Վերադառնալով «նորմալ» կյանքին՝ չնայած համավարակին
ՔՈՎԻԴ-19-ը և պատվաստումները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցների պատմությունները
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Արդեն շուրջ երկու տարի է, ինչ ՔՈՎԻԴ-19-ը լիովին փոխել է մեր առօրյան և տակնուվրա արել մեր կյանքը։ Հայստանում, որտեղ բոլորս կարծես բոլորին ճանաչում ենք, հազիվ թե գտնվի ինչ-որ մեկը, որ ՔՈՎԻԴ-19-ի պատճառով չի կորցրել ծնողի, ամուսնու, կնոջ, քրոջ, ընկերոջ, հարազատի կամ ծանոթի։ Շատերս ունենք ՔՈՎԻԴ-19-ով վարակման և վարակի դեմ պատվաստման մեր ուրույն փորձառությունն ու պատմությունը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեր փոքրիկ անձնակազմը ևս բացառություն չէ։
Մինչ մեր աշխատակիցների պատմություններին ծանոթանալը, պատվաստումների մասին նախ զրուցեցինք առողջապահության ոլորտի մասնագետ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի առողջապահության և սնուցման ծրագրերի բաժնի պատասխանատու Միհրան Հակոբյանի հետ, ով իր ընտանիքի հետ առաջիններից էր Հայաստանում, որ պատվաստվեց։
«Պատվատումներն արդի բժշկության ամենամեծ նվաճումներից են»:
«Պատվաստումը կանխարգելելի հիվանդությունների հաղթահարման հիմնական մեթոդն է, արդի բժշկության ամենամեծ նվաճումներից մեկը: Պատվաստման շնորհիվ գրեթե վերացել են մարդկությանը վտագի ենթարկած այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են կարմրուկը և պոլիոմիելիտը՝ ամեն տարի փրկելով միլիոնավոր կյանքեր և միաժամանակ պաշտպանելով նրանց, ում պատվաստումն արգելված է կամ, առողջական խնդիրներից ելնելով, հակացուցված։
Հայաստանում իր հիմնադրման հենց սկզբից ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է Առողջապահության նախարարության իմունականխարգելման ծրագրին, և հենց դրա շնորհիվ է, որ երկար ժամանակ պատվաստումներով կանխարգելվող հիվանդություններից Հայաստանում դեպքեր չեն գրանցվում։ Այս հաջողությունը մեր առողջապահական համակարգի և նաև մեր ծնողների ջանքերի արդյունք է, ովքեր, վստահելով պատվաստումներին, նախ պատվաստել են մեզ, իսկ մենք արդեն՝ մեր երեխաներին։
Այս առումով ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումըբացառություն չեն և, ըստ էության, համավարակը հաղթահարելու մեր ամենաարդյունավետ և հուսալի մեթոդն են։ Կարևոր է հիշել, որ, չնայած պատվաստումը պաշտպանում է հիվանդության ծանր ձևերից, բարդացումներից և մահից, սակայն չի երաշխավորում չհիվանդանալը, ուստի հարկավոր է բոլոր վայրերում շարունակել հետևել կանխարգելիչ միջոցառումներին։
«Վստահ եմ, որ ավելի թեթև կտանեինք հիվանդությունը, եթե պատվաստված լինեինք»։
Աշոտի համար ՔՈՎԻԴ-19-ն ունեցավ երկարատև ծանր ազդեցություն։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վարորդ Աշոտը և նրա կինը՝ Գոհարը, ՔՈՎԻԴ-19-ով վարակվեցին 2020 թվականի նոյեմբերին, երբ երկիրը բախվել էր կորոնավիրուսի հերթական ալիքի և հակամարտության հետևանքների հետ։ Գոհարի մոտ հիվանդությունն ավելի ծանր ընթացք ունեցավ․ բարձր ջերմությամբ սկսված հիվանդությունը հետագայում ուղեկցվեց թոքաբորբով, դժվարացած շնչառությամբ և շնչահեղձությամբ։ Աշոտը հիշում է, որ, առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով, շատ դժվար էր Գոհարին հոսպիտալացնելը և գործընթացը բավականին երկար տևեց։
«Կնոջս այդ վիճակում տեսնելը շատ դժվար էր, ոչ մեկին չեմ ցանկանա նույնը զգալ։ Անելանելի վիճակում էի։ Թոքաբորբի հետևանքով շատ դժվար էր շնչում, խեղդվում էր, և դա ինձ շոկի էր ենթարկել։ Այդ հոգեվիճակը մոտս տևական պահպանվեց։ Մոտս տագնապային զգացողություններ և վախ էր ձևավորվել․ անընդհատ մտածում էի՝ գուցե կնոջս վերջին անգամ եմ տեսնում»։
Աշոտի մոտ բարդություններն առաջացան ՔՈՎԻԴ-19-ից հետո։ Կնոջ վիճակից և հիվանդությունից առաջացած սթրեսն ու ծանր հուզական վիճակը պահանջեց մեկամսյա բուժում։ Չնայած որ թե՛ հիվանդությունից, թե՛ բուժումից այսքան ժամանակ է անցել, Աշոտը մինչ այժմ էլ զգում է հիվանդության հետևանքները։ Նշում է, որ ավելի ներփակված և ինքնամփոփ է դարձել, մարդկանց հետ առաջվա պես չի շփվում, չի կատակում։
Հիվանդության նման ծանր ընթացքը և երկարատև հետևանքները ցույց տվեցին, թե որքան անպաշտպան է հիվադնության առջև յուրաքանչյուր անձ, և երբ պատվաստանյութերն արդեն Հայաստան հասան, երկուսն էլ պատվաստվեցին։ Աշոտը նշում է, որ թե՛ կինը, թե՛ ինքը պատվաստումը լավ են տարել, կողմնակի ազդեցություններ չեն ունեցել։
«Վստահ եմ, որ ավելի թեթև կտանեինք հիվանդությունը, եթե պատվաստված լինեինք», - նշում է Աշոտը և հավելում, որ պատվաստումից հետո կյանքի որակը մի քիչ փոխվել է․ այժմ ավելի ազատ են այլ մարդկանց հետ շփման հարցում, այդքան չեն վախենում, սակայն մեծ հավաքույթների դեռևս չեն մասնակցում։
«Պատվաստումը լավագույն որոշումն է, թե´ իմ, թե´ ընտանիքիս անդամների, թե´ շրջապատի մարդկանց համար»։
Հիվանդության ծանր ընթացք, երկարատև ՔՈՎԻԴ, վերակենդանացման բաժանմունք․ հակիրճ երևի հենց այս բառերով կարելի է նկարագրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկի և նրա ընտանիքի ՔՈՎԻԴ-19-ի փորձառությունը։ Հասմիկը և գրեթե իր ողջ ընտանիքը՝ մայրը, եղբայրը, որդին, ՔՈՎԻԴ-19-ով են հիվանդացել 2020 թվականի հոկտեմբերի վերջին։
Չնայած հիվանդության ծանր ընթացքին և շուրջ տասը օր շարունակվող խեղդող հազին և թուլությանը՝ Հասմիկը ստիպված էր ոտքի վրա լինել, որպեսզի խնամի ընտանիքի մյուս անդամներին, հատկապես՝ երեխային։ Ապաքինումից հետո նաև բախվեց երկարատև ՔՈՎԻԴ-ի` ՔՈՎԻԴ-19-ի երկարաժամկետ հետևանքների հետ։ Հասմիկի դեպքում դա մինչ այժմ պահպանված թուլությունն է, հիշողության խնդիրները, որոնք դրսևորվում են առօրյա օգտագործման բառերի մոռացությամբ։
Հիվանդության մեկ այլ մարտահրավերն այն էր, որ ՔՈՎԻԴ-ով վարակվելու ժամանակ Հասմիկը դեռ կրծքով կերակրում էր որդուն։ Եվ զարմանալի չէ, որ, համացանցում շրջանառվող ապատեղեկատվության տարափի տակ, ծանոթներից շատերը նրան խորհուրդ էին տալիս ՔՈՎԻԴ-19-ով հիվանդ ժամանակ երեխային չկերակրել։
«Ես իհարկե չդադարեցրեցի կրծքով կերակրելը։ Կրծքով կերակրելով երեխային իմունիտետ ենք տալիս․ մոր կաթը երեխայի լավագույն պաշտպանությունն է։ Ուստի շարունակեցի կերակրելը, և դա օգնեց երեխային ավելի արագ ապաքինվել․ նա ընդամենը երկու օր բարձր ջերմեց, իսկ երրորդ օրվանից շատ լավ էր»։
Հետագայում ՔՈՎԻԴ-19-ով հիվանդացան նաև Հասմիկի ամուսինը և սկեսուրը, ով հիվանդությունն առավել ծանր տարավ և թոքերի գրեթե 90% ախտահարությամբ մեկ ամսից ավելի անցկացրեց վերակենդանացման բաժանմունքում, ապա ևս մեկ ամիս շնչառական ապարատով բուժումը շարունակեց տանը։
Երբ պատվաստանութերի առաջին խմբաքանակը հասավ Հայաստան, Հասմիկն առաջիններից էր, ով ընտանիքի հետ միասին պատվաստվեց։ «Շատ էի սպասում պատվաստանյութերին։ Վստահ էի, որ պատվաստումը լավագույն որոշումն է, թե՛ իմ, թե՛ ընտանիքիս անդամների, թե՛ շրջապատիս մարդկանց համար»։
Այս ժամանակ ևս Հասմիկը բախվեց ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի շուրջ պտտվող ապատեղեկատվությանը, քանի որ դեռ շարունակում էր երեխային կրծքով կերակրել, և շրջապատի մարդիկ խորհուրդ էին տալիս չպատվաստվել կամ դադարեցնել կրծքով կերակրումը։
Հասմիկը նշում է, որ ճնշումը հաղթահարել օգնեցին գիտական փաստերը, որ պարբերաբար ընթերցում էր ՅՈՒՆԻՍԵֆ-ի, ԱՀԿ-ի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի նյութերում՝ համոզվելով, որ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստվելով և շարունակելով կրծքով կերակրումը, երեխային լավագույն պաշտպանությունն է փոխանցելու։
Նշում է, որ պատվաստումից հետո ունեցել է հետպատվաստումային ռեակցիա՝ առաջին դեղաչափից հետո երկու օր հոգնածության և քնկոտության զգացում է ունեցել, իսկ երկրորդ պատվաստումն ընդհանրապես չի զգացել։ Ավելի կարևոր էր, որ պատվաստումն իր հետ բերեց սպասված ազատության ու ապահովության զգացումը։ Վերհիշում է, որ մինչև պատվաստումը վախը սեփական և շրջապատի մարդկանց առողջության համար շատ էր․ «Պատվաստումից հետո ինձ ավելի ազատ եմ զգում, ազատ տեղաշարժվում եմ, կարողանում եմ գնալ սրճարան, հավաքվել ընտանիքով կամ երեխայի հետ գնալ զբոսնելու։ Պատվաստման շնորհիվ վերջերս կարողացել եմ նաև ճամփորդել»։
«Հանրային առողջությունը շատ կարևոր է, և որքան շատ մարդ պատվաստված լինի, այնքան բոլորս ավելի պաշտպանված կլինենք ու հանրային իմունիտետ կունենանք», - շեշտում է Հասմիկը։
«Պատվաստումն այս պահին միակ լուծումն է, որ կանխում է ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված մահերը»։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Երեխաների պաշտպանության բաժնի օգնական Հեղինարը ՔՈՎԻԴ-19-ով է հիվանդացել համեմատաբար վերջերս՝ 21 թվականի նոյեմբերին՝ պատվաստվելուց մոտ հինգուկես ամիս անց, երբ արդեն պլանավորում էր խթանիչ դեղաչափը ստանալ։ Հիվանդության ընթացքը միջին ծանրության էր՝ մի քանի օր անկողնային էր։
«Շատ տարօրինակ զգացում էր, անընդհատ մտածում էի՝ բա ո՞ր պատվաստված չլինեի։ Հնարավոր է՝ էլի կարողանայի տան պայմաններում բուժվել, բայց ներքուստ զգում էի, որ եթե պատվաստված չլինեի, գուցե հիվանդանոց պառկեի։ Չնայած հիվանդության ընթացքը միջին ծանրության էր՝ պատվաստման շնորհիվ ես չունեցա բարդացումներ, հիվանդությունը չխորացավ»։
Հեղինարը նշում է, որ շատ կարևոր է համեմատել ռիսկերը․ երբ չպատվաստված հիվանդանում ես, երբեք չգիտես օրգանիզմդ ինչպես կարձագանքի, չես կառավարում հետևանքները, հիվանդության հնարավոր բարդությունները, մինչդեռ երբ պատվաստված ես, գիտես, որ օրգանիզմդ զինել ես լավագույն պաշտպանությամբ, և նույնիսկ եթե վարակվես, հիվանդության ընթացքը հնարավորինս ավելի մեղմ կլինի, ավելի կառավարելի և առանց բարդացումների։
Չնայած, որ մինչև պատվաստվելը ՔՈՎԻԴ-19-ով վարակված չի եղել՝ ի սկզբանե վստահ է եղել, որ պատվաստումը մահը կանխարգելելու միակ լուծումն է։ Պատվաստվել էին ողջ ընտանիքով՝ ծնողները, քույրերն իրենց ընտանիքներով և ամուսինը, որ նաև շաքարային դիաբետ ունի։
Նշում է, որ պատվաստումը շատ թեթև է տարել, հետպատվաստումային ռեակցիաներ չի ունեցել։ Մինչ պատվաստվելը որևէ վախ կամ կասկած չի ունեցել․ չի հետևում անվստահելի աղբյուրների կողմից տարածված որևէ տեղեկատվության՝ անկախ դրական կամ բացասական բնույթից։
«21-րդ դարում, ներկայի զարգացածության մակարդակով, չես կարող գիտությանը չվստահել։ Երբ նայում ես համաշխարհային պատվաստման վիճակագրությանը, տեսնում, թե որքան ցածր է պատվաստումից անցանկալի հետևանքների տոկոսը, հասկանում ես, որ ռիսկը շատ չնչին է։ Վստահ եմ նաև, որ պատվաստվելով օգնում եմ շրջապատիս անձանց։ Հայաստանի համար այդ բարդ տարվա ընթացքում, երբ արդեն պատերազմից շատ զոհ էինք ունեցել, չափազանց կարևոր էի համարում իմ քայլով գոնե մեկ մարդուն պաշտպանելը»։
Հեղինարի ընտանիքի համար պատվաստումը նաև շատ բան է փոխել։ Պատմում է, որ երբ ՔՈՎԻԴ-19-ը Հայաստան մտավ, և թվերը սկսեցին աճել, չորս քույր՝ յուրաքանչյուրն իր ընտանիքով, մեկուսացան և մեկուսացրեցին տարեց ծնողներին, ովքեր, տարիքի հետ պայմանավորված, առողջական խնդիրներ ունեն։ Ծնողներին մահացու հիվանդությամբ վտանգելու վախը բոլորի մոտ շատ մեծ էր, ուստի, իրավիճակից ելնելով, մեկուսացումը լավագույն լուծումն էր։ Արդյունքում՝գրեթե մեկ տարի Հեղինարի ծնողները չեն տեսել իրենց թոռներին և երեխաներին։
Այդ ժամանակահատվածը Հեղինարի մեծ և իրար հետ շատ կապված ընտանիքին շատ ծանր տրվեց։ Այն պարագայում, որ տոները միշտ միասին են նշել, այդ տարի բոլորը միայնակ էին իրենց ընտանիքներով՝ ընտանիքի մյուս անդամներից կտրված, իսկ ծնողների մենակությունն առավել ծանր էր ընկալվում։ Սակայն ծնողների առողջությունն ավելի առաջնային էր, և հիվանդության հնարավոր բացասական հետևանքների գիտակցումը թույլ չէր տալիս նրանց ավելորդ վտանգի ենթարկել։
Այժմ, երբ ընտանիքի բոլոր անդամները պատվաստված են, կարծես նորից շնչում են, քանի որ կարողանում են ողջ ընտանիքով նորից հավաքվել, վայելել և գնահատել միմյանց ներկայությունը, նույնիսկ՝ այդքանով հավաքվելու արդյունքում տանը տիրող աղմուկ-աղաղակը։
Ահա թե ինչ նշանակություն ունեն ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերը մեր թիմի անդամների համար։ Պատմեք մեզ, թե ինչպես են պատվաստանյութերը փոխել ձեր կյանքը: #ՊատվաստանյութերնԱշխատում են
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: