Օմիկրոն և սեզոնային գրիպ
ՔՈՎԻԴ-19-ի Օմիկրոն ենթատեսակի և սովորական գրիպի ախտանշանները և բուժման մեթոդները
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
ՔՈՎԻԴ-19-ի Օմիկրոն ենթատեսակն ամբողջ աշխարհում հանգեցրել է վարակների աննախադեպ աճի։ Հայաստանում Օմիկրոնի առաջին դեպքերը գրանցվեցին այս տարվա հունվարի 8-ին՝ հաջորդող օրերին արագ տեմպերով տարածվելով։ Հայտնի է, որ ՔՈՎԻԴ-19-ի մյուս ենթատեսակների համեմատ, Օմիկրոնը նկարագրվում է ավելի բարձր փոխանցելիությամբ, ինչպես նաև հիմնականում վարակում է վերին շնչուղիները, ինչի հետևանքով էլ կորոնավիրուսային հիվանդության այս ենթատեսակը հեշտ է շփոթել սեզոնային գրիպի հետ։
ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» թերապևտ Կարինե Մակոսյանի հետ զրուցել ենք ՔՈՎԻԴ-19-ի Օմիկրոն ենթատեսակի և սեզոնային գրիպի շուրջ։
Ի տարբերություն ՔՈՎԻԴ-19-ի մյուս ենթատեսակների՝ Օմիկրոնն ունի բազմաթիվ մուտացիաներ, որոնք կարող են ազդել վարակի վարքագծի վրա։ Ինչպես Դելտա շտամի դեպքում, Օմիկրոնի պարագայում ևս, վիրուսը հատկապես վտանգավոր է ռիսկի խմբերում գտնվող մարդկանց համար։
Թերապևտ Կարինե Մարկոսյանն ասում է, որ Օմիկրոնի ախտանշանները սկսում են դրսևորվել վարակվելու երկրորդ օրը և հիմնականում ներառում են՝ կոկորդի ցավ, գլխացավ, հոգնածության զգացում, փռշտոց, գիշերային քրտնարտադրություն, ոսկրերի, հոդերի, մկանների ու մեջքի ցավ: Նույն պատկերն ու դրսևորման ժամկետն է նկատվում նաև սեզոնային գրիպի պարագայում։ Հենց այս պատճառով է, որ շատ հաճախ, առանց թեստավորման անհնար է լինում պարզել՝ մարդը վարակվել է սեզոնային գրիպով, թե՞ Օմիկրոնով։ Թերապևտ Մարկոսյանը նշում է, որ Օմիկրոնով վարակված լինելու մասին կարելի է ինքնուրույն գլխի ընկնել այն պարագայում, եթե շփվել ես վարակակրի հետ։
«Օմիկրոնն ախտահարում է վերին շնչուղիները՝ թոքային հյուսվածքն ավելի քիչ ընդգրկելով այս պրոցեսներում։ Առաջին ախտանիշներից է կոկորդի ցավը, հետո ավելանում է չոր հազը և ջերմությունը, քրտնարտադրությունը, թուլությունը։
Նկատվում են բոլոր այն ախտանշանները, որոնք բնորոշ են վերին սուր շնչառական հիվանդություններին։ Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս վերը նշված ախտանշանները նկատելու դեպքում անմիջապես թեսթ հանձնել՝ բուժման պրոցեսը ժամանակին և անհապաղ սկսելու համար։ Հակառակ պարագայում՝ բարդություններից խուսափելն ավելի դժվար կլինի»։
Բժշիկ Մարկոսյանը նշում է, որ Օմիկրոնի թիրախային խմբերում ավելի շատ երեխաներն են, դեռահասները և 60 տարեկանից բարձր անձինք, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ։ Սեզոնային գրիպի պարագայում էլ թիրախում են հատկապես երեխաներն ու երիտասարդները, որովհետև մանկապարտեզներում և դպրոցներում մարդկային կուտակումները շատ են, ինչպես նաև այն մեծահասակները, ում օրգանիզմի դիմադրողականությունն ընկած է և որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ։
«Երեխաների մոտ Օմիկրոնը կարող է նաև զուգակցվել աղեստամոքսային տրակտի խանգարմամբ՝ բարձր ջերմությամբ, լուծի և փսխումների տեսքով, որոնք կարող են ջրազրկում առաջացնել։ Ուստի աղեստամոքսային տրակտի խանգարումների առկայության պարագայում պետք չէ հետաձգել թեստավորումն ու բժշկին դիմելը։ Օմիկրոնի պարագայում շնչառական խնդիրներն ավելի քիչ են լինում և հիմնականում հանդիպում են բրոնխիտի պատկերով։ Եթե նկատում եք, որ երեխան ավելի նվազ է, անհավես, առկա են շնչառական խնդիրներ, ժամանակին դիմեք բժշկի, քանի որ հատկապես փոքր երեխաները գտնվում են բարձր ռիսկի խմբում։ Սեզոնային գրիպի դեպքում այս ախտանշաններին զուգահեռ կարող է նկատվել նաև քթահոսություն կամ փակ շնչառություն, ինչի դեպքում ևս, պետք է մասնագետի դիմել»։
Հիմնականում Օմիկրոնի և սեզոնային գրիպի բուժումները չեն տարբերվում։ Եթե հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ Օմիկրոնով թոքերի ընդգրկվածությունն ավելի քիչ է, նշանակվում են առատ հեղուկներ և ջերմիջեցնողներ։
«Պարտադիր է տան և սենյակի օդափոխությունը, զբոսանքը մաքուր օդում։ Եթե երեխայի ջերմությունը բարձրանում է, բժշկի նշանակմամբ կարելի է օգտագործել մանկական իբուպրոֆեն կամ պարացետամոլ, փակ շնչառության դեպքում՝ քթի կաթիլներ, և առատ հեղուկ։
Մեծահասակների պարագայում փոքր ինչ այլ պատկեր ունենք։ Օմիկրոնը գրեթե չի ախտահարում թոքային հյուսվածքը, փոխարենն ախտահարում է նյարդային համակարգը, ինչի հետևանքով շատացել են կաթվածների դեպքերը, հոգեվիճակի խանգարումները։ Օմիկրոնի բարդությունները հիմնականում պայմանավորված են հիվանդի ուղեկցող հիվանդությամբ։
Ինչպես սեզոնային գրիպի, այնպես էլ Օմիկրոնի պարագայում, հակաբիտոիկներ չի կարելի օգտագործել, քանի որ դրանք չեն ազդում այս վիրուսների վրա։ Հակաբիոտիկները կիրառվում են միայն այն դեպքում, երբ վիրուսին միանում է նաև բակտերիալ ինֆեկցիան։
Կարևոր է, որպեսզի հիվանդությունը վերահսկվի, որպեսզի հիվանդությունը վերին շնչուղիներից իջնելով չախտահարի թոքերը։ Եթե սկսվում են շնչառական խնդիրներ՝ դժվարաշնչություն, առատ քրտնարտադրություն, թուլություն, ֆիզիկական լարվածության ժամանակ հևոց, նշանակում է, որ թոքերը նույնպես ախտահարվել են։ Այս իրավիճակում անպայման պետք է դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ։ Եվ առհասարակ, ցանկացած ախտանշանի ի հայտ գալու դեպքում, ինքնաբուժությամբ զբաղվել չի կարելի:
Նման իրավիճակներում հիվանդանոցում նշանակվում է թթվածնային թերապիա, բուժման մյուս մանրամասները որոշվում են պացիենտին զննելուց հետո։
Օմիկրոնի հետևանքները դեռ ուսումնասիրվում են, բայց կան փաստեր, որ այս շտամով վարակվելուց հետո նկատվում է գերհոգնածություն, մտավոր թուլություն, անկումային տրամադրություն, քնկոտություն և թուլություն»։
Ի՞նչ անել, եթե դուք կամ ձեր երեխան հիվանդ եք ՔՈՎԻԴ-19-ով և բուժվում եք տանը
Թե՛ Օմիկրոնի, թե՛ սեզոնային գրիպի պարագայում, կարևոր է հետևել հակահամավարակային կանոններին և ամենակարևորը՝ պատվաստվել՝ վարակներից պաշտպանվելու համար։
«Կարևոր է, որ մարդիկ պատվաստվեն, որովհետև և ուսումնասիրությունները, և մեր փորձը ցույց է տալիս, որ պատվաստանյութերը զգալիորեն պաշտպանում են հիվանդության ծանր ընթացքից և մահից»։
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: