Ծնողների և երեխաների վարքային դրսևորումներն արտակարգ իրավիճակներում
Գոյություն ունի ուղիղ կապ երեխայի և ծնողի հուզական վիճակների միջև, ուստի երեխաների այս վիճակների արտահայտվածությունն ու ինտենսիվությունը կախված են նաև ծնողներից:

Արտակարգ իրավիճակներում, ինչպիսին էր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակը, էապես փոխվում է այն իրականությունը, որում մենք ապրում ենք, կառուցում մեր առօրյան, կազմում ապագայի ծրագրեր: Նման իրավիճակներն ուղեկցվում են անընդհատ և տևական անորոշությամբ, անկայունությամբ, բացասական լուրերի հոսքով, հոռետեսական կանխատեսումներով, կենցաղի և առօրյայի կազմակերպչական հարցերի կտրուկ փոփոխություններով և այլն: Որպես հետևանք՝ նման դեպքերում հաճախ առաջանում են տարբեր բացասական զգացողություններ և ապրումներ, որոնք առավել սուր կարող են արտահայտվել ծնողների մոտ, ովքեր պատասխանատվություն են զգում ոչ միայն իրենց, այլև իրենց երեխաների առողջության և կյանքի համար: Օրինակ՝
- Տագնապայնություն, անհանգստություններ, մտահոգություններ
- Բացասական հույզեր՝ տխրություն, ընկճվածություն
- Տրամադրության տատանումներ
- Դյուրագրգիռություն, բարկություն, զայրույթի պոռթկումներ
- Վախեր՝ երեխաների առողջության և կյանքի համար, հիվանդանալուց, վարակվելուց, մահից
- Հուզական սպառվածություն, հյուծվածություն, հոգնածություն
- Ֆիզիկական գանգատներ
- Քնի և սննդի ընդունման հետ կապված խնդիրներ և այլն
Նման դրսևորումները, անգամ դրանց սուր արտահայտվածությունը կամ մեծ ինտենսիվությունը, համարվում են նորմալ կամ բնական այս ոչ սովորական, ոչ բնականոն իրավիճակում: Չնայած դրան, այս դրսևորումները կարող են բացասաբար անդրադառնալ ծնող-երեխա փոխհարաբերությունների վրա՝ խաթարելով դրական, առողջ ծնողավարության գործընթացը:
Իսկ ինչպիսի՞ բացասական դրսևորումներ կարող են դիտվել երեխաների և դեռահասների մոտ արտակարգ իրավիճակում.
- Անհանգստություն, տագնապներ
- Վախեր (հիվանդանալուց, հարազատի կորստից, վարակելուց ու վարակվելուց, մահից)
- Վարքում կտրուկ, անսպասելի փոփոխություններ
- Օրվա ռեժիմի խաթարում
- Քնի և սննդի ընդունման հետ կապված խնդիրներ
- Խուսափողական վարք
- Ռեգրեսիվ վարք՝ ձևավորված հմտությունների հետընթաց (օրինակ՝ երեխան սկսում է չանել այն, ինչ նախկինում անում էր ինքնուրույն)
- Կպչուն սովորություններ (կրկնվող գործողություններ, մտքեր, օրինակ՝ եղունգ կրծելը և այլն)
- Ծնողից բաժանվելու դժվարություններ
- Մեղավորության զգացում
- Կենտրոնանալու և ուսման հետ կապված դժվարություններ
- Ագրեսիվ վարք, զայրույթի պոռթկումներ
- Ֆիզիկական գանգատներժ
- Կտրուկ փոփոխություններ միջանձնային փոխհարաբերություններում
- Իրավիճակը սթափ ու օբյեկտիվորեն ընկալելու և գնահատելու անկարողություն (երբ է ինչ-որ բան վտանգավոր, երբ՝ ոչ)
- Կյանքի վերաիմաստավորում (հատկապես դեռահասների դեպքում)
Հաշվի առեք, որ գոյություն ունի ուղիղ կապ երեխայի և ծնողի հուզական վիճակների միջև, ուստի երեխաների այս վիճակների արտահայտվածությունն ու ինտենսիվությունը կախված են նաև ծնողներից: Անգամ եթե ծնողները չեն խոսում իրենց զգացմունքներից կամ փորձում են թաքցնել դրանք, երեխաները զգում են իրենց շրջապատող լարվածությունը: Արդյունքում առաջանում է արատավոր, փակ շղթա:
Դիտարկե՛նք օրինակով
Ծնողի հաճախ չգիտակցվող հուզականությունն ու լարվածությունը կարող են դրսևորվել սովորական իրավիճակներում անտեղի բուռն հուզական արձագանքներով, որոնք ոչ թե շտկում են իրավիճակը, այլ առավել սրում: Կարևոր է, որ, որպես ծնողներ, մենք կարողանանք ճանաչել և հասկանալ արտակարգ իրավիճակին թե՛ մեր, թե՛ մեր երեխաների հնարավոր արձագանքները: Այդ արձագանքների ճանաչումը մեզ հնարավորություն կտա կառավարելու դրանք և, առավել կառուցողաբար արձագանքելով, օգնելու երեխաներին, որ հնարավորինս անվնաս հաղթահարեն այդ իրավիճակը:
Այսպիսով՝ արտակարգ իրավիճակներում երեխաներին օգնելու համար ծնողները նախ պետք է հոգան սեփական հոգեբանական բարեկեցության մասին:
Ծնողների և երեխաների վարքային դրսևորումներն արտակարգ իրավիճակներում