Աջակցելով տեղահանության բարդ ճանապարհն անցած ծնողներին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ «Ծնողի դպրոց» ՀԿ-ի հոգեբանների հետ հանդիպումներ է իրականացնում Հայաստանի տարբեր մարզերում հաստատված ծնողների հետ։

Կուշանե Չոբանյան
Thanks to support from USAID, UNICEF and the Parenting School offer psychological support services to displaced families who have found refuge in Armenia.
UNICEF Armenia/2024/Biayna Mahari
29 Մայիս 2024

Երեսունիննամյա Լիլիթ Ամիրջանյանը երեք տարվա ընթացքում տեղահանվել է երկու անգամ: Այժմ նա ապրում է Երևանում դեռահաս աղջկա, ծնողների և երկու եղբայրների հետ: Սեփական տունը բարեկամներն են ժամանակավոր հատկացրել, բայց Լիլիթի հայրն ասում է, որ մշակելու հող չկա, պարապ է մնում ու մտածելու ժամանակ շատ է լինում: Լիլիթը աշխատում էր բանկերից մեկում, հիմա էլ աշխատանքը շարունակում է՝ ամեն օր Երևանից Աբովյան գնալով:

«Այն ամենը ինչ կատարվեց մեզ հետ դեռ չեմ ընդունել, բայց գիտակցում եմ, որ այլ ելք չկար: Ցավ եմ զգում ու հիասթափություն, վախ՝ չէ», - 

անկեղծացավ Լիլիթը:

Լիլիթի աղջիկը՝ 13-ամյա Մանեն, դեռահասության բարդ փուլով է անցնում ոչ միայն տարիքային առանձնահատկություններով պայմանավորված, այլև՝ հակամարտության և տեղահանության: Դեռ ամբողջությամբ չի ադապտացվել նոր դպրոցին, դասերի ընթացքում հաճախ է ինքնամփոփ դառնում և անդադար նկարում:

Իրենց գյուղում գտնվող մեծ սեփական տնից հետո սեպտեմբերից հետո հայտնվել էին քաղաքային միջավայրում՝ փոքրիկ բնակարանում, որտեղ անձնական սահմանները լղոզվում էին և դժվար էր նման իրավիճակում հստակ գծել դրանք: Մայրն աղջկան օգնելու համար ձեռնարկներ է կարդում, համացանցում ինֆորմացիա փնտրում:

Thanks to support from USAID, UNICEF and the Parenting School offer psychological support services to displaced families who have found refuge in Armenia.
UNICEF Armenia/2024/Ghazaryan

«Ծնող լինելը, երեխա մեծացնելն իսկապես բարդ աշխատանք է, թեև գուցե ամենահաճելի ու ամենակարևոր աշխատանքն է: Բայց դա կրկնակի է կարևորվում ու կրկնակի է բարդանում, երբ ծնողն ու երեխան ստիպված հայտնվում են բարդ իրավիճակում, ստիպված անցնում հակամարտության միջով ու բռնում տեղահանման ճանապարհը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը փորձում է լինել բոլոր ծնողների կողքին՝ զինել նրանց անհրաժեշտ տեղեկատվությամբ, մասնագիտական խորհուրդներով ու ձեռնարկներով: Հոգեբանի հետ այս հանդիպումներով մենք փորձում ենք աջակցել տեղահանված ծնողներին և ավելի կոնկրետ խորհրդատվություն տրամադրել նրանց՝ կախված այն խնդիրներից, որոնց նրանք առերեսվել են տեղահանության պատճառով ու դրանից հետո»,- 

բացատրեց Վիկտորիա Օհանյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավարը:

ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ և «Ծնողի դպրոց» ՀԿ-ի հետ համագործակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հոգեբանական աջակցության ծառայություններ է տրամադրում հակամարտությունից տուժած մոտ 7,500 երեխաների և ծնողների:  

«Ծառայություններն օգնում են ծնողներին կարգավորել իրենց հույզերը և ուժեղացնել դժվար իրավիճակները հաղթահարելու ունակությունը», - հավելեց Վիկտորիա Օհանյանը:

Մասնակցելով հինգօրյա դասընթացին, Լիլիթն ասում է՝ շատ կուզենար, որ այսպիսի հանդիպումներ կազմակերպվեին ոչ միայն տեղահանված երեխաների և ծնողների համար, այլ նաև՝ ուսուցիչների: Շատ կարևոր է, երբ ծնողը ձեռք է բերում հմտություններ, որոնք օգնում են հաղթահարել դեռահասության շրջանը և տեղահանության հետ կապված խնդիրները, սակայն եթե միջավայրը չի նպաստում դրան, գործը բարդանում է թե՛ ծնողի և թե՛ երեխայի համար: 

Thanks to support from USAID, UNICEF and the Parenting School offer psychological support services to displaced families who have found refuge in Armenia.
UNICEF Armenia/2024/Biayna Mahari

«Դպրոցում ասացի, որ լավ կլինի երեխաս իրենց հոգեբանի մոտ գնա, զրուցի, պատմի խնդիրների մասին ու ստացա մի զավեշտալի պատասխան՝ չե՞ք նեղվում, որ մյուս երեխաները կտեսնեն, որ Մանեն հոգեբանի մոտ է գնում: Հենց դրա համար եմ ասում, որ լավ կլիներ այս նույն դասընթացը կազմակերպվեր ուսուցիչների համար, որովհետև դպրոցում երեխաները շատ ժամանակ են անցկացնում»:

Լիլիթի բնորոշմամբ, հոգեբանի հետ հանդիպումները շատ ուսուցողական են՝ շրջափակում և տեղահանում տեսած ծնողների համար: Օրինակ, գադջեթներից կախվածությունը նվազեցնելու դասընթացի շրջանակում հմտություններ է ձեռք բերել, իրավիճակային դեպքեր են քննարկել, վերլուծել, թե ամեն մեկն իր երեխայի պարագայում ինչ կարող է անել այդ հարցին գրագետ լուծում տալու համար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ աշխատում են դպրոցներում հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական աջակցության ամրապնդման ուղղությամբ: Կատարվել է այս ծառայությունների և ռեսուրսների քարտեզագրում՝ բացահայտելով 95 կազմակերպություն, որ նման ծառայություններ են մատուցում դպրոցներում: Այժմ մշակվում է նման ծառայությունների համապարփակ շրջանակ:

Մանեն նկարում է՝ այդկերպ արտահայտելով իր էմոցիաներն ու հույզերը: Լիլիթն էլ կարդում է, զբոսնում ու թոթափում էմոցիաները, երբեմն էլ լացն է օգնում հաղթահարել բարդ ու երբեմն անորոշ շրջանը: 

«Ծնողի դպրոց» ՀԿ-ի տնօրեն Աննա Վելիցյանը նշում է, որ ծրագրի նպատակն է նպաստել ծնողների հուզական կարգավորմանը, զարգացնել ինքնակարգավորման հմտությունները, ամրապնդել դժվար իրավիճակների հաղթահարման մեխանիզմները։

«Խորհուրդը միշտ մեկն է՝ առաջնորդվել չվնասելու սկզբունքով, չգցվել-օգնել, եթե չկան մասնագիտական հմտություններ կամ առաջին հոգեբանական օգնության տարրական գիտելիքներ, չփաթաթել անպատեհ ծառայությունները տուժածի վզին։ Ցույց տալ, որ այդտեղ եք՝ տուժած անձի կողքին, միշտ պատրաստ օգնել նրան այն չափով և այն ձևով, որով նա է ուզում (այլ ոչ այն, որը դուք եք պատկերացնում): Իսկ համար երկու խորհուրդը՝ խորհուրդ չտալ, թե դիմացինը, ըստ մեզ, ինչպես պիտի ապրի կամ չապրի իր տրավման և սթրեսը»,-

հավելեց Աննա Վելիցյանը:
Thanks to support from USAID, UNICEF and the Parenting School offer psychological support services to displaced families who have found refuge in Armenia.
UNICEF Armenia/2024/Ghazaryan

Միասին անցնել կյանքի այս բարդ փուլը

Կենսաբանության ուսուցչուհի Քրիստինե Դանիելյանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ երկիրը գտնվում էր շրջափակման մեջ և վառելիք չկար, մի կերպ հասել էր դպրոց, որը գտնվում էր իր տնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Ամուսինը, երկու երեխաները քաղաքում էին և չնայած շրջափակմանը՝ դպրոցում էին և աշխատանքի: 
Քրիստինեն ասում է, որ հրետակոծությունը սկսվելու ժամանակ դպրոցի տարածքից արդեն դուրս էին եկել: Մի կերպ գտել էին պատսպարվելու տեղ, բայց երեխաների հետ կապ հաստատել չէր հաջողվել:

«Երբ չգիտես՝ երեխաներդ, ամուսինդ ուր են, հրետակոծությունն էլ աչքիդ չի գալիս: Մտածում էի՝ մի բան անեմ, շուտ հասնեմ իրենց: Չեմ ուզում նկարագրել, թե ինչպես՝ վազելով, փողոցից մեքենա բռնելով՝ մի կերպ հասա քաղաք՝ շենքի ապաստարան, որտեղ գտա աղջկաս: Նա փոքր էր. վախեցել էր ու լացում էր»,- 

ասաց նա:

Մի քանի օր ճանապարհ գալուց հետո ընտանիքը մեկ օր մնացել է Գորիսում, հետո՝ տեղափոխվել Երևան: Այն տունը, որտեղ այժմ ապրում են, բավական թանկ վարձակալության գին ունի, այդ պատճառով էլ նորից տեղափոխվելու են:

«Ամեն մի փոփոխություն մի փոքրիկ տրավմա է ավելացնում , դրա համար օգնություն իսկապես պետք է: Ես մանկավարժ եմ, շատ եմ կարդում այստեղից - այնտեղից հնարավոր պիտանի ինֆորմացիա ստանալու համար, բայց կան դեպքեր, երբ մասնագետի աջակցության կարիք ունես: Այս հանդիպումների ընթացքում իսկապես այնքան բան եմ սովորել, որ ոչ միայն ես եմ կիրառում, այլ նաև պատմում եմ ամուսնուս, հորդորում եմ, որ ինքն էլ նույն կերպ վարվի»:

Քրիստինեի որդին դեռահաս է՝ անցումային պատասխանատու փուլով է անցնում, երբեմն հույզերն արտահայտում է կտրուկ, երբեմն՝ լուռ: 

Thanks to support from USAID, UNICEF and the Parenting School offer psychological support services to displaced families who have found refuge in Armenia.
UNICEF Armenia/2024/Ghazaryan

«Հասկանում եմ, որ հատկապես հիմա պետք է կողքին լինեմ, բայց երբեմն իսկապես չգիտեմ՝ ինչպես մոտենալ, ինչպես օգնել: Իրականում հանդիպումներին ստացածս ձեռնարկների միջոցով և նաև մասնագետների խորհուրդներին հետևելով՝ քայլ առ քայլ, ոչ հեշտությամբ, ոչ միանգամից, բայց աստիճանաբար փորձում ենք տղայիս հետ հարաբերվելու ձև գտնել, որ և՛ ինքն իրեն վատ չզգա, և՛ մենք որպես ծնող կարողանանք ընկեր լինել, ձեռքը բռնել, միասին անցնել մեր կյանքի այս բարդ փուլը»,-

անկեղծացավ Քրիստինեն:

Աննա Վելիցյանը նշում է, որ ծնողների շրջանում ընդհանուր մտահոգություն է երեխաներին նորմալ կյանքի հետ բերելու, նրանց ուսման հանդեպ մոտիվացնելու, նոր՝ նախկինում չնկատված բացասական վարքը փոխելու հարցերում։ 

«Բոլոր ծնողները անչափ շատ կարիք ունեն խոսելու և լսված լինելու, ապահով միջավայրում հույզերը ազատ արձակելու, առանց գնահատականների և խորհուրդների ընդունված լինելու։ Եվ հիմնական շնորհակալությունն ու գոհունակությունը հենց այս կետերին են վերաբերում, որ կա բացառիկ ապահով մի վայր ու մթնոլորտ, որտեղ նրանք կարող են բաց և անկեղծ խոսել և լինել լսված՝ առանց խրատների կամ գնահատականների: Ընդհանրապես ծնողները նախ պետք է փորձեն կարգավորել իրենց հոգեհուզական վիճակը, որպեսզի կարողանան օգնել նաև իրենց երեխային։ Ինչը շատ ավելի բարդ է անել ճգնաժամային իրավիճակներում, բայց իհարկե հնարավոր է, ուղղակի պետք է մի փորք հոգ տանենք մեր՝ ծնողներիս մասին, որպեսզի կարողանանք հոգ տանել մեր երեխաների մասին», -

նշում է Աննա Վելիցյանը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է սոիցալ-հոգեբանական աջակցություն տրամադրել հակամարտությունից տուժած երեխաներին և ծնողներին

Առաջին 7 ամսվա ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով ավելի քան 10 կազմակերպության հետ, սոցիալ հոգեբանական աջակցություն է տրամադրել Հայաստանի տարբեր մարզերում հաստատված ավելի քան 24,000 երեխայի և ծնողի: 

Գրեթե հինգ հազար երեխայի դեպք առանձին է վարվել՝ ուղղորդելով նրանց դեպի անհրաժեշտ և ավելի նեղ մասնագիտական ծառայություններ: 

Ավելին, մինչ օրս դպրոցներում և մանկապարտեզներում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններից օգտվել է 2,232 փախստական ​​երեխա։