ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը թոքերի վրա
Առաջին ախտանիշներից, մինչև ծայրահեղ ծանր վիճակ
ՔՈՎԻԴ-19-ը և վերջինիս տարբերակները մարդու օրգանիզմի և առողջության վրա ունենում են տարբեր ազդեցություններ: Եվ չնայած ՔՈՎԻԴ-19-ի շուրջ հետազոտությունները դեռևս շարունակվում են, հայտնի է, որ այս վարակի հիմնական առանձնահատկություններից է թոքերի ախտահարումը։ Մինչ օրս Հայատանում գրանցվել է ՔՈՎԻԴ-19-ի ընդհանուր 422,498 դեպք և 8,611 մահ։
Հասկանալու համար, թե ինչպես է կորոնավիրուսային հիվանդությունն ազդում թոքերի վրա՝ զրուցել ենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկ-թերապևտ, թոքաբան Լիաննա Մովսիսյանի հետ, ով Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի տարածման առաջին իսկ օրվանից ներգրավված է եղել այս վիրուսով վարակված հիվանդների բուժման գործում, և նշում է, որ վերջին երկու տարիները բուժաշխատողների համար ամենադժվարն ու մարտրահրավերայինն էին։
Չնայած, որ ՔՈՎԻԴ 19-ի ժամանակ կարող են ախտահարվել տարբեր օրգան-համակարգեր, ամենաառաջնայինը և թիրախայինը հենց թոքերն են։ Եթե կորոնավիրուսային հիվանդության ժամանակ թոքերը չեն ախտահարվում, ապա վիճակը գնահատվում է թեթև, հիվանդների բուժումը կազմակերպվում է տան պայմաններում, և բուժվում են հիվանդության ախտանիշները։
Այն դեպքերում, երբ հիվանդներն ունեն ուղեկցող հիվանդություններ, և նկատվում է կայուն բարձր ջերմություն, կարևոր է, որ հիվանդը գտնվի ստացիոնար հսկողության տակ։ Իսկ եթե կան ուղեկցող հիվանդություններ, բայց հիվանդությունն ընթանում է անախտանիշ կամ թեթև կլինիկական սիմպտոմներով, ապա հոսպիտալիզացման հստակ ցուցում չկա։
Այն դեպքերում, երբ հիվանդի մոտ հինգ օրից ավել նկատվում է կայուն բարձր՝ 380C և ավել ջերմություն, դժվարաշնչություն, օդի պակասի զգացում, սատուրացիայի (խմբ․՝ արյան հագեցվածությունը թթվածնով) անկում, ապա կան հիմնավոր կասկածներ, որ հիվանդի թոքերն ախտահարվել են, և զարգացել է թոքաբորբ։
Վիրուսային թոքաբորբ
«Կորոնավիրուսային թոքաբորբն իր բնույթով, իր պատճառագիտությամբ վիրուսային է, և, ի տարբերություն այլ թոքաբորբերի, հիմնականում լինում է երկկողմանի. միակողմանի թոքաբորբն այս վիրուսի պարագայում հազվադեպ է հանդիպում։ Բացի այդ, կորոնավիրուսային թոքաբորբի այլ առանձնահատկություններից է օջախների՝ թոքային հյուսվածքի ծայրամասերում տեղակայումը, ինչպես նաև՝ բազմաօջախային լինելը։ Վերջինս նշանակում է, որ կարճ ժամանակահատվածում այս օջախները կարող են միաձուլվել և հանգեցնել ավելի ծանր ընթացքով թոքաբորբի», - նշում է բժիշկը։
Հոսպիտալացում
Երբ հիվանդի մոտ առկա է թոքաբորբ, և հիվանդության ծանրության աստիճանը գնահատվում է միջին կամ ծանր, ապա խիստ կարևոր է, որ բուժումը կազմակերպվի ստացիոնար պայմաններում։
«Ի՞նչը կարող է խոսել հիվանդության ծանրության աստիճանի մասին։ Դա խորացող շնչարգելությունն է, այսինքն՝ օդի պակասի զգացումը։ Հիվանդները նշում են, որ օդը չի հերիքում, դժվար են շնչում։ Հոսպիտալացման ցուցում է նաև, երբ առկա է սատուրացիայի անկում, կա հևոց, կայուն բարձր ջերմություն», - պարզաբանում է թոքաբան Մովսիսյանը։
Հոսպիտալացումից հետո սովորական՝ ոչ ինտենսիվ, բաժանմունքներում, գտնվող հիվանդները մեծամասամբ ստանում են դեղորայքային բուժում, որն ընտրվում է ելնելով հիվանդի լաբորատոր հետազոտությունների, համակարգչային շերտագրության (խմբ․՝ համակարգչային տոմոգրաֆիա) արդյունքներից, ինչպես նաև՝ սատուրացիայի և այլ օբյեկտիվ զննման տվյալներից։ Առավել թեթև ընթացող թոքաբորբերի դեպքում հիվանդները մեծամասամբ թթվածին շնչելու` օքսիգենոթերապիայի, կարիք չեն ունենում։
Արդեն միջին ծանրության հիվանդության պարագայում, անհրաժեշտության դեպքում, իրականացվում է նաև օքսիգենոթերապիա, որի ապահովման մի քանի եղանակներ կան։ Սկզբում, երբ բարդացումներ չկան, օքսիգենոթերապիան ապահովվում է քթային փողրակի միջոցով, որը հիվանդների կողմից ամենահեշտ տանելին է։
Ինտենսիվ թերապիա
«Երբ թոքային հյուսվածքի ախտահարման մակերեսը մեծանում է, հիվանդի վիճակը ծանրանում է։ Այդ ժամանակ քթային փողրակի միջոցով մատակարարվող թթվածինը կարող է չբավարարել հիվանդին։ Այդ պարագայում բուժումը կշարունակվի շնչառական դիմակի կամ դիմակ-պարկի միջոցով, որը շնչելու համար մեկ րոպեում թթվածնի ավելի մեծ հոսք է ապահովում։ Այս փուլում հիվանդի վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր, և նա տեղափոխվում է ինտենսիվ թերապիայի կամ վերակենդանացման բաժանմունք։
Վիճակի էլ ավելի վատացման դեպքում կարող է առաջանալ ապարատի միջոցով ինվազիվ արհեստական շնչառություն ապահովելու անհրաժեշտություն։ Օրինակ՝ կարող է իրականացվել էնդոտրախեալ (ներշնչափողային) ինտուբացիա, երբ օդատար ճկուն, բայց պինդ պատերով խողովակը պացիենտի քթով կամ բերանով ներմուծվում է և տեղադրվում շնչափողի մեջ, կամ կարող է իրականացվել տրախեոստոմիա, երբ խողովակը շնչափող է ներմուծվում արտաքինից կոկորդի վրա բացված անցքով:
Սովորաբար ծանր ընթացքով թոքաբորբերի դեպքում դիտվում է թոքային մակերեսի գումարային 50 տոկոս և ավելի ախտահարում, փոքրանում է առողջ շնչառական մակերեսը, տեղի է ունենում արյան գազային կազմի փոփոխություն։
Հիվանդի վիճակի ծանրության աստիճանի ցուցանիշներնից են նաև սատուրացիայի 90-ից ցածր ցուցանիշը, 1 րոպեում 30 և ավելի շնչառական շարժումների քանակը», - բացատրում է բժիշկը։
Թոքաբան Մովսիսյանը նշում է, որ ծանր ընթացքով թոքաբորբի դեպքում փոխվում է նաև հիվանդի ինքնազգացողությունը՝ ունենում է դժվարաշնչություն, օդի պակասի զգացում, ֆիզիկական ակտիվության խիստ սահմանափակում, սովորական կենցաղային գործողությունները հիվանդի համար դառնում են շատ դժվար։
Շնչառական անբավարարություն ունեցող հիվանդները ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում ստանում են մշտական`շուրջօրյա, օքսիգենոթերապիա։ Ավելին, հիվանդի խնամքը, այդ թվում՝ սնվելը, հեղուկի ընդունումը, իրականացվում է բուժանձնակազմի օգնությամբ։
Ծանր ընթացքով թոքաբորբի անցումը ծայրահեղ ծանրի
Բժիշկ Մովսիսյանը նշում է, որ ծանր ընթացքով թոքաբորբերը շատ արագ՝ ժամերի ընթացքում կարող են վերածվել ծայրահեղ ծանրի։
«Հիվանդի մոտ, օրինակ, օրվա առաջին կեսին օգսիգենոթերապիայով կարող են գրանցվել սատուրացիայի նորմալ ցուցանիշներ, բայց օրվա ընթացքում այդ ցուցանիշները կարող են վատանալ՝ նշանակելով, որ հիվանդի մոտ շնչառական անբավարարությունը խորացել է», - նշում է բժիշկը։
«Պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երբ առկա է մեծահասակների սուր շնչառական դիսթրես համախտանիշ (խմբ․ արտաքին շնչառական անբավարարության ծանր ձև, որը բնութագրվում է թոքերի արագ և տարածուն բորբոքմամբ), սեպսիս (խմբ․ արյան վարակում թարախածին մանրէներով) կամ սեպտիկ շոկ (խմբ․ մանրէների, ինչպես նաև՝ հյուսվածքների քայքայված նյութերի հանկարծակի և մեծ քանակությամբ թափանցում արյան մեջ)։ Այս իրավիճակում թոքերի արհեստական օդափոխությանը գումարվում են այլ օրգան-համակարգերի հետ կապված խնդիրներ` պոլիօրգանային անբավարարություն, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում և այլն:
Երբ պացիենտը հայտնվում է այս վիճակում, առաջանում է օքսիգենոթերապիան համապատասխանեցնելու անհրաժեշտություն։ Կախված շնչառական անբավարարության աստիճանից, թոքային հյուսվածքի ախտահարման մակերեսից՝ կարգավորվում է մեկ րոպեում թթվածնային հոսքի ծավալը՝ արյան նորմալ գազային կազմ ապահովելու համար: Օրինակ՝ հիվանդներ կան, որոնց մոտ սատուրացիայի նորմալ ցուցանիշներ են գրանցվում րոպեում հինգ լիտր թթվածնային հոսքով, բայց, ծանրության աստիճանից կախված, այս թիվը կարող է մեծանալ», - նշում է բժիշկը։
Մովսիսյանի խոսքով՝ օքսիգենոթերապիայի ծավալը կախված է նաև մի շարք այլ հանգամանքներից։ Օրինակ, եթե հիվանդն ունի թոքերի քրոնիկ հիվանդություն, և դրան գումարվել է թոքաբորբ, ապա այս պարագայում մեկ րոպեում ներշնչվող թթվածնի ծավալը շատ ավելին է, քան նույն ախտահարումով այն հիվանդինը, ում մոտ թոքերի քրոնիկ հիվանդություն չկա:
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների թոքերի ախտահարման մակերեսը հասնում է մինչև 90-95 տոկոսի։ Քանի որ ծարահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների թոքերի արհեստական շնչառությունը հիմնականում իրականացվում է ինվազիվ եղանակով, նրանք ի վիճակի չեն լինում ինքնուրույն սնվել․ սնուցումն իրականացվում է նազոգաստրալ զոնդով։ Բացի այդ, թթվածնաքաղցի հետևանքով հիվանդի մոտ կարող է առաջանալ գիտակցության մակարդակի ընկճում։
Ծայրահեղ ծանր դեպքերից ոչ բոլորն են ունենում լետալ ելք (խմբ․՝ մահվան ելք), սակայն պետք է հիշել, որ թոքային հյուսվածքի վերականգնումը տևական ժամանակ է պահանջում, և որքան մեծ է թոքերի ախտահարման մակերեսը, այնքան ավելի երկար է տևում վերականգնումը։
«Նկարագրված հնարավոր բարդացումներից խուսափելու համար հարկավոր է հանրավորինս կոփել օրգանիզմը և իմունային համակարգը՝ հետևել հակահամավարակային կանոններին, ախտանիշների ի հայտ գալու պարագայում՝ վաղ դիմել բժիշկի և, հատկապես՝ պատվաստվել։ Մինչ օրս Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով մահացել է 8,611 մարդ, իսկ պատվաստումը մահերը կանխարգելելու մեր լավագույն միջոցն է», - ընդգծում է թոքաբան Մովսիսյանը։
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: