Հղիության ընթացքը ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում

Ինչպե՞ս ինքներդ ձեզ և ձեր մանկիկին լավագույնս պաշտպանեք

Մենդի Ռիչի
Հղի կինը հիվանդանոցի իր սենյակում համակարգչի առջև է նստած։
UNICEF Armenia/2018/Sokhin
16 Դեկտեմբեր 2021

Հղիությունը առանձնահատուկ ժամանակաշրջան է՝ լի հուզումնալից պահերով ու սպասումներով: Սակայն կորոնավիրուսային հիվանդության (ՔՈՎԻԴ-19) պայմաններում ապագա մայրերի կյանքի այս երջանիկ ժամանակահատվածը ստվերվում է վախի, տագնապի ու անորոշության զգացումներով: Որպեսզի օգնենք կանանց հղիության շրջանում, մենք զրուցել ենք փորձագետների հետ հղիության, ՔՈՎԻԴ-19-ի և պատվաստանյութերի մասին և թե ինչպես ապահով վերահսկել հղիության ընթացքը ՔՈՎԻԴ-19 համավարակի ժամանակ:

Մենք կշարունակենք թարմացնել այս հոդվածը՝ նոր տեղեկությունների հայտնվելուն պես։

 

Ես հղի եմ։ Արդյո՞ք ավելի եմ ենթակա ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու ռիսկին

Ըստ հետազոտությունների՝ հղի կանայք ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու ռիսկի ենթակա են ոչ ավելի, քան մարդկանց այլ խմբերը: Այդուհանդերձ, ավելի բարձր է վտանգը, որ ձեզ մոտ կարող է դիտվել հիվանդության ծանր ընթացք, եթե վարակվեք ՔՈՎԻԴ-19-ով։ Բացի այդ, ավելի բարձր է վաղաժամ ծննդաբերության վտանգը, եթե վարակվեք ՔՈՎԻԴ-19-ով։  

Ահա թե ինչու է կարևոր, որ դուք և ձեզ շրջապատող մարդիկ հետևեն հակահամաճարակային կանոններին՝ ՔՈՎԻԴ-19-ից պաշտպանվելու համար։ Վաղ դիմեք բժիշկի, եթե ունեք այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են ջերմությունը, հազը կամ դժվարացած շնչառությունը։

 

Ի՞նչ պետք է անեմ հղիության ընթացքում՝ ինձ ՔՈՎԻԴ-19-ից պաշտպանելու համար

ՔՈՎԻԴ-19-ից խուսափելու համար՝ հղի կանայք պետք է հետևեն նույն կանխարգելիչ միջոցառումներին, ինչ մյուսները։ Ինքներդ ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց պաշտպանելու համար՝

  • Ձեր բժիշկի հետ խորհրդակցեք պատվաստվելու հնարավորության շուրջ։
  • Կրեք դիմակ այն վայրերում, որտեղ չեք կարող ուրիշներից ֆիզիկական հեռավորություն պահպանել։
  • Պահպանեք ֆիզիկական հեռավորություն և խուսափեք վատ օդափոխվող կամ մարդաշատ վայրերից։
  • Հաճախակի բացեք պատուհանները՝ ներսում օդափոխությունը բարելավելու համար։
  • Հաճախակի լվացեք ձեռքերը օճառով և ջրով կամ ախտահանեք սպիրտային հիմքով քսուքով։

Եթե ջերմում եք, հազում եք կամ դժվարացած եք շնչում, վաղ դիմեք բժիշկի։

 

Կարո՞ղ եմ պատվաստվել ՔՈՎԻԴ-19-ի դեմ, եթե հղի եմ

Այո, դուք կարող եք պատվաստվել, եթե հղի եք։ Թեև ՔՈՎԻԴ-19-ից ծանր հիվանդանալու ընդհանուր ռիսկը դեռևս ցածր է, հղիությունը ձեզ դնում է հիվանդության ծանր ընթացքի զարգացման ավելի բարձր ռիսկի տակ մյուսների համեմատ:

Չնայած, որ հղիների պատվաստման վերաբերյալ դեռ քիչ տվյալներ են առկա,  հղիության ընթացքում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի անվտանգությունը փաստող տվյալները աճել են, և անվտանգության հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել: Հղիության ընթացքում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստվելու վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար՝ զրուցեք ձեզ սպասարկող բուժաշխատողի հետ։

ՔՈՎԻԴ–19–ի դեմ պատվաստման և հղիության մասին ավելին կարող եք ընթեցել այստեղ։

 

Արդյո՞ք պետք է պատվաստվեմ ՔՈՎԻԴ-19-ի դեմ, եթե կրծքով կերակրում եմ

Այո, եթե կրծքով կերակրում եք, պատվաստվեք, երբ պատվաստումը ձեզ համար հասանելի լինի։ Պատվաստումն անվտանգ է, և վտանգ չի ներկայացնում մոր կամ երեխայի համար։ ՔՈՎԻԴ-19-ի դեմ առկա պատվաստանյութերից և ոչ մեկը կենդանի վարակ չի պարունակում, ուստի չկա որևէ վտանգ, որ պատվաստումից հետո ձեր երեխան կաթի միջոցով կարող է վարակվել։ Ավելին, այն հակամարմինները, որ ձեզ մոտ կձևավորվեն պատվաստման շնորհիվ, կարող են կաթով փոխանցվել ձեր երեխային և օգնել պաշտպանել նրան։

Թոարիկը կուրծք է ուտում՝ ուշադիր նայելով մայրիկին:
©UNICEF Armenia/2015/Kirakosyan

Ես պլանավորում եմ երեխա ունենալ։ Կարո՞ղ են ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերն ազդել պտղաբերության վրա

Ո՛չ, դուք, հնարավոր է, տեսած լինեք կեղծ պնդումներ սոցիալական ցանցերում, բայց չկա որևէ ապացույց, որ որևէ պատվաստանյութ՝ ներառյալ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը, կարող է ազդել կանանց կամ տղամարդկանց պտղաբերության վրա: Հարկավոր է, որ պատվաստվեք, եթե փորձում եք հղիանալ։

 

Եթե ես կորոնավիրուսային հիվանդություն ունեմ, արդյո՞ք այն կարող է փոխանցվել իմ երեխային

Մենք առ այսօր չգիտենք՝ վիրուսը կարո՞ղ է մորից փոխանցվել պտղին կամ նորածնին, թե՞ ոչ: Առ այսօր, ՔՈՎԻԴ-19 վիրուս չի հայտնաբերվել հեշտոցային հեղուկի կամ կրծքի կաթի մեջ:

Լավագույնը, որ կարող եք անել, ՔՈՎԻԴ-19-ով ախտահարվելուց խուսափելուն ուղղված նախազգուշական միջոցներ ձեռնարկելն է: Այդուհանդերձ, եթե հղի եք կամ նոր եք ծննդաբերել և տկարություն եք զգում, ապա պետք է անհապաղ դիմեք բուժօգնության և հետևեք բուժաշխատողի ցուցումներին:

 

Արդո՞ք ապահով է  շարունակել պրենատալ հետազոտությունները

Բազմաթիվ ապագա մայրեր վախենում են մասնագետներին այցելելուց և դիմում են նախազգուշական այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են տանը մնալը կամ դրսում ֆիզիկական հեռավորություն պահպանելը: Ձեզ սպասարկող բուժաշխատողից պարզեք, թե ինչպես կարող են կազմակերպվել ձեր հետազոտություններն ու այցերը։

Երեխայի ծննդից հետո կարևոր է նաև շարունակել պրոֆեսիոնալ աջակցություն և ուղղորդում ստանալ, այդ թվում՝ պլանային իմունականխարգելումը: Ձեզ սպասարկող բուժաշխատողի հետ քննարկե՛ք և ընտրե՛ք ձեզ և ձեր երեխայի համար այդ այցերը կազմակերպելու ամենաապահով եղանակը:

 

Ես պատրաստվում եմ ծննդաբերել ծննդատանը կամ առողջապահական կլինիկայում: Արդյո՞ք սա լավ տարբերակ է

Վտանգը կախված է ձեր բնակության վայրից։ Ձեզ համար ամենաապահով տարբերակին հանգելու համար կարևոր է զրուցել հղիության և ծննդաբերության ամբողջ ընթացքի համար պատասխանատու բուժաշխատողի հետ։ Նա կկարողանա ներկայացնել առկա վտանգները և խորհուրդ տալ ձեր իրավիճակին և տեղական առողջապահական համակարգին համապատասխանող ամենաապահով տարբերակը։

 

Իմ զուգընկերը կամ ընտանիքի անդամը կարո՞ղ է կողքիս լինել ծննդաբերության ժամանակ

Թեև այս հարցում մոտեցումը տարբեր երկրներում տարբեր է, կանանց կողքին պետք է լինի աջակցող մեկը՝ նախազգուշական այնպիսի պատշաճ միջոցներ ձեռնարկելու պայմանով, ինչպիսիք են ծնարանում գտնվելիս դիմակ կրելը և ձեռքերը լվանալը:

Մեզ հետ զրույցի ժամանակ Մանկաբարձների միջազգային կոնֆեդերացիայի նախագահ Ֆրանկա Քադեն նշեց․ «Ես կարող եմ հասկանալ, որ ուզում եք նվազեցնել ծննդկանի մոտ ներկա մարդկանց քանակը, քանի որ ցանկանում եք նվազեցնել շփումը, և դա միանգամայն տրամաբանական է, սակայն եկե՛ք ապահովենք, որ ծննդաբերության պահին որևէ մեկը՝ նրա զուգընկերը, քույրը, մայրը (կամ ամենամտերիմ անձը՝ ծննդկանի ընտրությամբ), սպասարկող բուժանձնակազմից բացի, լինի կնոջ կողքին: Նաև խնդրում ենք նորածիններին թողնել մայրերի մոտ»։

 

Ես սարսափելի մտահոգված եմ ծննդաբերությանս հարցով: Ինչպե՞ս կարող եմ հաղթահարել այդ վիճակը

ՔՈՎԻԴ-19-ը սթրեսային և անորոշ ժամանակաշրջան է եղել բոլորի և հատկապես նրանց համար, ովքեր պատրաստվում են ծննդաբերել: Ծննդաբերության հետ կապված պլանավորումը կարող է թեթևացնել տագնապի զգացողությունը, որովհետև կվերահսկեք իրավիճակը: Միաժամանակ պետք է հասկանալ, որ տվյալ իրավիճակի կանխատեսելիությունը կախված է ձեր բնակության վայրից: Այդ պլանը կարող է պարունակել հետևյալ տեղեկությունը. այն անձի կոնտակտային տվյալները, ում ծննդկանը զանգահարելու է ծննդաբերությունը սկսվելիս, ո՞վ է աջակցելու ծննդաբերության ընթացքում, որտե՞ղ է տեղի ունենալու ծննդաբերությունը: Պարզե՛ք, թե ինչ սահմանափակումներ կարող են լինել ծննդատանը՝ աջակցող անձանց և ընտանիքի անդամների վերաբերյալ։

Անհանգստությունը թուլացնելու համար տանը կարող եք նաև թեթև վարժություններ, շնչառական վարժություններ կատարել, հարկ եղած դեպքում զանգահարել մանկաբարձին: Պահպանեք կապը ընտանիքի և ընկերների հետ, լավ սնվեք, լավ քնեք և կենտրոնացեք ինքներդ ձեր մասին առավելագույնս հոգ տանելու վրա: Սա բարդ ժամանակաշրջան է, սակայն փորձեք որքան հնարավոր է վայելել հղիությունը։

 

Ի՞նչ հարցեր պետք է տամ ինձ սպասարկող բուժաշխատողին

Շատ կարևոր է բուժաշխատողի հետ վստահության վրա հիմնված հարաբերություններ հաստատել: «Ձեզ և ձեր առողջությանը վերաբերող բոլոր հարցերը պետք է տաք առանց վարանելու», - ասում է Ֆրանկա Քադեն՝ Մանկաբարձների միջազգային կոնֆեդերացիայի նախագահը, - «Եթե անկեղծ հարաբերություններ ունեք ձեր բուժաշխատողի՝ մանկաբարձի, գինեկոլոգի հետ, նրանք կքննարկեն ձեզ հետ այդ հարցերը և կպատասխանեն դրանց: Այդ պատասխաններն իմանալը ձեր իրավունքն է»:

Քադեն առաջարկում է համակարգել համապատասխան բուժաշխատողի հետ կապվելու եղանակն ու ժամանակը: Օրինակ՝ պլանավորել այցերը, նախատեսել անհետաձգելի օգնության անհրաժեշտության դեպքում նրա հետ կապ հաստատելու եղանակը: Կարող է օգտակար լինել խնամք տրամադրողների հետ նախապես պայմանավորվելը՝ ստանալու բժշկական փաստաթղթերի պատճենը, այդ թվում՝ նախածննդյան խնամքի մասին փաստաթղթերը՝ ծառայությունների ընդհատման կամ փոփոխման դեպքում:

Ինչ վերաբերում է ծննդաբերության ձեր պլանին, ապա կարևոր է առաջադրել բոլոր այն հարցերը, որ հարկ եք համարում: Քադեն առաջարկում է հետևյալ հարցերը․

  •  Այս տարածքում կորոնավիրուսային հիվանդությունն ինձ սպառնո՞ւմ է, թե՞ ոչ: ՔՈՎԻԴ-19-ով վարակված որևէ մեկը եղե՞լ է այստեղ:
  • Ինչպե՞ս եք ՔՈՎԻԴ-19-ով վարակված անձանց առանձնացնում չվարակվածներից:
  •  Բուժաշխատողների համար բավարար թվով պաշտպանիչ հանդերձանք առկա՞ է արդյոք:
  • Կարո՞ղ է որևէ մեկը ուղեկցել ինձ: Եթե ոչ, ինչո՞ւ:
  • Կարո՞ղ եմ փոքրիկիս ինձ մոտ պահել: Եթե ոչ, ինչո՞ւ:
  • Կարո՞ղ եմ կրծքով կերակրել փոքրիկիս: Եթե ոչ, ինչո՞ւ:

 

Ես վարակվել եմ ՔՈՎԻԴ-19-ով։ Ի՞նչ պետք է ակնկալեմ հղիության կամ ծննդաբերության ժամանակ

Եթե դուք վարակվել եք կամ կարծում եք, որ վարակվել եք ՔՈՎԻԴ-19-ով, կարևոր է վաղ դիմել բժշկի և հետևել ձեզ սպասարկող բժիշկի ցուցումներին։

Հիշեք, որ դուք և ձեր երեխան բարձրորակ խնամքի իրավունք ունեք հղիության ողջ ընթացքում և ծննդաբերությունից հետո։

Դուք պետք է աջակցություն ստանաք՝

  • Ապահով կրծքով կերակրելու;
  • Ձեր երեխայի հետ մաշկը մաշկի շփում ունենալու;
  • Ձեր երեխայի հետ մեկ սենյակում գտնվելու։

Սերտ շփումը և վաղ, բացառապես կրծքով կերակրումն օգնում է երեխային զարգանալ, ինչպես նաև օգտակար է մայրիկի առողջության համար ևս։

Երեխայի կողքին գտնվելիս, հետևեք հակահամաճարակային կանոններին՝ առկայության պարագայում, կրեք դիմակ, լվացեք ձեռքերը երեխային դիպչելուց առաջ և հետո, մաքրեք / ախտահանեք մակերեսները։

 

Ես վարակվել եմ ՔՈՎԻԴ-19-ով։ Արդյո՞ք ապահով է երեխայիս կրծքով կերակրելը

Այո։ Մինչ օրս կրծքի կաթի կամ կրծքով կերակրման միջոցով ՔՈՎԻԴ-19-ի ակտիվ վիրուսի փոխանցումը չի հաստատվել, ուստի չկա որևէ պատճառ դադարեցնելու կամ խուսափելու կրծքով կերակրումից։

Եթե դուք վարակվել եք կամ կարծում եք, որ վարակվել եք ՔՈՎԻԴ-19-ով, կարևոր է վաղ դիմել բժշկի և հետևել ձեզ սպասարկող բժիշկի ցուցումներին։ Այն մայրիկները, ովքեր իրենց լավ են զգում և կարող են կրծքով կերակրել, պետք է հետևեն հակահամաճարակային կանոններին՝ առկայության պարագայում, կրեն դիմակ, լվանան ձեռքերը երեխային դիպչելուց առաջ և հետո, մաքրեն / ախտահանեն մակերեսները։ Եթե ձեզ շատ տկար եք զգում կրծքով կերակրելու համար, կթեք կուրծքը և տվեք կաթը ձեր երեխային մաքուր բաժակի և/կամ գդալի միջոցով՝ պահպանելով նույն հակահամաճարակային կանոնները:

 

Ծննդաբերելուց հետո ի՞նչ կարող եմ անել՝ իմ նորածնին ՔՈՎԻԴ-19 վիրուսից պաշտպանելու համար

Վտանգի մակարդակը կախված է ձեր բնակության վայրից։ Սկզբում կարող եք ստուգել, թե ինչպիսի կանոններ են սահմանված ձեր տեղական իշխանությունների կողմից։ Հարկավոր է, որ ավելի զգուշավոր լինեք այն վայրերում, որտեղ ՔՈՎԻԴ-19-ի վարակելիության մակարդակը բարձր է, իսկ պատվաստման մակարդակը՝ ցածր։

Եթե վարակվելու վտանգն ավելի բարձր է ձեր բնակության վայրում, ապա շփվեք միայն ձեր ընտանիքի հետ և միառժամանակ այցելուների մի ընդունեք:

Չնայած դժվարին ժամանակներին՝ փորձեք ընդունել այս շրջանի դրական կողմերը ևս, որն ընտանիքի հետ կապն ամրապնդելու հնարավորություն է ընձեռում: Առանց այցելուների հոսքի՝ կարող եք ավելի լավ կենտրոնանալ ձեր նորածնի հետ ժամանակ անցկացնելու վրա: «Երիտասարդ մայրերն ու հայրերը երբեմն կարող են մեծ թվով հյուրեր ընդունել», - ասում է Քադեն, - «Վայելե՛ք ձեր ընտանիքի ամենամոտիկ անդամների հետ լինելու այս բացառիկ ժամանակահատվածը: Յուրահատուկ զգացողություն է ձեր երեխայի հետ մենակ մնալը, այդ նոր մարդ արարածին բացահայտելը և այդ զգացողությունը վայելելը»: