Չորս եղանակ՝ օգնելու դեռահասին առողջ հոգեբանություն ունենալ
Դեռահասի նկատմամբ սեր ու հոգածությունն արտահայտեք՝ հոգալով նաև ձեր մասին:
- Հայերեն
- English
Անկախ նրանից՝ լեզու գտնում եք ձեր դեռահասի հետ, թե դժվարությունների եք հանդիպում, կարևոր է ցույց տալ, որ սիրում և աջակցում եք նրան, պատրաստ եք օգնել դժվար իրավիճակում և նրա կողքին եք՝ ցանկացած պահի: Ահա չորս բան, որ պետք է հիշել դեռահասի հետ իր մասին խոսելիս և որոնց օգնությամբ կարող եք ցույց տալ, որ միշտ նրա կողքին եք:
1. Քաջալերեք, որ ձեզ հետ կիսեն իրենց զգացումները.
- Ինքներդ ճանապարհ փնտրեք՝ դեռահասի հետ լեզու գտնելու: Հարցրեք, թե ինչպես է անցել օրը, ինչով է զբաղվել: Նրան ներգրավեք որոշ տնային գործերում, օրինակ՝ կարող եք միասին ընթրիք պատրաստել, որի ընթացքում հնարավորություն կունենաք քննարկել օրվա ընթացքում նրա հետ տեղի ունեցածը:
- Հիշեցրեք, որ նրա կողքին եք՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել: Հետաքրքրվեք, թե ինչպես է իրեն զգում, ինչ է մտածում: Խրախուսանքի մի քանի պարզ խոսքը կարող է օգնել, որ նա ցանկանա ձեզ հետ կիսել իր զգացումները.
- Կարևոր է ընդունել և հասկանալ նրա հնարավոր հույզերը, եթե անգամ դա անհարմարություն է պատճառում: Երբ նա կիսվում է ձեզ հետ, ի պատասխան կարող եք օգտագործել «Հասկանում եմ», «Իրոք որ, դժվար իրավիճակ է», «Տրամաբանական է» կամ նման այլ բառեր կամ արտահայտություններ:
- Դժվար չէ նկատել դեռահասի արած այն ամենը, ինչը ձեզ դուր չի գալիս: Սակայն, փորձեք նաև նկատել ու գնահատել այն, ինչը նա լավ է անում, անգամ, եթե խոսքը պարզ բաների մասին է, ինչպես օրինակ՝ իր թափթփածը հավաքելը:
>> Հավելյալ տեղեկատվություն դրական դաստիարակության և դրա օգտակարության մասին
2. Ժամանակ անցկացրեք նրանց հետ, աջակցեք նրանց.
- Միասին նորովի կազմակերպեք առօրյան և սահմանեք իրագործելի առօրյա նպատակներ:
- Տունը կարգի բերելու գործերը հարմարեցրեք դպրոցական գործերին, կամ դրեք նպատակներ, ասենք՝ տնային աշխատանքը կատարել նախքան ընթրիքը:
- Դեռահասություն՝ նշանակում է՝ ինքնուրույնություն: Փորձեք ձեր դեռահասին տրամադրել բավականաչափ ժամանակ և տարածություն՝ մենակ մնալու համար: Անձնական ֆիզիկական տարածքի կարիք ունենալը մեծանալուն բնորոշ երևույթ է.
- Գտեք ձեր դեռահասին աջակցելու մի քանի եղանակ և խրախուսեք, որ նա դադարներ ունենա (դպրոցական, տնային կամ հնարավոր այլ գործերից, որոնցում ներգրավված է), որոնք կտրամադրի սիրելի զբաղմունքին: Եթե ձեր դեռահասն ընկճված է, աշխատեք նրա հետ՝ խելք-խելքի տալով գտեք խնդիրների լուծումները: Փորձեք նախաձեռնությունը չվերցնել ձեր ձեռքը և չթելադրել, թե ինչ պետք է անեն:
3. Հակասությունները հաղթահարեք միասին.
- Լսեք ձեր դեռահասի տեսակետները և փորձեք հակասությունները հաղթահարել անվրդով: Հիշեք՝ սթրեսի կարող են ենթարկվել բոլորը:
- Երբեք մի քննարկեք խնդիրները, երբ զայրացած եք: Գնացեք մի կողմ, շունչ քաշեք և հանդարտվեք. դեռահասի հետ կարող եք հետո էլ խոսել:
- Խուսափեք իշխանության ցուցադրումից: Այս անկանխատեսելի աշխարհում, հատկապես, երբ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները շատ են, դեռահասները կարող են պայքարել՝ ձեր հսկողությունից դուրս պրծնելու համար: Որքան էլ դժվար լինի այդ պահին, ըմբռնումով մոտեցեք սեփական կյանքը տնօրինելու նրանց ձգտմանը, այլ ոչ թե փորձեք հակառակվել կամ ճնշել այն:
- Եղեք ազնիվ ու անկեղծ. կարող եք խոստովանել նրան, որ ինքներդ էլ լրացուցիչ սթրես եք տանում: Եթե պատմեք, թե ինքներդ ինչպես եք հաղթահարում դժվարին զգացողությունները, ապա դրանով կօգնեք նրան հասկանալ, որ իր զգացողությունները նորմալ են:
- Երբ հակասություն ունեք, ժամանակ տրամադրեք մտորելուն, թե ինչպես դուք և ձեր դեռահասը կարող եք հարթել այն: Կարող եք այդ մտորումները կիսել ձեր դեռահասի հետ, որպեսզի նա տեսնի, թե ինչպես եք ձևակերպում մտքերը:
4. Հոգ տարեք ձեր մասին
Դեռահասների խնամակալները շատ հոգսեր ունեն: Դուք ևս կարող եք հոգածության ու աջակցության կարիք ունենալ: Ինքներդ ձեր մասին հոգ տանելը ևս լավ օրինակ կծառայի ձեր դեռահասի համար:
- Մի՛ հապաղեք օգնություն խնդրել ուրիշներից, եթե զգում եք, որ այլևս անկարող եք դիմանալ: Նման զգացողություն ունենալը նորմալ է: Խոսեք ընտանիքի անդամի կամ մեկ ուրիշի հետ, ում վստահում եք:
- Ժամանակ հատկացրեք ձեր հարաբերություններին: Փորձեք գտնել մի քանի հոգու, ում հետ կարող եք կիսվել զգացողություններով, ձեր կյանքում տեղի ունեցած իրադարձություններով: Ամեն օր նրանց հետ որոշ ժամանակ անցկացրեք՝ զրուցելով ձեր զգացումների մասին:
- Օրվա ընթացքում ժամանակ գտեք այն ամենի համար, ինչն օգնում է հաղթահարել և կառավարել սթրեսը: Քաջ հայտնի է, որ անկախ նրանից՝ ձեր օրը խիստ զբաղված է, թե ոչ, սեփական անձի մասին հոգ տանելը կարևորագույն նշանակություն ունի ձեր բարեկեցության համար: Սիրելի բաներով զբաղվելը կամ օրվա ընթացքում մի քանի րոպե ոչինչ չանելը կարող է օգնել թուլանալ և վերալիցքավորվել:
- Փորձեք սթրեսի հաղթահարման տարբեր մոտեցումներ, որոնք կիրառելի են ձեր դեպքում: Օրինակ՝ մարմնամարզությունը, ընկերների հետ զրուցելը, անելիքների ցանկ կամ ծրագրեր կազմելը, օրվա կարգացուցակին հետևելը, ձեզ համար գնահատելի կամ հպարտության առարկա բաների մասին մտորելը և ժամանակ հատկացրեք սիրելի զբաղմունքին, ասենք՝ երաժշտություն, արվեստ, պար, օրագրություն և այլն:
Սույն ուղեցույցում տեղ գտած ուղերձները մշակվել են Միջգերատեսչական մշտական հանձնաժողովի Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության հարցերով լիազոր խմբի կողմից: