Առաջատար ջատագով դառնալու ճանապարհին. 2006-2020 թվականներ
Թե ինչպես ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերածվեց երեխաների գոյատևման և զարգացման հարցերով աշխարհի թիվ մեկ ջատագովի

Երբ աշխարհն առերեսվում էր ամենախոցելի մարդկանց վրա ազդող բազմաթիվ ճգնաժամերի՝ բնական աղետների, կլիմայի փոփոխության, ահագնացող աղքատության և անհավասարության, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19-ի համավարակին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը առաջատար դեր ստանձնեց գլոբալ վերականգնումն ապահովելու գործում՝ մարտահրավեր նետելով աշխարհում տիրող համակարգային անարդարությանը և առաջնահերթ համարելով հանուն երեխաների կատարվող ներդրումները:
2010
7 բալ մագնիտուդով երկրաշարժը կյանքից զրկեց շուրջ 160 000 մարդու և իրենց տներից տեղահան արեց ավելի քան 1 միլիոն մարդու Հայիթիում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ղեկավարեց հանուն երեխաների միջազգային արձագանքը:

Արաբական գարնան առաջ բերած հեղաշրջումները և Սիրիայի Արաբական Հանրապետության ճգնաժամը խոշոր մարտահրավերներ նետեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ին և մարդասիրական այլ գործակալություններին:

2012
Միջազգային օգնության թափանցիկության նախաձեռնությանը (IATI) միանալով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործունեության ընթացքում հանձն առավ լինել ավելի թափանցիկ, որպեսզի իր մեթոդներն ընկալելի լինեն:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն անցկացրեց Հաշմանդամություն ունեցող երեխաների հարցերով գլոբալ գործընկերության առաջին համաժողովը:

2014
ՅՈՒՆԻՍԵՖ-ը թողարկեց RapidPro-ի առաջին տարբերակը. այն բաց հարթակ է՝ առողջապահության, կրթության և երիտասարդության ներգրավման հարթակների միջև իրական ժամանակում տվյալներ փոխանակելու համար:

Հնդկաստանում, որտեղ ամեն տարի գրանցվում էր պոլիոմիելիտի 200 000 ծանր դեպք, 2014 թվականի փետրվարի 11-ին նշվեց առանց վայրի պոլիովիրուսիով վարակվածության դեպքերի վեցերորդ տարին:

2015
Շարժական տեխնոլոգիաները դեղորայքի և այլ պարագաների բաշխումը ավելի արագ և ճշգրիտ են դարձրել: Դա ավելի է կարևորվում Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի ճգնաժամի ընթացքում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորարարությունների գրասենյակը խրախուսում է նոր և ստեղծարար մոտեցումները, գործընկերությունը և տեխնոլոգիաները, որոնք կարող են բարելավել երեխաների կյանքը:
2016
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գոծունեության կենտրոնում է պայքարը Զիկա վիրուսի դեմ, որը հարուցում է արգանդի միկրոցեֆալիա և կարող է խաթարել մանուկների ֆիզիկական և մտավոր զարգացումը:

2018
Միավորված ազգերի Գլխավոր ասամբլեայում իր գործունեությունն է մեկնարկել քաղաքականություն մշակողների, բարձրաստիճան ղեկավարների, քաղաքացիական առաջնորդների և
բարերարների Generation Unlimited գլոբալ գործընկերությունը: Նպատակն է ընդլայնել կրթության, մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի հնարավորությունները երիտասարդների համար:
2019
Մոզամբիկում, Մալավիում և Զիմբաբվեում ավելի քան 1.5 միլիոն երեխա մնացել է առանց տան, դպրոցի, առողջապահական կենտրոնների, սննդի կամ պաշտպանության՝ Իդայի ցիկլոնի հետևանքով: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նրանց տրամադրում է ապահով ջուր և սանիտարական փաթեթներ, պատվաստանյութեր և թերսնուցման սքրինինգներ, ինչպես նաև հոգեսոցիալական աջակցություն:

Ի նշանավորումն Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի վավերացման 30-ամյակի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամփոփում է վերջին երեք տասնամյակների ձեռքբերումները և կոչ է անում շարունակելու այն կարևորագույն աշխատանքը, որ դեռ առջևում է: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աջակցում է երիտասարդ խնդրարկուներին կլիմայական ճգնաժամի վերաբերյալ Երեխայի իրավունքների կոմիտեին բողոք ձևակերպելու հարցում:

2020
Քանի դեռ ՔՈՎԻԴ-19-ի համավարակը նվաճում էր աշխարհը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարևոր դեր էր կատարում ճգնաժամին Միավորված ազգերի կազմակերպության գլոբալ արձագանքման գործում, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի գլոբալ հասանելիության հարթակի (COVAX) կողմից իրականացվող պատվաստանյութերի բաշխման գլոբալ ծրագրի շրջանակում: Մենք առաջնորդում ենք ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման և մատակարարման ջանքերը, որպեսզի բոլոր երկրները արդարացի և անկողմնակալ հասանելիություն ունենան պատվաստանյութերին:

Իր պատմության ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատել է ամենաընչազուրկ երեխաների համար փոփոխություններ բերելու գործընթացն առաջ մղելու ուղղությամբ: Այսօր մենք շարունակում ենք աշխատանքը՝ ամենուրեք խթանելով երեխաների իրավունքները և բարեկեցությունը:
Պարզեք, թե ինչու ենք անում այն, ինչ անում ենք, մեր մանդատի ու առաքելության շրջանակում: