Հայաստանում ապաստանած փախստական երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ. ՅՈՒՆԻՍԵՖ

Ավելի քան 30,000 երեխաներ ստիպված են եղել փախչել իրենց տներից երկու շաբաթ առաջ իրենց համայնքներում ռազմական գործողությունների պատճառով: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է, որ առանց անհապաղ աջակցության, նրանց հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ:

10 Հոկտեմբեր 2023
Ավելի քան 30,000 երեխաներ փախչել են իրենց տներից երկու շաբաթ առաջ իրենց համայնքներում ռազմական գործողությունների պատճառով:
UNICEF Armenia/2023/Zelya

Ժնև/Երևան, Հայաստան, 10-ը հոկտեմբերի, 2023թ. –  Հայաստանում ապաստանած փախստական երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ. փաստում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ աշխատող սոցիալական աշխատողները, որոնք հատուկ աջակցություն են ցուցաբերում վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած երեխաներին և նրանց ընտանիքներին:

Գորիսում ՅՈՒՆԻՍԵՖ-ի երկու ապահով անկյուններում աշխատող սոցիալական աշխատողները, որոնք օրական սպասարկում են մինչև 300 երեխայի, հայտնել են, որ նրանք անհանգստության, վախի և զայրույթի զգացումներ ունեն, որոնք դրսևորվում են մղձավանջներով, գիշերամիզությամբ և անսփոփելի լացով: Որոշ երեխաներ մեկուսացել են բոլորից, դարձել են անհաղորդ, անկարող են արտահայտել զգացմունքները կամ ըմբռնել պատահածը:

Ավելի քան 30,000 հայ երեխա է Հայաստանում ապաստանել երկու շաբաթ առաջ իրենց համայնքներում սկսած ռազմական գործողություններից ի վեր: Ի լրումն տեղահանության, այս երեխաները շարունակաբար բաց են թողել դասերը և ապրել են վտանգավոր, ոչ ապահով միջավայրում, և ինչպես պատմում են ընտանիքները, նոր հարձակումների վախի պարբերական զգացումով:

«Մենք հիմա տեսնում ենք, թե որքան շատ են տուժել այս երեխաները: Տեղահանումները և ռազմական գործողությունները, որոնք զուգորդվել են զրկանքներով, մեծապես ազդել են նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության, ինչպես նաև հոգեբանական բարեկեցության վրա: Երեխաները տարիներ շարունակ կրելու են այս անասելի տխրեցնող իրադարձությունների հետևանքները, եթե շարունակական աջակցություն չստանան», -

նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

«Հոգեկան առողջության համաշխարհային օրվա խորհրդով, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում համապատասխան ներդրումներ կատարել հոգեկան առողջության և երեխաների հոգեսոցիալական աջակցության ուղղությամբ՝ հենվելով առողջապահական, սոցիալական պաշտպանության և կրթական համակարգերի վրա: Սա հավասարապես կարևոր է ոչ միայն վաղ հայտնաբերման և անհապաղ աջակցության տեսանկյունից, այլև երկարաժամկետ հեռանկարում, քանի որ ընտանիքները շարունակելու են բախվել կորստի զգացմանը և հետտրավմատիկ սթրեսի հետ»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է համայնքներում Հայաստանի կառավարության և այլ գործընկերների հետ՝ օգնելու փախստական երեխաներին ստանալ անհրաժեշտ խնամք և ծառայություններ՝ հաղթահարելու իրենց առջև ծառացած մարտահրավերները: ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստում է առաջնագծում աշխատող մասնագետներին՝ հոգեբանական առաջին օգնություն և հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերելու համար: Առողջապահության նախարարության հետ միասին ՅՈՒՆԻՍԵՖ-ը ձևավորել է շարժական մանկաբուժական թիմեր, որոնք հնարավորություն կտան ամբողջ երկրում սկրինինգների միջոցով բացահայտել և արձագանքել հոգեկան առողջության կարիքներին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը 12,6 միլիոն ԱՄՆ դոլարի հավաքագրման կոչ է անում՝ հետագա վեց ամիսների ընթացքում կարևոր ծառայությունների, այդ թվում՝ կրթական, երեխաների պաշտպանության, առողջապահական, սնուցման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org
Ջեորջինա Դիալլո
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակ
Հեռ: +41 76 320 68 14
Էլ. Փոստ: gdiallo@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար գրեթե 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: