ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունները
Ի՞նչ անել, եթե ունեք հետպատվաստումային ռեակցիա և երբ դիմել բժիշկի
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Պատվաստանյութերը համավարակի շղթան կոտրելու ամենաարդյունավետ միջոցն են։ Անկախ պատվաստանյութի տեսակից կամ թե կորոնավիրուսի շրջանառվող շտամներից որով կհիվանդանա մարդը, պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ընթացքը, հոսպիտալացումը և մահը: ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի և դրանց կողմնակի ազդեցությունների շուրջ զրուցել ենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի թերապևտ Սիրանուշ Ասատրյանի հետ։
«Պատվաստվելով մենք մեր օրգանիզմին ծանոթացնում ենք տվյալ վիրուսի հետ, որպեսզի վարակվելու պարագայում տանելիությունն ավելի հեշտ լինի»։
«Մասնագիտական իմ փորձը ցույց է տալիս, որ պատվաստված և վարակված պացիենտների պարագայում վարակն ավելի թեթև ընթացք է ունենում և հոսպիտալացման դեպքերը բավական նվազում են։ Իսկ եթե ՔՈՎԻԴ-19-ով հիվանդն, այնուամենայնիվ, հոսպիտալացվում է, ծանր ընթացքը և մահացու ելքը հավասարվում է զրոյի»։
«Պատվաստման միջոցով մեր օրգանիզմը սովորում է ճանաչել վիրուսը և ակտիվացնել մեր իմունային համակարգը՝ վիրուսի դեմ պայքարելու նպատակով։ Եվ երբ վիրուսը ներթափանցում է օրգանիզմ, այն պատրաստ է լինում դիմագրավել։ Փաստացի մենք մեր իմունային համակարգին հիշողություն՝ ինֆորմացիա ենք տալիս այն մասին, որ գոյություն ունի նմանատիպ վիրուս, և, եթե այն օրգանիզմում հայտնվի, պետք է համապատասխան արձագանքել՝ առանց օրգանիզմը թուլացնելու և վնասելու։ Պատվաստանյութը մարզում և ամրացնում է օրգանիզմի բնական պաշտպանությունը՝ օգնելով իմունային համակարգին ճանաչել վիրուսը ու պայքարել դրա դեմ»։
ՔՈՎԻԴ-19-ի դեմ մշակված պատվաստանյութերը լինում են երկու տեսակի՝ մՌՆԹ և վիրուսի վեկտորային: Ինչպես մնացած բոլոր պատվաստանյութերը, դրանք ևս անցել են ստուգման բոլոր փուլերը։ ԱՀԿ–ի կողմից հաստատված ՔՈՎԻԴ–19–ի դեմ բոլոր պատվաստանյութերն ապահով են և արդյունավետ:
«Պատվաստման կողմնակի ազդեցությունները շատ քիչ են և կարճատև»։
Ամենահաճախ դիտվող հետպատվաստումային ռեակցիաներն են մարմնի ջերմության բարձրացումը, գլխացավը, մկանացավը, սրտխառնոցը, ցավը մկաններում, թույլ ցանավորումը, ցավը ներարկման հատվածում, որոնք կարճատև բնույթ են կրում և բնական երևույթ են. դրանք նշաններ են, որոնք ցույց են տալիս, որ օրգանիզմը գործի է դրել իր պաշտպանական իմունային արձագանքը, և պատվաստանյութը գործում է:
«Այս հետպատվաստումային ռեակցիաները կարող են դիտվել պատվաստմանը հաջորդող առաջին երկու օրերի ընթացքում։ Ամեն ինչ կախված է օրգանիզմի առանձնահատկություններից՝ նույն պատվաստանյութը որոշ մարդկանց մոտ կարող է գանգատներ առաջացնել, օրինակ՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացման՝ ընդհուպ մինչև 39 աստիճան, մկանացավի, գլխացավի, թուլության, սրտխառնոցի տեսքով, իսկ մյուսների օրգանիզմում՝ ընդունվել աննկատ։
Նման ռեակցիաների արտահայտման պարագայում խորհուրդ ենք տալիս օգտագործել շատ հեղուկներ։ Եթե ջերմությունը բարձր է կամ զուգակցվում է գլխացավ-մկանացավով, ընդունել պարացետամոլ կամ իբուպրոֆեն։ Քանի որ սրանք կարճատև երևույթներ են, սովորաբար բժշկական միջամտությունների կարիք չի առաջաբում, թեև պացիենտները պարտադիր պետք է տեղյակ պահեն բժիշկին իրենց վիճակի մասին։
Եզակի հանդիպող կողմնակի ազդեցություններից է օրինակ թևատակի հատվածում լիմֆատիկ հանգույցների այտուցն ու մեծացումը։ Սովորաբար այտուցը մի քանի օրվա մեջ անցնում է` առանց որևէ բժշկական միջամտության»։
Թերապևտ Ասատրյանը նշում է, որ հետպատվաստումային ռեակցիաների դեպքում բժշկական միջամտության կարիք առաջանում է այն դեպքում, երբ օրգանիզմը պատվաստանյութին շատ բուռն է արձագանքում։ Այն արտահայտվում է հետևյալ կերպ՝ անսովոր գլխացավ, ստորին վերջույթների ցավ և կարմրություն, որոնք անհանգստացնում են պացիենտին պատվաստումից 3 օր անց։ Նման պարագայում պարտադիր է այցելելությունը պոլիկլինիկա և մասնագետի հետ խորհրդակցությունը։
«Նախևառաջ, պատվաստումից անմիջապես հետո պացիենտները չպետք է լքեն պոլիկլինիկան կամ բժշկական կենտրոնը, այլ՝ մնան բժիշկների հսկողության տակ՝ 15-30 րոպե։ Մենք այդ ընթացքում հսկում ենք, արդյո՞ք չեն նկատվում անաֆիլակտիկ շոկի (Խմբ․ ալերգիկ ամենածանր ռեակցիա) ախտանիշներ։
Անաֆիլակտիկ շոկը հիմնականում արտահայտվում է խեղդվելու զգացողության, շնչուղիների փակման, սրտի զարկերի արագացման, տագնապային զգացողության և կարմիր ցանավորման տեսքով, որոնք կարող են ուղեկցվել նաև փսխումներով։ Եթե նկատվում են նման ախտանշաններ, անմիջապես բժշկական հատուկ միջամտություն է արվում՝ մասնավորապես ադրենալինի ներարկում։
Բժիշկի դիմելու ցուցում է նաև, երբ անսովոր գանգատներ են լինում կամ մարմնի ջերմության բարձրացումը դիտվում է 3 օրից ավել։ Այս դեպքում պարտադիր է դիմել բժշկական օգնության և իրականացնել հետազոտություններ։ Օրինակ, միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ պատվաստումից հետո երբեմն նկատվում են թրոմբային խնդիրներ՝ թրոմբոզ, ինչը նշանակում է, որ երակում կամ զարկերակում ձևավորվում է արյան մակարդուկ, որը խանգարում է արյան ազատ հոսքին։ Սա սովորաբար կարող է դրսևորվել ներարկումից մեկ-երկու օր կամ 21 օր անց։
Թրոմբոզը հիմնականում դրսևորվում է հետևյալ կերպ՝ ուժեղ գլխացավ, ցավ կրծքավանդակում, հաճախացած սրտխփոց, դժվարացած շնչառություն, քրտնարտադրություն։ Արտաքնապես թրոմբոզը կարելի է տարբերակել հետևյալ կերպ՝ վերջույթները կարող են այտուցվել՝ ձեռք բերելով կապտամանուշակագույն կամ վառ կարմիր երանգ։ Թրոմբի առկայության առաջին իսկ կասկածի դեպքում պետք է դիմել բուժհաստատություն։ Կախված հետազոտությունների արդյունքից՝ նշանակվում է բուժում, որը սովորաբար լինում է փուլային և երկարատև»։
Նշենք, որ Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման մեկնարկից ի վեր, հետպատվաստումային ռեակցիաներով պայմանավորված, բժշկական հաստատություններ է դիմել 96 մարդ, որոնցից հոսպիտալացվել է 4-ը, ինչը կազմում է երկրում երկու միլիոնից ավելի պատվաստումների ընդամենը 0,0002%-ը։
Պատվաստվելուց առաջ հետազոտվե՞լ, թե ոչ
«Շատ պացիենտներ վախենում են պատվաստումից և մինչ պատվաստման որոշում կայացնելը տարբեր հետազոտություններ իրականացնում։ Կարծում եմ դա ավելորդ է, որովհետև եթե տվյալ պահին պացիենտը գանգատներ չունի, անկախ փաստից՝ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ ունի, թե՝ ոչ, անիմաստ է հետազոտվելը։ Այդ քայլին պետք է դիմել, եթե պատրաստվողն այդ պահին ունի հստակ արտահայտված խնդիր։ Այդ պարագայում նա կարող է պարզել՝ պատվաստանյութը հարաբերական հակացուցված է՞, թե ոչ»։
Գոյություն ունեն պատվաստման բացարձակ և հարաբերական հակացուցումներ։ Եթե հակացուցումը հարաբերական է, նշանակում է, որ պատվաստվելը հակացուցված է տվյալ պահի դրությամբ՝ որևէ առողջական խնդրի առկայության պատճառով։ Եթե խնդիրը լուծվում է, նշանակում է պացիենտը կարող է ստանալ պատվաստանյութը։ Բացարձակ հակացուցումը ծանր անաֆիլակտիկ շոկն է տվյալ պատվաստանյութի հանդեպ։
«Այս պարագայում էլ, եթե, օրինակ, որևէ պատվաստանյութի հանդեպ առկա է ծանր անաֆիլակտիկ շոկ, պացիենտին խորհուրդ ենք տալիս ընտրել այլ պատվաստանյութ, որովհետև դրանք տարբեր են իրենց բաղադրությամբ։ Պատվաստումը բացարձակ հակացուցված է նաև այն եզակի պարագայում, երբ տվյալ պացիենտի մոտ քրոնիկ հիվանդությունը՝ դեկոմպենսացված է, այսինքն՝ ունի չափազանց բացասական պատկեր կամ ամենաբացասական պատկերը՝ ամբողջ հիվանդության ընթացքում»։
Երկու՞ չափաբաժին, թե՞ երեք
Հետազոտությունները փաստում են, որ պատվաստանյութն առավելագույն պաշտպանություն է ապահովում այն դեպքում, երբ ներարկվում է պատվաստանյութի ամբողջական կուրսը՝ պահպանելով ներարկումների միջև սահմանված ժամանակացույցը։
ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի մեծ մասն ամբողջական պատվաստման համար նախատեսում են երկու դեղաչափի ներարկում։ Թե ամբողջական պատվաստման, թե խթանիչ դեղաչափի ընդունման նպատակը նույնն է՝ խուսափել հոսպիտալացումից, հիվանդության ծանր ընթացքից ու մահից։ Խթանիչ դեղաչափն ակտիվացնում է օրգանիզմի իմուն պատասխանը, որը պատվաստումից որոշ ժամանակ անց սկսում է պասիվանալ։
Հնարավոր են դեպքեր, երբ երկու դեղաչափերի ներարկումների միջև ընկած ժամանակացույցը չի պահպանվում, օրինակ` առաջին դեղաչափը ստանալուց հետո ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու պատճառով։ Այս պարագայում թերապևտ Ասատրյանը նշում է, որ հարկավոր է երկրորդ դեղաչափը ստանալ հիվանդության վերջին ախտանշաններն անցնելուց 14 օր անց, իսկ երրորդ խթանիչ դեղաչափը՝ 3-6 ամիս անց։
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: