Ուղեկցող հիվանդությունները և ՔՈՎԻԴ–19–ը

Ուղեկցող հիվանդություններով ցանկացած տարիքի անձանց դեպքում առավել բարձր է ՔՈՎԻԴ–19–ի ծանր ընթացքի, հոսպիտալացման կամ մահվան հավանականությունը:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Բժշկուհին զննում է ՔՈՎԻԴ-ով հիվանդին։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari
21 Դեկտեմբեր 2021

Ուղեկցող հիվանդությունները հիմնական հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են առողջության վատթարացումով: ՔՈՎԻԴ–19–ի պարագայում դրանք հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են ծանր ընթացքով՝ ՔՈՎԻԴ–19–ի վարակի կամ մինչև անգամ մահվան բարձր վտանգով:

Ուղեկցող հիվանդություններով ցանկացած տարիքի անձանց դեպքում առավել բարձր է ՔՈՎԻԴ–19–ի ծանր ընթացքի, հոսպիտալացման կամ մահվան հավանականությունը: ՔՈՎԻԴ–19–ի ծանր ընթացքի վտանգն աճում է անձի՝ ուղեկցող հիվանդությունների խորացմանը զուգընթաց: Այդ է պատճառը, որ նրանց պարագայում խստիվ խորհուրդ է տրվում պատվաստվելը: Պարզվել է, որ ՔՈՎԻԴ–19–ի դեմ պատվաստանյութերը անվտանգ և արդյունավետ են ուղեկցող հիվանդություններ ունեցող մարդկանց համար: Հետևաբար անձի մոտ մեկ կամ մի քանի բժշկական ցուցման առկայությունը ևս մեկ պատճառ է պատվաստման որոշում կայացնելու և այն չհետաձգելու համար:

 

Որո՞նք են այն խնդիրները, որոնք ծանր ընթացքով ՔՈՎԻԴ–19–ի բարձր վտանգ են ենթադրում:

Ստորև բերված ցանկը ամփոփ չէ, և ապացույցների ի հայտ գալուն զուգընթաց կարող են ավելանալ լրացուցիչ տվյալներ:

Սիրտ

Սիրտ–անոթային հիվանդություններ, արյան բարձր ճնշում (հիպերտենզիա), սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն և կարդիոմիոպաթիա

Թոքեր

Ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, բրոնխիէկտազ, տուբերկուլյոզ, բրոնխոպուլմոնար դիսպլազիա, ցիստիկ ֆիբրոզ, թոքային էմբոլիզմ և շնչառական այլ վարակներ (բացի թոքաբորբից)

Երիկամ

Երիկամի քրոնիկ հիվանդություն

Լյարդ

Լյարդի քրոնիկ հիվանդություն, ինչպիսին է, օրինակ, ալկոհոլով պայմանավորված լյարդային հիվանդությունը, և ալկոհոլով չպայմանավորված լյարդի ճարպակալման հիվանդությունը

Նյարդ

Դեմենցիա, ուղեղի կամ նյարդերի լուրջ խնդիր, օրինակ՝ ուղեղային կաթված, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, ներառյալ՝ շիզոֆրենիայի սպեկտրի խանգարումներ և այլ նյարդաբանական խնդիրներ

Ընկճված իմունային համակարգ

 

Թուլացած իմունային համակարգ ունեցողների թվին են դասվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ով, քաղցկեղով տառապողները, փոխպատվաստման ենթարկվածները, իմունային համակարգը ճնշող դեղամիջոցներ ընդունողները և իմունային համակարգի վրա ազդող ժառանգական այնպիսի հիվանդություններ ունեցողները, ինչպիսիք են բնածին ագամմագլոբուլինեմիան, իմունոգլոբուլին A–ի բնածին անբավարարությունը և այլն

Ճարպակալում

 

Դիաբետ

 

Կաթված

 

 

Բացի այն, որ մարդիկ արդեն իսկ մեծ ճնշման են ենթարկվում համավարակի պատճառով, ՔՈՎԻԴ–19–ի մասին ապատեղեկատվությունն ավելի է վատթարացնում վիճակը և մեծացնում ընդդիմությունը պատվաստանյութերի նկատմամբ, որի պատճառով մարդիկ և նրանց սիրելիները մնում են չպատվաստված և անպաշտպան:

Ստորև կանդրադառնանք ամենատարածված հորինվածքներին և կպատասխանենք ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց՝ ՔՈՎԻԴ–19–ի դեմ պատվաստելու վերաբերյալ ամենահաճախ տրվող հարցերին:

Ըստ շրջանառվող ապատեղեկատվության՝ ՔՈՎԻԴ–19–ի դեմ պատվաստանյութերը զգալի վտանգ են պարունակում ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց համար:

Բոլոր պատվաստանյութերը մանրակրկիտ փորձարկվել և ուսումնասիրվել են, և ապացուցվել է դրանց արդյունավետությունը մարդկանց մեծ մասի մոտ լուրջ հիվանդացածությունը, հոսպիտալացումը և մահվան ելքը կանխելու ուղղությամբ: Բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ ուղեկցող հիվանդություններ, այդ թվում՝ քաղցկեղ, երիկամի քրոնիկ հիվանդություն, դեմենցիա, դիաբետ, ճարպակալում, սրտի հիվանդություն, ՄԻԱՎ, ՁԻԱՀ, լյարդի և այլ հիվանդություններ ունեցողների դեպքում ավելի բարձր է ՔՈՎԻԴ–19–ով ծանր հիվանդանալու և մահվան վտանգը:

Ահա թե ինչու է պատվաստվելը այդքան կարևոր նրանց համար: Թեև պատվաստանյութը չի կարող իսպառ վերացնել վարակվելու վտանգը, այն կարող է էապես պաշտպանել ծանր հիվանդացածությունից, հոսպիտալացումից և մահվան ելքից:

Թեպետ պատվաստանյութերը չեն կարող արձագանքել նույն ուժգնությամբ, ինչպես լիարժեք գործող իմունային համակարգը, այնուամենայնիվ, դրանք կարող են ուղեկցող հիվանդություններ ունեցողներին պաշտպանել, որպեսզի նրանք չունենան վատ ինքնազգացողություն: Պատվաստվելը իմունիտետ ձևավորելու ամենաապահով միջոցն է՝ առանց ՔՈՎԻԴ–19–ով վարակվելու և այն ուրիշներին փոխանցելու:

Մեկ այլ համատարած հորինվածք է, որ ՔՈՎԻԴ–19–ի դեմ պատվաստանյութերը իբրև թե ընկճում կամ թուլացնում են անձի բնական իմունային համակարգը:

Պատվաստանյութը գործիք է, որը իմունային համակարգին ուսուցանում է վարակի մասին, սակայն առանց փաստացի վիրուսով վարակելու վտանգի ենթարկելու: Դա շատ նման է, երբ դպրոցում ուսուցանում են այս կամ այն առարկան. նոր բաներ սովորելը ոչ թե «ընկճում» կամ թուլացնում է արդեն իսկ իմացածը, այլ ավելացնում է այն: Նույն կերպ էլ ՔՈՎԻԴ–19–ի պատվաստանյութերը չեն կարող որևէ կերպ ընկճել անձի իմունային համակարգը կամ թուլացնել այն, ընդհակառակը, ավելացնում են այն վարակների քանակը, որոնց դեմ իմունային համակարգը ի զորու է պայքարելու:

Բժշկուհին զննում է ՔՈՎԻԴ-19ով հիվանդին։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

Կարո՞ղ են արդյոք ուղեկցող հիվանդություններ կամ հիմնական հիվանդություններ ունեցողները ստանալ ՔՈՎԻԴ–19–ի դեմ պատվաստանյութ:

Այո՛: ՔՈՎԻԴ–19–ի դեմ պատվաստումը խորհուրդ է տրվում ուղեկցող հիվանդություններ կամ հիմնական հիվանդություններ ունեցողներին, քանի որ նրանց դեպքում ավելի բարձր է ՔՈՎԻԴ–19–ի ծանր ընթացքի վտանգը: Թոքերի քրոնիկ հիվանդություն, սրտի լուրջ հիվանդություն, շնչուղիների հիվանդություն ունեցող, ծանր ճարպակալումով, դիաբետով, քաղցկեղով, լյարդի հիվանդությամբ, մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) և ՁԻԱՀ–ով տառապող բնակչության տարբեր խմբեր ներգրավված են եղել ՔՈՎԻԴ–19–ի դեմ պատվաստանյութերի կլինիկական մի շարք փորձարկումներում: Արդյունքները ցույց են տվել ապահովության նույն ցուցանիշները, իսկ ՔՈՎԻԴ–19–ի դեմ պատվաստանյութերի դեպքում ապացուցվել է դրանց անվտանգությունը և արդյունավետությունը արդեն իսկ առկա, ծանր հիվանդացության հավելյալ վտանգ ենթադրող առողջական խնդիրներ ունեցող մարդկանց պարագայում: Պատվաստանյութերը հատկապես խորհուրդ են տրվում հղի և կրծքով կերակրող կանանց, ինչպես նաև նախկինում ՔՈՎԻԴ–19–ով հիվանդացած անձանց:

 

ՔՈՎԻԴ–19–ի դեմ պատվաստման առումով ի՞նչն է համարվում հիմնական/ուղեկցող հիվանդություն:

Մեկ կամ մի քանի ուղեկցող հիվանդություն ունեցող ցանկացած տարիքի անձանց դեպքում ավելի բարձր է ՔՈՎԻԴ–19–ով ծանր հիվանդանալու վտանգը: Ծանոթացեք ուղեկցող հիվանդությունների՝ վերը բերված ցանկին: Հաշվի առեք, որ այդ ցանկը սպառիչ չէ, և ներառում է միայն այն խնդիրները, որոնց դեպքում եղել են բավարար հիմքեր` եզրահանգումներ անելու համար: Նման խնդիրներ ունեցող անձանց համար պատվաստումը պետք է առաջնահերթություն լինի:

 

Թուլացած կամ ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք արդյոք պե՞տք է պատվաստվեն:

Թուլացած իմունային համակարգը ենթադրում է, որ անձի մարմնի իմունային համակարգը թերի է գործում առողջական խնդրի կամ ընդունվող դեղորայքի պատճառով: Թուլացած կամ ընկճված իմունային համակարգով անձինք պետք է պատվաստվեն ՔՈՎԻԴ–19–ի դեմ: Թույլ իմունային համակարգը նրանց ենթարկում է ՔՈՎԻԴ–19–ով ծանր հիվանդանալու ավելի մեծ վտանգի, իսկ պատվաստումն ապահովում է որոշակի պաշտպանվածության մակարդակ, որն ավելի լավ է, քան անպաշտպան լինելը:

Պատվաստման օգուտները էապես գերազանցում են հնարավոր վտանգները, և թուլացած իմունային համակարգով անձինք պետք է պատվաստվեն ՔՈՎԻԴ–19–ի դեմ: Խորհուրդ է տրվում խորհրդակցել ընկճված իմունային համակարգը բուժող բժշկի հետ՝ քննարկելու և հասկանալու պատվաստման վտանգները և օգուտները, այդ թվում՝ պարզել, թե ինչպես պետք է պատվաստանյութը ժամանակային առումով համադրվի առկա հիվանդության բերումով ընդունվող դեղորայքի հետ:

 

ՔՈՎԻԴ–19–ի դեմ պատվաստանյութերից որո՞նք են արդյունավետ ուղեկցող հիվանդություններ կամ հիմնական հիվանդություններ ունեցողների համար:

Չկան տվյալներ, որոնք կվկայեն, թե ՔՈՎԻԴ–19–ի դեմ այս կամ այն պատվաստանյութը ավելի լավ իմունիտետ է ապահովում ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց համար: Ձեր երկրում հաստատված ցանկացած պատվաստանյութ կարելի է ընդունել: Եթե անգամ անձի ներկա իրավիճակը հուշում է, որ նրա օրգանիզմը կարող է ինչպես հարկն է չարձագանքել պատվաստանյութին, ապա, միևնույնն է, կարևոր է պատվաստվել ՔՈՎԻԴ–19–ի դեմ՝ ինչ-որ չափով անձամբ պաշտպանվելու և սիրելիներին պաշտպանելու համար: Պատվաստանյութերը չեն զրոյացնում վարակման վտանգը: Պատվաստվածները ևս կարող են վարակվել:

Այդուհանդերձ, պատվաստանյութը նվազեցնում է հիվանդության ծանր ձևերը, որոնք կարող են հանգեցնել հոսպիտալացման կամ մահվան: Կանխարգելիչ այլ միջոցներ ձեռնարկելը (օրինակ՝ դիմակներ կրելը, ուրիշներից առնվազն 1 մետր ֆիզիկական հեռավորություն պահպանելը և փակ տարածքներն օդափոխելը) պետք է շարունակել անգամ պատվաստումից հետո՝ ՔՈՎԻԴ–19–ից պաշտպանվելու համար:

 

Ուղեկցող հիվանդություններ ունեցող երեխաները պե՞տք է արդյոք պատվաստվեն ՔՈՎԻԴ–19–ի դեմ:

Ուղեկցող առողջական խնդիրներ ունեցող երեխաների դեպքում ավելի բարձր է ՔՈՎԻԴ–19–ով ծանր հիվանդանալու վտանգը: ՔՈՎԻԴ–19–ի վիրուսով վարակված երեխաների մոտ կարող են ի հայտ գալ հավանական վտանգ պարունակող բարդություններ, բազմահամակարգ բորբոքային ախտանիշներ, որոնք կարող են հանգեցնել կյանքի համար վտանգավոր խնդիրների: Պատվաստումը նրանց պաշտպանելու անվտանգ և արդյունավետ միջոց է, որը կարող է երեխաներին զերծ պահել լուրջ հիվանդացածությունից, եթե անգամ նրանք վարակվել են ՔՈՎԻԴ–19–ով: Եթե երեխան 12 տարեկան է կամ ավելի և ունի ուղեկցող հիվանդություն, ապա ՔՈՎԻԴ–19–ի դեմ երեխաների համար հաստատված պատվաստանյութերից որևէ մեկը ստանալը կենսական նշանակություն ունի երեխայի համար:

 


Սույն արշավը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: