Ի՞նչ է անում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՔՈՎԻԴ-19 համաճարակը կանխարգելելու համար

Ինչպե՞ս է ՅՈՒՆԻՍԵՖ-ը արձագանքում առողջապահական այս լուրջ մարտահրավերին

ՅՈՒՆԻՍԵՖ
ՅՈՒՆԻՍԵՖ-ը սոցիալական պաշտպանության և աշխատանքի նախարարություն է ուղարկել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար անհրաժեշտ պարագաների առաջին խմբաքանակը։
UNICEF Armenia/2020/Publicis
13 Ապրիլ 2020

Այս արտակարգ իրավիճակում ինչպե՞ս է ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում երեխաների կրթությանը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է կառավարություններին նախապատրաստական և արձագանքման գործողություններ իրականացնելու հարցում։ Այդ թվում՝ ապահովելով, որ դպրոցներում անհրաժեշտ նախապատրաստական գործողություններ իրականացվեն, որպեսզի աշակերտները և ուսուցիչները պատշաճ տեղեկացված լինեն վարակից պաշտպանվելու միջոցների մասին, որպեսզի գործող դպրոցները անվտանգ լինեն, իսկ որտեղ դպրոցները չեն գործում, երեխաները շարունակեն կրթություն ստանալ այլ եղանակով։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ստեղծվել է հեռավար դասընթացների նկարահանման երկրորդ հագեցած ստուդիան: Կենտրոնի հետ համատեղ մենք նկարահանելու ենք դասընթացներ և ստեղծելու ենք վիզուալ նյութեր, որպեսզի հարստացնենք առցանց դասերը: Միևանույն ժամանակ աշխատում ենք ուսուցիչների համար մեդիա գրագիտության հատուկ դասընթացների փաթեթի ստեղծման ուղղությամբ:

 

Ի՞նչ իրեր եք մատակարարում ՔՈՎԻԴ-19 համաճարակի դեմ պայքարելու համար։

Վարակի բռնկումից ցայսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկրներին մատակարարել է ավելի քան 4,27 միլիոն զույգ ձեռնոց, 573,300 վիրահատական դիմակ, 98,931 N95 շնչառական դիմակ, 156,557 բժշկական համազգեստ և 12,750 ակնոց։

Մարտի 1-ից սկսած՝ երեք առաքում, ընդհանուր առմամբ 8 տոննա կշռով, հաջողությամբ հասել են Թեհրան։ Մատակարարված իրերը բաժանվել են ամենավարակված վեց տարածքների բուժհաստատություններին և հիվանդանոցներին։ Առաջիկայում նախատեսում ենք նաև 18,5 տոննա կշռով ապրանքներ ուղարկել այդ երկիր։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը առողջապահական ու հիգիենայի պարագաներ է տրամադրել ՀՀ առողջապահության, աշխատանքի ու սոցիալական հարցերի, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններին:

Բժշկական ապրանքների մատակարարումը շարունակելու է լինել ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում մեր կենտրոնական բաղադրիչը։

Դանիայում գտնվող ՅՈՒՆԻՍԵՖ-ի պահեստում մատակարարվող ապրանքների հերթական խմբաքանակն է ձևավորվում կորոնավիրուսից տուժած հերթական երկիր ուղարկելու համար։
UNICEF/UNI320162

Որքա՞ն գումար է անհրաժեշտ ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը 651,6 մլն ԱՄՆ դոլարի շտապ դրամահավաք է մեկնարկել, որպեսզի կարողանա անհրաժեշտ կերպով արձագանքել կորոնավիրուսի մարտահրավերներին։ Այս գումարը հնարավորություն կտա ՅՈՒՆԻՍԵՖ-ին առողջապահական թույլ համակարգ ունեցող երկրներում հզորացնել կանխարգելման և արձագանքման ծրագրերը, վարակի տարածումը կանխարգելելու համար մատակարարել կարևոր առողջապահական և սանիտարահիգիենիկ պարագաներ, երեխաներին և ընտանիքներին տեղեկացնել, թե ինչպես առողջ և անվտանգ լինել և զարգացնել հեռավար կրթությունը։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը 500,000 ԱՄՆ դոլարի դրամահավաք է մեկնարկել մասնավոր ընկերությունների, ինչպես նաև` Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մասնակցությամբ։ Այս գումարն անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք շարունակել Հայաստանում պայքարել կորոնավիրուսի դեմ և շարունակենք մատակարարել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և հիգիենայի պարագաներ, ինչպես նաև` համակարգչային սարքավորումներ երեխաների և ուսուցիչների համար։

Երեխաները այս համաճարակի թաքնված զոհերն են։ Կորոնավիրուսն արդեն հարված է հասցրել նրանց բարեկեցությանը և ապագային։ Երեխաների կրթությունը խաթարվել է, ծնողները անհանգստացած են, դրսում խաղալը արգելված է, աղքատությունն աճում է, իսկ ոմանք էլ չեն կարողանում իրենց անհրաժեշտ բուժումը ստանալ, քանի որ առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է։ Մենք պետք է գործենք հենց հիմա։

 

Ինչպե՞ս եք պատրաստվում իրականացնել ձեր ծրագրերը, եթե ձեր անձնակազմը նույնպես տնից է աշխատում։

Անհրաժեշտության դեպքում մենք տարբեր գործելաոճերի ենք դիմում, այդ թվում՝ աշխատելով հեռահար, որպեսզի մեր անձնակազմի առողջությունն ու անվտանգությունը չտուժի, և երեխաների համար կատարվող մեր ծրագրերը շարունակվեն։ Այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, աշխատակիցներից ոմանք դեռևս շարունակում են աշխատել գրասենյակներում։

Մենք շարունակում ենք աշխատել, և մեր աշխատանքը երբեք այսքան կարևոր և կենսական նշանակության  չի եղել։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը սոցիալական պաշտպանության և աշխատանքի նախարարություն է ուղարկել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար անհրաժեշտ պարագաների առաջին խմբաքանակը։
UNICEF Armenia/2020/Publicis

Ինչպե՞ս եք դուք պաշտպանում փախստականների ճամբարներում կամ նմանատիպ այլ տարածքներում ապրող մարդկանց

Փախստականների ճամբարներում կամ նման այլ վայրերում ապրող երեխաները և ընտանիքները հատկապես խոցելի են վարակվելու և վարակը տարածելու առումով, մասնավորապես այն վայրերում, որտեղ մարդկանց թիվը մեծ է, իսկ ձեռքերը լվանալու կամ այլ սանիտարահիգիենիկ հարմարություններ չկան։

Նմանատիպ համայնքներում մենք աշխատում ենք կանխարգելել վարակի տարածումը՝ տեղեկացնելով վտանգների մասին, դպրոցներին և բուժհաստատություններին հիգիենայի և բժշկական պարագաներ տրամադրելով, գնահատելով բռնկման ազդեցությունը, որպեսզի կարողանանք ապահովել խնամքի, կրթության և սոցիալական ծառայությունների շարունակականությունը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է կոչ անել կառավարություններին՝ փախստական, միգրանտ և տարհանված բնակչության համար ապահովել կանխարգելման և բուժման ծառայությունների հասանելիություն, այդ թվում առողջապահական ծառայությունների, ջրի, սանիտարահիգիենիկ պարագաների, կրթության և պաշտպանության։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները նույնպես հարմարեցնում են իրենց կրթական ծրագրերը, որպեսզի տարհանված երեխաները ևս շարունակեն ուսումը առցանց ուղիներով՝ միևնույն ժամանակ շարունակելով սոցիալ-հգեբանական աջակցություն տրամադրել թե՛ գաղթի ճանապարհը բռնած երեխաներին և թե՛նրանց խնամակալներին։

 

Ի՞նչ է անում ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որպեսզի այս իրավիճակում աջակցի պատվաստումային արշավներին։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու խորհուրդ տրվող կանխարգելիչ միջոցառումները՝ այդ թվում՝ սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնը, կարծում ենք, որ ավելի լավ է ժամանակավորապես դադարեցնել պլանային պատվաստումները, քանի որ վարակվելու և վարակը ավելի տարածելու վտանգը մեծ է։

Առողջապահական համակարգը արդեն իսկ ծանրաբեռնված է պայքարելով կորոնավիրուսի դեմ, հետևաբար՝ դժվար թե բուժաշխատողները կարողանան ապահովել պատվաստման մեծ ու որակյալ ծածկույթ։ Պետությունները պետք է վերագնահատեն այս խաթարումներով պայմանավորված պլանային պատվաստումների շղթայում առաջացած դադարները և հետաձգեն դրանք։ Սա նաև վերաբերում է տնայցերին։