Ի՞նչ անել, եթե դուք կամ ձեր երեխան հիվանդ եք ՔՈՎԻԴ-19-ով և բուժվում եք տանը

Ինչպե՞ս տանը խնամել ՔՈՎԻԴ-19-ով հիվանդին և պաշտպանել մյուսներին վարակվելուց։

ՅՈՒՆԻՍԵՖ
Երիտասարդ տղան գիրք է կարդում։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari
03 Փետրվար 2022

Հայաստանում, «Օմիկրոնի» ալիքով պայմանավորված, օրեցօր ավելանում է ՔՈՎԻԴ-ով հիվանդների թիվը։ Վարակվածներից շատերն ունենում են հիվանդության մեղմ ընթացք և  բուժվում են տան պայմաններում։ Սակայն մեծ ընտանիքներում հաճախ դժվար է խուսափել մյուսներին վարակելուց։ Ինչ անել, եթե դուք կամ ձեր ընտանիքի անդամը վարակվել եք ՔՈՎԻԴ-ով։

Մարդիկ, որոնց ՔՈՎԻԴ-ի թեստը դրական է, իսկ հիվանդության ընթացքը`թեթև կամ առանց ախտանշանների, սովորաբար կարող են ապահով բուժվել տանը, եթե հիվանդության ծանր ընթացքի զարգացման ռիսկի խմբում չեն:

Հիվանդության ծանր ընթացքի զարգացման ռիսկի խմբում գտնվող անձինք, այդ թվում՝ տարեցները, հղիները, ուղեկցող հիվանդություն կամ թույլ իմունային համակարգ ունեցող անձինք պետք է դիմեն բժշկի և հետևեն նրա ցուցումներին:

 

Անմիջապես դիմե՛ք բժշկի, եթե հիվանդի վիճակը վատանում է։

 


Ինչպե՞ս խնամել ՔՈՎԻԴ-19-ով վարակված անձին։

Ընտանիքի հիվանդ անդամին խնամելիս մի՛ մոռացեք հոգ տանել նաև ձեր մասին:

Սահմանափակե՛ք խնամողների թիվը։ Լավագույն դեպքում խնամքով պետք է զբաղվի նա, ով առողջ է և ՔՈՎԻԴ-19 հիվանդության ծանր ընթացքի զարգացման ռիսկի խմբում չէ, օրինակ՝ լիովին պատվաստված է, 60 տարեկանից ցածր տարիքի է և չունի ուղեկցող հիվանդություններ:

Օգնե՛ք հիվանդին՝ հետևելու բժշկի ցուցումներին: Ընդհանուր առմամբ, նրանք պետք է հանգստանան, շատ հեղուկ խմեն և օգտակար սնունդ օգտագործեն։

Հետևե՛ք ախտանշաններին:

Անմիջապես դիմե՛ք բժշկի, եթե հիվանդն ունի․

  • դժվարացած շնչառություն,
  • կրծքավանդակի ցավ,
  • շփոթվածություն,
  • խոսքի կամ շարժունության կորուստ:

Որոշ ախտանշաններ պայմանավորված են տարիքով: Անմիջապես դիմե՛ք բժշկի, եթե երեխան չի կարողանում կրծքով սնվել, եթե մանկահասակ երեխան ունի բարձր ջերմություն, կամ եթե երեխան հանկարծ դառնում է շփոթված, հրաժարվում է ուտելուց, կամ նրա դեմքը կամ շուրթերը կապտում են:

Հետևե՛ք ձեր և ընտանիքի մյուս անդամների ինքնազգացողությանը՝ վաղ հայտնաբերելու համար ՔՈՎԻԴ-19-ի ցանկացած ախտանշան՝ ջերմություն, կոկորդի ցավ, մկանների կամ մարմնի ցավ, քթի բռնվածություն կամ հոսք, սրտխառնոց կամ փսխում, փորլուծություն, հևոց, չոր հազ կամ հոգնածություն:

Երեխաների դեպքում ախտանշանները կարող են տարբեր լինել։ Նորածինները կարող են ունենալ դժվարություն սնվելիս, արագ շնչառություն և թուլություն: Եթե առկա է այս ախտանշաններից որևէ մեկը, անպայման թեստավորե՛ք երեխային:

Ձեռնարկե՛ք կանխարգելիչ միջոցներ:

Կարևոր է ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ, նույնիսկ եթե դուք և ընտանիքի մյուս անդամները պատվաստված եք: Ոչ մի պատվաստանյութ 100 տոկոսով չի պաշտպանում վարակից, և հնարավոր է, որ վարակվելու դեպքում վիրուսը փոխանցեք ուրիշներին:

Ձեր երեխաների հետ խոսե՛ք այս կանխարգելիչ միջոցների մասին, և թե որքան կարևոր է, որ ընտանիքում բոլորը հետևեն դրանց՝ կասեցնելու վիրուսի տարածումը:

Պահե՛ք ֆիզիկական հեռավորություն․ խուսափե՛ք հիվանդի հետ անհարկի շփումից, որը հնարավորության դեպքում պետք է մնա առանձին սենյակում կամ ընտանիքի մյուս անդամներից առնվազն 1 մետր հեռավորության վրա՝ նվազեցնելու համար վարակի տարածման վտանգը:

Կրե՛ք դիմակհիվանդը և նրա հետ նույն սենյակում գտնվող յուրաքանչյուր ոք պետք է դիմակ դնեն։

Պարբերաբար լվացե՛ք ձեռքերըլվացե՛ք ձեր ձեռքերը օճառով և ջրով կամ ախտահանե՛ք ալկոհոլի հիմքով քսուքով, հատկապես հիվանդի հետ շփվելուց հետո։

Օդափոխե՛ք սենյակներըտան սենյակները, հատկապես հիվանդի և ընդհանուր օգտագործման սենյակները (օրինակ՝ խոհանոցը, լոգասենյակը) պետք է լավ օդափոխվեն (հնարավորության դեպքում պատուհանները բա՛ց պահեք)։

Մաքրություն և հիգիենահիվանդի համար օգտագործե՛ք առանձին սպասք, անկողնային պարագաներ և սրբիչներ։ Լվացե՛ք դրանք օճառով և տաք ջրով։

Հարկավոր է ամեն օր մաքրել և ախտահանել այն առարկաների մակերեսները, որոնց հիվանդը ավելի հաճախ է դիպչում (օրինակ՝ աթոռներ, սեղան, մահճակալի շրջանակ, դռան բռնակներ, խաղալիքներ և այլն)։

Ամեն անգամ հիվանդի օգտվելուց հետո, եթե նա ինքնուրույն չի կարող, մաքրե՛ք և ախտահանե՛ք լոգասենյակը՝ օգտագործելով ձեռնոցներ:

Հիվանդի հագուստը կարելի է լվանալ ընտանիքի մյուս անդամների պարագաների հետ, սակայն պետք է դիմել որոշ կանխարգելիչ միջոցների․

  • Հիվանդի հագուստը բռնե՛ք ձեռնոցներով:
  • Լվացե՛ք իրերը օճառով կամ լվացքի միջոցներով՝ օգտագործելով ջրի ամենաջերմ կարգավորումը, և ամբողջությամբ չորացրե՛ք իրերը. այս երկու քայլերն էլ օգնում են ոչնչացնելու վիրուսը:
  • Դրանից անմիջապես հետո լվացե՛ք ձեր ձեռքերը օճառով և ջրով կամ օգտագործե՛ք ալկոհոլի հիմքով ախտահանիչ:
  • Փորձե՛ք լվացքը պահել ոչ թե սովորական լվացքի զամբյուղում, այլ  մեկանգամյա օգտագործման տոպրակներում:

Հիվանդի օգտագործած անձեռոցիկները, դիմակները և այլ թափոններ անվտանգ հեռացնելու համար օգտագործե՛ք աղբի առանձին տոպրակ:

Քանի դեռ հիվանդը լիովին չի ապաքինվել և  դեռևս ունի ՔՈՎԻԴ-19-ի ախտանշաններ, խուսափե՛ք հյուր ընդունելուց:

Հետևե՛ք ձեր երկրում սահմանված ցուցումներին այն մասին, թե որքան ժամանակ հիվանդը պետք է մնա մեկուսացված, և արդյոք տան մյուս անդամները ևս պետք է ինքնամեկուսանան։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հիվանդներին ինքնամեկուսանալ առաջին ախտանշանների ի հայտ գալուց հետո առնվազն 10 օր, ապա ևս երեք օր՝ ախտանշանների վերանալուց հետո։


Ի՞նչ ասել երեխաներին, երբ ընտանիքում մեկը վարակվել է։

Երբ ընտանիքում հիվանդ կա, դժվար է ոչ միայն նրա, այլև մյուսների համար: Թե ինչպես երեխաները կարձագանքեն իրավիճակին, պայմանավորված է նրանց տարիքով:

Ավելի փոքր երեխաները կարող են չհասկանալ, թե ինչ է կատարվում և ինչու հանկարծ չեն կարող տեսնել ծնողին, քրոջը կամ եղբորը: Ավելի մեծ երեխաները կարող են անհանգստություն և ճնշվածություն զգալ: Ոմանք կարող են իրենց մեղադրել կատարվածի համար:

Խոսե՛ք ձեր երեխաների հետ իրավիճակի մասին և փորձե՛ք պատասխանել նրանց հարցերին՝ օգտագործելով տարիքին համապատասխան բառապաշար: Հիշե՛ք, որ երեխաները կրկնօրինակում են մեծերին, այնպես որ աշխատե՛ք հանգիստ խոսել:

Խոսե՛ք նրանց հետ վարակի մասին, թե ինչու է կարևոր ընտանիքի հիվանդ անդամին ապաքինվելու համար որոշակի տարածք տրամադրել, և թե ինչպես բոլորը պետք է զգուշանան՝ վիրուսը չտարածելու համար (հատկապես եթե անհրաժեշտ է պաշտպանել ընտանիքի անդամներից մեկին, որն առավել խոցելի է վարակի նկատմամբ):

Ձեր երեխաներին նույնպես ներգրավեք ընտանեկան քննարկումներում, թե ինչպես վարվել տվյալ իրավիճակում: Փորձե՛ք միասին ժամանակ անցկացնել՝ պահելով ֆիզիկական հեռավորություն, օրինակ՝ ճաշի ժամերին կարող եք շփվել տեսազանգերի միջոցով կամ միասին պատմություններ կարդալ՝ գտնվելով դռան տարբեր կողմերում:

Կարող եք նաև խրախուսել երեխաներին նկարել ընտանիքի հիվանդ անդամի համար կամ նամակներ գրել նրան, ինչը կարող է հաճելի անակնկալ լինել ընտանիքի հիվանդ անդամի համար և օգնել երեխաներին՝ արտահայտելու իրենց զգացողությունները:


Ի՞նչ անել, եթե դուք եք վարակվել:

Եթե վատ եք զգում կամ ձեր ՔՈՎԻԴ-19-ի թեստը դրական է, մնացե՛ք տանը։ Եթե ձեր վիճակը վատանում է կամ դժվարանում եք շնչել, անմիջապես զանգահարե՛ք ձեր առողջապահական հաստատություն:

Եթե դուք ձեր երեխայի միակ խնամողն եք, ապա մտածե՛ք, թե ով կարող է խնամել նրան, եթե ձեր ինքնազգացողությունը վատանա: Ցանկալի է, որ երեխային խնամողը չլինի ՔՈՎԻԴ-19-ից հիվանդության ծանր ընթացքի զարգացման ռիսկի խմբում:

Հանգստացե՛ք, շատ հեղո՛ւկ խմեք և օգտակար սնո՛ւնդ օգտագործեք։

Եթե հնարավոր է, աշխատե՛ք մնալ առանձին սենյակում կամ մյուսներից գոնե 1 մետր հեռավորության վրա՝ նվազեցնելու համար վարակի տարածումը։ Սենյակը հաճախակի՛ օդափոխեք։

Երբ սենյակում մենակ չեք, դիմա՛կ դրեք։ Օգտագործելուց հետո դիմակը զգուշորեն հանե՛ք՝ խուսափելով դրա հնարավոր աղտոտված հատվածներին դիպչելուց։ Օգտագործելուց անմիջապես հետո դիմակը նետե՛ք փակվող աղբամանը։

Մաքրություն և հիգիենա

Հազալիս կամ փռշտալիս փակե՛ք ձեր բերանը ծալված արմունկով կամ անձեռոցիկով, որն օգտագործելուց հետո անմիջապես նետե՛ք փակվող աղբամանը։

Պարբերաբար լվացե՛ք ձեր ձեռքերը օճառով և ջրով կամ ախտահանե՛ք ալկոհոլային հիմքով քսուքով։

Մի՛ սնվեք մյուսների հետ, մի՛ օգտագործեք նույն սպասքը, անկողնային պարագաները կամ սրբիչները։

Խուսափե՛ք ընդհանուր օգտագործման սենյակներում առարկաներին և մակերեսներին դիպչելուց։

Եթե բավականին լավ եք զգում, ամեն անգամ լոգասենյակից օգտվելուց հետո ախտահանե՛ք այն։

Մեկուսացում

Ձեր բժշկից ճշտե՛ք, թե որքան ժամանակ պետք է մնաք տանը և ինքնամեկուսանաք։ ԱՀԿՆ-ն խորհուրդ է տալիս ինքնամեկուսանալ առաջին ախտանշանների ի հայտ գալուց հետո առնվազն 10 օր, ապա ևս 3 օր՝ ախտանշանների վերանալուց հետո։

Ինքնամեկուսացումը կարող է ճնշող լինել։ Լիովին բնական է, որ միաժամանակ մի շարք տարբեր զգացողություններ ունենաք՝  լինեք ճնշված, անհանգիստ, տխուր, վախեցած կամ զայրացած։ Փորձե՛ք ակտիվ լինել, զբաղվել ձեր առօրյա գործերով, հեռախոսով կամ համացանցով կապի մեջ լինել ձեզ հարազատ մարդկանց հետ։ Այս ամենը մեծ նշանակություն կարող է ունենալ։

Կրծքով կերակրման վերաբերյալ խորհուրդներ:

Շարունակե՛ք կրծքով կերակրել՝ հետևելով կանխարգելիչ միջոցներին։ Կրծքի կաթի և կրծքով կերակրելու միջոցով ՔՈՎԻԴ-19-ի փոխանցում չի հայտնաբերվել։


Ի՞նչ անել, եթե ՔՈՎԻԴ-19-ով վարակվել է ձեր երեխան։

Եթե ձեր երեխան ունի ՔՈՎԻԴ-19-ի ախտանշաններ, ապա դիմե՛ք բժշկի, նույնիսկ եթե ախտանշանները մեղմ են։

Եթե ձեր բժիշկն ասում է, որ երեխային տանը խնամելն անվտանգ է, փորձե՛ք այնպես անել, որ երեխայի խնամքով զբաղվի մեկը՝ պաշտպանելու համար ընտանիքի մյուս անդամներին, հատկապես ռիսկի խմբում գտնվողներին:

Հնարավորության դեպքում երեխային խնամողը պետք է առողջ լինի՝ չունենա ուղեկցող հիվանդություններ, և պատվաստված լինի: Եթե հնարավոր չէ երեխային և խնամողին առանձնացնել ընտանիքի մյուս անդամներից, փորձե՛ք վարակված երեխայից և նրան խնամողից առանձնացնել ընտանիքի՝ ռիսկի խմբում գտնվող անդամներին:

Երեխաներին միայնակ մի՛ մեկուսացրեք։

Ձեր երեխայի հետ խոսե՛ք ՔՈՎԻԴ-19-ի մասին, և թե ինչու է կարևոր որոշակի ժամանակով փորձել հեռավորություն պահել ընտանիքի մյուս անդամներից։

Խնամողը և, եթե հնարավոր է, երեխան (6 տարեկան և ավելի բարձր տարիքի) շփվելիս պետք է դիմակ դնեն և պարբերաբար լվանան ձեռքերը օճառով և ջրով կամ ախտահանեն ալկոհոլային հիմքով քսուքով։

Հանգիստը, շատ հեղուկները և օգտակար սնունդը կօգնեն ձեր երեխային ապաքինվելու։

Վստահեցրե՛ք ձեր երեխային, որ հոգ կտանեք նրա մասին, և որոշ ժամանակ անց նա իրեն ավելի լավ կզգա։

Լսե՛ք ձեր երեխայի հարցերը և մտահոգությունները:

Համավարակը բոլորի համար շատ անհանգստություն և անորոշություն է առաջացրել։ ՔՈՎԻԴ-19-ով վարակվելը կարող է առաջացնել մի շարք զգացողություններ՝ զայրույթից և անհանգստությունից մինչև տխրություն։ Վստահեցրե՛ք նրանց, որ նման զգացողությունները լիովին բնական են։

Որոշ երեխաներ հնարավոր է իրենց ընկերներից կամ համացանցից ՔՈՎԻԴ-19-ի մասին սխալ տեղեկություններ լսած լինեն, ինչի հետևանքով կարող են անհանգստություն կամ ամոթ զգալ։ Ճշտե՛ք, թե ինչ գիտի երեխան և, եթե անհրաժեշտ է, ներկայացրե՛ք ճիշտ տվյալներ՝ օգտվելով տեղեկատվության այնպիսի վստահելի աղբյուրներից, ինչպիսիք են ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

Եղե՛ք պատասխանատու ձեր երեխայի կարիքների հանդեպ:

Միասին մտածե՛ք տարբեր ուղիներ, որպեսզի երեխան կարողանա պահել կապը ընտանիքի մյուս անդամների հետ։

Երեխայի և խնամողի ինքնամեկուսացման սենյակը երեխայի համար հնարավորինս հարմարավե՛տ դարձրեք։

Եթե երեխան իրեն բավական լավ է զգում, փորձե՛ք նրա հետ խաղալու և նրան քաջալերելու ստեղծագործական ուղիներ գտնել։ Խաղն ու ուսուցումը երեխայի կյանքի կարևորագույն բաղադրիչներն են։

Հետևե՛ք ախտանշաններին:

Եթե ձեր երեխան ախտանշաններ ունենա, անմիջապես զանգահարե՛ք ձեր բժշկին։

Անմիջապես բժշկի՛ դիմեք, եթե երեխան չի կարողանում կրծքով սնվել կամ եթե հանկարծ դառնում է շփոթված, հրաժարվում է ուտելուց, կամ նրա դեմքը կամ շուրթերը կապտում են:

Կրծքով կերակրման վերաբերյալ խորհուրդներ

Շարունակե՛ք կրծքով կերակրել երեխային, նույնիսկ եթե նա հիվանդ է։ Եթե ձեր երեխան հիվանդ է ՔՈՎԻԴ-19-ով կամ այլ հիվանդությամբ, կարևոր է շարունակել կրծքով կերակրել նրան։

Կրծքով կերակրումը խթանում է երեխայի իմունային համակարգը և ձեր իմունային համակարգի հակամարմինները կաթի միջոցով փոխանցվում են նրան, ինչը երեխային օգնում է պայքարելու վարակների դեմ։

 


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: