Արտակարգ իրավիճակները և երեխաները

Ինչպես են երեխաներն արձագանքում արտակարգ իրավիճակներին, և ինչ է պետք հաշվի առնել նրանց աջակցելու գործընթացում:

ՅՈՒՆԻՍԵՖ
Mother is hugging her children.
UNICEF Armenia/2023/Margaryan
06 Դեկտեմբեր 2023

Արտակարգ իրավիճակների ազդեցությունից անպաշտպան կարող է լինել ցանկացած մարդ։ Սակայն բացասաբար ազդող գործոններից առաջացած զգացողությունները յուրաքանչյուրի մոտ յուրովի է։ Ոմանք հայտնվելով արտակարգ իրավիճակում, հաճախ, դառնում են միանգամայն անօգնական, ունենում են ճնշվածության զգացողություն, երբեմն չեն ընկալում տեղի ունեցածը: Մինչդեռ որոշ մարդկանց մոտ կարող են առաջանալ ուժեղ վախեր, տագնապի կամ լքվածության զգացում: Ոմանց մոտ այդ զգացողությունները կարող են մեղմ դրսևորվել, իսկ ոմանց մոտ՝ չափազանց ուժեղ:

Արտակարգ իրավիճակներում և դրանից հետո երեխաների մոտ կարող են դիտվել մի շարք բացասական դրսևորումներ. կարող է փոխվել նրանց աշխարհընկալումը, նրանք կարող են կորցնել շրջապատի նկատմամբ հուսալիության և սեփական ապահովության հավատը:

Նման իրավիճակներում երեխաների կախվածությունը մեծահասակներից է՛լ ավելի է մեծանում։ Քանի որ նրանք կարող են երեխաներին պաշտպանել սարսափելի կորստի, վախի, սպառնալիքի կամ այլ հնարավոր վտանգավոր իրավիճակներում: Արտակարգ իրավիճակում դեռահասները կարող են ունենալ սպառնալիքի, վտանգի, մեկուսացվածության, անգամ հուսալքվածության մտքեր և զգացմունքներ:

Երբեմն այդ մտքերն ու զգացումները կարող հանգեցնել նրան, որ երեխաները դրսևորեն ոչ իրենց, այլ ավելի փոքր տարիքին բնորոշ վարքագիծ, ակնկալելով, որ ﬔծահասակները պետք է հոգ տանեն իրենց համար, վախենան բարձր կամ անսպասելի ձայներից, ցուցադրեն նյարդային վարք, դժվարությամբ քնեն, անտարբեր լինեն սննդի նկատմամբ, հրաժարվեն բաժանվել իրենց ծնողներից կամ խնամատարներից, չվերահսկեն զգացմունքները, հաճախակի բարձրաձայն աղաղակեն, կորցնեն ապագայի ընկալումը, ընդիմանան իրենց առօրյա անելիքներին, անվստահություն առաջանա մեծահասակների նկատմամբ, անտեսեն ծնողներին, ի հայտ գան ուսման հետ կապված,դժվարություններ, խուսափեն խոսել արտակարգ իրավիճակի մասին, արտակարգ իրավիճակի մասին հիշեցնող խաղեր խաղան, անընդհատ հիշեն արտակարգ իրադարձությունները, վարքում կտրուկ, անսպասելի փոփոխություններ նկատվեն և այլն:

Նման վարքագծային փոփոխությունները երբեմն կարող են անհանգստացնել մեծահասակներին: Սակայն սթրեսային իրավիճակներում երեխաները այդպես են արձագանքում։

Հայտնի է, որ աղետի ազդեցությանը ենթարկված անձանց հոգեֆիզիոլոգիական դինամիկան բաղկացած է օրինաչափ և միմյանց հաջորդող փուլերից.

  • կենսական ռեակցիաներ՝ տևում է 5­15 րոպե: Այս ժամանակահատվածում գիտակցությունը նեղ է, վարքը հիմնականում թելադրված է ինքնապաշտպանական բնազդով, աղետին հաջորդող 2­5 ժամվա ընթացքում օրգանիզմը գտնվում է «գերհավաքագրման» փուլում սահմանային բարձր ֆիզիկական, մտավոր լարվածությամբ և ազդակների նկատմամբ գերարագ պատասխան ռեակցայով,
  • «հոգեֆիզիոլոգիական հյուծման» փուլը դրսևորվում է ֆիզիկական ու մտավոր անաշխատունակության անկմամբ՝ տևելով շուրջ 3 օր,
  • «հեռավոր հետևանքների» փուլը հաջորդում է «հոգեֆիզիոլոգիական հյուծմանը» և կարող է տևել անորոշ ժամանակ:

Որքան շուտ կազմակերպվի տուժածներին հոգեբանական աջակցության ցուցաբերումը (աղետից հետո առաջին կես ժամից մինչև հինգ ժամ՝ անձանց մոտ ձևավորվող հոգեֆիզիոլոգիական դրսևորումների 1-­ին և 2­-րդ փուլերի ընթացքում), այնքան արդյունավետ կլինի հետագա հոգեբանասոցիալական աշխատանքը և կնվազի անձի համար անհրաժեշտ օգնության ժամանակահատվածն ու հնարավոր կլինի խուսափել հետագա բարդացումներից:

>> Հոգեբանական առաջին օգնության մասին կարող եք կարդալ այս հղմամբ:

A child is discussing something with the trusted adult.
UNICEF Armenia/2019/Margaryan

Արտակարգ իրավիճակների հետևանքով ծագող ճգնաժամերում կարևոր է թիմ կազմել երեխայի հետ ու համատեղ հաղթահարել բոլոր մարտահրավերները: Նմանատիպ բարդ շրջաններում երեխայի հետ խոսելիս․

1. Կենտրոնացեք երեխայի կարիքների, զգացողության վրա

Նախ հարցրեք՝ «կարո՞ղ ենք այդ թեմայի շուրջ զրուցել»: Կարող եք նաև հարցնել՝ «լսե՞լ ես արդյոք երկրաշարժի մասին», «ի՞նչ ես զգում կամ մտածում դրա վերաբերյալ»: Հետևեք նրանց արձագանքին: Եթե զգաք, որ այլևս չեն ցանկանում, դադարեք այդ մասին խոսել: Հուշեք նրանց, որ երբ ցանկական կարող են ձեզ հետ խոսել այդ թեմայի շուրջ:

2. Անկե՛ղծ եղեք

Երեխաներին հնարավորինս հեռու պահելով սթրեսից՝ ճիշտ տեղեկություն տվեք։ Օգտագործելով տարիքին համապատասխան բառեր, հետևելով նրանց արձագանքին, կարող եք նրանց հեռու պահել տագնապներից՝ միևնույն ժամանակ ներկայացնելով իրավիճակը: Եթե անգամ չգիտեք որևէ հարցի պատասխանը, կարող եք միասին այն փնտրել համացանցում:

3. Թույլ տվեք երեխային ուղղորդել խոսակցությունը

Ամենալավը երեխաների հույզերն ընդունելն է: Կարող եք ասել՝ «գիտեմ, որ սա շատ վախենալու է»: Վստահեցրեք երեխային, որ նրանք ապահով են և պատմեք, թե ինչպես կարելի է դիմել և ստանալ օգնություն: Ասեք, որ դուք սիրում եք նրանց և ամեն ինչ կանեք նրանց պաշտպանելու համար: Պլանավորեք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ և օգնել հաղթահարել անհանգստությունը: Հավատացեք, երեխաները դիմակայուն են և հույսով լի:

4. Օգնեք նրանց հնարավորինս շուտ վերադառնալ առօրյային՝ դպրոցին, խաղին և այլն

Եթե երեխան տուժել է որևէ աղետից, ապա չափազանց կարևոր է, որ նա հնարավորինս շուտ վերադառնա իր առօրյային՝ խաղին, դպրոցին և այլն: Հույզերը կառավարելու համար երեխաներին օգնելու հնարավորություն տվեք: Կարող եք երեխայի հետ քննարկել տուժածներին օգնելու նպատակով ինչ կարող է անել նա կամ ձեր ընտանիքը: Օրինակ՝ նրանք կարող են դպրոցում կազմակերպել միջոցառում, իսկ հավաքված գումարը հանգանակել տուժածներին աջակցող որևէ մի կազմակերպության:

5. Չմոռանաք նաև ձեր մասին հոգ տանել

Միայն այն դեպքում կկարողանաք օգնել ձեր երեխաներին, եթե ինքներդ լավ վիճակում եք: Երեխաները հետևելու են ձեր օրինակին. ինչպես եք արձագանքում լուրերին, ինչպես եք կառավարում ձեր հույզերը, ինչ եք անում, եթե անհանգստացած եք և այլն: Եթե տագնապած եք, եթե ինքներդ դժվարանում եք դուրս գալ այդ իրավիճակից, անպայման խոսեք ընկերների հետ, իսկ անհրևաժեշտության դեպքում՝ դիմեք մասնագետներին:

Տրավմայից անմիջապես հետո հիմնական խնդիրն է հնարավորինս շուտ արձագանքել երեխաների և դեռահասների սուր դրսևորումներին, ինչը կարող է նպաստել երեխայի նորմալ կենսագործունեության վերականգնմանը. նորմալ քնի և սննդի վերականգնում, ընդհանուր ակտիվության կարգավորում և ապահովում, սուր ֆոբիաների և դեպրեսիվ վիճակների ու տրավմաների հաղթահարում, հաղորդակցման խանգարուﬓերի կարգավորում և այլն:

Ահա, թե ինչպես կարող եք ցուցաբերել առաջին հոգեբանական աջակցություն:

Եթե մասնագիտական աջակցություն է անհրաժեշտ ցուցաբերել, ապա այս էջում կարող եք գտնել ձեր համայքնում աշխատող հոգեբանական աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների ցանկը:

Այս հոդվածում ներկայացված է, թե ինչու է կարևոր խոսել երեխայի հետ արտակարգ իրավիճակի մասին: