դրել են։ Իսկ երբ դա տրվում է կոնկրետ ժամկետով և վերահսկվում մասնագետի կողմից, ծնողը մոտիվացված աշխատում է, երեխան էլ «նոր խաղալիք» է ստանում, մի քանի ամիս շատ լավ գործածում է»,- ասում է «Սորս» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Մարինա Պարազյանը։
Ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետներն ու ծնողները մասնակցում են չորսօրյա ինտենսիվ վերապատրաստվումներին, որպեսզի կարողանան գույքը ճիշտ օգտագործել և պահպանել։ Ավելին, նրանք նաև ստանում են համապատասխան քոաչինգ ամսական կտրվածքով:
Տիկին Արմինեն ասում է, որ թեև կենտրոնում մասնագետները բացատրել են՝ ինչպես կիրառել գույքը, բայց Սեդան այնքան է հմտացել, որ հաճախ օգտագործման նոր տարբերակներ է գտնում։ «Որ նոր գույք է լինում, ոգևորված զբաղվում է դրանով։ Բայց եթե երկար է մնում, ձանձրանում է, իմիջիայլոց է անում: Հիմա այս գույքը 3 ամսով ենք վերցրել։ Շատ է ուրախացել, որ տանը պիտի պարապի, ավելի պատասխանատվություն է զգում։ Ամեն առավոտ արթնանում, մարզանքն անում, նոր գնում ենք մեր գործերով։ Սեդան շատ պայքարող է, մեծ կամքի ուժ ունի, այնքան կանի, որ հաջողի»,- ոգևորված պատմում է աղջկա մայրը։
«Առանց ջանքերը համատեղելու մենք չենք կարող լուծել հաշմանդամության բարեփոխումների այն մեծ հիմնախնդիրները, որ այսօր ծառացած են պետության առջև։ Եվ այդ խնդիրներից հիմնականը ոչ միայն հաշմանդամության գնահատումն է, այլ նաև՝ ծառայությունների մատուցումը։ Ծառայություններ ասելով՝ մենք պետք է վերանայենք նախկին մոտեցումը, որովհետև իրականում հաշմանդամությունը կարիքների սպեկտոր է, և այդ բազմաթիվ կարիքները բավարարելու համար պետք է ունենալ ծառայությունների բազմազանություն։ Վանաձորում հիմնված այս գույքադարանը այդ ծառայություններից մեկն է»,- ասում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կրթության ծրագրի ղեկավար Ալվարդ Պողոսյանը։
«Այս գույքադարանով մենք բարելավելու ենք մի խումբ երեխաների և նրանց ընտանքիների կարիքները։ Մենք չենք ուզում, որ սա լինի հերթական գեղեցիկ կահավորված սենյակը, այն առավելագույնս պետք է արդյունավետ ծառայի իր նպատակին»,- ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Հատուկ գույքադարանից կարող է օգտվել Լոռու մարզի՝ առնվազն 50 հաշմանդամություն ունեցող երեխա՝ կախված հաշմանդամության տեսակից և նրանց կարիքներից: Գույքն ու անհրաժեշտ պարագաները մինչև 6 ամիս օգտագործելուց հետո կարող են փոխարինել այլ պարագաներով, որոնք հնարավոր է կիրառել երեխայի առօրյային առնչվող ցանկացած վայրում՝ տանը, մանկապարտեզում, դպրոցում, զարգացման կենտրոնում և այլն։
Նախաձեռնության հեղինակներն այս ծրագրի շրջանակում հատկապես կարևորում են ծնող-մասնագիտական համայնք կապի ամրապնդումը։ «Հաճախ այդ կապը կտրված է. ծնողը տանը մի բան է անում, մասնագետը կենտրոնում՝ ուրիշ բան։ Ամբողջ իմաստն այն է, որ ծնողին բերենք այն դաշտ, որտեղ նա մասնագետի հետ համատեղ պետք է աշխատի։ Երեխայի թերապիան առօրյա պրոցես է: Եթե նա տանը, դպրոցում ոչ մի պարագա չունի և մեկ ժամով գալիս է վերականգնողական կենտրոն, հարցը չի լուծվում։ Ամբողջ միջավայրը պետք է հարմարեցված լինի նրան և նրա կարքիներին: Այս նախագծով սկսել ենք այդ գործընթացը՝ որպես ամբողջական համակարգ»,-ասում է Մարինա Պարազյանը։
Առաջիկա մեկ տարում մասնագետները կարիքի գնահատում են անելու, որպեսզի պարզեն, թե գույքադարանի շահառուներից բացի Լոռիում հաշմանդամություն ունեցող քանի երեխա կա և ինչպիսի առանձնահատուկ գույքի կարիք ունեն նրանք։ Իսկ որպես հեռահար նպատակ՝ ծրագրի պատասխանատուները ցանկանում են գույքադարաններ ստեղծել Հայաստանի բոլոր մարզերում՝ անհրաժեշտ գույքը հասանելի դարձնելով դրա կարիքը ունեցող բոլոր երեխաներին Հայաստանի յուրաքանչյուր անկյունում: