ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատասխանում է ՔՈՎԻԴ–19–ի դեմ պատվաստման և հղիության հետ կապված մտահոգություններին

Պատասխանում ենք ՔՈՎԻԴ–19–ի և հղիության մասին ամենից հաճախ տրվող հարցերին՝ հիմնվելով փաստերի վրա։

ՅՈՒՆԻՍԵՖ
Հղի կինը աշխատում է ծննդատան սենյակում համակարգչով։
UNICEF Armenia/2018/Sokhin
21 Դեկտեմբեր 2021

Հղիությունը առանձնահատուկ ժամանակահատված է, որը լի է ոգևորությամբ և ակնկալիքներով: Այն նաև ֆիզիկական և հուզական մեծ փոփոխությունների ժամանակաշրջան է կանանց համար: Այս ամենից բացի` ՔՈՎԻԴ–19–ի համավարակը ստվեր է գցում այս ժամանակահատվածի վրա՝ հղի կանանց պատճառելով վախ, տագնապ և անորոշություն:

Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, ձեզ աջակցելու համար, ՅՈՒՆԻՍԵՖ–ը ժողովել է ՔՈՎԻԴ–19–ի և հղիության մասին ամենից հաճախ տրվող հարցերը և տրամադրում է ստուգված, փաստերի վրա հիմնված տեղեկատվություն, որը կօգնի ձեզ գտնելու ձեզ մտահոգող բոլոր հարցերի պատասխանները և պաշտպանելու ձեզ և ձեր ապագա փոքրիկին:

 

Հղի կանայք կարո՞ղ են պատվաստվել ՔՈՎԻԴ–19–ի դեմ:

Այո՛, հղի կանայք կարող են պատվաստվել ՔՈՎԻԴ–19–ի դեմ՝ խորհրդակցելով իրենց հղիության ընթացքին հետևող բժշկի  հետ: Գնալով ավելանում են տվյալները, որոնք վկայում են հղիության ընթացքում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման անվտանգության և արդյունավետության մասին, և ներկայում առկա տվյալների հիման վրա մասնագետները հավատացած են, որ ՔՈՎԻԴ-19-ի դեմ հաստատված պատվաստանյութերը անվտանգ են ու արդյունավետ, և քիչ հավանական է, որ դրանք կվտանգեն հղի կնոջը կամ դեռևս չծնված նրա մանկիկին: Հղի կանայք վիրուսով վարակվելու դեպքում ենթարկվում են ՔՈՎԻԴ-19 հիվանդության ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահվան բարձր վտանգի: Պատվաստանյութի օգտակարությունը մեծապես գերազանցում է ցանկացած հավանական վտանգը:

Պատվաստումը կարող է հատկապես խորհուրդ տրվել այն հղի կանանց, որոնց համար բարձր է ծանր հիվանդացածության վտանգը: Այդ թվին են դասվում 35 տարեկանն անց կանայք, որոնք ունեն ՔՈՎԻԴ-19-ի հետագա ծանր ընթացք զարգացնող այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են շաքարախտը կամ սրտային հիվանդությունները, ինչպես նաև մարմնի քաշի բարձր դասիչ ունեցող անձինք:

Հղիությունը ՔՈՎԻԴ-19-ի հաստատված պատվաստանյութերից որևէ մեկի հակացուցում չէ, և պատվաստանյութերը չեն ավելացնում հղիության հետ կապված բարդությունների, վիժման կամ մեռելածնության վտանգը: ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերը հղի կանանց համար անվտանգ են և արդյունավետ հղիության բոլոր փուլերում:

Նկատի՛ ունեցեք, որ եթե ձեզ մոտ նախկինում նկատվել է անաֆիլաքսիա (ալերգիկ ռեակցիա) պատվաստանյութի բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ, ապա դա պատվաստման հակացուցում է: Եթե անաֆիլաքսիան առաջանում է առաջին դեղաչափից հետո, ապա պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը չպետք է ներարկվի:

 

Ինչո՞ւ պետք է պատվաստվեն հղի կանայք:

Հատկապես ուղեկցող հիվանդություններով և վիրուսային վարակների բարձր վտանգի ենթակա հղի կանայք (օրինակ՝ բուժաշխատողները) պետք է պատվաստվեն, որպեսզի պաշտպանեն իրենց ՔՈՎԻԴ-19 ծանր վարակից, հոսպիտալացումից և մահվան ելքից:

Առկա տվյալները ցույց են տալիս, որ չպատվաստված հղի կանայք պատվաստված հղի կանանց համեմատ ավելի խոցելի են ՔՈՎԻԴ-19-ով վարակվելիս դրա ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահվան առումով: ՔՈՎԻԴ-19-ով ծանր հիվանդացածության հետ կապված վտանգներից և բարդություններից խուսափելու համար՝ հղի կանայք պետք է պատվաստվեն՝ խորհրդակցելով իրենց հղիության ընթացքին հետևող բժշկի հետ:

 

ՔՈՎԻԴ–19–ի դեմ պատվաստանյութը հարուցո՞ւմ է արդյոք ՔՈՎԻԴ-19 վարակ:

Ո՛չ: ՔՈՎԻԴ–19–ի դեմ պատվաստանյութը չի կարող ՔՈՎԻԴ–19 հարուցել: Պատվաստանյութերում կենդանի վիրուսներ չկան:

 

Պատվաստումից հետո հղի կանայք այլոց համեմատ արդյոք ավելի՞ են ենթակա կողմնակի ծանր հետևանքների:

Ո՛չ: ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը կարող են բոլորի մոտ էլ ի հայտ բերել թույլ ջերմություն, ցավ և կարմրություն ներարկման հատվածում: Լուրջ բացասական հետևանքներ հազվադեպ են առաջանում, և ՔՈՎԻԴ–19–ի դեմ պատվաստումից հետո հղի կանանց մոտ նկատված կողմնակի հետևանքները չեն տարբերվում ոչ հղի կանանց մոտ նկատվածներից:

 

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերն առաջացնո՞ւմ են արդյոք անպտղություն:

Ո՛չ, ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի՝ անպտղություն առաջացնելու պնդումը հորինվածք է: Այն ողջ աշխարհում կանանց մեջ թերահավատություն է սերմանել, որի արդյունքում նրանք չեն պատվաստվել և մնացել են անպաշտպան:

Աշխարհում միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք, պատվաստվել են, սակայն չկան տվյալներ այն մասին, որոնք կվկայեն ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի պատճառով կանանց կամ տղամարդկանց անպտղության առաջացման մասին: Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ կարող են վստահ լինել, որ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը չեն ազդի նրանց վերարտադրողականության վրա: Շուկայում չկա որևէ պատվաստանյութ, որը կնվազեցնի կնոջ հղիանալու կարողությունը:

 

Նախքան ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութ ստանալը հղիության թեստ հանձնելու կարիք կա՞ արդյոք:

Մեկ այլ հորինվածք է այն պնդումը, թե նախքան ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումը կանայք պետք է հղիության թեստ հանձնեն: ՔՈՎԻԴ-19-ի դեմ ներկայում առկա պատվաստանյութերը կենդանի վիրուսներ չեն պարունակում և չեն կարող վնասել ո՛չ հղի կնոջը, ո՛չ էլ զարգացող պտղին: Ուստի հղիության թեստ հանձնելու կարիք չկա: Մոտ ապագայում երեխա ունենալու հեռանկար ունեցող բոլոր կանայք կարող են պատվաստվել ՔՈՎԻԴ-19-ի դեմ:

 

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը արդյո՞ք խորհուրդ են տրվում կրծքով կերակրող կանանց:

Այո՛: Պատվաստվելը առավել ևս խորհուրդ է տրվում կրծքով կերակրող կանանց: Թեև կրծքով կերակրող կանանց վերաբերյալ տվյալներ չկան, կերակրող կանանց համար պատվաստանյութերի արդյունավետությունը և անվտանգությունը նման է մյուսներին, և պատվաստանյութերը, թերևս, վտանգավոր չեն կրծքով կերակրվող երեխայի համար: Պատվաստման պատճառով պետք չէ դադարեցնել կրծքով կերակրումը:

 

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը վնաս կպատճառե՞ն արդյոք արգանդում գտնվող փոքրիկին:

Ներկայի տվյալները վկայում են, որ հղի կանանց ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստելը բացասաբար չի անդրադառնում նրանց դեռ չծնված փոքրիկների վրա: Պտղի վիժման վտանգը չի ավելանա, եթե հղի կինը պատվաստվի ՔՈՎԻԴ-19-ի դեմ: Ըստ էության, գնալով ավելանում են տվյալներն այն մասին, որ պատվաստվելը կարող է օգնել նաև երեխային չվարակվել ՔՈՎԻԴ-19-ով:

 

Ի՞նչ ազդեցություն է ունենում պատվաստանյութը երեխայի վրա, քանի դեռ մայրը կրծքով է կերակրում նրան:

Կրծքի կաթը կատարյալ սննդանյութեր է տրամադրում մանկիկին: Կրծքով կերակրող մայրերի կամ նրանց փոքրիկների համար ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի ապահովության մասին տվյալները գնալով ավելանում են: Այդուհանդերձ, հաշվի առնելով առկա գիտելիքներն այն մասին, թե ինչպես են գործում պատվաստանյութերը, ինչպես նաև՝ առկա տեղեկատվությունը ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի մասին, կարելի է հետևություն անել, որ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը հազիվ թե վտանգեն կրծքով կերակրվող երեխային: Ուստի միանշանակ խորհուրդ է տրվում կրծքով կերակրումը շարունակել ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութով պատվաստվելուց հետո:

 

Պատվաստանյութը կարո՞ղ է ազդել/ազդո՞ւմ է կաթի քանակի վրա:

Տվյալ պահին կրծքով կերակրող կանայք պետք է շարունակեն կրծքով կերակրել նաև պատվաստանյութը ստանալուց հետո: Նրանք կարող են վստահ լինել, որ պատվաստումը չի ազդի իրենց կաթի քանակի վրա: Պատվաստանյութ ստանալը չպետք է խոչընդոտ կամ պատճառ լինի կրծքով կերակրումը սկսելու կամ դադարեցնելու համար:

 


Սույն արշավը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: