Հառնելով պատերազմի մոխիրներից. 1946-1979 թթ.
Պարզե՛ք, թե ՅՈՒՆԻՍԵՖ-ը ինչպես է իր ստեղծման օրից հանդես եկել որպես երեխաների հարցերով զբաղվող գործակալություն

Երկրորդ համաշխարհային պատերազմի ծխից ու մոխիրներից առաջացավ փախստականների այնպիսի ճգնաժամ, որպիսին աշխարհը դեռ չէր տեսել: Տեղի ունեցած ավերի պատճառով ստեղծվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ աշխարհի ամենախոցելի երեխաների բեռը թեթևացնելու համար:
1946
Միջազգային մանկական ճգնաժամային հիմնադրամը (ICEF) ստեղծվեց ՄԱԿ-ի Օգնության և վերականգնման վարչության կողմից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից տուժած երեխաներին օգնելու համար: ICEF-ը, ընդհանուր առմամբ, զբաղվում էր երեխաների առողջության հարցերով և օգնություն էր հատկացնում բոլոր երեխաներին՝ առանց խտրականության:
1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևով ստեղծվեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ-ը):

1947-ից 1965
Մորիս Պատը գործադիր տնօրենի պաշտոնում 18 տարի ձգտել է արձագանքելու երեխաների կարիքներին առավել համակողմանիորեն: Նա նաև ամրապնդել է փոխհամաձայնությունն այն հարցի շուրջ, որ երեխաների կարիքները վեր են քաղաքականությունից:

«Թշնամի երեխաներ չեն լինում»:
1947
Ընդունվեց առաջին մասնավոր հատկացումը ՅՈՒՆԻՍԵՖ-ին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ապավինում է միլիոնավոր աջակիցներին, որոնք կօգնեն փոփոխություն մտցնելու երեխաների կյանքում:
Նույն տարում Միացյալ Նահանգներում ստեղծվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջին Ազգային կոմիտեն: Ազգային կոմիտեները անկախ բարեգործներից բաղկացած աջակցող ցանցեր են, որոնք միջոցներ են հայթայթում՝ ամբողջ աշխարհում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը խթանելու համար:
1949
Թողարկվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջին բացիկը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի քարտերի վաճառքը կարճ ժամանակում դարձավ կազմակերպության ամենախոշոր և տևական դրամահավաք գործողություններից մեկը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ազգային կոմիտեները կոչված էին կարևոր դերակատարություն ունենալու գալիք յոթ տասնամյակների ընթացքում միլիարդավոր բացիկների վաճառքի ձևով:

1950
«Երեխաների տառապանքը թոթափելուն ուղղված շարունակական գործունեության անհրաժեշտությամբ» պայմանավորված՝ Միավորված ազգերի Գլխավոր ասամբլեան ընդլայնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանդատը՝ շեշտը դնելով Եվրոպայից դուրս ապրող երեխաներին աջակցելու վրա:

1953
ՅՈՒՆԻՍԵՖ-ը դարձավ ՄԱԿ-ի մշտական գործակալություն: «Միջազգային» և «Ճգնաժամային» բառերը հանվեցին պաշտոնական անվանումից, սակայն հապավումը մնաց նույնը:
Ջրի, սանիտարիայի և հիգիենայի ոլորտներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերը նպատակ ունեին կրճատելու մանկական տարիքում առաջացող հիվանդությունների և մահվան կանխարգելելի դեպքերի թիվը: Ֆրամբեզիայի, բորոտության և տրախոմայի վերացմանն ուղղված արշավները չափազանց արդյունավետ էին:

1954
Ամերիկյան սիրված հանդիսավար Դեննի Քեյը դարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Բարի կամքի դեսպան»:

1956
1956-1957 թվականներին մոր և մանկան ապահովության ավելի քան 13 000 կենտրոն՝ 102 երկրից, օգտվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հատկացումներից և տեխնիկական վերապատրաստումներից:

1957
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկեց սնուցման նոր ծրագրեր: Համայնքները վերապատրաստվեցին բանջարեղեն մշակելու, ձկնաբուծության, թռչնաբուծության և անասնապահության ասպարեզներում և կրթվեցին սնուցման թեմաներով:

1959
Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի հռչակագրով սահմանվեցին պաշտպանության, կրթության, առողջապահության, կացարանի և լավ սնուցման վերաբերյալ երեխաների իրավունքները:

1961
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ընդլայնեց իր ուղղվածությունը՝ ներառելով երեխաների կրթությունը: Ամբղջ աշխարհում մեկնարկեցին կրթությանն աջակցող ծրագրեր, որոնք պետք է շարունակվեին գալիք տարիներին:

1964
Իտալիայի Բելաջիո քաղաքում տեղի ունեցած Բելաջիոյի համաժողովը (կամ «Երեխաները և երիտասարդները՝ զարգացումը պլանավորելու գործում» խորագրով միջազգային կլոր-սեղանը) կենտրոնացած էր երեխաների բարեկեցությունը զարգացման ազգային ծրագրերին կապակցելու ուղիների վրա:
Բելաջիոյի համաժողովից հետո ՅՈՒՆԻՍԵՖ-ը կտրուկ շրջադարձ կատարեց՝ օգնության հիմնադրամից վերածվելով զարգացման միջազգային գործակալության՝ օժտված երեխաներին վերաբերող բոլոր հարցերի շուրջ մասնագիտական փորձառությամբ:
1965
ՅՈՒՆԻՍԵՖ-ին շնորհվեց Խաղաղության նոբելյան մրցանակ՝ «Ազգերի միջև եղբայրությունը խթանելու» համար: Խաղաղության նոբելյան մրցանակի շնորհմամբ հանուն երեխաների գործունեությունը ճանաչվեց հանուն խաղաղության գործունեություն:

«Այսօրվա երեխաների բարօրությունը անքակտելիորեն կապված է վաղվա աշխարհի խաղաղության հետ»:
1967
Զգալիորեն հակադիր կարծիքների պայմաններում հաստատվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը ընտանիքի պլանավորման հարցերին: Ընտանիքի պլանավորմանը աջակցությունը տրամադրվում է մոր և մանկան առողջության համատեքստում:

1968
ՅՈՒՆԻՍԵՖ-ը օգնություն տրամադրեց Նիգերիայի և Վիետնամի քաղաքացիական հակամարտություններից տուժած մայրերին ու երեխաներին՝ հավատարիմ մնալով ոչ քաղաքական և ոչ խտրական աջակցության իր փիլիսոփայությանը:

1971
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր խորհուրդը ընդլայնեց աջակցության իր գործունեությունը՝ ներառելով այնպիսի ծառայություններ, որոնցից «կօգտվեին քաղաքային ետնախորշերի և տնակային ավանների երեխաները»՝ տարիների ընթացքում ավելացնելով կազմակերպության գործունեության հասանելիությունն ու խորությունը:

Միավորված ազգերի գործակալությունները մոբիլիզացվեցին՝ Արևելյան Պակիստանից (որը այժմ հայտնի է որպես Բանգլադեշ) փախած միլիոնավոր փախստականներին տրամադրելով կացարան, սնունդ, սանիտարական պարագաներ և ջուր:

1973
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ընդլայնեց օգնությունը ոչ ֆորմալ (կանոնավոր դպրոցներից դուրս) կրթությանը, հատկապես գյուղաբնակ երեխաների ու երիտասարդների համար:

1975
Հայտնագործվեց Mark II ջրի պոմպը, որը վերափոխեց գյուղական կյանքը:

1978
ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ կազմակերպած Ալմա Աթայի համաժողովը աշխարհի ուշադրությունը կենտրոնացրեց առաջնային բուժօգնության հարցերի վրա, և ընդգծվեց, որ ամբողջ աշխարհում առողջության ընդունելի մակարդակի հասնելու բանալին ընտանեկան առողջությանը համայնքահեն մոտեցումներ ցուցաբերելն է:

1979
Ապաքաղաքական կարգավիճակի շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարողացավ առաջնորդել Միավորված ազգերին և Կարմիր խաչին Կամպուչիայի, այժմ՝ Կամբոջայի ամբողջ տարածքում վերականգնողական գործողություններ իրականացնելու հարցում:
![Կամպուչիա (այժմ՝ Կամբոջա]), 1980. Քաղաքացիական հակամարտությունների պատճառով տեղահանված մարդկանց ճամբարում գտնվող տղան ցույց է տալիս իր նկարներից մեկը, որն արտացոլում է իր ապրած տրավման:](/armenia/sites/unicef.org.armenia/files/styles/media_large_image/public/UNI41947.jpg?itok=aC5Y3lYe)
Միավորված ազգերը 1979 թվականը հայտարարեցին Երեխայի միջազգային տարի՝ աշխարհի երեխաների կենսապայմանների շուրջ իրազեկությունը բարձրացնելու և երեխաների իրավունքների շուրջ գործողությունները խթանելու նպատակով:

Ծանոթացեք, թե ինչպես է ՅՈՒՆԻՍԵՖ-ը կենտրոնացրել միջազգային ջանքերը՝ ծառայելու երեխաներին ամբողջ աշխարհում:
Ծանոթաց՛եք մեր 1980 -1988 թվականների ժամանակագրությանը։